HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ադրբեջանական հերթական նավը՝ ԵՄ «սեւ ցուցակի» թեկնածու. այն համարվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագծում ներառել է նաեւ ադրբեջանական «Խանքենդի» լցանավը (տանկեր), որը ԵՄ-ն համարում է ռուսական «ստվերային նավատորմի» մաս: Փաթեթը դեռ պետք է ընդունվի ԵՄ անդամ երկրների կողմից, սակայն «Հետքի» տրամադրության տակ են դրա մանրամասները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առայժմ վերջին՝ 18-րդ փաթեթը Եվրամիության խորհուրդն ընդունել էր այս տարվա հուլիսին: Ի թիվս այլ գործողությունների՝ ԵՄ-ն Ռուսաստանի հետ առնչություն ունեցող 105 նավ էր ավելացրել իր «սեւ ցուցակում»:

«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում էր Եվրամիության խորհրդի կողմից հուլիսին ընդունված կանոնակարգում:

Այս 105 նավերի մեջ տեղ էին գտել Ադրբեջանի դրոշի տակ լողացող «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) եւ «Ղարաբաղ» (Karabakh) լցանավերը, որոնք նախատեսված են հում նավթ տեղափոխելու համար: Սրանց ԵՄ «սեւ ցուցակ» ներառելու հիմնավորումը եղել է այն, որ, ըստ եվրոպական կողմի, ադրբեջանական այս նավերը տեղափոխում են հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:

«Շուշայից» ու «Ղարաբաղից» առաջ էլ՝ այս տարվա մայիսին, ԵՄ-ն նույն հիմնավորումներով «սեւ ցուցակ» էր մտցրել ադրբեջանական «Զանգեզուր» (Zangazur) լցանավը: Սրա նկատմամբ, ի դեպ, ԵՄ-ից մի քանի օր առաջ պատժամիջոցներ էր կիրառել նաեւ Մեծ Բրիտանիան: Հիմնավորումն այն էր, որ «Զանգեզուրն» օգտագործվում է՝ ռուսական ծագման նավթ տեղափոխելու համար:

Անդրադառնալով Ռուսաստանի դեմ ծրագրվող պատժամիջոցների 19-րդ փաթեթին՝ ԵՄ գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեպտեմբերի 19-ին հայտարարել է. «Վերահսկողությունը խստացնելու համար մենք պատժամիջոցներ ենք մտցնում «ստվերային նավատորմի» եւս 118 նավի նկատմամբ: Ընդհանուր առմամբ, այժմ ԵՄ պատժամիջոցների տակ է ավելի քան 560 նավ»:

«Հետքի» տրամադրության տակ են այս 118 նավի տվյալները: Դրանց թվում է ադրբեջանական դրոշի տակ լողացող «Խանքենդի» (Khankendi, օկուպացված Ստեփանակերտի ադրբեջանական անվանումն է) լցանավը: Սա եւս նախատեսված է հում նավթի տեղափոխման համար:

Ինչպես գրել ենք նախորդ հոդվածում, այս նավը կառուցվել է 2020 թ. Հարավային Կորեայում (IMO համարը՝ 9867621): Ունի 250 մ երկարություն եւ 44 մ լայնություն, ինչպես «Շուշան» ու «Ղարաբաղը»:

2020-2024 թթ. կրել է «Արիստոֆանիս» (Aristofanis) անունը եւ նավարկել Մարշալյան Կղզիների դրոշի ներքո: 2024-ի օգոստոսից մտել է Ադրբեջանի դրոշի տակ ու անվանափոխվել «Խանքենդի»: Նավի սեփականատերն ադրբեջանական SA Leader Shipholdings AFEZCO-ն է, տեխնիկական կառավարիչը (այլ կերպ ասած՝ նավը տեխնիկապես շահագործողը)՝ նույնպես ադրբեջանական ASCO Shipmanagement AFEZCO-ն, իսկ կոմերցիոն կառավարիչը, որն զբաղվում է բեռնափոխադրումների կազմակերպմամբ, կրկին ադրբեջանական SA Maritime AFEZCO-ն է (մանրամասները՝ այստեղ): Բոլորն էլ գրանցված են Բաքվի նույն հասցեում եւ փոխկապակցված են ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերությանը:

Հիշեցնենք՝ SA Maritime-ը ASCO-ի ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի համատեղ ձեռնարկությունն է, իսկ նավը շահագործող ASCO Shipmanagement-ը հիմնադրվել է 2023-ի հունվարին ASCO-ի հիմքի վրա եւ սրա դուստր ձեռնարկությունն է:

ASCO Shipmanagement-ի նավատորմում կա 6 նավ, որոնցից 4-ը, ըստ ընկերության պաշտոնական կայքի, հում նավթի լցանավեր են, իսկ 2-ը՝ նավթային/քիմիական լցանավեր, որոնք չափերով ավելի փոքր են: Ըստ magicport.ai-ի՝ ASCO Shipmanagement-ը ոչ միայն «Շուշա», «Ղարաբաղ», «Զանգեզուր» եւ «Խանքենդի» լցանավերի, այլեւ «Ադրբեջան» (Azerbaijan) ու «Բաքու» (Baku) լցանավերի շահագործողն է:

Նախորդ անգամ անդրադարձել էինք այն հանգամանքին, որ magicport.ai-ի համաձայն՝ «Խանքենդին» էլ «Շուշայի», «Ղարաբաղի» ու «Զանգեզուրի» նման պատժամիջոցների ռիսկի տակ է: Փաստորեն, հիմա ստացվում է, որ եթե ԵՄ-ն ընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, «Խանքենդին» կմիանա ASCO Shipmanagement-ի մյուս 3 մեծ լցանավերին ու կհայտնվի ԵՄ «սեւ ցուցակում», ինչը նրան կարգելի մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից:

Նավերին առցանց հետեւող կայքերը ցույց են տալիս, որ «Խանքենդին», ինչպես ASCO Shipmanagement-ի՝ եվրոպական պատժամիջոցների տակ ընկած մյուս 3 նավերը, այս տարի պարբերաբար նավարկել է Բալթիկ ծովի ափին գտնվող ռուսական Պրիմորսկ քաղաքի եւ Ուստ Լուգա ավանի ու Էգեյան ծովի ափին գնվող թուրքական «Նեմրութ» նավահանգստի միջեւ, այլ կերպ ասած՝ Ռուսաստանից հում նավթ է տեղափոխել Թուրքիա:

Բայց այս պահին ադրբեջանական նավը լողում է այլ ուղղությամբ: Սեպտեմբերի 19-ին այն դուրս է եկել թուրքական «Նեմրութից» ու հիմա նավարկում է դեպի իսպանական Ալխեսիրաս քաղաք, որը գտնվում է Միջերկրական ծովի ափին՝ Ջիբրալթարի նեղուցի հարեւանությամբ: Ժամանումը հասցեակետ նախատեսվում է վաղը՝ սեպտեմբերի 24-ին: Եթե ԵՄ-ն «սեւ ցուցակ» ներառի այս նավը, ապա Եվրամիության նավահանգիստները, այդ թվում՝ նույն Ալխեսիրասը, անհասանելի կդառնան նրա համար:

Լուսանկարում՝ Մարշալյան Կղզիների դրոշի տակ նավարկող «Արիստոֆանիս» լցանավը, 16.03.2024, հեղ.՝ Պաուլ Գերդես, marinetraffic.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter