
Սլավիկ Գալստյանն իր երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության վերջին մրցումային օրը հունահռոմեական ոճի 67կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սլավիկ Գալստյանը։ Սա աշխարհի առաջնություններում մեր ըմբիշի 2-րդ բրոնզե մեդալն էր. 2019 թվականին Նուր-Սուլթանում 63կգ քաշային կարգում ևս Գալստյանը պատվո հարթակի երրորդ աստիճանին էր կանգնել։
Քառորդ եզրափակչում պարտվելուց հետո Սլավիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն ստացավ։ Բրոնզե եզրափակչի երկրորդ կեսում մեր ըմբիշը փայլուն գոտեմարտ անցկացրեց՝ 15։5 հաշվով տուշեով հաղթելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ռազակ Բեյշեկեևին, թեև առաջին մրցափուլում պարտվում էր 0։5 հաշվով։
Մեր հավաքականը Զագրեբից կվերադառնա 4 մեդալով՝ 1 ոսկե և 3 բրոնզե։ Ավելի վաղ հունահռոմեական ոճում աշխարհի կրկնակի չեմպիոն էր հռչակվել Մալխաս Ամոյանը (77կգ), բրոնզե մեդալակիր՝ Հրաչյա Պողոսյանը (60կգ)։ Ազատ ոճում էլ բրոնզե մեդալ էր նվաճել Արսեն Հարությունյանը (57կգ)։
Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից
Մեկնաբանել