HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպես են թմրամիջոցները հասնում բանտեր. 7,8 կգ թմրանյութ՝ 7 տարում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ պահվում են ամենաշատ ազատազրկվածները, վերջին տարիներին հայտնաբերվել են ամենաշատ թմրանյութերը։ Թեև համակարգը համալրված է անվտանգության սարքավորումներով, 2025-ի առաջին կիսամյակում 10 ՔԿՀ-ներից 5-ում հայտնաբերվել է մոտ 700 գրամ թմրամիջոց և ավելի քան 180 գրամ դեղահաբ։ Բազմաթիվ դեպքերով նախաձեռնվել են վարույթներ, իսկ տասնյակ աշխատակիցներ հեռացվել են ծառայությունից:

Քրեակատարողական հիմնարկներում՝ դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ, շարունակվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությունը: Նրանց երբեմն հաջողվում է ոչ միայն անարգելք կազմակերպել և ներս անցկացնել թմրանյութը, այլև հենց տեղում իրացնել ձեռք բերածը: Որոշ դեպքերում, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն աջակցում են հենց քրեակատարողական հիմնարկների ծառայողները:

Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում ամենաշատ թմրանյութն ու դեղահաբերը հայտնաբերվել են «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների ու կալանավորված անձանց, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվողների մոտ:

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվում են ամենաշատ դատապարտյալներն ու կալանավորված անձինք: 2025թ. հունիսի 30-ի դրությամբ այնտեղ պահվել է 688 դատապարտյալ և 377 կալանավորված անձ:

Project-01.jpg (143 KB)

Թմրանյութերի իրացում՝ քրեակատարողական հիմնարկների ներսում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմենը (անունը փոխված է) 2024թ. ապրիլին անհայտ հանգամանքներում և քննությամբ չպարզված անձից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3,011 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոց, 0,161 գրամ՝ «Մեթամֆետամին» և 0,19 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց: Հենց նույն օրը թմրանյութերի պարունակությամբ փաթեթն ապօրինի իրացրել է իր հետ նույն խցում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալի: Օպերատիվ տվյալների հիման վրա, քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկություն են իրականացրել և դատապարտյալի ներքնազգեստի միջից հայտնաբերել և վերցրել են թմրանյութերի փաթեթը: Քրեական գործն այժմ քննվում է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

2018-2025թթ. առաջին կիսամյակի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել է 7 կգ 773 գրամ քաշով թմրանյութ (այդ թվում՝ դեղահաբեր): Ամենաշատ թմրանյութը հայտնաբերվել է «Արմավիր» ՔԿՀ-ում: Միայն այս քրեակատարողական հիմնարկից նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է 2 կգ 698 գրամ թմրանյութ: Ամենաքիչը հայտնաբերվել է կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում՝ մոտ 1,4 գրամ:

Project-02.jpg (133 KB)

Նշենք, որ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների գործունեությունը Կառավարության որոշմամբ դադարեցվել է 2022թ. հունվարի 1-ից: Այժմ Հայաստանում գործում է 10 քրեակատարողական հիմնարկ:

Project-04.jpg (141 KB)

Քրեակատարողական ծառայությունից «Հետքին» հայտնում են, որ ՔԿՀ-ներից հայտնաբերված թմրանյութերին վերաբերող 2018-2022թթ. տեղեկատվությունը տրամադրվել է դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննությունների արդյունքներով՝ զտաքաշերի տեսքով, իսկ 2023-2025թթ. առաջին կիսամյակի դրությամբ առկա տվյալները ներկայացվել են առանց փորձաքննության եզրակացությունների տվյալների: Պատճառն այն է, որ 2021թ. կատարվել են օրենսդրական փոփոխություններ: Քրեակատարողական ծառայությունն այլևս չի նշանակում փորձաքննություններ: Քրեական վարույթի շրջանակներում այդ գործառույթն իրականացնում է Քննչական կոմիտեն:

Project-03.jpg (158 KB)

Թեև քրեակատարողական հիմնարկները հագեցած են ազատազրկված անձանց հանձնուքները ստուգող համապատասխան սարքավորումներով, այնուամենայնիվ վերջիններիս հաջողվում է կազմակերպել թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառությունը: Երբեմն «օպերացիան» իրականացվում է քրեակատարողական հիմնարկների ծառայողների անմիջական աջակցությամբ:

Միայն 2025թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների, հատուկ նշանակության և ուղեկցումների բաժինների, քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողների կողմից անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է․

  • 67,336 գրամ թմրամիջոցների նմանվող զանգված,
  • 158 բջջային հեռախոս, 187 բջջային հեռախոսի պարագա,
  • 10 wi-fi սարք,
  • 27 կտրող-ծակող առարկա,
  • 146,89 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք,
  • արգելված այլ իրեր։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Քրեակատարողական ծառայողները՝ թմրանյութերի շրջանառության «մասնակից»

Թմրանյութերը կալանքի տակ գտնվող կամ պատիժ կրող անձանց փոխանցվում են տարբեր եղանակներով՝ անօդաչու թռչող սարքերի գործադրումից մինչև իրերի մեջ թաքցնելով: Երբեմն էլ դատապարտյալներին արգելված իրեր փոխանցում են հենց աշխատակիցները: «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքրոջ խուզարկության արդյունքում 2025թ. օգոստոսի 1-ին հայտնաբերել էին բջջային հեռախոս, ևս մեկ հեռախոս գտնվել էր իր աշխատասենյակում, որը պետք է փոխանցեր դատապարտյալին:

2018-2025թթ. առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում շրջանառված թմրանյութերի դեպքերով, 5 քրեակատարողական ծառայողի լիազորություն կասեցվել է՝ հարուցված քրեական վարույթների շրջանակներում, իսկ 1 ծառայող դատապարտվել է: Վերջինս աշխատել է «Արմավիր» ՔԿՀ-ում:

Մինչև քրեական վարույթով ծառայողական լիազորությունների դադարեցման որոշում կայացնելը, նշված ժամանակահատվածում, անձնական զեկուցագրերի հիման վրա, ծառայությունից ազատվել է 4 աշխատակից՝ «Վանաձոր», «Սևան», «Գորիս» ՔԿՀ-ներից:

Այս տարիների ընթացքում հայտնաբերված մոտ 8 կգ թմրանյութերն ու դեղահաբերն իրենց ծավալներով արդեն իսկ մտահոգիչ են, սակայն, հայտնի չէ, թե որքան է թմրանյութերի իրական շրջանառությունը, քանի որ ենթադրվում է՝ մի ստվար մաս էլ մնում է չբացահայտված:

Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter