HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Չորս տարի անց Նշան Նշանյանի մահվան գործով մեղադրյալ չկա, թեև բժշկական սխալ է եղել

Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ժամանակ 45-ամյա Նշան Նշանյանը կորցրել էր գիտակցությունը և մահացել։ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի վերջնական եզրակացությունը, որը հրապարակվեց «Հետքի» հոդվածից հետո, հաստատել է՝ Նշան Նշանյանի մահը տեղի է ունեցել բժշկական սխալի հետևանքով։ Բայց քննությունը, մահացածի քրոջ, իրավահաջորդի՝ Լուսինե Ազնաուրյանի պնդմամբ, շարունակում է ձգձգվել՝ առանց արդյունքի։

2021-ի դեկտեմբերին 45-ամյա Նշան Նշանյանն Արտաշատի բժշկական կենտրոնում ձեռքի կոտրվածքի վիրահատության ընթացքում կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ։

Դեպքից 14 օր անց այդպես էլ գիտակցության չգալով՝ Նշան Նշանյանը մահացել է։ Հարազատների պնդմամբ՝ բժիշկը վիրահատություն է առաջարկել այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը չկար։ Քաղաքացու մահից գրեթե 4 տարի անց Քննչական կոմիտեն չի պարզել դեպքի հանգամանքները։ Թեև հոդվածի հրապարակումից հետո Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնը տվել է վերջնական եզրակացություն։ Եզրակացությունում մասնավորապես նշված է՝ «Մինչ վիրահատության կատարումը պարզվել է Նշան Նշանյանի կողմից սնունդ ընդունելու հանգամանքը, որի կապակցությամբ պետք է նշել հետևյալը, որ համաձայն ներկա պահին գործող միջազգային ուղեցույցների ասպիրացիայի՝ ստամոքսի պարունակությանբ շնչառական ուղիները սննդային զանգվածներով խցանվելու ռիսկը նվազեցնելու նպատակով պլանային վիրահատությունները խորհուրդ է տրվում իրականացնել սննդի վերջին ընդունումից 6 ժամ անց։ Հաշվի առնելով Ն. Նշանյանի մոտ առկա ուղեկցող հիվանդություններից շաքարային դիաբետը և նրանով պայմանավորված գաստրոպարեզի առկայության հավանականությունը այդ ժամանակահատվածը կարող է կազմել 8 ժամ: Այս հանգամանքին պետք էր առավել ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով նաև անեսթեզիոլոգի կողմից նախավիրահատական շրջանում գնահատված ինտուբացիայի դժվարության կանխատեսման սանդղակի բարձր արժեքը»,- ասվում է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տված եզրակացությունում։ 

Փորձագիտական կենտրոնի պատասխանում ասվում է, որ Ն. Նշանյանի մոտ, ըստ «Արտաշատի» ԲԿ-ի հիվանդության պատմագրի, անզգայացման ներածական փուլից 3-4 րոպե անց դիտվել է սրտի կանգ, որի պատճառով սկսվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնց արդյունքում սպոնտան (ինքնուրույն) շրջանառությունը վերականգվել է, և հիվանդը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նշվում է, որ առհասարակ սրտի կանգի վաղ բացահայտումը և նրան բերած հավանական պատճառի հնարավորինս արագ վերացումը հնարավորություն է տալիս բարելավել ելքը:
«Ըստ անեսթեզիոլոգի գրառումների՝ Ն. Նշանյանի մոտ արձանագրված սրտի կանգի առաջացման բուն պատճառը անհասկանալի է: Շուրջվիրահատական շրջանում սրտի կանգի հիմնական հայտնի պատճառներն են սուր հիպօքսիան (թթվածնաքաղցը), հիպովոլեմիան (շրջանառվող արյան ծավալի պակաս), ացիդոզը, հիպո-հիպեր կալիեմիան, սրտի տամպոնադան, լարված պնևմոթորաքսը, թոքային էմբոլիզմը, կորոնար զարկերակների թրոմբոզը, անաֆիլաքսիան, ռիթմի խանգարումները, հիպօհիպերթերմիան և այլն: Վերջինիս կապակցությամբ պետք է նշել, որ ք. Երևան Հերացի թիվ 1 հիվանդանոցում ախտորոշված կենտրոնական ծագում ունեցող չարորակ հիպերթերմիան», ըստ պատճառածագումնաբանության, կրել է կենտրոնական ծագում, այսինքն եղել է «Արտաշատ» ԲԿ-ում անզգայացման ներածական փուլում առաջացած բարդությունների արդյունք, այլ ոչ թե անզգայացման ընթացքում հանդիպող «չարորակ հիպերթերմիա» համախտանիշը, որը ոչ պատշաճ բուժման դեպքում ուղեկցվում է բարձր մահացությամբ: Հարկ է նշել նաև, որ որոշ դեպքերում էլ անզգայացման ընթացքում սրտի կանգի պատճառը կարող է չհստակեցվել: Ըստ Ն. Նշանյանի՝ հիվանդության պատմագրերում առկա գրառումների սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներից հետո «Արտաշատ» ԲԿ-ում և Մ. Հերացի թիվ 1 հիվանդանոցում հոսպիտալիզացիայի ողջ ընթացքում պացիենտի գիտակցության վերականգնում չի արձանագրվել, այն գնահատվել է կոմա, արձանագրվել են ցնցումներ: Այս ամենը, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են վկայել գլխուղեղի հիպօքսիկ-իշեմիկ վնասման մասին, որը կարող էր առաջանալ հիպօքսիայի հետևանքով (որն էլ իր հերթին կարող էր հանգեցնել սրտի կանգի) կամ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների ընթացքում),- ասվում է Գիտագործնական կենտրոնի պատասխանում:

Նախքան Դատաբժշկական փորձագիտական կենտրոնի եզրակացությունը, նախորդ հոդվածը գրելու ընթացքում «Հետքը» հեռախոսազրույց էր ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Սարգիս Սահակյանի հետ, նա պետք է կատարեր Նշան Նշանյանի վիրահատությունը։ Սարգիս Սահակյանը նշել էր, որ տեղի է ունեցել սրտի կանգ, մնացածը պետք է հայտնի դատաբժշկական փորձաքննությունը։ 

Ազնաուրյանը պատմում է, որ «Հետքի» առաջին հրապարակումից մոտ տաս օր անց՝ մարտի 24-ին, քննիչից կրկին փորձել է տեղեկանալ քննության ընթացքի մասին։ «Զանգահարեցի քննիչ Արմեն Շաբոյանին՝ պարզելու՝ եզրակացության մասով որևէ նորություն կա՞։ Շաբոյանը ասաց՝ վայ, հա, գիտեք, եզրակացությունը արդեն եկել է, մի քանի օր է՝ եկել է։ Ես էլ հարցրի՝ «իսկ ինչո՞ւ ինձ դրա մասին չեք տեղեկացրել։ Պատասխանեց, թե գործը փոխանցվել է Արտաշատի քննչական բաժին, և ինքը մտածել է, որ այնտեղից են կապվելու ինձ հետ»,– պատմում է նա։

Լուսինեն նշում է, որ նման վերաբերմունքն անընդունելի է համարում։ «Ես նրան հիշեցրի, որ հենց իրենք էին վարում գործը և պարտավոր էին տեղեկացնել եզրակացության մասին։ Գրեթե 4 տարի է սպասում եմ։ Անընդհատ զանգահարում էի, հետևում գործին։ Բնականաբար, հենց նրանք պիտի տեղեկացնեին, որ եզրակացությունը պատրաստ է, չարեցին»։

Լուսինե Ազնաուրյանի խոսքով՝ քննիչի հետ զրույցից հետո՝ մարտի 24-ին, պահանջել է, որ եզրակացությունն ուղարկեն իրեն։ Եզրակացությունն ուղարկել են, նա էլ բժիշկների հետ քննարկել է։ Ասել են, որ բժշկական սխալն ակնհայտ է։ 

«Եզրակացության մեջ երևում է, որ երկու բժշկական սխալ է տեղի ունեցել։ Ես նաև այդ պատասխանը քննարկել եմ բժիշկների հետ։ Բայց մինչ այսօր սպասում եմ Արտաշատի քննչականի գործողություններին»,- ասում է նա։

Լուսինեն պնդում է, որ մինչ օրս չի ստացել տեղեկություն, թե Արտաշատի քննչական բաժնում ով է վարում գործը։ Փաստաբանի հետ որոշել է գրավոր դիմել Արարատի մարզի քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանին։

«Հունիսի սկզբին նամակ գրեցի Շոխոյանին, բայց ոչ մի պատասխան չստացա։ Հուլիսին արդեն դիմեցի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ներկայացնելով ամբողջ իրավիճակը։ Հուլիսի 23-ին ստացա Գլխավոր դատախազությունից նամակի պատճեն, որով դիմել էին Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանին՝ պահանջելով, որ մարզի դատախազությունը զբաղվի իմ դիմումով և ինձ տեղյակ պահի»։

Լուսինեն պատմում է, որ երկու օր անց ստացել է նաև Արարատի մարզի դատախազությունից նամակի պատճեն, որն ուղղված էր Շոխոյանին։ Նամակում ասվում է, որ քրեական վարույթով տուժող Լուսինե Ազնաուրյանից դիմում են ստացել և ակնկալում են պատասխան։ Նամակի պատճենը Լուսինե Ազնաուրյանը հուլիսի 25-ին էր ստացել։ Մինչ օրս գործի ընթացքի վերաբերյալ որևէ պատասխան չի ստացել։ 

Նրա խոսքով՝ պատրաստվում է նորից դիմել Գլխավոր դատախազություն։ «Ես համոզված եմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի գործը ձգձգվի, հասնի վաղեմության ժամկետին ու ծածկադմփոց արվի։ Սա ուղղակի անհնար է՝ բժշկի սխալն այսքան ժամանակ անպատիժ մնա։ Գործը վաղուց պետք է ընթացքի մեջ լիներ։ Ես ավելի քան համոզված եմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի լռեցվի, որպեսզի բժիշկները անպատիժ մնան։ Շատ լավ գիտեմ, թե ինչ հնարավորություններ ունեն նման մարդիկ, որոնք նաև ինձ են փորձել լռեցնել։ Ամեն ինչ անում են, որ մեղավորները չպատժվեն։ Այդ բժշկական կենտրոնում սա առաջին դեպքը չէ, ես առնվազն երկու նմանատիպ դեպքի մասին լսել եմ, երբ վիրահատության ժամանակ պացիենտը մահացել է, բայց հարազատներին ինչ֊որ ձևով լռեցրել են»,- նշում է Լուսինե Ազնաուրյանը։

«Հետքը» պարզաբանման համար դիմել է Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից «Հետքին» հայտնել են, որ նախաքննությունը շարունակվում է, իսկ գործը Արտաշատի քննչական բաժին է փոխանցվել այս տարվա հունիսին։ 

Դեպքի վաղեմության ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին, Լուսինե Ազնաուրյանը կարծում է, որ իրավապահ մարմինները դիտավորյալ են ձգձգում գործի բացահայտումը, որպեսզի մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ 

Գլխավոր լուսանկարը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանություններ (1)

Սամվել
Դուք ձև եք անում թէ իրոք չգիտեք որ վիրահատող բժիշկն ու վիրահատվողը շատ մոտ ընկերներ են եղել?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter