HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը վերջապես գործարկվեց․ լուծվե՞ց արդյոք խնդիրների շղթան

2025 թվականի օգոստոսի 25-ից սկսած Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն, պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով:

Այս համակարգի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը 2023 թվականի ապրիլին հայտարարել էր մրցույթ։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 7 ընկերություն՝ «Հարմոնիա տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը», «Սիներջի ինթրնեշնըլ սիսթեմսի» հայաստանյան մասնաճյուղը, «Դանիամ» ՍՊԸ-ն, «Քոդեքս» ՓԲԸ-ն, «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ն, «Վի իքս սոֆթ» ՍՊԸ-ն և «Բյուրո վերիտաս» ընկերության Դուբայի մասնաճյուղը։

Այս ընկերություններից ընտրվել է «Հարմոնիան», որի հետ 2023 թվականի հունիսի 22-ին Արդարադատության նախարարությունը պայմանագիր է կնքել։ Պայմանագրի գինը 240 մլն դրամ է։

«Հետքը» ամիսներ առաջ գրել էր, որ վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը չի կարողանում սահուն աշխատել «CAST» համակարգի հետ։ Նախարարությունից պարզաբանել էին․ «CAST»-ը հնացած է, իսկ այն ստեղծած «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունը հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ API-ները, որոնք թույլ կտային ապահովել երկու համակարգերի սահուն փոխգործելիությունը։

Նշենք, որ «CAST»-ի միջոցով դատարաններում իրականացվում են գործերի բաշխումը դատավորներին, վերաբաշխումը, կոնկրետ գործով կոլեգիալ կազմերի ձևավորումը, ինչպես նաև գործավարությունը։ «CAST»-ի տվյալների մի մասը տեղ է գտնում «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, որը հանրությանը հասանելի է: Եթե խափանումներ լինեն «CAST»-ում կամ էլեկտրոնային համակարգերը միմյանց հետ չկապակցվեն, ապա դրանք պարզապես չեն աշխատի։

Այս խնդիրը նոր չէ․ նույն պատճառով տապալվեց նաև սնանկության էլեկտրոնային համակարգի ներդրումը։ Այդ նախագծի համար ծախսված 173 մլն դրամը փաստացի «փոշիացվեց»։ Հետագայում, Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ նախաձեռնեց պաշտոնեական անփութության փաստով։ Նախաքննությունը շարունակվում է։

Սնանկության էլեկտրոնային համակարգի մշակումը ևս իրականացրել էր «Հարմոնիան»։

Որպեսզի Վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը, ի վերջո, աշխատի, Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է կատարել տեխնիկական առաջադրանքում, և աշխատանքի ծավալն ավելացրել է 15%-ով։

Պայմանագրով վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկման ապահովման համար նախատեսված են եղել մի շարք գործառութային ծառայությունների, օրինակ՝ գործերի մակագրման, դատական ակտերի հրապարակման, ծանուցումների ինտեգրման միջոցով ստացում CAST համակարգից:

«Հաշվի առնելով, որ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության կողմից 2007թ. մշակված և սպասարկվող «Դատական համակարգ»-ը («CAST») հնացած է, չունի սահուն փոխգործելիության ապահովման պատշաճ հնարավորություններ, և «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերությունը չի տրամադրել երկու համակարգերի համակցման համար անհրաժեշտ «CAST» համակարգի տեխնիկական նկարագրերը և «API»-ները՝ պայմանագրի աշխատանքների՝ ամբողջ ծավալով իրականացման համար, անհրաժեշտություն է առաջացել պայմանագրում իրականացնել փոփոխություններ և «CAST» համակարգից ստացվելիք գործառութային ծառայությունների մոդուլները մշակել հենց վարչական դատավարության համակարգում՝ CAST համակարգից կախվածությունը բացառելու և վարչական դատավարության համակարգի պատշաճ գործարկումն ապահովելու նպատակով»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։

Նախարարությունը նաև ավելացրել է «Հարմոնիային» տրամադրվելիք գումարը 10%-ով՝ 240 մլն-ից դարձնելով 264 մլն։

Օգոստոսի 25-ից Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք եղած գործերի վերաբերյալ տեղեկատվությունն արդեն չի փոխանցվում Datalex տեղեկատվական համակարգ։ Այդ գործերը հնարավոր է փնտրել միայն էլեկտրոնային համակարգում։ Սակայն այստեղ էլ տեխնիկական լուծումներն են այլ՝ ի տարբերություն Datalex-ի։

Վարչական դատավարությունն ունի որոշակի հանրային հետաքրքրություն, քանի որ մի կողմում պետական, տեղական ինքնակառավարման մարմին է կամ դրա պաշտոնատար անձը, և վիճարկվում են վերջիններիս վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը։ Էլեկտրոնային համակարգի ներկա կարգավորումներով նվազել է հանրային վերահսկողությունը, քանի որ ոչ բոլոր գործերով է երևում հայցվորի պահանջը։

Եթե Datalex-ում հայցադիմումի պահանջը մուտքագրվում է դատարանի աշխատակցի կողմից՝ թղթային տարբերակից, ապա Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգում տեղեկատվությունը հանրային տիրույթում հասանելի է դառնում ինքնաշխատ եղանակով, այսինքն՝ այնպես, ինչպես լրացնում է հայցվորը։

Պարզվում է՝ Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգով մուտք եղած գործերի մեծ մասում պահանջը չկա, նշված է միայն հայցի տեսակը։

Օրինակ՝ Դատախազությունը օգոստոսի 28-ին էլեկտրոնային համակարգի միջոցով հայցադիմում է ներկայացրել Արարատի մարզի Մասիս համայնքի աշխատակազմի դեմ (վարչական գործ՝ ՎԴ/14286/05/25)։ Սակայն հայտնի չէ, թե ինչի համար է դատախազությունը դիմել դատարան, ինչ է պահանջում, քանի որ «Հայցի էության հակիրճ նկարագրություն» տողում երևում է ոչ թե պահանջը կամ հակիճ նկարագրությունը, այլ գրված է ընդամենը հայցի տեսակը՝ «Ճանաչման հայցադիմում»։

Նույնը վերաբերում է Արթիկի համայնքապետարանի դեմ ներկայացրած դատախազության հայցադիմումին (ՎԴ/14289/05/25): Այս դեպքում նույնպես պահանջը նշված է «Ճանաչման հայցադիմում»:

Այլ հայցադիմումների դեպքում էլ գերակշռում է «Վիճարկման հայցադիմում» նշումը՝ դարձյալ առանց պահանջը հստակ նշելու։

Մնում է ենթադրել, թե ինչի մասին կարող են լինել հայցադիմումները։ Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ փատացի նվազում է ոչ միայն հանրային հսկողությունը այդ գործերի նկատմամբ, այլև՝ տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։ Պատճառն այն է, որ համակարգում չեն նախատեսել ընդհանուր մոտեցում և տեղեկատվության հանրամատչելիության հարցը թողնվել է հայցվորների «ճաշակին»։

Արդարադատության նախարարությունից ևս հաստատում են, որ համակարգում երևում է այն տվյալը, որը մուտքագրել է Հայցվորը։

Իսկ ինչու հնարավոր չէր սնանկության էլեկտրոնային համակարգի պարագայում նույպես նմանատիպ լուծում գտնել, ինչու նախարարությունը երկու դեպքում էլ չէր կանխատեսել, որ առաջանալու են սահուն փոխգործելության խնդիրներ։ Կամ ինչպես է «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերությունը կարողանում «սահուն փոխգործելիություն» ապահովել քաղաքացիական էլեկտրոնային դատավարության դեպքում, որի սպասարկողն է, իսկ մյուս նմանատիպ համակարգերի դեպքում փոխգործելիությունն այդպես էլ սահուն չդարձավ։ Ինչպես է ստացվում որ ընկերությունը պարզապես հրաժարվում է տրամադրել «API»-ները։ Սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանի նախարարությունը։

Վարչական և սնանկության էլեկտրոնային համակարգերի պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս պետական գնումների խորքային խնդիրները։ Պետական կառույցները որոշ դեպքերում չեն կարողանում գրել որակյալ տեխնիկական առաջադրանք, ինչի հետևանքով մրցույթները տապալվում են դեռ մեկնարկից։ Իսկ երբեմն տապալումից փրկվում են ընթացքում կատարվող էական փոփոխությունների շնորհիվ, որոնք հնարավոր էր կանխատեսել հենց սկզբից։

Գլխավոր լուսանկարը՝ Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter