HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Արփունքում պատերազմից հետո սթրեսը շատացել է

Ալյոնան բարձրակրունկներով զգուշորեն իջնում է գյուղի հողոտ ճանապարհով։ Փոքր-ինչ զառիթափ ճանապարհին անձրեւի հետքեր են մնացել։ Ժպտում է, ասում է՝ եթե Գեղամասար չգնար դեղերի համար, բարձրակրունկներ հաստատ չէր հագնի։

Արցախի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում ապրող Ալյոնա Ադամյանը չէր պատկերացնի, որ մի օր հաստատվելու է Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում։ Ու դա նրա ընտրությունը չէր։ Բռնագաղթի ալիքը նրան բերեց Սեւանա լճի ավազանի այս գյուղը։

2023 թ․ հոկտեմբերի 1-ին Ալյոնան ընտանիքի հետ արդեն Արփունքում էր։ Այստեղ ծանոթ, բարեկամ ունեին, տունն էլ առանց վարձի էին տրամադրելու։ Ընտրությունն էլ առանձնապես մեծ չէր։

Ալյոնան 4 երեխաների, ամուսնու եւ սկեսրոջ հետ է հաստատվել Արփունքում։ «Որ սահմանամերձ է գյուղը, վախենալով եկանք, գայլի աչքերը տեսել ենք»,- ասում է նա, հետո համաձայնում այն դիտարկմանը, որ գրեթե ամբողջ Հայաստանն է դարձել սահմանամերձ։

Արփունքի դպրոցի հին շենքի մոտ գտնվում է գյուղի բուժկետը՝ վերանորոգված մի սենյակ։ Ալյոնան դեղեր ստանալու համար գնացել էր հարեւան գյուղ՝ Գեղամասար։ Վերադարձել է մի տոպրակ դեղորայքով՝ հիմնականում ցավազրկող, ջերմիջեցնող, արյան ճնշում իջեցնող դեղեր է բերել։

Առավոտյան 9-ին բացում է բուժկետի դուռն ու սպասում այցելուներին։ Արցախցի Ալյոնան Արփունքի բուժքույրն է: Մինչեւ ժամը 17-ը ու դեռ մի քիչ էլ ավել նա բուժկետում է լինում։ Օրեր են լինում, երբ հիմնական աշխատանքից դուրս էլ է օգնում մարդկանց։ Բայց սա հպանցիկ է ասում։

Ալյոնան 23 տարի բուժքույր է աշխատել Ստեփանակերտում։ 2024-ի նոյեմբերից աշխատանքի է անցել Արփունքում։ Վերջինս մի տարի առանց բուժքույր էր մնացել՝ 2023 թ․ գյուղի բուժքույրն ընտանիքով Երեւան էր տեղափոխվել։

Արփունքցիները հիմնականում բուժկետ են դիմում մրսածության, թոքաբորբի, հոդացավերի, մեջքի ցավերի, շաքարային դիաբետի, ինսուլտի համար։ Ալյոնան նկատում է, որ պատերազմն ազդել է մարդկանց վրա, սթրեսային վիճակը սրվել է ու հանգեցրել որոշ հիվանդությունների առաջացմանը։

Արցախցի բուժքույրը նշում է, որ ըստ գյուղի բնակիչների, մինչեւ 2020 թ. պատերազմը Արփունքում ծնունդների թիվը մեծ է եղել։ Եղել են ժամանակներ, երբ դպրոցում 100-ից ավելի աշակերտ կար, հիմա այնտեղ 43 երեխա է սովորում։ 44-օրյա պատերազմից հետո պատկերն Արփունքում փոխվել է, գյուղից հեռացողների թիվն աճել է։

Այժմ բուժկետում հաշվառված է 50-60 երեխա։ Նախորդ տարի Արփունքում 4 երեխա է ծնվել, որոնցից մեկն Ալյոնայի կրտսեր դուստրն է, այս տարի 3 ծնունդ են ունեցել։

Բուժքույրը պատմում է, որ թե՛ բուժկետում, թե՛ դպրոցում երբեմն դասընթացներ է անցկացնում պատվաստումների նշանակության, առողջ ապրելակերպի, չծխելու մասին։

Բուժկետում ջուր չկա։ Ալյոնան ջուրը բերում է տնից՝ շշերով։ Լվացարանի մոտ ցույց է տալիս ջրի շիշը։

Գյուղում խանութ չկա։ Առաջին անհրաժեշտության ապրանքներն առնում են Փոքր Մասրիկից։ Իսկ հացն, օրինակ, Ալյոնայի ընտանիքն է թխում։

Արփունքում գազ էլ չկա։ Տունը տաքացնելու համար օգտագործում են կամ վառելափայտ, աթար, կամ էլ ածուխ։ Մեր զրուցակիցն ասում է, որ ածուխը թանկ է, 1 տոննան՝ 120-130 հազար դրամ։

Աշխատանքային օրվա ավարտին Ալյոնան փակում է բուժկետի դուռն ու միասին քայլում ենք նրանց տուն։ Պատմում է, որ ամուսինը Քարվաճառից է, այնտեղ տուն ունեին, որը 2020 թ․ պատերազմից հետո կորցնելուց հետո 10 մլն դրամ փոխհատուցում են ստացել։ Արփունքում տունը գնել են այդ գումարով։

Տան ճանապարհին Ալյոնայի մոտ է շտապում սկեսուրը. 1 տարեկան 4 ամսական Մարին նոր է արթնացել։ Ալյոնան տուն է մտնում, սկսում արագ կարգի բերել՝ մերթընդմերթ ներողություն խնդրելով։ Հետո վերցնում է սրճեփը, որ սուրճ պատրաստի։

Տնամերձ այգին ընտանիքով են մշակում։ Մեր այցից մի շաբաթ առաջ կարկուտը փչացրել էր բերքը։ Ալյոնան մոտենում է խնձորի ծառին ու արագ քաղում, հետո մեկնում մեզ։ Բայց առաջարկում ենք այդ ընթացքում մեզ ուղեկից դարձած գյուղի երեխաներից Արմանին տալ խնձորը։ 9-ամյա տղան վերցնում է միրգն ու ժպտում։

Նյութը պատրաստվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ, UNFPA) հայաստանյան գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter