HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է Ճապոնիայից վերադառնալիս Փաշինյանի օդանավը վայրէջք կատարել Մոնղոլիայում ու Ղազախստանում

Սեպտեմբերի 5-ին ճապոնական Օսակայից վերադարձող ՀՀ կառավարական ինքնաթիռը 2 անգամ միջանկյալ կանգառ է կատարել Մոնղոլիայում եւ Ղազախստանում, սակայն ՀՀ վարչապետի աշխատակազմը թերի է պատասխանել «Հետքի» հարցմանը տեղի ունեցածի վերաբերյալ:

Օգոստոսի 30-ին Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էին Չինաստան, որտեղ գտնվում էին մինչեւ սեպտեմբերի 3-ը (ինչպես արդեն գրել ենք, օգոստոսի 30-ին ՀՀ կառավարական ինքնաթիռն առաջին անգամ անցել է Ադրբեջանի վրայով, վերադառնալիս՝ սեպտեմբերի 6-ի լույս գիշերը, օդանավը կրկին տարանցել է Ադրբեջանի երկինքը):

Չինաստան կատարած այցի ավարտին՝ սեպտեմբերի 3-ին, կառավարական բորտը Թիենծին քաղաքից թռել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ ժամանել է կեսգիշերն անց: Վարչապետի աշխատակազմը նախապես հայտարարել էր, որ սեպտեմբերի 4-5-ը Փաշինյանն աշխատանքային այցով լինելու է Ճապոնիայում: Տոկիոյում նա հանդիպել է այդ երկրի վարչապետին, իսկ ամսի 5-ին Օսակայում մասնակցել է «Էքսպո 2025» ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Կառավարական օդանավը Տոկիոյից Օսակա էր մեկնել սեպտեմբերի 4-ին, իսկ ամսի 5-ին՝ տեղական ժամանակով 15:20-ին (Երեւանի ժամանակով՝ 10:20-ին), ուղղություն է վերցրել դեպի Երեւան:

Ինչպես կարելի է տեսնել թռիչքներին առցանց ռեժիմով հետեւող flightaware.com կայքում, ՀՀ պետական ինքնաթիռը Օսակայից վերադառնալիս անցել է Հարավային Կորեայի ու Չինաստանի, այդ թվում՝ Թիենծինի ու Պեկինի երկնքով, սակայն շարժվել է ոչ թե արեւմուտք՝ Հայաստանի ուղղությամբ, այլ դեպի հյուսիս-արեւմուտք՝ Մոնղոլիա: Տեղական ժամանակով 18:30-ի սահմաններում (Երեւանի ժամանակով՝ 14:30-ին) կառավարական բորտը վայրէջք է կատարել Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի օդանավակայանում (տես ստորեւ):

Այստեղ ինքնաթիռը մնացել է 3 ժամ եւ միայն 21:40-ին է (Երեւանի ժամանակով՝ 17:40-ին) մեկնել Ուլան Բատորից (տես ստորեւ): Սակայն մինչեւ Հայաստան հասնելն օդանավը մի կանգառ էլ արել է ղազախական Ալմաթիում տեղական ժամանակով 22:10-ին (Երեւանի ժամանակով՝ 21:10-ին):

Ալմաթիում էլ բորտը մնացել է շուրջ 1,5 ժամ եւ թռել է 23:30-ին (Երեւանի ժամանակով՝ 22:30-ին): Օդանավը Երեւան է հասել սեպտեմբերի 6-ի լույս գիշերը՝ 02:30-ին (տես ստորեւ):

Վարչապետին հարցրել էինք, թե ինչ նպատակով է ինքնաթիռը կանգառ կատարել Ուլան Բատորում եւ Ալմաթիում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պաշտոնապես որեւէ հաղորդագրություն չի եղել Մոնղոլիա եւ Ղազախստան մեկնելու մասին: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են, որ ինքնաթիռն Ուլան Բատորի օդանավակայանում կանգ է առել վերալիցքավորման նպատակով: Սակայն անպատասխան է մնացել մեր հարցը, թե ինչու է բորտն այնտեղ մնացել 3 ժամ:

Պատասխան չենք ստացել նաեւ հարցին, թե վերալիցքավորման համար ինչու է ընտրվել հենց Ուլան Բատորը, որը բավական հեռու է Օսակա-Երեւան հետադարձ թռիչքի ամենաօպտիմալ թվացող երթուղուց: Հարկ է նկատել, որ օգոստոսի 30-ին Երեւան-Թիենծին թռիչքի ժամանակ ինքնաթիռը Մոնղոլիայի օդային տարածք չէր մտել, փոխարենը վերջնակետ էր հասել՝ չինական Ուրումչիում միջանկյալ վայրէջք կատարելով (Երեւան-Ուրումչի չվերթը՝ ստորեւ):

Միաժամանակ Փաշինյանի աշխատակազմից չեն պատասխանել, թե ինչու է օդանավը Երեւան վերադառնալիս մի կանգառ էլ Ալմաթիում արել: Այսինքն՝ այս կանգառը որեւէ կերպ, այդ թվում՝ վերալիցքավորման նպատակով չի պատճառաբանվել:

ՀՀ կառավարական Airbus A319 ինքնաթիռը, ինչպես ժամանակին «Հետքին» հայտնել էին վարչապետի աշխատակազմից, նախատեսված է մինչեւ 5600 կմ հեռավորության թռիչքների համար:

Մյուս կողմից՝ նկատենք, որ Օսակա-Ուլան Բատոր թռիչքի հեռավորությունը, ըստ flightaware.com-ի, եղել է շուրջ 3050 կմ (խոսքը ոչ թե ուղիղ երթուղու, այլ տեղի ունեցած, փաստացի թռիչքի մասին է): Իսկ ահա Ուլան Բատորից մինչեւ Ալմաթի ՀՀ պետական օդանավն, ըստ նույն աղբյուրի, անցել է մոտ 2430 կմ: Ալմաթի-Երեւան փաստացի թռիչքն էլ եղել է 2830 կմ:

Նշենք, որ այս թվերը ճշգրիտ չեն, քանի որ flightaware.com-ը թռիչքների որոշ հատվածներում չի կարողացել հետեւել օդանավի շարժին եւ այդ հատվածներում երթուղին հաշվարկել է ամենակարճ ճանապարհով՝ ուղիղ գծով (նկարներում դրանք սպիտակ են): Բայց դա չի նշանակում, թե շեղումը մեծ է: Ամեն դեպքում, flightaware.com-ի համաձայն՝ Ուլան Բատոր-Ալմաթի-Երեւան թռիչքի ժամանակ օդանավն ընդհանուր անցել է 5260 կմ, այսինքն՝ ավելի կարճ, քան առանց վերալիցքավորման կարող էր անցնել կառավարական ինքնաթիռը:

Այս ֆոնին, նաեւ հաշվի առնելով վարչապետի աշխատակազմի լռությունը, պարզ չէ, թե ինչու է Airbus A319-ը վայրէջք կատարել Ալմաթիում:

Այսպիսով՝ պարզ չէ, թե ինչու է Օսակայից վերադառնալիս ՀՀ կառավարական ինքնաթիռը վերալիցքավորման նպատակով կանգառ կատարել ոչ թե Չինաստանի հյուսիսում գտնվող որեւէ քաղաքում, այլ օպտիմալ երթուղուց բավական հեռու ընկած Ուլան Բատորում, իսկ այնտեղից Երեւան թռչելիս եւս մեկ անգամ վայրէջք կատարել Ալմաթիում: 

Առաջին լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Տոկիո, 04.09.2025, primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter