
Արցախյան վերջին մարտերը. Եղնիկների գումարտակը
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Եղնիկների, Հաթերքի և Մարտակերտի զորամասերը միավորվեցին և կազմավորվեց 5-րդ պաշտպանական բրիգադը։ Եղնիկները դարձավ այս բրիգադի 2-րդ գումարտակը։
Եղնիկների գումարտակը մարտական հերթապահություն էր իրականացնում 513 (Վահե 1) դիրքից մինչև 535 մարտական դիրքն ընկած միջդիրքային տարածությունում։
Գումարտակը 2023 թվականի սեպտեմբերին գրեթե ամբողջությամբ համալրված էր։ Անձնակազմը բաղկացած էր, հիմնականում, պայմանագրային զինծառայողներից։
Եղնիկների գումարտակում, բացի հետևակային ստորաբաժանումներից, կային նաև ականանետային մարտկոց, կապի, հետախուզության և հակաօդային պաշտպանության դասակներ։
Զորիկ Զաքարյանը Եղնիկների գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալն էր 2021 թվականի վերջից։ Նա իր ծառայությունը սկսել է Հադրութի զորամասից։ Ծառայել է նաև Իվանյանի, Մարտակերտի զորամասերում։
44-օրյա պատերազմի ժամանակ Զաքարյանը Քարվաճառի զորամասի «Սև հովազ» կոչվող գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալն էր։
«Նոյեմբերի 7-ին ինձ ուղարկեցին Եղվարդ՝ նոր անվադողեր ստանալու։ Ուշ հասանք տեղ, մեքենաները թողեցինք զորամասում։ Հաջորդ օրը արդեն լուսաբացին տեղեկացանք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթ է ստորագրվել։ Էլ չստացանք անվադողերը, հետ գնացինք Քարվաճառ։ Գնացինք և սկսեցինք մեր զորքերի դուրսբերումը։ Նոյեմբերի 25-ին տեղափոխվեցինք Վարդենիսի զորամաս։ 2021 թվի հունվարին արդեն մեր զորամասը տեղակայվեց Ջերմուկում։ Իրականացնում էինք Ջերմուկից մինչև Սիսիան ընկած հատվածի պաշտպանությունը։ Հունիսից հետո ես, իմ զեկուցագրի համաձայն, տեղափոխվեցի Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ՝ Դրմբոնի զորամաս, որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։ Մի քանի ամիս անց էլ տեղափոխվեցի Եղնիկներ»,- պատմում է Զորիկը։
Եղնիկների գումարտակի հրամանատարը մինչև 2023 թվականը փոխգնդապետ Արմեն Բալայանն էր, հետո՝ կապիտան Գևորգ Հակոբյանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի մոտակայքում, ադրբեջանական բանակը հրետակոծություն սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Եղնիկների հատվածում մարտական գործողությունները սկսվեցին ավելի ուշ։
«Սկզբում մենք լսում էինք արկերի, ռումբերի պայթյունների ձայնը, բայց հեռվից։ Հետո «Վահե 1»-ում հրաձգություն սկսեց։ Մեկ վիրավոր ունեցանք, տեղափոխեցինք Մարտակերտ։ Բայց տղերքը դուխաթափ չեն եղել, պահել են դիրքը»,- պատմում է Զաքարյանը։
Գումարտակի հրամանատարի տեղակալի խոսքով՝ հակառակորդը կիրառել է գրեթե բոլոր տեսակի ու տրամաչափի զինատեսակներ։ Իսկ զորամասի շենքի վրա ավիահարվածներ են եղել։
Ադրրբեջանցիների հիմնական թիրախը, ըստ Զաքարյանի, 534 և 535 (նախկինում 06 և 07) մարտական դիրքերն էին։ Այդ հենակետերը գտնվում էին տարածքում գերիշխող բարձունքների վրա։ Հակառակորդը դրանք գրավելու փորձ կատարել էր նաև 2020-ին, սակայն չէր հաջողել։
«Սեպտեմբերի 19-ի երեկոյան խփեցին մեր հոսանքի տրանսֆորմատորին, ու էդ պահից ո՛չ լույս ունենինք, ո՛չ կապի միջոցներն էին աշխատում։ Արդեն ամեն ինչ մնացել էր Աստծու հույսին։ Ու գիշերը սկսեց ռմբակոծությունը։ Խփում էին թե՛ 06,07 մարտական դիրքերին, թե՛ զորամասին։ Երևի գիշերային շարժ էին նկատել շտաբում ու խփեցին ուղիղ շտաբին»,- հիշում է Զաքարյանը։
534 (07) մարտական դիրքում հերթապահում էր գումարտակի 7-հոգանոց հետախուզական դասակը։ Սեպտեմբերի 15-ին, երբ վերջին անգամ մարտական հերթապահության են բարձրացել, նրանց որպես աջակցություն միացել են նաև գումարտակի առաջին վաշտից 4 զինծառայող և մեկ դիպուկահար՝ դիպուկահարների դասակից։
Եղնիկների գումարտակի հետախուզական դասակի հրամանատարը Անդրանիկ Եդիգարյանն էր, առաջին վաշտի հրամանատարը՝ Արայիկ Մաթևոսյանը։
535 (06) դիրքում հերթապահում էին 5 հոգի։ Դիրքի ավագը Էդգար Դանիելյանն էր։
Սեպտեմբերի 19-ին ողջ օրվա ընթացքում 534 և 535 մարտական դիրքերին հակառակորդը չի հարվածել։ Հետախուզական դասակի հրամանատար Անդրանիկ Եդիգարյանի խոսքով՝ դրա պատճառը խիտ մառախուղն էր, որը ցրվել է միայն երեկոյան։
«Բայց մենք ամբողջ օրվա ընթացքում իրենց խփել ենք 120 մմ մինամյոտով։ Խփում էինք և՛ հրետանու, և՛ մարտական դիրքերին»,- ասում է Անդրանիկը։
Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 03:45-ին, գումարտակի հրամանատարը ռադիոկապով հայտարարում է «օդ 111» ազդանշանը։ Դա արվում է այն դեպքում, երբ սկսում է աշխատել հակառակորդի ավիացիան։
«Ես այդ պահին բլինդաժի դիմաց էի, վերև նայեցի ու լսվեց էդ ինքնաթիռի ձայնը։ Մենք գիտենք, թե մեզ է հարվածում։ Բայց առաջինը հարվածեց 535-ին։ 535-ը մեզնից երևի 800 մետր էր հեռու։ Մինչև փորձում էի 06-ի հետ կապի դուրս գամ, հրամանատարը նորից «օդ 111» հրամանը տվեց։ Էս անգամ արդեն մեզ խփեցին»,- հիշում է Անդրանիկը։
Այդ հարվածից 535 դիրքում զոհվել են Լավրենտ Հայրիյանը, Գուրգեն Եսայանը և Լեռնիկ Անանյանը։
534 մարտական դիրքի վրա ավիահարվածից զոհեր չեն եղել։ Դրանից հետո դիրքին հարվածել են նաև անօդաչու թռչող սարքով։ ԱԹՍ-ի հարվածից զոհվել են Դավիթ Թևանյանը և Սամվել Ստեփանյանը։
Սեպտեմբերի 20-ի կեսօրին՝ ժամը 12։30-ին, վաշտի հրամանատար Արայիկ Մաթևոսյանը հատուկ ջոկատայինների հետ մտնում է 535 դիրք՝ դուրս բերելու ողջ մնացածներին և զոհվածների դիակները։ Նորից հնչում է «օդ 111» հրահանգը։ Ադրբեջանական ինքնաթիռի հարվածից դիրքում զոհվում են Արայիկ Մաթևոսյանը, Էդուարդ Դանիելյան և Ռոբիկ Ժելեզնյակը։
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, հաստատվում է հրադադար ողջ շփման գծով։ Ադրբեջանական զինված ուժերին չի հաջողվում գրավել Եղնիկների գումարտակի դիրքերը։
Գլխավոր նկարը՝ Ժենյա Գևորգյանի
Մեկնաբանել