
Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Աջապահյանին
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ կայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Խափանման միջոց ընտրված կալանքը մնաց անփոփոխ։ Վերդիկտը դատավորը հրապարակեց քիչ առաջ։ Պատժաչափը դատարանը կորոշի լրացուցիչ դատական նիստում, որը նշանակվեց սեպտեմբերի 29-ին։
Աջապահյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։
Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:
Մեղադրանքի հիմքում ընկած են երկու արտահայտություններ, որոնք մեղադրանքի կողմը որակել է ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։ Դրանցից առաջինում «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Աջապահյանն ասել էր, որ իշխանությունը փոխելու երեք եղանակ կա՝ ընտրություն, հեղաշրջում և ժողովրդական ապստամբություն։ «Ուրիշ կա՞․․․ չկա ուրիշ։ Երեքն էլ անհնարին են սուբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն հնարավոր են,- նշել է Աջապահյանը, ապա ավելացրել,- ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում․ քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։
Երկրորդ հարցազրույցում, ըստ մեղադրանքի, Աջապահյանը վերահաստատել է իր միտքը՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ նշելով․ «Շատ էլ լավ եմ արել, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:
Նշենք, որ ընդամենը 10 նիստով դատարանն ավարտեց այս գործի քննությունը։ Գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 15-ին։ Գործի քննության սկզբում գրեթե ամեն օր դատական նիստ էր նշանակվում, քննությունը հաճախ ձգվում էր աշխատանքային ժամից հետո։
Միքայել Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա և իր պաշտպանական խումբը պնդում են, որ Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իշխանության կողմից եկեղեցականներին հալածելուն ուղղված գործողությունների շրջանակում։ Ըստ պաշտպանների՝ Աջապահյանի խոսքը կոչ չի եղել։
Դատավարության ընթացքում պաշտպանները խոսել են նաև կանխակալ դատավարության մասին՝ նշելով, որ դատավորն իր գործողություններով կողմնակալ է դրսևորել իրեն։ Ըստ պաշտպանների՝ դատավորը անհիմն մերժել է իրենց կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները, Աջապահյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատավորի որոշումները ևս պաշտպաններն անհիմն են որակում։ Վերդիկտի հրապարակումից հետո Աջապահյանի պաշտպանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ կանխատեսելի էր իրենց համար դատավորի այս որոշումը և նրանք հետագայում բողոքարկելու են դատավճիռը։
«Պնդում եմ, որ սա խախտումների աննախադեպ ծավալ էր, ապօրինությունների աննախադեպ ծավալ էր, և դատարանն ակնհայտորեն առաջին իսկ պահից գիտեր, որ անելու է այս ամեն ինչը։ Եթե դատավորն առաջին իսկ պահից այդ աստիճանի կաշկանդված ու վախեցած էր, դա միայն մի բանի մասին էր խոսում, որ ինքը հենց այդ կետից սկսած՝ գիտեր, թե ինչ է անելու․․․ Սա արդարադատության ձևականացում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Միքայել Աջապահյանի գործով բոլոր դատական նիստերին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ։
Մեկնաբանել