
Գնում եմ՝ Արարատը հոգուս եւ աչքերիս մեջ և հայոց լեզուն շուրթերիս... Ռուբեն Մամուլեան (մաս 2)
Հուշերի ծովում
1923 թվականի աշունն էր հավանաբար: Մեծ նավի վրա Ռուբեն Մամուլեանը մեկնում էր դեպի Ամերիկա: Սա մի խիզախ, թե՞արկածախնդիր քայլ էր իր կողմից: Նա Ամերիկայի մասին սկսել էր մտածել Մարկ Տվենի, Օ՛Հենրիի գործերը կարդալիս: Իսկ «Բուֆալո Բիլի արկածները» գիրքը առավել մեծ հետաքրքրություն առաջացրեց տեսնելու այս անծանոթ աշխարհը: Գնում էր անհայտություն՝ ետևում ձգելով իր ապրած 26 տարիները Թիֆլիսում, Փարիզում, Լոնդոնում: Մեկնում էր մենակ, առանց ծնողների: Լոնդոնում էր թողնում վերջերս ողբերգական մահով հեռացած գեղեցկուհի քրոջ շիրիմը: Նավի վրա հաճելի երեկոներ էին կազմակերպվում՝ ուղևորներին տրամադրելով հնարավորությունների այս նոր երկիր ժամանումին: «Աստուած իմ, այս ինչ տեսակ երկիր կ՛երթամ...»: Նույն նավի վրա իր հումորային մանրապատումներով ամերիկյան վոդևիլի մեծ արտիստ Ուիլ Ռոջերն էր, որին Ռուբեն Մամուլեանը՝ դատելով լայնեզր գլխարկից և հագուկապից, «կովարած մը» կարծում էր: Ուիլը ուրախ մթնոլորտ էր ստեղծում: Ռուբենը հետո իմացավ, որ այդ «պարզ կովարածը» հումորի մեծ վարպետն է: Ճամփորդությունը երկար էր, և լեցուն ժամանակ կար վերհիշելու անցած-գնացածը՝ իր ծնունդը, իր երկար գանգուր մազերը, մկրտությունը Թիֆլիսի Հայոց Խամոյեան եկեղեցում, ծառ մագլցելու սերը, հորենական մեծ մորը՝ իմաստուն խորհուրդներով և տան համովությամբ Կատարինե կամ Կատո բաբոյին: Օվկիանոսի քամին հավանաբար հիշեցրեց իր մի փոքրիկ հնարամտության մասին՝ թե ինչպես երեխա ժամանակ ազատվեց մոր պարտադրած, բայց իր չսիրած գլխարկից, երբ անցնում էր Քուռի կամուրջներից մեկով՝ Վերիյսկիով, և լավ էլ քամի էր փչում: Նա գլխարկը ի միջի այլոց դրեց գլխին՝ ապավինելով քամու ուժգնությանը, և չսխալվեց: Այն թռավ գլխից և քշվեց, գնաց: Հարցը լուծվեց՝ գլխարկը չկար, և ինքն անմեղ էր: Հիշեց Դիլիջանում 1911-ի ամռան ամիսներին իջևանած տունը՝ Երևանյան խճուղու վրա, որի 1-ին հարկում Շիրվանզադեն էր հանգստանում, 2-ում՝ իրենք: Ի դեպ՝ այդ տան հասցեի շուրջ կարելի էր առասպել հյուսել և զարմանքի բացականչություններ լսել զբոսաշրջիկներից: Իսկ հետաքրքրությունը հիպնոսի և հոգեկանչության վերաբերյալ, պատանեկան մի հով էր: Նժույգների սիրուն ուզում էր կառապան դառնալ, հետո միտքը փոխեց, թե՝ ճանապարհորդ կլինեմ, կամ՝ գուցե գրող դառնամ, մանավանդ որ տարված էր ոստիկանական պատմություններով, մինչև որ մորը՝ Վերժինեին տեսավ բեմի վրա: Թատրո՛ն, եղավ որոշումը: Եվ այս որոշումը նրան Մոսկվայի Կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետից տարավ Վախթանգովի թատերախումբ: Հետո, 1918-ին թատերական գործիչներ Լևոն Քալանթարի և Սուրեն Խաչատրեանի՝ Արամ Խաչատրեանի եղբոր հետ մի անհաջող փորձը արեց թատերական ստուդիա բացելու:
Փոքրիկ Ռուբենը
Լոնդոն. հակասական հուշերի քաղաքը
Բայց ամեն ինչ մթագնվում էր քրոջ՝ Սվետլանայի սպանությամբ: Այդ տարվա մարտի 11-ին Լոնդոնում սպանություն տեղի ունեցավ: «Սկովտացի (շոտլանդացի) մը կառքին մէջ կը սպաննէ իր հայ կինը եւ անձնասպան կ՛ըլլայ»,-գրեթե միեւնույն վերտառությամբ գրեցին թե՛ բրիտանական և թե՛ Լոնդոնի հայկական թերթերը: Սպանվողը Սվետլանա Մամուլեանն էր, ամուսնացյալ՝ Մըքքուաքր: Ամուսնուն Սվետլանան հանդիպել էր Թիֆլիսի իրենց տանը, մոր՝ Վերժինեի կազմակերպած մի ճոխ հավաքույթի ժամանակ: Վերժինեն սիրում էր հյուրընկալել օտարների: Ահա այս անգամ հրավիրել էր բրիտանացի սպաների: Շուտով տիկին Վերժինեն «դասավորեց» աղջկա ամուսնությունը նրանցից մեկի հետ: Եվ Սվետլանան ուղևորվեց ամուսնու հայրենիք: Հիասթափություն, կարոտ, դաժան վերաբերմունք, խանդի մշտական տեսարաններ...: Այլևս չդիմանալով բռնակալ ամուսնուն՝ Սվետլանան նամակով հայտնեց ծնողներին իրավիճակի մասին և խնդրեց օգնել իրեն ապահարզանի հարցում: Զաքարիան՝ հայրը, շտապեց Էդինբուրգ և աղջկան տեղափոխեց Լոնդոն: Դատարանի վճռից և նրանց 3-ամյա դստեր խնամակալության հարցի լուծումից հետո՝ (երեխան կես տարի մոր, կես տարի հոր մոտ էր ապրելու), թվում էր, թե այլևս ամուսինը պիտի խաղաղվեր: «Անցեալ հինգշաբթի կը պատահի անխուսափելին: Զոհը և զոհին հայրը ճաշի կը հրաւիրուին Ծատուրօֆներու մօտ, որ իրենց դրացի են: Ժամը 2ին ամուսինը հեռաձայնով կը կանչէ կինը, խնդրելով որ իրեն հանդիպի այսինչ տեղը, որովհետեւ Էտինպուրկէն բերած է երեխան եւ մօրը պիտի յանձնէ: Կինը կը խնդրէ որ ինք հոն գայ եւ միասին ճաշեն հիւրերուն հետ: Ամուսինը կը մերժէ եւ աղջիկը, հակառակ սեղանակիցներուն կամքին, կը ձգէ սեղանը եւ կերթայ տեսնել նախանձոտ ամուսինը: Ժամը 3:30ին իրար կը գտնեն, թաքսի մը կը վարձեն,պանդոկի մը հասցէն կուտան: Հազիւ հինգ րոպէ անցած-թաքսիի մարդը կը լսէ երկու պայթիւն, դուռը կը բանայ եւ կը տեսնէ երկու դիակ, մէկը դժբախտ Հայուհին, գանկէն ջախջախուած, իսկ միւսը ամուսինը սրտէն, եւ գանկէն»,- գուցե, մի քիչ թարսուշիտակ, ներկայացրին թերթերը: Ռուբենը կուզեր, որ իրեն Ամերիկա տանող նավի վրա լիներ նաև իր քրոջ դուստրը, բայց բրիտանական օրենքները արգելք եղան:
Սվետլանան ծնողների հետ
Ռուբենի համար լոնդոնյան շրջանը հակասական հուշերով էր լի: Քրոջ հետ կատարված սոսկալի դեպքից բացի,այն նաև անոթի օրերի, պաղ կացարանում գոյատևելու մի պատմություն էր: Բայցև իր տղամարդկային և ազգային արժանապատվության կոփման մի բացառիկ դպրոց էր: Երբեք իրեն թույլ չտվեց տրտնջալ, օգնություն խնդրել անգամ ծնողներից: Իսկ երբ հարցնում էին ազգությունը՝«եթովպացի եմ»,-ասում էր՝ իր խեղճ վիճակը հայության հետ չառնչելու համար: Բարեբախտաբար շուտով սկսեց լուսանկաչությամբ զբաղվել: Նկարում էր երեխաների և հարսանյաց հանդեսներ ու դրամ շահում: Նաև աշխատանքի է անցնում մի գորգավաճառի մոտ:
Քեսեճեան սրճարանի հայկական ոգին
Հայագետ, կինոգետ Արծվի Բախչինեանը, որ, ըստ էության, միակն է մեր երկրում, որ մանրամասն ուսումնասիրել է Վաշինգթոնի Կոնգրեսի գրադարանում պահվող Ռ. Մամուլեանի դիվանը, ամփոփելով «Ռուբեն Մամուլյան. Արվեստագետը և հայը» գրքում, կյանքի շատ հետաքրքիր փաստեր է ի հայտ բերում: Պարզվում է, որ Լոնդոնում նրա սիրելի վայրերից մեկը եղել է Պիկադել հրապարակում գտնվող Պոլսեցի Սմբատ Քեսեճեանի սրճարանը, որտեղ հավաքվում էր Լոնդանաբնակ հայերի սերուցքը՝ դերասան Հովհաննես Աբելեանից մինչև Րաֆֆու Արշակ որդին, միգամած այս երկիր և հակառակ ուղղությամբ ապրանքներ ներմուծող և արտահանող վաճառականական գրասենյակի տեր Հեքիմեանը և այլք: Ազնիվ հայորդի Սմբատ Քեսեճեանը, որ իր հայրենիքում օպերետի դերասան էր եղել, լսելով և գնահատելով Ռուբենի երաժշտական կարողությունները և, ծանր նյութական վիճակը հաշվի առնելով, միջնորդում է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի երբեմնի երգիչ Գրիգոր Մակարեանին, Փարիզում իր հիմնած ռուսական թատերախմբի երգչախումբ Ռուբենին վերցնելու խնդրանքով: Գրիգորի Մակարով դարձած Գրիգոր Մակարեանը՝ ծնված 1859թ., հռչակավոր Մարիինյան թատրոնի արտիստ էր թավ՝ բաս ձայնով, որի՝ 1920-ին, Փարիզում հիմնած թատերախումբը նմանակն էր Մոսկվայում և ապա աշխարհի տարբեր մայրաքաղաքներում «Չղջիկ» թատրոնի: «Չղջիկ»-ի հիմնադիրն էլ 1887-ին Կարինում ծնված Նիկիտա Պալեանն էր, որը 1904 թ. ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ զորակոչվել էր Հարբին և, արյունալի կռիվների դադարներին, զվարճացրել զորքին՝ օպերետային դերերգերի իր կատարումներով և կատակներով: Բայց արդեն Բալիև էր դարձած: Երբ տեղափոխվեց Նյու Յորք, Բրոդվեյի թատրոնները նրանից շատ բան սովորեցին:
Վերժինեն և Զաքարիան Սվետլանայի շիրիմ մոտ, Լոնդոն
Լոնդոնյան թատերական մկրտությունը
Ինչևէ, վերադառնանք Մակարեան-Մակարովին, որը Անգլիա հյուրախաղերի համար բեմադրիչ էր փնտրում և ահա, Քեսեճեանի միջնորդությամբ իբրև երգիչ խումբ ընդունած Ռուբենին, վստահում է բեմադրիչի գործը: Անգլիական թատերական աշխարհում սկսում են խոսել Մամուլեանի մասին: Բայց նրան իրական ճանաչում բերեց Լոնդոնի «Սենթ Ջեյմս» թատրոնում բեմադրած «Դռան թակոցը» ներկայացումը: Շատ էր երիտասարդ և թատերական աշխարհի տեր ու տնօրենները այդ պատճառով վերապահում ունեին նրա հանդեպ: Ռուբենը մտածեց արտաքին մի հնարք՝ ծխամորճ, որը դարձավ իր կերպարի անքակտելի տարրը, իսկ թատրոնի տնօրենը նրան հուշեց տարիքը մեծացնել՝ իրական 24-ի փոխարեն հարցնողների ասել թե 30 է: Թերթերը սկսեցին գրել նրա մասին: Իսկ հանդիպումը, Մարիինյան թատրոնի մեկ այլ նախկին արտիստ՝ տենոր Վ.Ռոզինգի հետ, բախտորոշ եղավ: Եվ սկսվեց Ռուբենի կյանքի անհավանական շրջադարձը, զարմանալի դիպվածների շարանը: Մամուլեանով հիացած Ռոզինգը մեկնում է Ամերիկա, նավի վրա պատահաբար հանդիպում է «Կոդակ»ի ստեղծիչ Ջորջ Իսթմենին, որն ամենուր մշակութային հաստատություններ էր հիմնում: Պարզվում է, որ հիմա էլ պատրաստվում էր Նյու Յորք նահանգի Ռոչեսթր քաղաքում բացել «Իսթմեն» երաժշտական և դրամատիկական դպրոց: Ռոզինգը համոզում է նրան այդ դպրոցին կից օպերային ստուդիա հիմնել՝ Ռուբեն Մամուլեանին հրավիրելով աշխատանքի: Մինչ այս երկու պարոնները քննարկում էին Նյու Յորքում Ռուբենին պաշտոն առաջարկելու հարցը, Փարիզի Շանզ էլիզե թատրոնի տնօրենը նրան վստահում է 3 թատրոններից կազմված այս հաստատության բեմադրիչը լինելու պատիվը: Ստույգ Փարիզ, թե՞ անհայտ Նյու Յորք: Այս էր խնդիրը: Ինչպես տեսանք, այս երկընտրանքը լուծվեց հօգուտ Նյու Յորքի: Եվ, Ռուբեն Մամուլեանին ԱՄՆ բերող նավի տախտակամածից, արդեն երևում էր Ազատության արձանը:
Ռ. Մամուլեանը ծնողների հետ, աշխատանքի պահին
Գրավելով ամերիկյան թատրոնը
Ռուբենը գրավեց ամերիկյան բեմը: Նա թատրոն բերեց խոսքի, երաժշտության, պարի և, լայն առումով, շարժումի բացառիկ մի ներդաշնակություն: Կյանքը լցնող ենթաձայները, երբեմն աղմուկները, բնաձայնությունները Մամուլեանը դարձրեց իր ներկայացումների համեմունքը և գրավեց ամերիկյան հանդիսականի սիրտը: Հեղաշրջեց «Գիլդ» թատրոնը՝ բեմ բարձրացնելով աֆրոամերիկացիների: Գնաց Չարլսթոն՝ նրանց մեջ, նրանց պես ապրելու, որսալու, հասկանալու նրանց ոգու առանձնահատկությունը: Ռուբենը մեկընդմիշտ մերժեց դերասաններին դիմահարդարմամբ սևամորթ դարձնելու ավանդույթը: 50 դերակատարներից սպիտակամորթ էին միայն 4-ը: Դա «Փորգի» ներկայացումն էր: Իր ծննդյան 30-ամյակին Ամերիկան խոսում էր արդեն իր մասին: Ջորջ Գերշվինը, Մամուլեանի այս բեմադրությամբ զմայված, 1934-ին գրեց իր հայտնի «Փորգի և Բեսս» օպերան «Սամըրթայմ» հայտնի երգով: Եվ պնդեց, որ այն բեմադրի Ռուբեն Մամուլեանը: «...Գրում են, որ Ռուբեն Մամուլեանը նոր էջ է բացել ամերիկեան թատրոնի պատմութեան մէջ: Հիմա թերթերի, ամսագրերի բոլոր էջերը եւ բոլորի շուրթերին Ռուբեն Մամուլեանն է...Ես երջանիկ եմ որպէս մայր, աւելի երջանիկ որպէս հայուհի»:
Պարոն Լինոլյումը և ամերիկյան ‘’Marmon” մակնիշի ինքնաշարժը
Ռուբեն Մամուլեանը, երբ առաջին անգամ մտավ Ռոչեսթրի «Իսթմեն» երաժշտական և դրամատիկական դպրոց դասավանդելու, դպրոցի պատասխանատուներից մեկը, որ ուղեկցում էր իրեն, ուսանողներին ասաց. «Պատիւ ունեմ ձեզ ներկայացնելու պարոն Լինոլյումին»: Իբր ի՞նչ մի դժվար էր արտասանել Մամուլեանի Մամուլեան ազգանունը: Հետո էլ, կարծեմ հենց Իսթմանը, նրան անպարկեշտության հասնող մի առաջարկ արեց. դառնալ Մարմըն՝ Ռուբեն Մարմըն: Ամերիկայում արդեն մեծ սպառում ունեին այս մակնիշի ավտոմեքենաները և «Կոդակ»ի հիմնադիր Իսթմանը հաշվարկեց, որ, լավ վաճառվող ինքնաշարժի անունը դնելով Ռուբենի վրա, կերաշխավորվի այս մարդու հռչակը: Ռուբենը հոգնել էր արդեն որ իրեն ռուս, վրացի, սերբ, կամ ընդհանրապես բալկանացի էին համարում մտային առումով անհորիզոն լրագրողները կամ «ուսումնասիրողները»: Իսթմանի այս առաջարկին նա պատասխանեց չափազանց տրամաբանված և ջախջախիչ կերպով.ասաց՝ «եթէ ես արժանիք ունիմ, անոնք պիտի յիշեն Մամուլեանը: Իսկ եթէ արժանիք չունիմ՝ արդէն անունը արժէք պիտի չունենայ»:
Իսկ իր արժանիքների համար նա երախտապարտ էր իր ժողովրդին: Իր բոլոր ներշնչումների, ստեղծագործական հղացումների ակունքը իր ծագումով էր բացատրում: Ռուբենը գիտեր նաև, որ Թիֆլիսում ապրած շրջանին, վրացիները ևս փորձել էին իր մորը համոզել ուրանալ ազգանունը, դառնալ վրացուհի՝ խոստանալով դերեր և հռչակ, բայց ստացել էին հարկ եղած ապտակը:
Նրան հաճախ էին հարցնում, թե ինչպես է կարողանում, օտար միջավայրում ապրելով, պահպանել իր ինքնությունը: Իսկ նա պատասխանում էր, թե ազգային արմատներին հավատարիմ մնալը շատ բնական է, իսկ արմատներից հեռանալը արդեն անբնական կլիներ: Այնպես որ հիմա, երբ հռչակը սլանում էր իր ետևից, նա երբեք չփորձեց թաքցնել իր ազգությունը, ինչպես մի ժամանակ Լոնդոնում, իր խեղճության օրերին, թաքցնում էր այն, չնսեմացնելու համար իր ազգի պատիվը.«Ինչո՞ւ պիտի ամչնամ եղեր հայ ըլլալուս համար: Հայերը զարգացած գրականութիւն մը եւ արուեստ մը ունէին Միջին Դարերէն առաջ: Մենք մշակոյթ մը ունէինք դեռ Ֆրանսան, Անգլիան կամ Գերմանիան չէին քաղաքակրթուած: Հայը ընդհանուր քաղաքակրթութեան իր լիառատ բաժինը տուած է եւ միշտ բարոյական քաջութիւն ունեցած է: Մենք հպարտ ժողովուրդ մըն ենք, ամէմէն ծանօթ երկիրներու քաղաքացիներուն չափ: Ինչ որ եղած ըլլայ, գեղարուեստական գիծը խօսուն մնացած է Հայերուն մէջ: Ոչ մէկ լուրջ պատճառ կայ որ ամօթ զգամ իմ հարազատ ժողովուրդէս»,- բացատրում էր ռումինահայ «Արազ» թերթի թղթակցին, 1934թ. ապրիլյան մի համարում:
շարունակելի
Մեկնաբանել