Հայաստանում երկրորդ անգամ անցկացվում է «Գիտության շաբաթ»
Տոնական փոքր դրոշներ, լույսեր, խաղեր, սպիտակ տաղավարներ, երեխաների աշխույժ ձայներ, երիտասարդների հետաքրքրասեր հարցեր, զրույցներ գիտության, տեխնոլոգիաների մասին: Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Երեւանի Ազատության հրապարակն այսպիսին է լինելու: Սա Հայաստանում այն դեպքերից է, երբ տոնական միջոցառումն ուտել-խմելուն չէ նվիրված, այլ գիտությանն ու տեխնոլոգիաներին՝ այն ամենին, ինչին կամ ինչով միահյուսված է բոլորիս կյանքը:
Մեր երկրում համազգային «Գիտության շաբաթ» անցկացվում է երկրորդ անգամ: Այն ընդգրկելու է ամբողջ հանրապետությունը՝ սկսած մանկապարտեզներից: Մտահղացման հեղինակը «Գիտուժ» նախաձեռնությունն է: Նախագիծն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Գիտության շաբաթը» երկու մասից է բաղկացած՝ գիտության փառատոնից եւ ապակենտրոնացված միջոցառումներից: Փառատոնն անցկացվում է Երեւանի Ազատության հրապարակում «Գիտության շաբաթվա» 6 օրերի ընթացքում՝ ժամը 15:00-21:00-ը:
Փառատոնի այս տարվա կարգախոսն է՝ «Զարգացնել գիտությամբ»:
«Գիտության շաբաթվա» բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ առաջին փառատոնի նպատակն էր գիտությունը մոտեցնել հանրությանը, ցույց տալ, թե ինչ է անում գիտությունը Հայաստանում: Դա սկզբնական, պիլոտային միտք էր: Այս տարի «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով կազմակերպիչները նպատակ ունեն ցույց տալ, թե Հայաստանում գիտությունն ինչպես է նպաստում պետության, հասարակության զարգացմանը, այսինքն՝ խոսել գիտության ներուժի մասին:
Ազատության հրապարակում ընթացքի մեջ գտնվող փառատոնը բաղկացած է երեք մասից: Առաջին մասում գիտական հաստատությունները ներկայացնում են իրենց հետազոտությունները, գիտահանրամատչելի պատմում գիտության եւ տեխնոլոգիաների մասին: Երկրորդ մասում լինելու են մասնագիտական կողմնորոշման օրեր՝ թիրախավորելով երեխաներին եւ երիտասարդներին: Ա. Գասպարյանն ասում է՝ դա «Գիտության շաբաթվա» ամենակարեւոր մասն է՝ գիտությունը հանրահռչակելու, երեխաների եւ երիտասարդների շրջանում հետաքրքրություն ձեւավորելու գիտության հանդեպ: Իսկ երրորդ մասը նվիրված է գիտական ֆանտաստիկային: Ի տարբերություն 2024-ի՝ այս տարի այն որակապես եւ քանակապես տարբերվելու է: Արման Գասպարյանի դիտարկմամբ՝ կներկայացվի ավելի հարուստ բովանդակություն, միջոցառումներ են կազմակերպվելու Ազատության հրապարակում եւ մայրաքաղաքի տարբեր վայրերում՝ թանգարաններում, մշակութային հաստատություններում, լինելու է ֆիլմի ցուցադրություն, գրքի շնորհանդես:
«Եթե անցած տարի կենտրոնացած էինք կոնկրետ գիտության վրա, ապա այս տարի կենտրոնացած ենք գիտության եւ տեխնոլոգիաների վրա: Դրանք չենք ուզում առանձնացնել, որովհետեւ կա ֆունդամենտալ եւ կիրառական գիտություն, իսկ կիրառական գիտության մի զգալի մասը պատկանում է տեխնոլոգիաներին»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:
Անցած տարի, ըստ նրա, փառատոնին մասնակցել է մոտ 20.000 մարդ, իսկ այս տարի ակնկալում են ունենալ մոտ 50.000 այցելու:
Ա. Գասպարյանը նշում է, որ, ի տարբերություն անցած տարվա, այս անգամ գրեթե համոզված են, որ «Գիտության շաբաթը» վերածվելու է ինստիտուցիոնալ հարթակի, իսկ թե ինչ ուղով է շարժվելու հետագայում, էական չէ, փոխարենը էական է այն, որ այդ հարթակը գոյություն ունենա, եւ ամեն տարի աշնանը Հայաստանում մարդիկ սպասեն գիտության շաբաթվան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել