HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնում եմ՝ Արարատը հոգուս եւ աչքերիս մեջ և հայոց լեզուն շուրթերիս... Ռուբեն Մամուլեան (մաս 3)

սկիզբը

Հայը օր մը աշխարհին պիտի տայ մեծ երգ մը

Ռուբեն Մամուլեանը համոզված էր, որ այդպես կլինի: Որ աշխարհասփյուռ հայության մեջ տաղանդավոր մարդիկ մի օր դա կանեն: Նա  գրող Մայքլ Առլենին, նկարիչ Հովսեփ Փուշմանին և ուրիշներին համեմատում էր փոքրիկ ալիքների հետ, որ օտար ափերից հասել են հեռուները և մեր ազգին բնորոշ ռոմանտիզմի շնորհիվ մեծ հաջողությունների են հասնում արվեստներում: Այդ ալիքներից մեկն էլ ինքն էր՝ Բրոդվեյին տիրացած բացառիկ Ռուբեն Մամուլեանը, որ հիմա էլ նվաճում էր «Փարամաունթ փիքչըրզ» ստուդիան: Արդեն հեղաշրջում էր եղել շարժանկարի արտադրության ոլորտում: Մեծ պաստառներից հնչում էր ձայնը՝ վերջնականապես «համրացնելով» արդեն իսկ համր կինոն: Իսկ ձայնը, ավելի ճիշտ ձայնային փունջը, որ կարողացել էր ստանալ Մամուլեանը բեմի վրա՝ ի մի բերելով դերասանի խոսքը, միջավայրի կողմնակի ձայները, երաժշտությունը, իր հռչակավոր «Պորգի և Բեսս», «Օկլահոմա» և այլ բեմադրությունները ստեղծելիս, հիմա տեխնիկական հնարքներով կարող էր առավել տպավորիչ անել: Լույսի և ստվերի աներևակայելի հարուստ խաղի իր լուծումը, դերասանի լսելի մտքերի՝ ներքին ձայնի «ցուցադրումը» խոշոր պլանների միջոցով միանգամայն նորույթ էին: Նկարահանող սարքը, ի զարմանս կինոաշխարհի հնաբնակների, անշարժ եռոտանիից նա իջեցրեց փափուկ անիվների վրա, և այն, Մամուլեանի կամքով սկսեց շրջել, սահել նկարահանվող  տեսարանների մեջ, պատկերը «տեսնել» մարդու աչքի պես: Առաջին անգամ լինելով, Ռուբենը 1 կինոխցիկի փոխարեն միաժամանակ ‘’Motor!” հրահանգը տվեց  3-ի համար: 

Մամուլեանի հավերժ բաբախող  սիրտը ժապավենի վրա

«Դոկտոր Ջեքիլը և պարոն Հայդը» սարսափ ֆիլմում Ռուբենը կարողացավ հենց նկարահանման ընթացքում գտնվող կինոխցիկի առջև կերպարանափոխել  հերոսին բառիս բուն իմաստով: Նա ձայնագրեց իր սրտի բաբախը ժապավենի վրա՝ ուզած կշռույթը ստանալու համար: Այդ նպատակով մի քանի րոպե վերուվար արեց սանդուղքներով՝ «հոգնեցնելու» սիրտը, որպեսզի իր հերոսի հոգեվիճակը կարողանա կատարյալ բնական հաղորդել: Այս ֆիլմը ներկայացվեց Օսկարի 3 անվանակարգերում, բայց շահեց 1-ը միայն՝ գլխավոր հերոսի մրցանակը՝ բեմադրիչի “tachycardia”-ով: Նա հավասարապես սիրում էր բեմը և նկարահանման հրապարակը միմյանցից տարբեր լինելու համար: Դա ավելի էր բորբոքում նրա արվեստային երևակայությունը: Ուզում էր ամեն թատերաշրջանի մեկ ներկայացում բեմադրած լինել Նյու Յորքում և ամեն տարի մեկ շարժանկար բարձրացնել մեծ պաստառ: Շարժանկարը, իբրև արվեստի տեսակ, ավելի մոտ էր ընկալում կերպարվեստին, քան թատրոնին, հատկապես, երբ հնարավոր եղավ խաղալ  գույների հետ: «Մետրո Գոլդվին Մայեր» կինոստուդիայում նկարահանած «Բեքի Շարփ» ֆիլմը, ըստ Թեքերեյի «Ունայնության տոնավաճառ» գրքի, դարձավ կինոյի պատմության մեջ առաջին գունավոր՝ բազմագույն լիամետրաժ կինոնկարը, որի լուսագրերում Ռուբեն Մամուլեան անունն էր: «...Ռուբենին երկինք են բարձրացնում... այնքան վիթխարի, այնքան արագ է գնում իմ Ռուբենն առաջ, այնքան բարձր է թևածում նա իր արծվի թևերով, որ երբեմն ես վախենում եմ»,- գրում է մայրը: Նա համարվեց «աշխարհի մեծագույն բեմադրիչը»: Մամուլեանը միակ հայը չէր  շարժանկարի հոլիվուդյան մեծ թագավորությունում: Այստեղ նա գտավ իր  հայրենակիցներին: Իսկ գործազուրկ Լևոն Զավեն Սյուրմելեանի համար ինքը  ճանապարհ է հարթեց Հոլիվուդում: Քիչ էր մնում իր՝ մեր հայրենակցուհի Այրին Շարաֆի՝ հագուստի հոլիվուդյան համբավավոր նկարչուհու հետ ստեղծեր «Կլեոպատրա» ֆիլմը: Բայց Կլեոպատրայից առաջ դեռ կային 2  հռչակավոր կանայք:

Մառլեն Դիտրիխ և Գրետա Գարբո

«Երգ երգոց» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մառլեն Դիտրիխի հետ .jpg (1.26 MB)

«Երգ երգոց» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մառլեն Դիտրիխի հետ

...Հավերժ միմյանց խանդող և արվեստի մեջ մեկը մյուսից ետ չմնալու վճռականությամբ տաղանդավոր դերասանուհիներ: Գերմանուհի և շվեդուհի, 2-ն էլ միաժամանակ 2 սեռերի հանդեպ հավասար հակումներով: «Երգ երգոց»-ից հետո, որտեղ Մամուլեանը նկարահանել էր Մառլենին, Գրետան որոշեց նվաճել բեմադրիչին և, իր ծանր տեղը թեթևացնելով, ծածուկ այցելեց նրա գրասենյան: Գարբոն ստացավ իր հրաշալի դերը «Քրիստինա թագուհին» ֆիլմում: Հաճախ անհետացավ Ռուբենի հետ:  Ստիպված եղավ ծպտվել, հյուրոցներում առանձին համարներ ամրագրել, իբր ոչինչ էլ  չկա, բայց պապարացիներից ի՞նչ  կթաքցնես: Նրանց հետևում էին տարբեր քաղաքներում, անգամ  անապատ հասան նրանց ետևից: Լուրեր, աղմկոտ հոդվածներ դեղին և երփներանգ մամուլում: Նույնիսկ ամուսնացրին: Հայկական մամուլը շատ ուրախ էր այս հանգամանքով . «...Եւ մտածեցէք վայրկեան մը, որ նա կարող է ամուսնանալ Կրէթա Կարպօի հետ: Որպիսի պատիւ»:  Թերթերը գրեցին, թե Ռուբենը և Գրետան պատրաստվում են մեկնել Հայաստան՝ ֆիլմ  նկարահանել: Մամուլեանին ապերախտ անվանեցին, որ լքում է Ամերիկան, մինչդեռ այնտեղ է մկրտվել նա որպես շարժանկարի բեմադրիչ: Եվ բացի այդ, «որբացնում է» Հոլիվուդը՝ իր հետ տանելով Գրետա Գարբո աստղին, որը իբրև Շվեդիայի կարոտը հիմա էլ պիտի առնի իր հայրենիքի բնաշխարհին այնքան նման Հայաստանում: Պարզվեց չափազանցված էր:  

Գրետա Գարբոն և Ռուբեն Մամուլեանը «Քրիստինա թագուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1933թ..png (465 KB)

Գրետա Գարբոն և Ռուբեն Մամուլեանը «Քրիստինա թագուհին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, 1933թ.

Ճաշկերոյթ Ֆրեզնօյի Կալիֆոռնիայ հօթէլի մէջ՝սեղանապետութեամբ Վ. Սարոյեանի

Նրան մեծարում էր աշխարհը, մեծարում էր հայությունը: Հանդիպումներ, ճաշկերույթներ, հիացական հոդվածներ...: ««Մատամ Իքս» ներկայացման առիթով մեծահամբաւ բեմադրիչ Ռուբէն Մամուլեան պիտի ժամանի Ֆրեզնօ ծնողների հետ»: Ներկայացման հերոսուհին իր մայրն էր՝ Վերժինեն: Ֆրեզնոն սիրում էր հյուրընկալել Մամուլեաններին: Հաղորդվում էր, որ Դեկտեմբեր 10-ին քաղաքի Քալիֆոռնիա  պանդոկում, ի պատիվ Մամուլեանների, ճաշկերույթ էր կազմակերպված՝ Վիլյամ Սարոյեանի սեղանապետությամբ: Ֆրեզնոյի թերթերը գրեցին. «Ուր որ Մամուլեան ընտանիքը հաւաքուի հոն է հայ ժողովուրդը: Հոն է հնչակեանը, դաշնակցականը, ռամկավարը, բոլշեւիկը: ... ինչքան լաւ, ինչքան քաղցր է կեանքը այս ձեւով...»: Ֆրեզնոն նշելու էր  նաև Վերժինե Մամուլեանի հոբելյանը: «Երէկ երբ Հալիվուտէն Ֆրեզնօ կուգայինք, մեր դրացին հարցրեց. «ո՞ւր կը մեկնիք»,- պատասխանեցի՝ Ֆրեզնօ: Եկայ, բայց ես չի զգացի Ֆրեզնօն: Կարծես սարեր ու ձորեր անցնելով եկայ Հայաստանի մի անկիւնը, ուր լսեցի հայ լեզուն, զգացի հայ հոգին եւ տեսայ սեղանների շուրջ հայկական սեւ աչքեր, որոնք թափանցեցին իմ սիրտի մէջ»:

60 միլիոն դոլարը քիչ փող չէր

Հենց այդքան էր կազմելու «Կլեոպատրա» ֆիլմի հաշիվը, որի սցենարի և բեմադրության գործը ստանձնել էր Ռ. Մամուլեանը: Նա պնդում էր, որ նկարահանումները տեղի ունենան Եգիպտոսում և Իտալիայում: Բայց, ի վերջո, եգիպտական կիզիչ միջավայր ստիպված եղան կառուցել մառախլապատ, անձրևոտ Անգլիայում, այն էլ սեպտեմբեր ամսից սկսած: Ինչո՞ւ: Նախ՝ որ Էլիզաբեթ Թեյլորը, որպես hուդայականություն ընդունած անձ, անբարեհույս էր Եգիպտոսի իշխանությունների համար, իսկ Իտալիայում հարկերը բավական բարձր էին: Ամերիկայում նկարահանումներ անելու տարբերակը ի սկզբանե մերժված էր: Դրան կտրականապես դեմ էր Թեյլորը, որը չէր ուզում պետությանը ահռելի հարկեր վճարել իր հոնորարից: Եվ այսպես՝ ընտրությունը Անգլիան էր: «Ինձ թվում է ծխախոտի գովազդ եմ նկարում, -ասել է Մամուլեանը, երբ  ցրտից  գոլորշի էր ելում դերասանների բերաններից: Ցուրտն ու խոնավությունը  տապալել էին նաև  Էլիզաբեթ Թեյլորին, նրան ամիսներով հիվանդանոց գցելով: Շուտով այս կամակոր դերասանուհին, որը հենց Մամուլեանի պնդմամբ էր արժանացել Կլեոպատրայի կերպարը մարմնավորելու պատվին, անում է ամեն բան, որ Ռուբենը հրաժարվի ֆիլմից: Նրան փոխարինում է Էլիզաբեթի վաղեմի բարեկամ Ջոզեֆ Մանկրիչը: Այդուհանդերձ ֆիլմի վերջնական տարբերակում ներառվում են Մամուլեանի նկարահանած դրվագներից. օրինակ՝ գորգի մեջ փաթաթված Կլեոպատրային Կեսարի մոտ բերելու տեսարանը և Կլեոպատրայի ու Անտոնիոսի ձիավարման դրվագը: Մամուլեանը այս շարժանկարում ծրագրել էր անդրադառնալ նաև հայկական թեմային, օրինակ՝ գերեվարված, բայց արժանապատվությունը չկորցրած Արտավազդ արքայի կերպարին: Երբ Բեյրութի «Նոր կեանք» կինոհանդեսի լրագրողը նրան հարցնում է, արդյո՞ք նվաստացուցիչ չէ, որ շարժանկարի մեջ Հայոց արքան շղթայակապ պետք է կանգնի Կլեոպատրայի և Մարկոս Անտոնիոսի առջև, Մամուլեանը պատասխանում է. «Ընդհակառակը, ես հայկական նյութը դիտումնաւոր կերպով ներմուծած եմ, որպեսզի ցոյց տամ թէ այդ շրջանին գոյութիւն ունէր հայկական այնպիսի տերութիւն մը, որուն յաղթելու համար Հռոմի կայսրերը ստիպուած էին ձեռնարկել մեծ պատերազ մը»: Արտավազդը, ըստ Մամուլեանի մտահղացման, չպետք է ծնկեր Կլեոպատրայի առջև: Շարժանկարում նաև Հռոմի Հաղթական կամարի վրա պետք էր երևար «Արմենիա և բարբարոսներ» գրությունը: Ցավոք, Մամուլեանի «Կլեոպատրա»-ն անկատար մնաց: Չիրականացան նաև մի քանի ուրիշ գաղափարներ:

1971թ.՝ վերջապես Հայաստան

«Մուսա Լեռան 40 օրը», որի սցենարը կարծես թե գրելու էր Վ. Սարոյեանը բնավ չիրականացավ թուրք կառավարության բողոքի պատճառով: Չիրականացավ նաև Վարդանանց պատերազմի մասին պատմող հայ-ամերիկյան ֆիլմ նկարահանելու միտքը, որի մասին Ռուբենը հայտնել էր 1961-ին, Մոսկվայում, միջազգային կինոփառատոնի ժամանակ Գուրգեն Ջանիբեկեանին: «Բայց ինչո՞ւ հայ ամերիկյան»՝ շփոթված հարցրել  է սովետական քաղաքացի, տաղանդավոր դերասան Ջանիբեկեանը: «Որովհետև այն մեծ շուկա կարող է ապահովել»: Ի միջի այլոց՝ այս փառատոնից հետո Մամուլեանին արգելեցին Մոսկվայից անցնել Երևան: Պատճառը իր «Մետաքսե գուլպա»՝ հակասովետական ընկալված շարժանկարն էր: Նա՝ համաշխարհային մեծության այս բեմադրիչը, Հայաստան եկավ միայն դրանից 10 տարի անց՝ 1971-ին՝ չարժանանալով կառավարական ոչ մի ընդունելության, որևէ հարգանքի: Միայն մի  քանի ազնիվ անհատներ ընկերացան նրան այստեղ:   Մամուլեանը դիտեց Արման Մանարեանի «Կարինե» երաժշտական ֆիլմը, անվանեց այն համաշխարհային լավագույն մակարդակի գործ: Այցելեց Էջմիածին: Վեհափառի մոր հետ իրենց պարտեզից ծաղիկներ քաղեց՝ չորացնելու և  իր սիրելի զբաղմունքի՝ կոլաժների մեջ գործածելու համար: «...Գնում եմ՝ Արարատը հոգուս եւ աչքերիս մեջ և հայոց լեզուն շուրթերիս...»:

Ռ. Մամուլեանը, Գ. Ջանիբեկեանը և ուրիշներ միջազգային կինոփառատոնի ժամանակ, Մոսկվա, 1961թ..jpg (1.60 MB)

Ռ. Մամուլեանը, Գ. Ջանիբեկեանը և ուրիշներ միջազգային կինոփառատոնի ժամանակ, Մոսկվա, 1961թ.

Կարոտում եմ քեզ շատ... իմ քնքուշ Վարդանուշ...

Գնաց շարունակելու ապրել Ազադիա Նյումանի հետ և լքված զգալու նրանից, տառապելու ռևմատիզմից, հիշելու իր սերը՝ Վարդանուշ՝ Վավա Խաչատրեանին, որ արդեն 3 տարի է ինչ հեռացել էր կյանքից: «Այնքան հաճելի է արտասանել քո անունը, այնպիսի բերկրանք զգալ, որ դու ինձ չես մոռացել և մտածում ես իմ մասին, ուզում ես ինձ տեսնել...  իմ ջան...համբուրում եմ քեզ ամուր, քո՝ Ռուբեն»: Հիշելու էր, թե ինչպես Ֆրեզնոյում, ի պատիվ  Մամուլեան տաղանդավոր ընտանիքի  կազմակերպված ճաշկերույթին, Վավան բաժակ բարձրացրեց և խմեց իր կենացը. «Մամուլեան...արև մըն է, որուն գործերը կը փայլեն ինքնին: Երբ ան Ֆրանսայ եկաւ, ֆրանսացիները մեծ պատիւներով դիմաւորեցին եւ զայն իրենցը  յայտարարեցին... Մամուլեանի պատկերը իբրեւ արեւ կը փայլի ամէն տեղ եւ անոր ճառագայթները կը թափանցեն ամէն տեղ եւ կը տաքացնեն ամէն սիրտ»: Վավայի սիրտը բազում սերերից և հրապուրանքներից, անգամ իր ամուսնուց՝ հռչակավոր նկարիչ Սարգիս Խաչատրեանից, ոնց որ թե ամենից շատ էր տաքացել Մամուլեան-արևից: Նա լսել էր, որ Թութանհամոնի դամբարանում 3000 տարվա վարդի փունջ են գտել՝ բոլորովին անաղարտ և անթառամ մնացած: Վավան համոզված էր, որ այդ վարդի փնջի պես Ռուբեն Մամուլեանը ևս միշտ վառ կպահի իր անունը թատրոնի և շարժանկարի համաշխարհային պատմության մեջ:

Ազադիա Նյուման.png (153 KB)

Ազադիա Նյուման

Հռչակավոր բեմադրիչը մահացավ միայնության մեջ 90 տարեկանում՝ 1987-ին, Գլենդեյլում՝ անոթի և ջրազրկված: Ուսումնասիրող Արծվի Բախչինեանը լսել է, թե  մահվանից առաջ Մամուլեանը ինչ-որ տարօրինակ շարժումներ է արել ձեռքերով: Երբ հարցրել են՝  ի՞նչ ես անում, պատասխանել է թե՝ Կատարինե բաբոյի՝ իր մեծ մայրիկի հետ վերմակ է կարում: Հավանաբար Կատո բաբոյի հոգին արդեն եկել էր նրան տանելու՝ չհանդուրժելով իր սիրելի թոռնիկի այս թշվառ վիճակը Լոս Անջելեսի  զարհուրելի հոտով, աղտոտ, ամենուրեք կատուների թողած հետքերով այդ տնից: Եկել էր տանելու ապահով  մի տեղ, որտեղ ո՛չ սով կար, ո՛չ՝ ցուրտ, ո՛չ էլ Ազադիա անունով այդ վհուկը:

Ազադիան՝ խանգարված հրեշը

Ռուբեն Մամուլեանը, որ հմտորեն կարողանում էր իրեն ենթարկեցնել դերասանուհիներին բեմի վրա կամ նկարահանման տաղավարներում, թևաթափ էր եղել: Այս կինը պարզապես տապալել էր Ռուբենին, քամել ստեղծագործական բոլոր հյութերը: Տարիներ շարունակ բզկտել էր նրան, արգելել հանդիպել ծնողներին, և, հիպնոսացվածի պես, Ռուբենը ենթարկվել էր նրան: Ազադիայի հետ համատեղ կյանքի, ավելի ճիշտ տանջանքի տարիներին, Ռուբենը  այլևս ոչինչ չնկարահանեց և չբեմադրեց: Ալկոհոլիզմի և 6 անգամ ամուսնանալ բաժանվելուց հետո, տիկին Նյումանի հոգեկան խնդիրները ջրի երես էին ելել: Բայց Ռուբենը կախարդված էր: Նրան փախցնում էր հոգեբուժարաններում հարկադիր բուժումից և տուն բերում՝ նորից ու նորից ֆիզիկական և հոգեբանական բռնարարքների զոհը դառնում: Իր քույրը՝ Սվետլանան, կործանվեց դաժան ամուսնու պատճառով, հիմա էլ ինքն էր կործանվում իր կնոջ ձեռքով: Այս կինը մի վատ երազ էր: Այդ «չար դեմքով» կինը, որը, երբ «ծիծաղում է՝ բացելով իր տգեղ բերանը, կարծես ձի լինի...»,- պատմում է    մայրը՝ Վերժինեն,- «... արժանի չէ Ռուբենի պես ամուսնուն... : ...Երջանիկ կլինեմ այն օրը, երբ նա կհեռանա տղայիցս»:

1987թ. Դեկտեմբեր 4-ին, Կատո բաբոն իրենց կարած վերմակի մեջ տաքուկ փաթաթեց սիրելի Ռուբենին և տարավ վերև: Իսկ ներքևում՝ Գլենդեյլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում՝ սկաուտների պատվո պահակությամբ տեղի ունեցած հոգեհանգստի արարողությունից հետո, նրան տարան Ֆորիսթ Լոուն զբոսայգի-շիրմատուն՝ ամփոփելու «Ռուբեն Մամուլեան 08.10.1897-08.12.1987 մեծ բեմադրիչ» հուշաքարի տակ:

Նա երազել էր մի շարժանկարի մասին, որի լուսագրերում կգրվեին հետևայլ անունները՝ սցենարիստ Վիլյամ Սարոյեան, կոմպոզիտոր Արամ Խաչատրեան, նկարիչ Մարտիրոս Սարեան, գլխավոր դերում Շառլ Ազնավուր, բեմադրիչ Ռուբեն Մամուլեան: Դա կլիներ իր պատկերացրած այն մեծ երգը, որ ի զորու են տալ աշխարհի տաղանդավոր հայերը՝ միավորված մեկ նպատակի շուրջ:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter