
Դուշանբեում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպումը կայանում է Դուշանբեի կառավարական Կոխի Սոմոն նստավայրում։
Ինչպես հայտնում է TACC-ը, երկու երկրների նախագահները հանդիպման վայր են ժամանել միասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Կրեմլը հույս ունի, որ երկու երկրների նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և «կխոսեն առկա խնդրահարույց պահերի մասին»։
Վերջին ամիսներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարված են։ Մոտ մեկ տարի բարձր մակարդակով հանդիպումներ տեղի չէին ունենում։ Պատճառը նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ադրբեջանական Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի ավիաաղետն էր։ Ադրբեջանում այն կարծիքին են, որ ինքնաթիռը կարող է խոցված լինել ռուսական զինուժի կողմից։ Ռուսաստանը համաձայն չի այդ տեսակետին։
Չնայած Պուտինը ներողություն էր խնդրել Ալիևից, որ ավիաաղետը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում (չէր նշվել, սակայն, որ դա խոցվել է ռուսական ուժերի կողմից-խմբ.), Բաքվում պնդում են, որ Մոսկվան քայլեր չի ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ու փորձում է ազդել հետաքննության արդյունքների վրա։
Պուտինի և Ալիևի վերջին լիաֆորմատ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում։ Այդուհանդերձ, մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 7-ին, Ալիևը հեռախոսով շնորհավորել էր Պուտինի ծննդյան տարեդարձը։
Լուսանկարը՝ IHA Photo-ի
Մեկնաբանել