HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լաւ է ճերմակ բաներու մասին երազել, երբ սեւի մէջ կ’ապրիս... Մատթէոս Զարիֆեան (մաս 3)

սկիզբը

«...այս քանի մը տարիներու դէպքերը, որոնք առած ու չարչարած են զիս իրենց մէջ, ինչպէս ծովը կ’առնէ ու կը խեղդէ խեղճ թռչուն մը», կարծես թե հանդարտվում էին: Զինդադար էր:

Բրիտանացի զինվորականների հետ. Մ. Զարիֆեան՝ վերին շարք, աջից առաջինը, Պոլիս, 1919թ..png (328 KB)

Բրիտանացի զինվորականների հետ. Մ. Զարիֆեան՝ վերին շարք, աջից առաջինը, Պոլիս, 1919թ․

Արդեն նահատակված էին մեր գրականության սյուները, մի մասն էլ տարագրված էր և  սփյուռքյան գրականություն ստեղծելու ընթացքի մեջ էր: Եվ այս «Գրական ամայութեան մէջ էր հետեւաբար, որ կը յայտնուէր Մ. Զարիֆեան»` գրում է գրականագետ Մկրտիչ Պարսամեանը: Ընթերցողը սիրեց Զարիֆեանին, որ  գեղեցիկ բանաստեղծությամբ էր լցնում  մռայլ ժամանակները: 1921ին հրատարակեց իր առաջին ժողովածուն՝ «Տրտմութեան եւ Խաղաղութեան երգեր», մեկ տարի անց էլ՝ 2-րդը՝ «Կեանքի եւ Մահուան Երգեր»:  Շատերը նրա անունը դրեցին Դուրեանի ու Մեծարենցի անունների կողքին: Ինքն ափսոսում էր, որ Մեծարենցի հետ նույն ժամանակ չի ապրել: Այլապես` ինչ հաճույք կլիներ նրա հետ կիրակի իրիկուններ  անցկացնել  Սկյուտարում. «...A propos. Մեծարենց կը խմէ՛ր արդեօք: ..էհ, հոյակապ մանրամասնութիւն է աս: Երեւակայէ  ...Մայրամուտ, Մեծարենց, Օղի-այս երեքը մէկ ունենալ...»: Հակոբ Օշականը նկատեց դեռ այն չհղկված  կողմը, բայց և  ներուժը, որ կար ասպարեզ իջած այս ջահել բանաստեղծի ներաշխարհում և 1-ին ժողովածուի առիթով գրեց Պոլսի «Ճակատամարտ» թերթում. «Զարիֆեան անկեղծ զգայութիւն մըն է (sensibilité): Պէրպէրեան վարժարանի երբեմնի սան Շահան Շահնուրը նրան կոչեց  «մերի՛ն բանաստեղծը՝ Մատթէոս Զարիֆեան»:

Պէտք է ժամ առաջ մաքրուիլ թրքական ախտէն

Կյանքը վերաիմաստավորվում էր: Մատթէոսը աշխատանքի անցավ Պոլսի Պէրպէրեան վարժարանում որպէս անգլերենի եւ մարմնակրթության ուսուցիչ: Մեծ արհավիրքից հետո վերատեսության էր ենթարկել շատ բան: Այդ թվում,  նույն երկրում ապրող, արդեն գերակշիռ  տարր դարձած ցեղի հարուցած քաղաքակրթական վտանգները: Հայության բեկորների համար ամենախոցելին լեզուն էր: «...Հայ զանգուածային տարրերու թրքախօսութիւնը կը կազմէ ամենալուրջ վտանգ՝ ցեղին հոգեպէս վատասերման տեսակէտէն: Թրքախօս Հայը շատ աւելի տրամադիր եւ ընդունակ է անբարոյականութիւններու, քան իր առաքինի պապերուն լեզուն խօսող Հայը: Թրքախօս Հայը աւելի ծոյլ է, աւելի  մօտ է հայհոյանքի եւ բրտութեան: Իսկ ազգային իտէալ փնտռել այս տեսակ ժողովուրդի մը ծոցը՝ գրեթէ միամտութիւն է:…Թրքախօսութեան շարունակումը պէտք է նկատուի ոճիր՝ ցեղին դէմ:...Պէտք է ժամ առաջ մաքրուիլ թրքական ախտէն՝ չեղծանելու համար հին Հայրենիքի հնամենի սրբութիւնները»: Մատթէոսը, այդուհանդերձ, կարծում էր, թե  դյուրին չէ կատարելապես այլասերել  ազգի ոգին՝ նրանից խլելով դարերով կերտած արժեքները և ներմուծել օտարը, մանավանդ, երբ խլվածը  լույս է, իսկ  ներմուծվածը՝ թույն, ժահր: Դյուրին չէ, բայց  դարերով ստեղծածը հնարավոր է կորցնել, եթե «փլուզումի պայմանները ներկայ են անդադար ու կը գործեն» անխոչընդոտ:  Հասկանալի է, թե ինչո՛ւ 1923-ին՝ լսելով Պլովդիվում բացված «Մեսրոպեան» վարժարանի մասին, գրեց հիմնադիր Գէորգ Մեսրոպին.  «Սա սեւ օրերուն՝ հայ ճեմարանի մը բացումը աւելի մե՜ծ բան է ինծի համար՝ քան գումարը մեծ ցեղերուն մեզի տրամադրած...: Ես համոզուած եմ, թէ քանի ունինք այս ոգին, երբեք ոտքի տակ պիտի չերթանք. նոյնիսկ կը խորհիմ թէ այս աննախընթաց աղէտը պիտի ընէ մեր ցեղը աւելի կենսունակ, աւելի լայնհոգի եւ մանաւանդ՝ աւելի ՄԵԾ քան երբեք: Ա՜խ, որքան պիտի ուզէի քեզի հետ ըլլալ, ճեմարանիդ անոյշ մթնոլորտին մէջ, քեզի հետ աշխատիլ, տքնիլ, վաղուան հոգիները պատրաստելու համար: Հազար մեղք որ կործանած մարմինս թոյլատու չէ»:

Վաղը պիտի տեսնեմ քեզ. ոչ մէկ վաղը ա՛յնքան հեռու թուած է ինծի...

1921-ին գրեց օրագրում, թե չի հիշում մի կնոջ, որն իրեն «սիրած ու տառապած չըլլայ»: Բայց կարծես Ն.-ի պարագային հակառակը եղավ: Նոյեմին էր՝ մի համակրելի աղջիկ, որի հոգին նմանեցրեց  Մետերլինկի «Պելլիաս և Մելիզանդե» թատերգության  հերոսուհու հոգուն և կոչեց նրան այդպես՝ Մելիսանտ: «Կը սիրեմ, կը սիրեմ... Ինչ որ կը զգամ իրեն հանդէպ՝ աննախընթաց է կեանքիս մէջ...Ա՛յս է ահավասիկ սէրը: Ու ես կը զայրանայի, ատեն մը, իմ խեղճ հոգիիս դէմ, կարծելով թէ սիրել չի գիտեր ան: Օ՜, գիտէ եղեր սիրել իմ հոգիս, իմ աղուոր հոգիս, ու ես հիմա կը գուրգուրա՛մ իր վրայ, կը հիանամ իրեն..Տիեզերքին է՛ն շքեղ լոյսով աստղն է հիմա իմ հոգիս...»: Մատթէոսը պատսպարվեց այս աղջկա հոգու մեջ ՝ ասելով, թե «Հոն ոչինչ  կը կորսուի: Եթէ կորսուիմ իսկ հոն, ի՜նչ աղեկ...»: Նոյեմին իր կյանք եկած հրեշտակ էր։ Ի՜նչ տեղին էր այն փոքրիկ խորամանկությունը, որին, շատ աղջիկների պես, դիմեց նաև Մելիսանտը. իբր պատահաբար  մոռացած մի իր, որ նոր հանդիպման առիթ պիտի դառնա: Այն Մատթէոսին կրկին հիշեցրեց  երեկոն, այն բազկաթոռը, «ուր իրար սիրեցինք այնքան քնքշօրէն, ու սա սեղանին վրայ հակած, որ վկան եղաւ մեր համբոյրին... հոս աչքերուս առջեւ է դեռ այն պզտիկ սանտըրը, զոր մոռցար փախուստիդ միջոցին։ Ի՞նչպէս վերադարձնեմ քեզի սանտրդ...»:

Պերճուհին դուստրերի հետ.png (155 KB)
Պերճուհին դուստրերի հետ

1921թ ապրիլի 21-ին քրոջը՝ Պերճուհուն, նամակով հայտնեց թե` նշանվել եմ, չխնդա՛ս: Նկարագրեց, թե ինչ աղվոր աղջիկ է, «գոլէճէն նոր շրջանաւարտ եղած...սեւ խոշոր աչքերով ու Մելիսանտի հոգիով...Զիս սաստիկ կը սիրէ», որ բարեբախտաբար հարուստ չէ: «Մէկ խօսքով ՝ իմ երազս է»: Հաշվի առնելով իր հիվանդությունը, ամուսնությունը կհետաձգվի 2-3 տարով. «Պիտի աշխատիմ կատարելապէս առողջանալ, քիչ թէ շատ դիրք մը շինել և յետոյ: ...Ուրախ եղիր, Պերճուհի, եղբայրդ փրկուած է. ես միայն այսպիսի հոգիի մը միջոցաւ կրնայի կեանքին դառնալ: Ապրի՜լ  կ’ուզեմ- և կ’ուզեմ անո՜ր համար...»: Սիրահարված Մատթէոսը վճռական էր տրամադրված հաղթելու հիվանդությանը: Զգում էր իր մեջ կուտակվող ուժը դա անելու համար:  «... Պիտի ապրի՛մ: Ակռաներովս պիտի բզկտեմ այն սեւ թաթը զոր մահը երկարած է հոգիիս: Անսահման ոյժ ունիմ դեռ: ...Պիտի՛ ապրիմ...Պիտի վերականգնե՛մ իմ այս կքած, կիսովին խորտակուած կուրծքս. Մարմինս պիտի վերստանայ իր երբեմնի մարմարեղէն կերտուածքը ու հպարտութիւնը: Իսկ հոգիս պատրաստ է արդէն...»:

Հոգիս հոժար է մարմինս տկար

Բայց, գեղեցիկ Նոյեմիից բացի, Մատթէոսի կյանք մտած վտանգավոր հիվանդությունը շատ էր համառ և մե՛կ սաստկանում էր, մե՛կ մեղմանում: «Սէր ու թոքախտ նո՛յն կուրծքին տակ: Աղուո՛ր հրդեհ չէ՞: Բոցերը կը հասնի՞ն մինչեւ քեզի, Աստուա՜ծ...»: Սկսել էր արնահոսել:  «Ն... ն ճանչնալէս ի վեր չորրորդ արիւնահոսութիւնն է ասիկա։ Ինչո՞ւ այսքան շուտ-շուտ։ Առաջ, վեց ամիսը անգամ մը հազիւ կ՚արիւնէր հիւանդ թոքս»։ Ամառ էր, բայց անընդհատ մրսում էր: Հիշում էր իր «աթլէթի » օրերը, երբ  մերկանում էր պաղ սենյակում մարզանք անելու համար: Բարեկամուհիներից մեկին գրեց, թե՝ «...հոգիս մարմինիս կապող շղթաները խիստ ամուր են, այնպէս որ՝ մահուան հրեշտակը պէտք է բաւական զբաղի ինձմով. Խեղճը արդէն իսկ շնչասպառ եղած է, ու քրտինքը ճակտէն կը կաթի...խոշոր կաթիլներով...»: Խաբում էր ինքն իրեն: Երազային դղյակներ էր կառուցում, մինչև հաջորդ արյունը: Շուտով թևաթափ եղավ. Մելիսանտը վարակված էր: Ճակատագիրը ինչ խաղ էր խաղում իր հետ: Մտածում  էր, որ իր սերը թույն եղավ Նոյեմիի համար, «թոյն, զոր իր հոգիին ու մարմնին մէջ կը կաթեցնեմ ես քիչ-քիչ:... ինչպէս կ’ուզեմ բզկտել սա անխիղճ շրթունքներս եւ այս մատներս կոտրտել...»:

Նոյեմի-Մելիսանտ.png (296 KB)

Նոյեմի-Մելիսանտ

Ծնողները Նոյեմի-Մելիսանտին արագ տեղափոխեցին Զմյուռնիա: Գուցե՝ հեռու պահելու թոքախտավոր բանաստեղծից: «Մեկնեցաւ... դատարկութիւն»: Ինչպես կարելի է ենթադրել Մատթէոսի՝ նրան գրած վերջին նամակից, Զմյուռնիայում  Նոյեմիի առօրյան բավական հագեցած և ուրախ էր անցնում “Foxtrot”-ի եւ “Tango”-ի ելևէջների տակ. «Այն մեծ սէրը զոր ունէի քեզի հանդէպ՝ ձիւնի պէս ահա հալած է սրտիս մէջ, չեմ գիտեր ինչո՛ւ եւ  ինչպէս։ …դատարկութիւնն է որ կը տիրապետէ ինծի։ Հարցը այն չէ անշուշտ, թէ ինչ կրնայ եղած ըլլալ պատճառը այս տարօրինակ երեւոյթին։ Իրողութիւնը ա՛յն է թէ քեզ այլեւս չեմ սիրեր։Ուրեմն,պետք  է մոռնանք զիրար։ Չեմ կարծեր որ շատ դժուար կ՚ըլլայ ասիկա քեզի համար»։ Մատթէոսը խնդրում, նույնիսկ կարգադրում է Նոյեմիին նետել, կամ իրեն վերադարձնել այն մատանին, որի վրա իր անունն էր դաջված, նաև՝ իր գրած բոլոր նամակները և լուսանկարները՝ խոստանալով Զմյուռնիա ուղարկել ի՛ր ստացածները: «Կը մաղթեմ, որ կեանքիդ մինչեւ վերջին օրը քալես երջանկութեան ճամբաներէն։ Բարեբախտաբար, այդ ճամբաները շատ են Իզմիրի մէջ - Splendid-ները (հրաշալի բաներ), թատրոնները, սինէմաները, ազգականները, յոյն բալիգարեաները եւ այլն, եւ այլն։ Երբեք պիտի չկրնար քեզ այդ ճամբաներէն անցընել հիւանդ եւ տխուր` ՄԱՏԹԷՈՍԸ»:

Պրինկիպոյում.png (304 KB)

Պրինկիպոյում

Այս նամակը ուղարկելուց կարճ  ժամանակ անց, քեմալական ուժերը կործանեցին Զմյուռնիան սոսկալի հրդեհով: Նոյեմին փրկվեց և վերադարձավ Պոլիս: Մատթէոսը նրան չընդունեց այլևս՝ չնայած խոր ապրումներին:

Ձանձրոյթձանձրո՜յթ կը բուրէ...

Փորձում էր բացատրել իրեն սիրահարված Վիկտորյային, որ իրենց մեջ անդունդ կա: Որ ինքը մի քիչ խենթուկ, արկածախնդիր բոհեմական հոգիով մեկն է՝ «մէկ խօսքով՝ ես անօրմալ տղայ մըն եմ:...Գալով քեզի, իմ սիրելի պզդիկս, դուն անուշիկ աղջիկ մըն ես,պարզ, ջինջ, քնքուշ հոգիով մը:Դուն կ՚երազես, անշուշտ, ամէն բանէ առաջ, երջանկութիւն։ Ահա հոս է որ կը սկսի անդունդը։ Ես չեմ կրնար քեզ երջանիկ ընել...»:  Եվ վերջացավ ամեն բան: Սոֆին, Մ.-ն, Իճլարը, Նոյեմին, Վիկտորյան այլևս անհարազատ էին: Հարազատը  միայն իր թոքախտն էր: Եվ , որպեսզի իր առողջական խնդիրներով  մի խոշոր բեռ այլևս չլիներ հարազատների «վիզէն կախուած», պետք էր ապաքինվել: «Իւրաքանչիւր անցնող օրուան հետ քիչ մը աւելի կը զօրանայ վերջնական բուժումի հաւատքս»՝ գրում է քրոջը՝ Պերճուհուն: Ուզում էր հավատալ՝ եթե սկսի խմել ձկան յուղի 4-րդ կիլոն և լավ տեսակ ձիթայուղը, որ իրեն լավ էր գալիս, նաև խավիար ուտի, («մեղք որ այս տարի զարհուրելի սուղ է, ինչպէս ամէն բան»), դուրս կգա ճգնաժամից: 

Վիկտորյա.png (404 KB)

Վիկտորյա

1924-ի Կաղանդի օրերին մի տաքուկ հոգեվիճակի մեջ էր: Ապաքինման ընթացքի մասին բժիշկներ Խնդիրեանի և Թալայի լավատեսությունը  և Եգիպտոսի Համմանա առողջարան  գնալու հեռանկարը ոգևորել էր իրեն: Մայրը տան եղած շղարշի կտորներով զարդարել էր  եղևնու ճյուղերը, սենյակները: «...Խեղճ մայրիկը ճախարակին վրայ մաս մը թելփեչէ պահեց՝ միայն ու միայն ի՛մ փեսայութեանս համար: Աղւոր էր իր մտածումը, բայց լալու փափաք մը ունեցայ, չեմ գիտեր ինչո՛ւ...»: Ոչ ոք կարող  էր երևակայել, թե դա Մատթէոսի վերջին Կաղանդն էր: «Իրիկուն ըլլալուն պէս, մայրիկը՝ տասնըհինգ տարեկան աղջկան պէս ելաւ սեղան շտկեց. Պտուղ, անուշապուր, փելթէ, գոյնզգոյն մոմեր, ամէն ինչ կար: Կար նաեւ շիշ մը օղի. Ու տեսնելու էր հայրիկին  ուրախութիւնը...Հոս երկար ատեն է որ ոգելից ըմպելիքները արգիլուած են, ու խեղճ մարդը ի զուր կը հառաչէ իրիկուն ըլլալուն պէս...«թէք մը ըլլար , խմէի...»: Շուտով՝ Սիրանից՝ քրոջից մի ոսկե մատիտ նվեր ստացավ: Սկսեց կատակներ անել. թե, այս մատիտով ո՞ւմ սիրային նամակներ գրի,  լավ կլիներ այն հին, երանելի օրերին այս նվերը տված լիներ՝ «երբ հազարումէկ աղջիկ հազարումէկ կտոր կ՛ըլլային շուրջս, ու ես իրենց համար կտո՜ր կտո՜ր կըլլայի...»:

Վերջին լուսանկարը.png (245 KB)

Վերջին լուսանկարը

Հեռուն Շոբե՜ն կը նուագեն...

Իմ մայրս՝ խունկով՝

Իր մեռած տղուն հոգին կը փնտռէ...

Որքան «գերեզմանի մը խաղաղութիւնը» մոտ էր թվում իրեն, այնքան կարոտում էր արևին, բոլոր  թոքախտավորների պես: 1924-ի ձմռան մի օր գրեց Հակոբ Սիրունիին. «...կը հաւատա՞ս, շատ գիշերներ կ’աղոթեմ իրեն-արեւին-իր գութը հայցելով: Ա՜հ, հիւանդները  շատ լաւ կ’ըմբռնեն իմաստութիւնը արեւապաշտութեան: Ի՜նչ քաղցր ու ինչ ճշմարիտ կրօն-լեռներու վրայ ճառագա՜յթ համբուրել...Ես այս առտու կ’օրհնեմ թոքերուս մէջ դրուած մանրէներուն բազմութիւնը: Անո՛նք են որ ինծի այս գինովութիւնը, այս նոր կրօնը կու տան...»:

Դեւեր՝ մութին մէջ՝ շիրի՜մ կը շինեն...

Երբ մահացավ, գարուն էր, 1924թ. Ապրիլի 9-ը՝ Ավագ Չորեքշաբթին: Պրինկիպոյում էր՝ Մեծ Կղզիում, Եգիպտոս՝ առողջարան մեկնելու պատրաստ: Օրագրում վաղուց արդեն գրառում չէր արել: Միայն կարդացել էր՝ վերհիշելու իր անցած անլույս կյանքի պատմությունը: Շարժանկարի պես իր  30-ամյա կյանքը անցել էր աչքի առջևով: Եվ ի՞նչ էր տեսել. Այն, որ «Մուրճի հարուածներ տեղացուցեր եմ գիշեր-ցերեկ շէնքի մը, որուն տաճար մը ըլլալը նո՛ր կը տեսնեմ:...Ու փլեր է ահա ան: Ու հիմա անոր աւերակներուն մէջ ինկած, կ’աշխատիմ բան մը փրկել անկէ: Բայց, ոչի՜նչ: Ձեռքս ամէն կողմ մոխիրի մէջ կը խորասուզուի...»: Ցանկությունն էր հայտնել թաղվել եղբոր՝ Վահագնի կողքին, Սկյուտարում, գերեզմանին՝ միայն մի փայտե խաչ: Միշտ պատկերացրել էր  իր շիրիմը՝  իր սիրած աղջիկների բերած լելակի թարմ ճյուղերով պատված: Իր սիրած  ծաղիկն էր՝ գարնանային նուրբ, անուշ բույրով, մանուշակագույն  լելակը՝ եղրևանին: Անգամ Վիկտորյայի ալբոմում մի կտակ էր գրել. «Եթէ մեռնիմ օտար աստղերու տակ, հեռուն, այն ատեն՝ քանի մը արցունք բաւ է ինծի. Բայց եթէ հողակոյտս մօտ ըլլայ քեզի կ’ուզեմ որ, ամէն գարունի, գոգ-գոգ լելակ բերես ինծի. Շատ կը սիրեմ ես այդ ծաղիկը...Լելեկի գոյն ունէին աչքերը այն երկու աղջիկներուն որ սիրեցին զիս ու տառապեցան, եւ որոնց սիրոյ արժէքը շա՜տ ուշ գնահատեցի ես, գնահատեցի միայն այն ատեն՝ երբ մէկ ոտքս գերեզման իջած էր արդէն: Արցունք կամ լելակ. Չմոռնաս»:

Պոլիս, Մ.Զարիֆեանի թաղումը, 1924թ..png (149 KB)
Պոլիս, Մ.Զարիֆեանի թաղումը, 1924թ.

Թէոդիկի Ամենուն Տարեցույցի 1925թ. հատորում բանաստեղծ Գևորգ Կառվարենցը՝ ապագայի  կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հայրը, ի հիշատակ Մատթէոսի գրեց  .  

«Քեզի թաղուած հռչակեցին-խաղաղութիւն հոգիիդ: ...Բանաստեղծին համար մեռնիլ չկայ-ծնիլ կայ միայն: Եւ երանի՜ անոնց որ կը մեռնին-ծնելու համար....»:  

Ո՞վ այդպէս մահ չի բաղձար՝

Ուրկէ աստղեր կը ծնին...

Լուսանկարները՝ www.houshamadyan.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter