HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սանավիացիա. կյանքեր փրկող թռիչքներ

2019-2025 թվականներին «Armenian Helicopters»-ը Հայաստանի տարածքում շուրջ 450 օդային տարհանում է իրականացրել։ Ամենաշատը՝ 2020-ին, արցախյան պատերազմի օրերին, երբ տասնյակ ծանր վիրավորներ տեղափոխվեցին Հայաստանի բուժհաստատություններ։

Օդային շտապօգնության ծառայությունը գործարկվել է 2019-ին՝ «Armenian Helicopters»-ի, Առողջապահության նախարարության և «Էրեբունի» ԲԿ-ի համագործակցությամբ։ Սպասարկումն իրականացվում է հատուկ վերազինված Airbus H125 ուղղաթիռով, որն ապահովված է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։

Սանավիացիայի ծառայության բժիշկ Ալբերտ Հակոբյանը նշում է, որ այս համակարգը ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներին և տուժածներին արագ տեղափոխելու համար է, գործում է հստակ չափորոշիչներով՝ պետության կողմից երաշխավորմամբ կամ վճարովի հիմունքներով։

Հակոբյանի խոսքով՝ կանչից հետո գործընթացը հստակ է․ մարզային հիվանդանոցում քննարկվում է հիվանդի տեղափոխման անհրաժեշտությունը, հարազատների համաձայնությունը ստանալուց հետո, 30 րոպեի ընթացքում ուղղաթիռը պատրաստ է թռիչքի։

Բժիշկ Հակոբյանը հիշում է վերջին կանչը, դա նրա ամենաերկար թռիչքն էր։ Սև կարիճ էր խայթել 23 տարեկան երիտասարդի։ Ահազանգ են ստացել և 1.5 ժամում Երևանից Մեղրի հասել՝ երիտասարդին տեղափոխելու։

Ուղղաթիռի աշխատանքին կարող են խոչնդոտել եղանակային վատ պայմանները։ Սանավիացիայի թռիչքները հնարավոր են միայն ցերեկային ժամերին և լավ եղանակային  պայմաններում։

Ալբերտ Հակոբյանը հիշում է ավտովթարից տուժածի դեպքը, երբ նրան պետք էր անհապաղ Երևան տեղափոխել, բայց եղանակը վատ էր․ «Երևանից ուղիղ չկարողացանք թռչել Վարդենիս, ստիպված եղանք գնալ Սևան, հետո Գավառ, Մարտունի և նոր Վարդենիս։ Ժամանակին հասցրինք, հիվանդը փրկվեց, բայց եղանակը մեր թիվ մեկ սահմանափակումն է»։

Սանավիացիայի ծառայության բուժակ Արամ Հարությունյանի խոսքով՝ թեև ուղղաթիռը հենց սանավիացիոն չէ, բայց հարմարեցված է և վերազինված բժշկական տարհանման համար անհրաժեշտ սարքավորումներով։

«Հիմա ունենք արհեստական շնչառության ապարատ, շնչառական մոնիթորինգի համակարգեր, առաջին անհրաժեշտության դեղորայքով համալրված պայուսակ։ Հատուկ պրոտոկոլ կա, որտեղ նշված է՝ ինչ դեպքերում է կիրառվում սանավիացիան։ Սովորաբար, դրանք պոլիտրավմաներն են, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքները»,- ասում է բուժակ Հարությունյանը։

Ուղղաթիռով ընդամենը մեկ հիվանդ կարող է տեղափոխվել, առավելագույնը՝ 120-150 կգ քաշով։ Թռիչքի ամբողջ ընթացքում բժիշկներն ապահովում են կենսական օրգան համակարգերի գործունեությունը՝ դեղորայքի և շարժական սարքավորումների միջոցով։

Սանավիացիան հերթապահության գրաֆիկ ունի, ամսվա կտրվածքով 5-10 կանչ են ունենում։

Արդեն վեց տարի գործող սանավիացիայի ծառայությունը թույլ է տալիս ծանր հիվանդներին և տուժածներին կարճ ժամանակում տեղափոխել բազմապրոֆիլ բուժհաստատություններ, որտեղ հասանելի են նեղ մասնագիտացված ծառայությունները։

Սանավիացիայի ծառայությունից անվճար (պետության երաշխավորմամբ) կարող են օգտվել երեխաները, հղիները, թունավոր խայթոցներից տուժած, 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ ստացած քաղաքացիները։

«Armenian Helicopters» ընկերության ներկայացուցիչ Գոռ Գաբրիելյանը նշում է, որ ցանկանում են քաղաքացիների շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, որպեսզի բոլորն իմանան և անհրաժշետության դեպքում պահանջեն տրամադրել սանավիացիայի ծառայություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter