HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լաւ է ճերմակ բաներու մասին երազել, երբ սեւի մէջ կ’ապրիս... Մատթէոս Զարիֆեան (մաս 2)

սկիզբը

Մրցանակակիրը

1920թ. Սուրբ Ծննդյան օրերին, Պոլսի Թաքսիմի մարզադաշտում անգլիական նավատորմիղի և բանակի թիմերը ֆուտբոլ էին խաղում: «Անգլիացիք այդ օրը անգամ մը ևս ցոյց տուին մեզ, արեւելքցիներուս որ ֆութպօլը իսկապէս իրենց խաղն է, իրենց ազգային սբօրթը և թէ իրենք միայն գիտեն իտեալ կերպով խաղալ զայն»՝ մամուլի համար պատրաստվող, բայց անավարատ մնացած ակնարկի մեջ գրում է Մատթէոսը: Անգլիացի ֆուտբոլիստների ոգին հիացնում էր իրեն, ինչպես տարիներ առաջ՝ 1912-ին իր ոգին էր հիացրել Հայկական Օլիմպիական խաղերի մասնակիցներին և հանդիսականին՝ բազմաթիվ մրցանակների արժանացնելով իրեն: Մատթէոսի մարզված մարմինը, պիրկ մկանները հոյակապ էին: Անշուշտ այդ ամենի հիմքում առողջ ոգին էր: Եվ իր առաքելություններից մեկը հենց համարեց մարմնակրթական դասընթացքներ վարել դպրոցներում՝ երեխաներին փոխանցելով առողջ ոգին առողջ մարմնում ունենալու իր փորձառությունը: Այսպես, տարբեր վարժարաններում, այդ թվում համբավավոր Պէրպէրեանում, ուսանելուց հետո, այս մղումով, 1913-ին կամաւոր մեկնեց Ադանա, տեղի  Ազգային վարժարանում անգլերեն եւ մարմնակրթություն դասավանդելու: Սակայն, ուսումնական տարին չբոլորած, ստիպված եղավ թողնել Ադանան և շտապ մեկնել Լիբանան՝ ստամոքի անսպասելի  հիվանդությունից բուժվելու համար։ Բուժվեց, 7 կգ էլ ավելացավ և գրեց մորը՝ «...անանկ սարսափելի ախորժակ մը ունիմ, որ...կ’ուտեմ, կ’ուտեմ՝ չեմ կշտանար»: Ստամոքսի ցավերին դիմակայելով, և բուժման արդյունքը գնահատելով, որոշեց Պոլիս դառնալուն պես, իբրև բարձրագույն կրթություն, ուսանել մարդասիրական երկու  մասնագիտություններից մեկը՝  բժշկություն, կամ դեղագործություն:

Ադանայում, 1913, կամ 1914թ..png (213 KB)

Ադանայում, 1913, կամ 1914թ.

Հոգիի հոգեւարքները աւելի երկա՞ր կը տեւեն...

Բայց 20 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց, և մարդկանց ցավերը թեթևացնելու որոշումը փոխակերպվեց մարդ սպանելու պարտադրանքով: Զինվորակոչվեց տաճկական բանակ` ենթասպայի աստիճանով: Այստեղ ոչինչ հանդուրժեց: Ընդվզեց, անգամներ դիմեց փախուստի, բռնվեց և կաքսորվեր, եթե ընտանիքը ծանոթ և փող մեջտեղ չգցեր՝ աքսորը բանտարկությամբ փոխարինելու համար, իսկ որոշ ժամանակ անց, նաև հիվանդապահ ձևակերպվեց զինվորական հիվանդանոցում, կրկին կաշառքով: «Կեանքիս գեղեցկագոյն տարիները մեռան ողբալի աննպատակութիւնէ մը...»: Այժմ իր կյանքը 6 հիմնական «բովանդակություն» ուներ. «... 1.ակռայի ցաւ, 2. աչքերու յոգնածութիւն, 3. նիքոթինի ազդեցութիւն, 4. օդի եւ լոյսի նուազութենէ առաջ եկած շնչահեղձութեան զգայութիւն, 5. հիւանդնալու մարմաջ՝ ազատելու համար զինուորութենէ, 6. տարտամ, անբացատրելի հայրենաբաղձութիւններ: Այս բոլորը բնական կերպով կը տանին մտածումներս դէպի...ջնջում»:

Մ.Զարիֆեան.png (168 KB)

Ծխախոտը միշտ ատամների արանքում, վտանգավոր փոշիներով փաթեթները գրպանի մեջ, գինին էլ «կը թուի սորվեցնել ինծի մեռած հոգիով մը ապրելու արուեստը: Պիտի խմեմ ու պիտի ծիծաղեմ....»:  Շատ հիվանդ էր՝ ստամոքսը, սիրտը շարքից դուրս եկած: Արտաքին և իր ներքին աշխարհներում կատարվող բաները ջլատեցին Մատթէոսին մարմնապես և հոգեպես. «Չէի գիտեր թէ մարմինը այս աստիճան կրնայ տառապեցնել հոգին»: Եվ ցավերից, փոշիներից  ու գինուց քայքայվող մարմնում,  “normal” դատողությունը “anormal”-ի էր վերածվում, և միտքն էլ նորից վերադառնում էր անձնասպանություն գործելու հանգրվանին.«Եւ օր մը, խաղաղ մայրամուտի մը, շողշողուն դաշոյնի մը շեղբը պիտի մխեմ սպիտակ ծածրակիս մէջ...», գուցե «Ճիշտ այնպէս վարվիլ կեանքին հետ,  ինչպէս հազուագիւտ ոճրագործները իրենց զոհերուն հետ կը վարուին, ամենանուրբ  փափկութիւններով սահեցնելով դանակը անոնց վիզին վրայ... », կամ մութ անտառի խորքում առնել բաղձալի փոշու մի մեծ չափաբաժին... իրեն չեն կարողանա գտնել, ու կը լմննայ ամեն բան:  Բայց, բարեբախտաբար,այդ ընկճված պահերին կրկին հիշում էր մորն ու ծերացող հորը և վերստին հաստատում իր որոշումը. «...իմ աչքերս պիտի գոցեմ, երբ անոնցինը փակուած ըլլան ալ»:

օսմանյան բանակի համազգեստով.png (167 KB)

 

Normal -anormal-ի սահմանագծին

Այս բառերը կարծես, Մատթէոսի հոգեվիճակի բնութագրիչներն են: Հաճախ հանդիպում են  օրագրության մեջ. որոշ դեպքերում ֆրանսերենով, հաճախ էլ հայերեն տառադարձումով՝ անօրմալ: «Համլետ»-ի հայերեն թարգմանությունը հզոր ազդեցություն էր գործել:Կարծում էր, որ այս գիրքը կարող է արձագանք գտնել միայն հոգեկան ծայրահեղ վիճակներում  եղողների մոտ: «Այդ անաշխարհային քերթուածը՝ անօրմալ հոգիներու համար միայն գրուած է: Ի՞նչ պիտի ընեն ինծի պէս հոգիները, որոնք երկնքին եւ երկրին միջեւ կը տատանին: Որոնք ո՛չ կրնան իջնել ու համակերպիլ երկրային գռեհկութիւններուն, ոչ ալ բաւական ոյժ ունին իրենց ամայի եւ ցաւոտ բարձրութենէն թռչելու աւելի վեր...հո՜ն կը մնան, անսիւն, շլմորած, մինչեւ որ՝ ցնորքի մշուշներով ծանրաբեռնուած՝ դիւային քրքիջներով թաւալին...”The rest is silence’’ (Եւ մնացեալը՝ լռութիւն):

Օսկար Ուայլդը,Հայնեն, Էմերսոնը, Մետերլինկը իր նեցուկն էին, բայց հատկապես՝ Թոմաս Քարլայլը իր փիլիսոփայական հայացքներով:  1923-ին էլ գրեց՝ «...միայն Հոմերո՛սն է բանաստեղծ: Մենք իր ոտքի փոշին ենք: Ու երբ «մենք» կ’ըսեմ, իմ ողբալի եսս նկատի չունիմ. Անշուշտ ես negatif քանակութիւն մըն եմ, զերոյէն վա՜ր...: Նկատի ունիմ մեր «Մեծ»երը, Շէքսբիրէն բռնէ մինչեւ Անաթոլ Ֆրանս»:

Սերպին և մյուսները...

Ի հավելումն կաշառքի՝ հրամցված լոխումի համը դեռ լեզվի վրա,  զինվորական հիվանդանոցի  պատասխանատուն, արագ մը,  տարածքը լքելու արտոնաթուղթ էր ստորագրում Մատթէոսի համար: Նա  դուրս էր գալիս բանտանման հաստատությունից՝ լիցքավորվելու կյանքի գեղեցկություններով՝ թափառումներով, հարազատների հետ տեսակցությամբ, կամ սիրած աղջիկների հետ հանդիպումներով: Օրագրության մեջ իր աղջիկների ամբողջական անունները  գրեթե չես տեսնի: Դրանք  քողարկված են կամ սկզբնատառերի մեջ, կամ հորինված անունների տակ: Մատթէոսը Սոֆիին Սերպի դարձրեց, կամ բավարարվեց միայն Ս.-ով: Նրանք ծանոթացան, երբ պատերազմն արդեն սկսված էր, ինքն էլ՝ զինվորագրված  օսմանյան բանակ. «Երբեմն կը մտածեմ որ՝ եթէ տարբեր պայմաններու տակ ճանչցած ըլլայի քեզ, որքա՜ն տարբեր արդիւնք կրնար ունենալ այդ քաղցր մտերմութիւնը որ մեր հոգիներու մէջ բոյն դրաւ՝ միայն երեք տարուան  բարեկամութեան մը միջոցին: Այս զինուորութիւնը զիս դժբախտացուց»: Թերևս ամենից երկարատև զգացմունքն ուներ այս աղջկա նկատմամբ: Սեր էր դա, կամ՝ ոչ: Մատթէոսն ասում էր, որ Ս.ի  հանդեպ ունեցած իր զգացումը «ամէնէն աւելի կը մօտենար այդ զգացումին, բայց բուն սէրը չէ՛...»: Եվ «վախից» թե այն կարող է սիրո վերափոխվել, քայլեր ձեռնարկեց.«...սկիզբէն իսկ ուզած եմ խեղդել... ու կարելի եղած ջանքը ըրած եմ որ առիթ չգտնէ խորանալու: Թէեւ շատ դժբախտ եղած եմ այդպէս ընելուս համար...»: Այսպես՝ սիրում էր և վանում միաժամանակ... Զբոսանքներ, զրույցներ, գրկումներ, ջերմություն: Սերպին մի հուսալի աղջիկ  էր՝ հոգեկան տվայտանքների ժամանակ սիրտը պարպելու համար: Կարող էր հենվել նրան, հետո մոռանալ և ժամադրել ուրիշին՝ ասենք, կես ֆրանսուհի, կես թրքուհի Իճլալին, որի մեջքին իջած սև երկար վարսերը հիշելիս՝ զիվորական հիվանդանոցի գարշահոտությունը,  տնքացող վիրավորները և պատերազմական կյանքի շատ տգեղություններ անէանում էին: «Օ, եթէ քու մազերէդ թել մը ունենայի հիմա գգուելու համար»: Իճլալին զուգահեռ կար  Մ-ին: Մատթէոսը ժամանակ էր անցկացնում մե՛րթ մեկի, մե՛րթ մյուսի հետ, ուրախ և  բավարարված զգում  նրանց ներկայությամբ, քանի դեռ չէր ավարտված ազատության մեջ լինելու իրավունքը և  չէր եկել բանտ-հիվանդանոց վերադառնալու ժամանակը: Բայց լիներ Իճլալի, կամ Մ.-ի կողքին, միևնույն է՝ Մատթէոսը իր ապահովությունը կապում էր Սերպիի հետ: Սերպին, որ պատրաստ էր լսել իր դառնությունները, մխիթարել, գգվել, չնակտելու տալ իր կոշիկի մաշված, ծակ ներբանները և, ոտքերը մի կերպ թաքցնելու այն ճիգը, որ գործադրում էր, երբ քով քովի  նստում էին ծովափին: « ...կեանքը գեղեցիկ է, հակառակ իր սոսկալի տառապանքներուն եւ իմաստութեան: Անոր տուած  մէկ վայրկեանի երջանկութիւնը՝ տարիներու չարչարանքէն աւելի կը կշռէ: Երեւակայէ , Սերպի, եթէ անցեալ տարուան խմած  թոյնս մեռցնէր զիս, հիմա հողին տակ թաղուած քանի մը այլանդակ ոսկորներ միայն մնացած պիտի ըլլային ինձմէ եւ հոգիս պիտի չկրնար ապրիլ Հինգշաբթի իրիկուան երկնային յուզումը»: “Oh, tu es un fou!”: Դու խենթ ես՝ Սերպիի միակ արձանագրում էր Մատթէոսի անբացատրելի և հեղհեղուկ վարմունքին:

Մ. Զարիֆեանը Պրինկիպոյում_1.png (375 KB)
Մ. Զարիֆեանը Պրինկիպոյում

Աստուծոյ մը պէս կ՚արտասուէ... 

Ցեղասպանության մասին նա գրեց բանաստեղծությամբ, մինչև որ, զինադադարից հետո, հնարավորություն ունեցավ գործուն քայլեր կատարելու վերապրածների համար:

***************

Կիսաթաղ գանկ մը կնոջ,

Գիշերին մէջ,

Կզակովն իր անճոռնի՝

Աստղերէն ցօղ կը խմէ...

Ներբանիս տակ ճռընչեց...

Կարծես հոգի՜ մ՛ունէր դեռ..

Կեանքին մէջ

Թերեւս աղջիկ մ՛էր աղու..

Եվ  ժամանակին «պատվիրակեց» իր ժողովրդի հանդեպ կատարած ոճրագործ ցեղի դատավճիռը.

***************

Պէտք է թողուլ որ ժամանակն ալեւոր

Օր մը գըրէ՝

Մատուըներովն իր բորբոս՝

Մահավճիռն երկնաբնակ Դահիճին... (Ապրիլի գիշեր)

Զղջալով 4 տարի շարունակ իր կյանքը ավերելու համար, Մատթէոսը ճերմակ թղթից սկսելու որոշում ուներ: Հուսահատությունը նահանջում էր, մնում էր  տրտմությունը: Փորձում էր իր առողջ Ես-ով հաղթանակ տանել իր վատասերված Ես-ի նկատմամբ: Սպասում էր «արեւոտ վայրկեանի մը, որ սակայն չի գար»: Վերջապես հանեց իր համար այդքան ատելի տաճկական բանակի զինվորի համազգեստը և, որպես թարգման ծառայության անցավ Կոստանդնուպոլիս մտած բրիտանական բանակում: 1919-թվականն էր: Բրիտանական քննչական հանձնաժողովի կազմում մեկնեց հայկական գավառներ՝ իրավիճակի մասին տեղեկագրեր պատրաստելու եւ հայ որբերին այստեղից, այնտեղից հավաքելու նպատակով: 

1-ին աշխարհամարտի տարիներին օսմանյան բանակում.png (156 KB)

1-ին աշխարհամարտի տարիներին օսմանյան բանակում

«Եղբայրդ կ՚ապրի՛», ըսաւ ինծի, «արեւին տակ,

«Վրէժին համար՝ եղբայրդ կ՚ապրի... » (Որբուհին՝ որբին)

Բրիտանացի պաշտոնյանները, ապահովական նկատառումով, նրան հորդորեցին առայժմ գաղտնի պահել իր հայ լինելը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter