HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Նրանք ասում են՝ պիտի հեռանաք». պատմություն 120 արցախցի կնոջ ձայնով

«2023թ.-ի սեպտեմբերի 20-ն էր։ Ստեփանակերտի ծննդատանն ահավոր վիճակ էր։ 7-8 կին ծննդաբերում էր, հերթապահ մանկաբարձուհին ուժասպառ էր ու անհանգիստ. չգիտեր իր սեփական երեխաների տեղը։ Հենց ինձ տեսավ, խալաթն արագ հանեց ու վազելով գնաց։ Ես, առանց երկար-բարակ մտածելու, հերթով սկսեցի ծնունդներն ընդունել։ Առաջինը ընդունում էի, վազում դեպի մյուսը, հաջորդն ընդունում, վազում մյուսի մոտ։ Որպես մանկաբարձուհի արդեն մենակ ես էի մնացել ծննդատանը, իսկ նրանք շարունակում էին ռմբակոծել։ Արդեն ավտոմատների կրակոցներ էին լսվում։ Էդ ձայներն էնքան բարձր էին ու այնքան մոտ, որ ծնունդն ընդունելուց մի պահ գլուխս արագ իջեցրի, թվաց թե ինձ վրա են կրակում։ Մի աղջկա բերեցին, ահավոր վիճակում էր՝ ո՛չ ամուսնու տեղը գիտեր, ո՛չ երեխաների։ Գյուղից տարհանել էին ու մի կերպ հասցրել էին Ստեփանակերտ։ Բժիշկն ասեց, որ մեծ բացվածքով եռածին կին է, պատրաստենք ծննդաբերության, դա այդ օրվա վերջին ծնունդն էր։ Չգիտեի ուրախանալ, թե տխրել, որ էդ սարսափելի պայմաններում դեռ արցախցիներ են ծնվում»։ Այս դրվագը մեկն է այն 120 արցախցի կանանց պատմություններից, որոնք շվեյցարահայ ռեժիսոր Վարսի Բուխմանը ներառել էր ինստալյացիայում։

Այն ներկայացնում է 2023թ. Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը։ «They Say We Have to Leave» («Նրանք ասում են՝ պիտի հեռանաք») խորագրով վավերագրական ինստալյացիան երեք մասից՝ սենյակներից, կազմված նախագիծ է. առաջին մասում էկրանին 120 արցախցի կանայք են իրար հաջորդելով կադրում լուռ հայտնվում, ուղեկցող ձայնը պատմում է նրանց պատմությունը, արցախյան վերջին օրերի, տեղահանության մասին։ Մոտ երեք ժամ տևողությամբ տեսանյութն անդադար շարունակվում է՝ պատմություններ ադրբեջանական հարձակման ժամանակ դիահերձարանում աշխատող, ծննդատանն այդ օրը հերթապահող, գերեզամանոցից հուշեր պատմող կանանց, իրենց որդիներից, ամուսիններից լուր չունեցողներից, գույժ ստացող կանանց պատմությունները, ողբերգություն ապրած, հուշերով, հույսով ապրող կանանց պատմություններ։ Ինստալյացիայի երաժշտական հատվածը ձևավորել է կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը: Ցուցադրության տարածքը կառուցված է երկար միջանցքի տեսքով՝ խորհրդանշելով Լաչինի միջանցքը, որով անցան Արցախից բռնի տեղահանվելիս:

Երկրորդ սրահում էկրանին թանձր, ծանր հոսող նավթի ալիքներ են, մռայլ սևի վրա ենթագրերով 263 վանքերի և եկեղեցիների անուններ են՝ կառուցման տարեթվերով, որոնք մնացին Արցախում։ Այստեղ նավթը համաշխարհային անտարբերության խորհրդանիշ է, արդարության բերանը փակող գործիք: Նավթը համադրվում է այն մշակութային ժառանգությանը, որը թողեցին հայերն Արցախում՝ վանքեր, եկեղեցիներ, քրիստոնեական ժառանգության բացառիկ նմուշներ:

Վերջին սրահում վեց էկրանի վրա արցախցիների անձնական արխիվային վիդեոներն էին ցուցադրվում։ Արցախում ապրած, անցկացրած օրերի տեսագրված հուշերը, որոնք այցելուին վերադարձնում էին անցյալ։

Սեպտեմբերի 26-28-ը Երևանում՝ Latitude Art Space-ում, անցկացվող վավերագրական ինստալյացիայի հեղինակը  ռեժիսոր Վարսի Բուխմանն է։ Վարսին  շվեյցարահայ ռեժիսոր, պրոդյուսեր և գրող է, Լյուցեռնում գործող «Boostplus GmbH» ստեղծարարական ընկերության հիմնադիրը: Նախագծի մասին «Հետքը» զրուցել է Վարսի Բոխմանի հետ։

-Ինչպե՞ս ծնվեց նախագծի գաղափարը։

-Ես արդեն 22 տարի է՝ ապրում եմ Շվեյցարիայում։ Ինքս պրոդյուսեր եմ և ռեժիսոր, աշխատում էի իմ պրոյեկտների վրա, երբ 2023  թ.-ի սեպտեմբերին սկսվեց արցախցիների տեղահանումը։ Ես զանգեցի ռեժիսոր Անդրեաս Վեբերին ու ասեցի՝ պետք է պրոյեկտ արվի Արցախի մասին, մտածում եմ դոկումենտալ ֆիլմ անել։ Ես գիտեի` ինչքան բարդ է մեդիա մտնելը, մտածում էի՝ էնպիսի մի բան է պետք անել, որ  դառնա ինֆոառիթ,  էդտեղից էլ եկավ ոչ ավանդական վավերագրման այս ֆորմատը։ Այս ծրագրի համար խոսել ենք 120 արցախցի կնոջ հետ, 80-ի հետ անձամբ եմ հարցազրույցներ արել, ունենք հարյուր ժամից ավել տեսագրված նյութ, դրանցից օգտագործվել են միայն մի քանի րոպեանոց յուրաքանչյուրի պատմությունից մի դրվագ։

-Ո՞ւմ համար եք արել այս նախագիծը։

-Առաջին հերթին մտածում էի ո՞նց անենք, որ էս ամեն ինչը հիշվի ու մտնի հավաքական հիշողության մեջ, ոչ միայն մեր, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ո՞րն է ճանապարհը դեպի հիողություն տանելու։ Իմ համար սա իմ պատասխանն է, էմոցիան է, ցավը։ Երբ որ կիսվում է ինքը, դու  դարձնում ես դա քո մի մասը, էդ ցավը դառնում է քո մի մասը, իսկ երբ որ դա քո մի մասն է, սկսում ես դա արդեն հիշել միմիայն վերհիշելով, այսինքն` էմպատիայով։ Հիշելով հնարավոր է մարդուն ինչ-որ մի գործողության դրդել, մինչև դա ինքը անտարբեր է։ Առաջին նպատակը դա է եղել` մտցնել Արցախի ողբերգության, էս պատմությունների, էս էմոցիոնալ դրվագների մեջ, մտցնել հավաքական հիշողության մեջ։ 

Երկրորդը՝ ապրելով  երկար տարիներ Եվրոպայում՝ տեսել ու հասկացել եմ կաշվիս վրա, որ կա շատ պարզ տարբերություն, մենք օտարներ ենք, ու դա նորմալ է։ Հիմա եվրոպացու համար արցախցին հասկանալի չէ, ինքը նույնիսկ չգիտի Արցախի մասին։

Ո՞նց անենք, որ էդ իրենց ընկալման մեջ մենք չլինենք օտար, ո՞նց անենք, որ չլինենք օտար, որտե՞ղ գտնենք մենք իրենց հետ համատեղ մի տարածք, որտեղ  ցույց տանք, որ մենք ձեզ շատ նման ենք։ Հիմա, որ նայում ենք էս կանանց դեմքերին, իրենք կարող էին ապրել Բելգիայում, Ֆրանսիայում, իրենք կարող էին ապրել որևիցե մի տեղ աշխարհի վրա ու լինել էդ երկրի քաղաքացի, ռեզիդենտ։ Դա եղել է դրված, որ կարողանանք ցույց տալ, որ մենք իրենց նման ենք առաջին հերթին, հենց թեկուզ արտաքինով։ Ես ուզում եմ իրենց ասել, որ Արցախի կորուստը մենակ մերը չէ, մենք էնտեղ թողել ենք քրիստոնեական հսկա մի ժառանգություն, որը ամբողջ քրիստոնեական աշխարհի կորուստն է, ու մենք ձեր մի մասն ենք, մենք էդ նույն արժեհամակարգի, էդ նույն հավատի մի մասն ենք ու գոնե էդ ձևով փորձել ենք էդ տարանջատումը, մենք ու օտարները մոտեցնել։

- Երեք օր Երևանում Վավերագրական ինստալյացիան ցուցադրելուց հետո ի՞նչ պլաններ ունի նախագիծը։

- Հաջորդ ցուցադրությունը կլինի Բազելում, հոկտեմբերի 31-ին, հետո ծրագրում ենք Ցյուրիխ, լոկացիաները դեռ կոնկրետ չունեմ։ Այսինքն՝ խնդիր է ֆինանսավորման հետ կապված, որովհետև էս ցուցադրությունը, քանի որ ինքը կլասիկ կինո չէ, մենք տարածքը ստանում ենք ամեն անգամ, ոնց որ տեսաք, թե տեխնիկապես և այլն։ Շատ կուզենամ հայկական տիրույթից էլ հանենք էս ամեն ինչը։ Այսինքն` չեմ ուզում մնա մենակ մեր համայնքների սահմանում։ Հուսամ կստացվի։  

-Ի՞նչ կավելացնեք զրույցի վերջում։

-Շատ լավ հասկանում եմ, որ էս ինստալյացիան, այն, ինչ լսում, տեսնում են, ցավոտ է, բայց միմիայն գիտակցված ցավն է բուժվում, երբ դու քեզ թույլ ես տալիս էդ ցավի մեջով անցնել, դու էդտեղ հզորանում ես, մաքրվում ես, ուժեղանում ես։ Մենք՝ ամբողջ հայ ազգով, հավաքական տրավմա ունենք Արցախի թեմայով, ու էս հավաքական տրավմայի բուժումն էլ էդ ցավի մեջով անցնելով է լինելու։ Սա մի տարածք է, որը հնարավորություն է տալիս էդ ցավով գիտակցված անցնել, որպեսզի ինչքան հնարավոր է բուժված էդտեղից դուրս գանք։ 

Լուսանկարները՝ ©Նարեկ Ալեքսանյան | Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter