HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ն մտադիր է ընդլայնել Արծվանիկի պոչամբարը. նոր պոչամբարի կառուցումը նպատակահարմար չէ

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) մտադիր է ընդլայնել Արծվանիկի պոչամբարը: Ընկերությունը ՇՄՆ-ին ենթակա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է պոչամբարի ընդլայնման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լրամշակված հաշվետվությունը: Այն պետք է փորձաքննվի ՊՈԱԿ-ի կողմից եւ ստանա դրական կամ բացասական եզրակացություն:

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի նախագիծը 2024-ի դեկտեմբերին նախնական հավանության էր արժանացել Կապան համայնքի ավագանու կողմից (պոչամբարը գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում), ինչին անդրադարձել էինք:

ՇՄԱԳ հաշվետվության մեջ ասվում է, որ ԶՊՄԿ-ն նախատեսում է ավելացնել պոչամբարի ծավալներն ու բացառել Արծվանիկ գետի ներհոսը պոչամբար:

Պատմական անդրադարձի շրջանակներում հիշեցվում է, որ պոչամբարի շինարարությունն սկսվել է 1970 թ., իսկ 1977 թ. այն հանձնվել է շահագործման: Պոչամբարի նախագծային ծավալը 325 մլն խմ է, սակայն շահագործման մեկնարկից 48 տարի անց՝ 2025-ի հունվարի 1-ի դրությամբ, Արծվանիկն արդեն լցված է 92,3 %-ով (մոտ 300 մլն խմ պոչանք կա), իսկ դրա պատվարի նիշը հասել է ծովի մակարդակից 936 մ բարձրության: Այսինքն, ինչպես նշվում է ՇՄԱԳ հաշվետվության մեջ, պոչամբարը գրեթե սպառել է իր նախագծային ծավալները:

Ինչո՞ւ նոր պոչամբարի կառուցումը նախընտրելի չէ ԶՊՄԿ-ի համար

2016 թ. դեկտեմբերին ԶՊՄԿ-ին տրված փորձաքննական եզրակացությամբ ամրագրվել էր, որ եթե կոմբինատը Քաջարանի հանքավայրը շահագործի տարեկան 22 մլն տոննա արտադրողականությամբ (ինչի համար հայտ էր ներկայացրել այն ժամանակ), ապա Արծվանիկի պոչամբարը կարող է ծառայել մոտ 10 տարի, այսինքն՝ մինչեւ 2026 թ. տարեվերջ, այնինչ ԶՊՄԿ-ն հանքավայրը շահագործելու իրավունք ունի մինչեւ 2041 թ.:

Կոմբինատը 2016-ին պարտավորվել էր իրականացնել պոչամբարի համալիր ուսումնասիրություններ, որոնք պիտի ուղղված լինեին նոր պոչամբարի կառուցման կամ գործող պոչամբարն ընդլայնելու նախագծի մշակմանը:

Եվ ահա ՇՄԱԳ հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ-ի համար բնապահպանական եւ կապիտալ ծախսերի տեսակետից առկա պոչամբարի ընդլայնումն ավելի նախընտրելի է, քանի որ այդ պարագայում լրացուցիչ հողատարածքներ չեն խախտվի, լրացուցիչ ազդեցություն չի առաջանա բուսական եւ կենդանական աշխարհի վրա, կապիտալ ծախսերը կնվազեն:

Մեկ այլ տարբերակ է պոչանքները չոր տարբերակով պահեստավորելը: Սակայն, ըստ ԶՊՄԿ-ի, դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ Արծվանիկի պոչամբարի տարածքում չկան: Մյուս կողմից՝ չոր պոչանքները ներկա հեղուկ պոչանքների վրա տեղադրելը կոմբինատը ռիսկային է համարել: Խնդիր է նաեւ չոր պոչանքի տեղափոխումը, քանի որ Արծվանիկի պոչամբարը գտնվում է Քաջարանում գործող կոմբինատից ավելի քան 35 կմ հեռավորության վրա: Ըստ ՇՄԱԳ հաշվետվության՝ միակ իրատեսական տարբերակը չոր պոչանքը ավտոտրանսպորտով տեղափոխելն է, սակայն այդ դեպքում մեքենաները ավելի քան 40 կմ պիտի անցնեն Քաջարան ու Կապան քաղաքներով եւ Մ-2 միջպետական մայրուղով, ինչն էկոլոգիական ռիսկեր է առաջացնելու:  

Արծվանիկի պոչամբարի նախագծային ծավալը ծրագրվում է մեծացնել 213 մլն խմ-ով

2016 թ. ԶՊՄԿ-ն պետությանն առաջարկել էր Արծվանիկի պոչամբարի պատվարի վերջնական նիշ ընդունել ծովի մակարդակից 1010 մետրը, ինչի պարագայում պոչամբարում հնարավոր կլիներ տեղավորել ոչ թե 325 մլն, այլ 398 մլն խմ պոչանք: Սակայն փորձաքննությունը, ինչպես վերեւում ասվեց, կոմբինատից պահանջել էր առաջիկա 10 տարիների ընթացքում կատարել լրացուցիչ հետազոտություններ, ուսումնասիրություններ՝ պոչամբարի պատվարի կայունության ստուգման եւ այլ նպատակների համար: Դրա հետեւանքով 325 մլն խմ նախագծային ծավալը մնացել էր անփոփոխ:

Այժմ ԶՊՄԿ-ն առաջարկում է 1010 մ-ի փոխարեն պատվարի վերին շեմ սահմանել 985 մ-ը, այսինքն՝ այս պահին նախագծով սահմանված 964 մետրը ավելացնել 21 մետրով: Այս պարագայում, ըստ կոմբինատի, հնարավոր կլինի պոչամբարի նախագծային ծավալը ավելացնել 213 մլն խմ-ով՝ ներկա 325 մլն խմ-ն դարձնել 538 մլն խմ: Նախկին եւ ներկա առաջարկների գլխավոր տարբերությունը պատվարի կառուցման եղանակն է:

Պատվարը ցանկանում են բարձրացնել քարագրունտային լցանյութով

«Ներկայումս պոչամբարի պատվարի բարձրացման աշխատանքները կատարվում են ջրազրկված ավազային պոչանքի միջոցով։ Նյութը ձեւավորվում է պոչանքի տեղադրման եւ սեգրեգացիայի արդյունքում։ Ստացված ավազային պոչանքը էքսկավատորի օգնությամբ դուրս է բերվում պոչամբարի գագաթին հարող լողափային գոտիներից: Հանված պոչանքը տեղադրվում է արդեն կառուցված պատվարի վերին հատվածում: Այն տարածվում է համապատասխան տեղամասերում բուլդոզերի միջոցով եւ ենթարկվում մեխանիկական խտացման։ Անհրաժեշտ խտություն ապահովելու համար խտացման գործընթացը կատարվում է շերտ առ շերտ: Պոչամբարի պատվարի բարձրացման վերը նշված մեթոդը, չնայած իր տնտեսական արդյունավետությանը, ներկայումս տեխնիկական տեսանկյունից չի համապատասխանում սեյսմիկ ակտիվ գոտիներում շահագործվող պոչամբարների նախագծման եւ կառուցման համար միջազգային առաջադեմ փորձին եւ կիրառվող լավագույն պրակտիկային: Հաշվի առնելով վերը նշվածը՝ ԶՊՄԿ-ի կողմից իրականացվել է պոչամբարի բարձրացման տեխնոլոգիայի, անվտանգության եւ երկարաժամկետ կայունության ցուցանիշների համապարփակ ուսումնասիրություն։ Այս ուսումնասիրության նպատակն էր պարզել գործող նախագծային լուծումների համապատասխանությունը միջազգային առաջադեմ փորձին եւ կիրառվող լավագույն պրակտիկային»,- ասվում է կոմբինատի ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության մեջ:

Ըստ այդմ՝ առավել նպատակահարմար է պատվարի կառուցման համար քարագրունտային լցանյութի օգտագործումը, որն ապահովում է մի շարք առավելություններ՝ համեմատած ավազային պոչանքի կիրառման հետ։

«Այն կապահովի պատվարի բարձր մեխանիկական կայունություն՝ մեծացնելով պատվարի կրողունակությունը եւ նվազեցնելով նստվածքի ու ձեւախախտման ռիսկերը։ Մեկ այլ էական առավելությունն այն է, որ քարագրունտային լցանյութի կիրառման դեպքում պոչամբարի պատվարի կառուցման գործընթացը դառնում է տեխնոլոգիապես կանխատեսելի եւ ավելի վերահսկելի՝ կախվածություն չունենալով պոչանքի որակից կամ ջրազրկման աստիճանից։ Առաջարկվող փոփոխությունն ուղղված է պատվարի սեյսմակայունության բարձրացմանը, հնարավոր տեղային սողանքների եւ արտակարգ իրավիճակների կանխարգելմանը։ Քարագրունտային պատվարն իր զանգվածի եւ ամրության շնորհիվ հանդիսանում է առավել կայուն եւ հուսալի տարր երկարաժամկետ շահագործման ընթացքում»,- նշել է ԶՊՄԿ-ն։

Հյուսիսային եւ ափապաշտպան պատվարներ

Արծվանիկի պոչամբարը շրջապատված է 5 գյուղերով՝ Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Սեւաքար, Չափնի: Վերջին երկուսը գտնվում են պոչամբարի հյուսիսում, դեպի ուր ընդլայնվում է այն: Պոչամբարի առայժմ միակ պատվարը գտնվում է հարավում, եւ ԶՊՄԿ-ն ներկայում նախատեսում է պատվար կառուցել նաեւ հյուսիսում՝ Արծվանիկ գետի հունում, որպեսզի կանխարգելվի պոչամբարից ջրերի հնարավոր տարածումը դեպի Սեւաքար եւ Չափնի:

Հյուսիսային պատվարի վերջնական բարձրությունը ծովի մակարդակից հարավայինի նման լինելու է 985 մ: Այս պատվարը մինչեւ 972 մ բարձրացվելու է քարագրունտային լցանյութով, իսկ հետո բարձրացումը կատարվելու է տղմալցման միջոցով:

Բացի հյուսիսային պատվարից՝ նախատեսվում է եւս 3 պատվարի կառուցում, որոնք ունենալու են ափապաշտպան նշանակություն:   

ՀՀ շինարարական նորմերի համաձայն՝ պոչամբարները սանիտարական պաշտպանության գոտիներով պետք է առանձնացվեն բնակելի, հասարակական, առողջապահական շենքերից եւ շինություններից, ինչպես նաեւ բնակչության զանգվածային հանգստի վայրերից: Սանիտարական գոտու նվազագույն չափը պոչամբարի նախագծային ուրվագծից մինչեւ բնակելի եւ հասարակական շենքեր պետք է կազմի նվազագույնը 300 մ: Այս պահանջի կատարումը հաշվի առնելով էլ՝ ԶՊՄԿ-ն որոշել է կառուցել 3 հատ ափապաշտպան եւ հյուսիսային սահմանափակող պատվարները:

«Ներկայում Արծվանիկի պոչամբարում պոչանքը տեղադրվում է հարավային հատվածից, իսկ շահագործման ընթացքում պոչամբարի լճակային հատվածը տարածվում է դեպի արեւելք եւ հյուսիս-արեւելք՝ ընդլայնելով պոտենցիալ ազդեցության գոտիները։ Հայելու վերահսկվող սահմանափակման սանիտարական գոտու նվազագույն չափը պահպանելու նպատակով սույն նախագծով նախատեսվում է կառուցել երեք առանձին ափապաշտպան (պաշտպանիչ) պատվարներ, որոնք կսահմանափակեն պոչանքի տարածումը նշված ուղղություններով»,- ՇՄԱԳ հաշվետվության մեջ նշել է ԶՊՄԿ-ն՝ հավելելով, որ այդ պատվարների առավելագույն բարձրությունը ծովի մակարդակից լինելու է մինչեւ 990 մետր, ինչը հնարավորություն կտա պահպանել նախագծային հզորությամբ լցման ռեժիմը՝ առանց շրջակա տարածքների վտանգման։

Բոլոր 3 պատվարները կկառուցվեն քարագրունտային լցանյութից, ինչը թույլ կտա ապահովել բարձր մեխանիկական կայունություն, կառուցման տեխնոլոգիական հարմարավետություն, ինչպես նաեւ հարմարեցվածություն պոչամբարի տեղանքային պայմաններին։ Լցանյութը հիմնականում վերցվելու է պոչամբարի թասի տեղամասային հատվածներից։

Արծվանիկ գետի հունի տեղափոխում, մաքրման կայանի կառուցում

Ծրագրվում է նաեւ տեղափոխել Արծվանիկ գետի հունը, ինչի համար պետք է կառուցվի մոտ 6 կմ երկարությամբ ջրահեռացման երկաթբետոնե առու եւ մոտ 0,5 կմ երկարությամբ ջրահեռացման թունել: ԶՊՄԿ-ն առաջարկվում է թունելի ելքամասում կառուցել ջրամբար, որը հնարավորություն կտա կուտակել Արծվանիկ գետի ջրահավաք ավազանի մակերեւութային ջրերի մեծ մասն ու գետի հիմնական հոսքը:

180 հազ. խմ ծավալով ջրամբարում կուտակված ջրերը հնարավոր կլինի օգտագործել գյուղատնտեսական նպատակներով, մասնավորապես՝ դրանցով կոռոգվեն հարակից բնակավայրերը։ Ջրամբարը նախատեսված է նաեւ որպես հիդրոտեխնիկական բուֆերային տարր, որը կնվազեցնի Արծվանիկ գետի հոսքի սեզոնային տատանումների ազդեցությունը եւ կապահովի կայուն ջրային ծավալ, մասնավորապես, ճանապարհների ջրման, հրդեհաշիջման, վերականգնողական աշխատանքների եւ ծառատնկման համար։

ՇՄԱԳ հաշվետվությամբ նախատեսվում է նաեւ պոչամբարից թունելով դուրս եկող եւ Նորաշենիկ գետ թափվող պարզվածքի մաքրման կայան կառուցել: Այն տեղադրվելու է թունելի ելքամասում՝ Նորաշենիկ գետի մոտ: Կայանը պետք է ունենա մինչեւ 2000 լ/վրկ հոսքի մշակման հնարավորություն, ինչը թույլ կտա արդյունավետ կառավարել պոչամբարից դուրս եկող բոլոր արտահոսքերն ու հնարավորինս նվազեցնել շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները։

«Հետքը» նախկինում բազմիցս անդրադարձել է բնապահպանների կողմից արձանագրված դեպքերին, երբ պոչամբարից դուրս եկող պարզվածքը աղտոտված է եղել պոչերով: Դրանց հետեւանքով ԶՊՄԿ-ի նկատմամբ նաեւ վարչական վարույթներ են հարուցվել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից:

Արծվանիկի պոչամբարի ընդլայնման նախագծի ՇՄԱԳ հաշվետվության հանրային լսումը Կապանի համայնքապետարանում տեղի է ունենալու հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ առաջին հանրային լսումը կայացել էր 2024-ի նոյեմբերի 18-ին, որի ընթացքում քննարկվել էր պոչամբարի ընդլայնման համառոտ նկարագիրը (առաջին լսմանը ՇՄԱԳ հաշվետվություն չի ներկայացվում), իսկ դրանից հետո Կապանի ավագանին նախնական համաձայնություն էր տվել ԶՊՄԿ-ի նախագծին:  

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի, առաջին լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարի հարավային պատվարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter