
«Գիտության օրենք՝ առանց ռազմավարական ծրագրերի»․ Գիտուժ
2025 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցումով ընդունվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը[1] [2]։ «Գիտուժ» նախաձեռնությունը ներկայացրել է իր դիրքորոշումն օրենքի և դրա մշակման գործընթացի վերաբերյալ։
Գործընթացի դրական կողմերը
«Գիտուժ» նախաձեռնությունը բարձր է գնահատում հետևյալ ձեռքբերումները․
- «Հետազոտություններ և մշակումներ» եզրույթի օրենսդրական սահմանում
Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում հստակ սահմանվեց «հետազոտություններ և մշակումներ» (ՀևՄ) եզրույթն՝ օգտագործելով միջազգայնորեն ընդունված սահմանումը [3]։ Սա «Գիտուժ» նախաձեռնության հիմնադրումից ի վեր օրակարգային կարևոր կետերից մեկն էր։ Այս սահմանումը հստակ ցույց է տալիս, որ «գիտական հետազոտություններ» հասկացությունը «հետազոտություններ և մշակումներ» հասկացության մաս է կազմում, սակայն դրանք տարբեր երևույթներ են։
- Օրենսդրական նախագծի փոփոխություններ
Քննարկումների ընթացքում Գիտուժի առաջարկությունների հիման վրա նախագծում կատարվեցին կարևոր փոփոխություններ․
ա) գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպություններն այլևս սահմանափակված չեն միայն տվյալ գերատեսչության խնդիրներով և կկարողանան իրականացնել այլ գերատեսչությունների և մասնավոր հատվածի պատվերներ։
բ) օրենքն այլևս չի նախատեսում ՀՀ ԳԱԱ ինստիտուտների պարտադիր ներառումը համալսարանների կազմում, այլ պահանջում է դրանք համապատասխանեցնել օրենքով սահմանված պետական գիտական կազմակերպությունների տեսակներին, ինչը հնարավորություն է ընձեռնում ինստիտուտը պահպանել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ կամ նույնիսկ փոխանցել այլ գերատեսչությանը։
- Կառուցողական համագործակցություն
Օրենքի մշակման ընթացքում, «Գիտուժ» նախաձեռնության դիմումի հիման վրա, ՀՀ Ազգային ժողովը կազմակերպեց երկու հանրային քննարկում [4][5]։ ԿԳՄՍ նախարարության հետ կայացած առանձին հանդիպումների և օրենքի թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում [6][7]լսելի դարձան մեր բարձրացրած խնդիրները, և նախարարությունն ընդունեց մեր առաջարկությունների զգալի մասը։
Գործընթացի բացթողումներ և հնարավորություններ
Չնայած ձեռք բերված առաջընթացին, «Գիտուժ» նախաձեռնությունը շարունակում է մտահոգված մնալ հետևյալ հարցերով․
- Հայաստանի մրցունակության և պետական գիտատեխնոլոգիական ծրագրերի միջև խզում
Օրենքն ընդունվում է առանց անվտանգային ՀևՄ, տնտեսական ՀևՄ և ակադեմիական հետազոտությունների միասնական պետական ռազմավարական շրջանակի առկայության։ Մասնավորապես, բազմիցս քննարկվող բարձր-տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, տիեզերական գործունեության ռազմավարությունները դեռ չեն մշակվել կամ գործարկվել։ Հայաստանում չկա գործող նորարարության ռազմավարություն։ Գիտության ռազմավարությունը նույնպես գտնվում է մշակման փուլում։
Այս բացը բերում է ջանքերի մասնատման։ Խնդիրը խորանում է նաև նրանով, որ կառավարությունը չունի հատուկ մարմին, որը կֆինանսավորի ռազմավարական կիրառական ՀևՄ ծրագրերը, ներառյալ հումանիտար և հասարակագիտական բնագավառներում։
Առանց այդ ռազմավարական շրջանակի առկայության՝ ահռելի ռեսուրսներ են դրվում ակադեմիական գիտության համակարգի կառուցվածքային փոփոխությունների մեջ՝ չունենալով հստակություն, թե ինչպես է դա ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Մասնավորապես, վերջերս հրապարակված 2026-2030թթ. գիտության և տեխնոլոգիաների գերակայությունների նախագիծը [8] ցույց է տալիս, թե ինչի է բերում պետական կարիքներից բխող ՀևՄ ռազմավարական շրջանակի անտեսումը. նախագիծը հիմնված է միայն միջազգային միտումների վերլուծության վրա։ Սա առավել մտահոգիչ է, հաշվի առնելով, որ տվյալ գերակայությունները ֆինանսավորվելու են ՀՀ հարկատուներից հավաքագրված գումարներով։
- Համալսարաններից անկախ ինստիտուտների ցանցերի բացառումը
Օրենքը բացառում է ինքնակառավարվող պետական գիտական կազմակերպությունների ցանցերի գոյությունը, ինչպիսիք գործում են բազմաթիվ զարգացած երկրներում (գերմանական Ֆրաունհոֆերի ասոցիացիա, սինգապուրյան A*STAR, լեհական գիտությունների ակադեմիա, անգլիական Catapult ցանցը և այլն)։ Այս սահմանափակման համար չի ներկայացվել հստակ և փաստարկված հիմնավորում։ Կարևոր է նշել, որ օրենսդրական հնարավորությունը չի նշանակում պարտավորություն ստեղծելու նման ցանցեր այս պահին։ Նույնիսկ եթե ԿԳՄՍ նախարարության քաղաքականությունը ենթադրում է Հայաստանում այդպիսի միակ ցանցի՝ ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների համակարգի միանվագ վերացում, դրա համար անհրաժեշտ չէ օրենսդրորեն բացառել այդպիսի կազմավորումների հնարավորությունը։
Ավելին, ՀՀ ԳԱԱ համակարգի բոլոր ինստիտուտների միանվագ դուրսբերումն իրականացվում է առանց բավարար փաստարկների և աստիճանական մոտեցման։ Չնայած նրան, որ օրենքի նախագծի նախնական տարբերակից հեռացվեցին որոշ որակումներ, վերջնական տարբերակում [8] այդպես էլ չկան ՀՀ ԳԱԱ ինստիտուտների համակարգի արդյունավետության բազմակողմանի վերլուծություն և դրա վրա կառուցված ինստիտուտների միանվագ դուրսբերման հիմնավորում։ Գիտական ինստիտուտների ղեկավարների հետ շփումները ցույց են տալիս, որ իրենց կողմից բարձրաձայնված բազմաթիվ խնդիրներ մնացել են անպատասխան։
Առաջարկություններ
«Գիտուժ» նախաձեռնությունը պահանջում է փաստահեն և նպատակային որոշումների կայացում ու կոչ է անում ՀՀ կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին․
- Մշակել և ներդնել ՀևՄ միասնական ռազմավարական շրջանակ, որը հիմնված կլինի պետական կարիքների վրա։ Մշակել և ներդնել ակադեմիական գիտության ռազմավարություն ու գերակայություններ՝ հիմնվելով ՀՀ տնտեսական և անվտանգային ՀևՄ ռազմավարական ծրագրերի վրա։
- Ձևավորել պետական մարմին՝ նախարարությունների վերահսկողությունից դուրս, որը պատասխանատու կլինի անվտանգային և տնտեսական կարևորություն ունեցող կիրառական ՀևՄ ծրագրերի ֆինանսավորման համար՝ լրացնելով ներկայում գործող մասնակի մեխանիզմները։
- Ապահովել կառուցվածքային փոփոխությունների նպատակայնությունը՝ հիմնվելով առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կարիքների վրա։ Առկա ինստիտուտներն ունեն պետական խնդիրներ լուծելու կարողություններ և այդ կարողությունների զարգացնելու ներուժ։ Այս կարողությունները, մի շարք բնագավառների դեպքում, կհայտնվեն սահմանափակումների տակ, եթե միավորվեն համալսարաններին։ Քանի դեռ վերոնշյալ ռազմավարությունների շրջանակը և համապարփակ ֆինանսավորման մեխանիզմները չեն ներդրվել, առավել կարևոր է, այդ կարողությունների պահպանումը ու զարգացումը։
Հղումներ
[1] ՀՀ Ազգային ժողովի օրակարգի կետ և որոշում
[2] Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենք,
[3] Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Ֆրասկատի ձեռնարկ,
[4] ՀՀ Ազգային ժողով, «Գիտության և տեխնոլոգիայի դերը Հայաստանի անվտանգության ամրապնդման և տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկում, 19.11.2024թ,
[5] ՀՀ Ազգային ժողով, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի թեմայով աշխատանքային քննարկում, 09.04.2025թ,
[6] Հանդիպում ԿԳՄՍ նախարարության հետ, 16.07.2025թ,
[7] Խորհրդարանական լսումներ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով, 27.06.2025թ,
[8] Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, 08.08.2025թ,
Մեկնաբանել