Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացրել
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակած տեսանյութով հայտնել է, որ քաղաքական հայտ է ներկայացնում։
«Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության»,- նշել է Թաթոյանը։
Թաթոյանը նաև նշել է, որ այս հայտը ոչ թե հին կանոներով շարժվելու, այլ այդ կաննոները փոխելու մասին է։ Նրա խոսքով՝ կա թիմ, որն ունակ է վերականգնել քաղաքական համակարգը և ձևավորել իրավունքի պետություն։ Թե ովքեր են այդ թիմի անդամները, Թաթոյանը չի մանրամասնել։
«Սա մեկ մարդու ճանապարհ չէ։ Պետք է իրար թև ու թիկունք լինենք, որ կարողանանք այդ ճանապարհն անցնել ավելի ուժեղացած։ Մենք պետք է միավորվենք ոչ թե հուսահատությունից դրդված, այլ հանուն հույսի։ Մենք դա անել կարող ենք, ուրեմն պետք է անենք»,- ասել է Թաթոյանը։
Տեսանյութում Արման Թաթոյանը մանրամասներ չի հայտնել, թե ինչ ձևաչափով է պատրաստվում մասնակցելու քաղաքական պայքարին։
Հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն հայտարարվել է երկու նոր ուժ ստեղծելու մասին։ Ամիսներ առաջ՝ օգոստոսի 19-ին, Նինա Կարապետյանը, Արտաշես Իկոնոմովը և Գարեգին Միսկարյանը հայտարարեցին «Նժար» սահմանադրական շարժման ստեղծման մասին։ Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ նրանց վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է։
Իսկ օգոստոսի 29-ին հայտարարվեց «Մեր ձևով» շարժման մեկնարկի մասին։ Այս շարժումը ստեղծվել է անազատության մեջ գտնվող գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։ 2026-ի հունվարին, հավանաբար, շարժման հիմքի վրա կստեղծվի նաև կուսակցություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել