
Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը համարվում է Աջապահյանին փաստացի արգելանքի տակ վերցնելու պահը, այսինքն՝ հունիսի 28-ը։ Իսկ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը՝ Աջապահյանը կմնա կալանավորված։ Դատավճիռն այսօր հրապարակեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը միջնորդել էր Աջապահյանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։
Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը դատավճիռը կարդալիս սխալմամբ հայտնեց, թե դատարանը վճռել է Միքայել Աջապահյաին մեղավոր ճանաչել ՔՕ 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար, մինչդեռ սեպտեմբերի 24-ին դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղավոր էր ճանաչել Միքայել Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։
Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում էր տուգանք՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանն ընտրեց ամենախիստ պատժատեսակը։
Նշենք, որ մեղադրանքի հիմքում ընկած են երկու արտահայտություններ, որոնք մեղադրանքի կողմը որակել է ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։ Դրանցից առաջինում «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Աջապահյանն ասել էր, որ իշխանությունը փոխելու երեք եղանակ կա՝ ընտրություն, հեղաշրջում և ժողովրդական ապստամբություն։ «Ուրիշ կա՞․․․ չկա ուրիշ։ Երեքն էլ անհնարին են սուբյեկտիվորեն։ Օբյեկտիվորեն հնարավոր են,- նշել է Աջապահյանը, ապա ավելացրել,- ուրեմն իմ էս վերջին 6 տարվա գործունեությունից պարզ չի՞, թե ես ինչ եմ ասում․ քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի, և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին»։
Երկրորդ հարցազրույցում, ըստ մեղադրանքի, Աջապահյանը վերահաստատել է իր միտքը՝ ի պատասխան լրագրողի հարցի՝ նշելով․ «Շատ էլ լավ եմ արել, ես իշխանությունը զավթելու կոչ չեմ արել, ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չէ։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք»:
Ընդամենը 10 նիստով դատարանն ավարտեց այս գործի քննությունը։ Գործով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին։ Գործի քննության սկզբում գրեթե ամեն օր դատական նիստ էր նշանակվում, քննությունը հաճախ ձգվում էր աշխատանքային ժամից հետո։
Միքայել Աջապահյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա և իր պաշտպանական խումբը պնդում են, որ Աջապահյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ իշխանության կողմից եկեղեցականներին հալածելուն ուղղված գործողությունների շրջանակում։ Ըստ պաշտպանների՝ Աջապահյանի խոսքը կոչ չի եղել։
Դատավարության ընթացքում պաշտպանները խոսել են նաև կանխակալ դատավարության մասին՝ նշելով, որ դատավորն իր գործողություններով կողմնակալ է։ Ըստ պաշտպանների՝ դատավորն անհիմն մերժել է իրենց ներկայացրած բոլոր միջնորդությունները, Աջապահյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատավորի որոշումները ևս պաշտպաններն անհիմն են որակում։ Վերդիկտի հրապարակումից հետո Աջապահյանի պաշտպաններն ասել են, որ կանխատեսելի էր իրենց համար դատավորի այս որոշումը և նրանք հետագայում բողոքարկելու են դատավճիռը։
Մեկնաբանել