
Սահմանամերձ գյուղի բնակիչը խնդրում է ներել հողի հարկի պարտքը
83-ամյա Վոլոդյա Բաղդասարյանը՝ կոստյումով նստած տան նախասրահում, լոբի է մաքրում ու հանդարտ ժպտում մեզ տեսնելիս։ Նախասրահի պատերը խունացած են, ներկը՝ թափված։ Դրսից պոլիէթիլենային տոպրակով փակել են պատուհանը, ինչից լույսը դժվար է թափանցում ներս։
Տան երկու սենյակները թե՛ ննջասենյակ են, թե՛ հյուրասենյակ։ Դրանցից մեկը կիսամութ է, սեւացած պատերով, անկանոն դասավորված իրերով։ Զգեստապահարանի բաց դռնից երեւում է Վոլոդյայի որդու՝ Եղիշ Բաղդասարյանի զինվորական համազգեստը. Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։
1989 թ․ ադրբեջանական Խանլարի շրջանի Ազատ գյուղից Եղիշ Բաղդասարյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղ։ Քանի որ այստեղ ապաստան էին գտել նրանց հարեւանները, Բաղդասարյանները եւս Կախակնում են հաստատվել։
Եղիշը 60 տարեկան է, բայց հոգսերը նրան մեծացրել են։ Կախակնում ապրում են երեքով՝ ինքը, հայրն ու կրտսեր որդին։ Կինը տարիներ առաջ մահացել է ավտովթարից, իսկ երեխաներից երկուսն ամուսնացել ու ապրում են Հրազդանում։
Մեր այցի օրը Եղիշի որդին անասուններին դաշտ էր տարել։ Ասում է՝ գյուղում հերթապահություն կա, եւ ամեն օր մի ընտանիք է արածեցնում։
Եղիշը երեք մաշված աթոռ է բերում, դնում բակում։ Դրսում արդեն զգացվում է սառը քամին։ Տան մոտից երեւացող սարի վրա ադրբեջանական դիրքերն են, դրանց ներքեւում՝ հայկական հենակետերը։ 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով սահմանային նոր իրադրության հետեւանք է սա։ Սահմանային իրավիճակն ազդել է նաեւ գյուղի անասնապահության եւ հողագործության վրա։ Եթե մինչեւ 2022 թ․ Եղիշը 10-12 կաթնատու կով ուներ, հիմա երկու կով ունի։ Գյուղում քիչ չեն եղել դեպքերը, երբ անասուններն անցել են առաջնագիծն ու անվերադարձ մնացել ադրբեջանական կողմում:
«Էդ սարը մերն էր, հիմա թուրքերը եկել են, նստել էդտեղ։ Որ նստեցին էդտեղ, էն վախտ կովերի հերթ չէինք պահում։ Բայց նոր դրությամբ կովերը գնում էին թուրքերի կողմ: Ինչքան ուզում էի անասուն պահել, մեկ ա՝ ուզում էին փախնել ու որ գնային, թուրքը հետ չէր տալու»,- ասում է Եղիշ Բաղդասարյանը։
Ընտանիքը 6,75 հա վարելահող ունի, որից մշակում է 4 հա-ն՝ 2-ական հա գարի ու ցորեն է ցանում, իսկ մնացածը որպես խոտհարք է օգտագործում։
Մեր զրուցակիցը հիշում է, որ նախորդ տարի բերքը կարկտահարվեց, այս տարի էլ երաշտից տուժեց։ Ըստ Եղիշի՝ բերքը 50 տոկոսով կրճատվել է այս տարի: Ցորենի դաշտից 500 կգ ցորեն է ստացել, 7 պարկը տարել է Գեղամասարի ջաղացում աղացել, մնացածը որպես սերմացու պահել։ Աղացած ցորենը հացի համար է պահում։ Կախակնում խանութ չկա։ Եղիշը ամեն շաբաթ ստիպված է լինում 3000 դրամ վճարել տաքսուն, որ հասնի Վարդենիս։ Այդտեղից գնումներ է անում ամբողջ շաբաթվա համար։
Եղիշը ողնաշարի ճողվածք ունի։ Ասում է՝ Երեւանում հետազոտություններ է անցել, բայց բժիշկները չեն ցանկանում ռիսկի դիմել, վիրահատել։ Մեջքի ցավեր ունենում է շարժման ժամանակ, բայց ստիպված է աշխատել։
«Էստեղից մինչեւ պոստեր արագ կարայի հասնեի, հիմա մինչեւ կարտոլի մոտ հազիվ գնամ»,- ասում է նա։
Բայց պատահում է, որ 5000 դրամով կարտոֆիլ հավաքելու է գնում։ Մեր այցելությունից օրեր անց, երբ զանգահարել էինք նրան, կարտոֆիլի դաշտում էր՝ օրավարձով աշխատանք էր կատարում։ Ասում է՝ ստիպված է։
Այս պահին Եղիշն իր առողջական խնդիրներից ավելի կարեւոր է համարում վարելահողի հարկի պարտքը։ Համայնքապետարանից (Կախակնը Վարդենիս խոշորացված համայնքի կազմում է) նամակ է ստացել պարտքի վերաբերյալ։ Ասում է՝ 1 մլն դրամի հասնող պարտք է՝ բուն հարկն ու չմուծելուց գոյացած տույժերն են։ Հիշում է, որ բարկացել էր, պատռել նամակը։ Չգիտի, թե ոնց է վճարելու պարտքը, ի վիճակի չէ։ «Թող գան տեսնեն իմ պայմանները»,- պատկան մարմիններին առաջարկում է Կախակնի բնակիչը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպմանը բարձրացրել ենք Եղիշ Բաղդասարյանի հարցը եւ նրա հեռախոսահամարը փոխանցել մարզպետի աշխատակազմին։ Ավելի ուշ Եղիշը մեզ հայտնել է, որ մարզպետի աշխատակազմից զանգել են իրեն, տեղեկացել խնդրի մասին եւ ասել, որ որ տույժերի հարցում կընդառաջեն, բայց մայր գումարը պետք է վճարի: Թե ինչպես դա պետք է անի, Եղիշը պատկերացում չունի:
Նյութը պատրաստվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ, UNFPA) հայաստանյան գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակներում:
Մեկնաբանել