HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները

Հայաստանը ձախողել է անտառապատման և անտառավերականգնման ողջ գործընթացը։ 

Երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններ և շարունակում է դրանց ներքո ներկայացնել մտացածին թվեր, սակայն չի կարողանում իրականացնել դրանք։

Խոստացված անտառավերականգնման և անտառտնկման ծավալները չեն ապահովվել։

Գումարները պետական բյուջեից և միջազգային դրամաշնորհային ծրագրերից ապարդյուն են ծախսվել։

Հայաստանի անտառային ծածկույթը 11,2 % է։ Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանը ստանձնել է պարտավորություն՝ ավելացնել անտառային ծածկույթը մինչև 13 %։ Այսինքն՝ այդ նպատակին հասնելու համար պետք է 50 հազար հա անտառ տնկվի։

Այս պարտավորությունն ամրագրվել է 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողություններով։  

Մինչև 2030 թվականը 50 000 հա անտառ տնկելը, սակայն, միջանկյալ թիրախ է՝ հասնելու Բոննի մարտահրավերի շրջանակներում հայտարարված վերջնական նպատակին, այն է՝ մինչև 2050 թվականը երկրի անտառածածկույթը պետք է կրկնապատկվի։ Դրա համար անհրաժեշտ կլինի անտառապատել ևս մոտ 265.000 հա, այսպիսով երկրի անտառածածկ տարածքը հասցնելով շուրջ 600.000 հա-ի։

«Հետքն» ուսումնասիրել է Հայաստանում վերջին 5 տարիներին տնկված անտառների վերաբերյալ տեղեկատվությունը, այցելել անտառապատման և անտառավերականգնման տարածքներ, ուսումնասիրել դրանց համապատասխանությունը պլանավորված տեխնիկական մոտեցումներին, անտառկառավարման պլանների և իրավական ակտերի պահանջներին, ինչպես նաև դրանց կպչողականությունը, կատարել քարտեզային և տարածական վերլուծություններ։ 

Այդպիսով, պարզել ենք, որ ստանձնած՝ 50 հազար հա անտառ տնկելու պարտավորության ընդամենը 2%-ն է իրականացվել, այն էլ՝ ոչ արդյունավետ։ Այսինքն՝ ժամկետի կեսն արդեն անցել է, բայց Հայաստանի անտառային տարածքներում դեռ տնկվել է մոտ 1000 հա անտառմշակույթ։

2025 թվականին պետության կողմից նախատեսվել է իրականացնել ընդամենը 200 հա անտառմշակույթի հիմնադրում՝ վնասի փոխհատուցման պայմանագրերով և պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

ՀՀ Անտառավերականգնման և անտառապատման իրականացման կարգի համաձայն՝ անտառավերականգնումը և անտառապատումը համարվում է իրականացված, երբ անտառատնկարկները փոխադրվում են անտառի շարք` համաձայն պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգի: 

«Ինչպես գիտենք, անտառտնկարկները անտառի շարք են փոխադրվում տնկիների սաղարթների միակցումից հետո, որը, տարբեր աղբյուրների համաձայն, ասեղնատերևավոր և լայնատերև ծառատեսակների մոտ լավագույն դեպքում լինում է տնկումից/ցանքսից 7-12 տարի հետո: Այսինքն՝ 2030 թվականի հանձնառության ցուցանիշին հասնելու համար, նույնիսկ եթե 49 000 հա ծավալով միջոցառումները իրականացվեն 2025 թ․-ի աշնանը, ապա 2030 թ․-ին եթե իդեալական կպչողականություն և աճ լինի այդ տարածքներում, միևնույն է, դրանք 2030թ․-ին դառնալու են 5 տարեկան և դեռ չեն փոխադրվելու անտառի շարք»,- ասում է փորձագետ, անտառագետ Այսեր Ղազարյանը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերի կողմից տնկվել են անտառկազմող գլխավոր ծառատեսակները` սոճի և կաղնի, ինչպես նաև ուղեկցող տեսակներ` հացենի, թխկի, թեղի և վայրի պտղատուներ, որոնք հարմարված են տարածքի անտառաճման և բնակլիմայական պայմաններին: 

Ծառերը բնական օդի ֆիլտրեր են․ բացի թթվածին արտադրելուց, դրանք մթնոլորտից հեռացնում են վնասակար նյութերը և ջերմոցային գազերը՝ բարելավելով օդի որակը:

1 ծառը, կախված տարիքից, օրական արտադրում է 2-4 մարդու համար բավարար թթվածին: 

1 ծառը տարեկան կլանում է մոտ 10 կգ ածխաթթու գազ (CO₂)՝ հատկապես կյանքի առաջին 20 տարում:

Սովորաբար, ավելի մեծ և հասուն ծառերը ավելի շատ թթվածին են արտադրում: Օրինակ՝ հասուն կաղնին կարող է տարեկան արտադրել մոտ 100 000 լիտր թթվածին:

Ստացվում է օրական մոտ 274 լիտր թթվածին, որը կազմում է մարդու օրական պահանջի զգալի մասը:

Առողջ անտառները ոչ միայն նպաստում են կենսաբազմազանությանը, այլև կարևոր դեր են խաղում մթնոլորտում թթվածնի մակարդակը կարգավորելու և մաքուր օդի աղբյուր լինելու գործում։

Ծառերը նաև ամենաարդյունավետ զենքն են կլիմայական գլոբալ ճգնաժամի դեմ պայքարում։

Շրջակա միջավայրի նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, տրամադրել է 2020-2024թթ․ անտառապատման և անտառավերականգնման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։ Այդ ցանկից առանձնացրել ենք այն տարածքները, որտեղ անտառտնկման աշխատանքներ են կատարվել համեմատաբար մեծ ծավալներով։

Քարտեզը՝ Ժենյա Գևորգյանի

Նախ՝ գրասենյակային աշխատանք ենք իրականացրել` հասկանալու, թե որքանով են դրանք համահունչ ՀՀ Անտառային օրենսգրքին և ոլորտի այլ իրավական ակտերին, օրինակ` Անտառշինության հրահանգին, անտառավերականգնման և անտառապատման կարգերին, անտառկառավարման պլաններին, որոնք անցել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն: Մեր ընտրած տարածքները համադրել և վերլուծել ենք բարձր լուծաչափի արբանյակային պատկերների հետ: Այս և մասնագիտական այլ հարցերում մեզ օգնել է փորձագետ, անտառագետ Այսեր Ղազարյանը։ 

«Ցավոք, դրանց հիմնական մասը չեն համապատասխանեցվել անտառկառավարման պլաններին և դրա պահանջներին, այսինքն` ինքնանպատակ, ինքնակամ, ոչ պրոֆեսիոնալ ձևով ընտրվել են տարածքները: Կան տեղամասեր, որ կատարվել են աշխատանքներ, դրանք համայնքային հողերի վրա են գտնվել: Պետք է հիշեցնեմ, որ պետբյուջեով և միջազգային ծրագրերով անտառապատման և անտառավերականգնման աշխատանքները նախատեսված են եղել անտառային հողերի վրա, բայց ցավոք, որոշ հատվածներում դրանք համընկնում են համայնքային հողերի հետ»,- նշում է անտառագետը:

Այցելություն տնկված տարածքներ

Տաշիրի անտառտնտեսության Մեծավանի անտառպետության տարածքում միաժամանակ երկու նախիր էր արածում։ Այստեղ՝ 30 հա տարածքում, 2020 թվականին խրամատային եղանակով տնկվել է 90 հազար տնկանյութ։ 5 տարի անց տարածքը վերածվել է արոտավայրի։ Անասուններն այստեղ անխափան ելումուտ են արել և սնվել նաև տնկիներով։ Տարածքը ժամանակին ցանկապատվել է փշալարերով։ Դրանք այժմ տապալված են գետնին։ 

Մեծավանի անտառպետության մեկ այլ տեղամասում 2022 թվականին պետբյուջեի և «Myler Mountain Resorts»-ի փոխհատուցման պայմանագրով տնկվել է ավելի քան 60 հա անտառ։ Տարածքը ցանկապատված է։ Այստեղ տարածքի երկու հատված ճահճային է։ Թե ինչպես են այդ ճահճի մեջ փոս փորել և տնկիներ դրել, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ տնկիները չէին կարող գոյատևել ճահճի մեջ։  

Արբանյակային քարտեզների վերլուծությամբ նաև պարզվում է, որ այն չի գերազանցում 50 հա-ն՝ ներառյալ ճահճային հատվածները։

Ինչպես են ծախսվել դրամաշնորհները

Հայաստանը կլիմայի փոփոխությանը դիմակայելու բազմաթիվ միջազգային դրամաշնորհներ է ստացել և շարունակում ստանալ։ Կանաչ կլիմայի հիմնադրամի և համաֆինանսավորող այլ կառույցներից Հայաստանը ստացել է շուրջ 19 մլն դոլարի դրամաշնորհ։ Դրա շրջանակներում 2021 թվականից մեկնարկել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։ Նպատակներից մեկը Հայաստանի հյուսիսային և հարավային՝ Լոռու և Սյունիքի մարզերում 7300 հա անտառ տնկելն ու մշակելն է։ Ծրագիրն ավարտվելու է 2029-ին, սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առայժմ անտառային հողերում տնկվել է շուրջ 104 հա անտառ։ 

Տաշիրի անտառտնտեսության նույնանուն անտառպետության այս տեղամասում Կանաչ կլիմայի հիմնադրամի ծրագրով տնկում է իրականացվել առայժմ ամենամեծ՝ 32,5 հա տարածքում։ Խնամքի և խոտհնձի աշխատանքներ չեն տարվել, խոտերն այնքան առատ և բարձր են, որ տնկանյութերի համար փորված փոսերը դժվար է գտնել, փոքր սերմնաբուսակները մնացել են ստվերի տակ և ոչնչացել։

«Տեսնում ենք միջազգային նորմերից բավականին փոքր տնկանյութեր, կամ սերմնաբուսակներ, որոնց գոյատևման կամ կպչողականության մասով կարելի է ասել, որ ի սկզբանե դատապարտված են։ Այսինքն` կարելի է ասել՝ ժամանակն ու միջոցները վատնվել են, տվյալ դեպքում ոչ պիտանի կամ ստանդարտներին չհամապատասխան տնկանյութի կամ սերմի կիրառման պատճառով»,- նշում է անտառագետ Այսեր Ղազարյանը:

Այս ծրագիրը համակարգում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը: Կազմակերպության հայաստանյան գրասենյակը սկզբում համաձայնեց ծրագրի համակարգողի հետ հարցազրույցի մեր առաջարկին։ Այնուհետև, երբ խնդրեցին հարցերը տրամադրել՝ պատրաստվելու համար, պարզվեց՝ հարցազրույց տալն այլևս նպատակահարմար չէ։ Պայմանավորված հարցազրույցը Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան գրասենյակը չեղարկեց։ Մեր հարցերին գրավոր պատասխան ևս չտրվեց։ Սակայն, այդ նույն օրերին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել էին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանի և Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորած ծրագրի ընթացքը: Եռակողմ այս հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացված տնկումների կպչողականության գնահատականի հիման վրա հետագա գործողությունների նախանշումները, սահմանված մեթոդաբանության գնահատումը, արդյունավետության շեմը:

Պարզաբանումներ ստանալու նպատակով օգոստոսի 11-ին գրավոր դիմել էինք նաև Կանաչ կլիմայի հիմնադրամին, մասնավորապես՝ ֆոնդի գործադիր տնօրեն Մաֆալդա Դուարտեին (Mafalda Duarte)։ Մեկ ամիս անց երկրորդ նամակն ենք ուղարկել նաև ֆոնդի էլեկտրոնային հասցեին, սակայն մեր հարցադրումներն անարձագանք են մնացել։

Հեռախոսազանգի ժամանակ հիմնադրամի Կորեայի գլխամասային գրասենյակը հաստատեց, որ մեր նամակը ստացել են և վերահասցեավորել հանրային կապերի բաժին։ Դրանից հետո ստացանք տեղեկատվության բողոքարկման բաժնին ուղղված մեր 3-րդ նամակի պատասխանը, որ մեր հարցումը վերահասցեագրվել է տեղեկատվության բացահայտման թիմին, որը կկարողանա պաշտոնապես պատասխանել մեզ:

«Տեղեկատվության բողոքարկման հանձնաժողովի անունից հաստատում ենք Ձեր հաղորդագրության և նամակի ստացումը: Տեղեկատվության բողոքարկման հանձնախումբը կապ է հաստատել GCF քարտուղարության համապատասխան պատասխանատուների հետ՝ նրանց կողմից վերանայման և գործողությունների համար»,- հայտնել է Պրեքշա Կումարը (Preksha Kumar)։

Կանաչ կլիմայի հիմնադրամի կայքում հրապարակված վերջին զեկույցը 2023թ․ արդյունքների մասին է։ Դրանից տեղեկանում ենք, որ ծրագիրը շատ ցածր կատարողականություն ունի, մի շարք բաղադրիչներ չեն իրականացվել կամ թերի են իրականացվել, իսկ անտառտնկումները ձգձգվել են տարբեր պատճառներով, այդ թվում՝ «Հայանտառի» կողմից տարածքների տեղորոշման բյուրոկրատական գործելակերպի հետևանքով։ 

«Խնդիր կա նաև վերածածկումների մասով, օրինակ` 2019թ. պետբյուջեի գումարներով կատարվել են աշխատանքներ, և դրանցից հետո նոր անտառկառավարման պլանով նույնպես նշված է, որ այդ տարածքում պետք է կատարվեն անտառմշակույթի հիմնման աշխատանքներ: Փոխարենը պետք է նշվեր, որ այնտեղ կատարվել է անտառապատման աշխատանքներ, անտառ է հիմնվել, պետք է իրականացվեն լրացման աշխատանքներ: Այսինքն` կան նաև կրկնություններ պետական բյուջեի միջոցների կամ այլ ծրագրերի հետ: Օրինակ՝ Սյունիքի անտառտնտեսության Հարժիս համայնքի տարածքում, որտեղ ԻՖԱԴ-ի ծրագրով կատարվել էր նմանատիպ աշխատանք, և այդ տարածքում կատարվել է անտառապատման աշխատանք պետբյուջեի գումարներով»,- ավելացնում է Այսեր Ղազարյանը:

Գորիսի անտառպետության տարածքում 2024 թվականին Կանաչ կլիմայի հիմնադրամի ծագրի շրջանակներում տնկվել է 15 հա անտառ: Մի քանի տարի անց պարզ կլինի, թե ինչ արդյունք կտա այս անտառը։ Այստեղ էլ տարածքը չի հասնում 15 հա-ի, ինչպես նշված է ՇՄՆ տրամադրած տվյալներում։ Ընդհանրապես ներկայացված թվերի մեջ հաճախ մեծ շեղումներ կան։ 

«Դրոնային հանույթների, օրթոֆոտոների վրա դիտարկվում են ծավալային լուրջ շեղումներ: Օրինակ՝ հիմա գտնվում ենք Սյունիքի անտառտնտեսության Գորիսի անտառպետության 6-րդ քառակուսու որոշ հատվածներում, նշված է 15 հա, Կանաչ կլիմայի հիմնադրամի` ՖԱՈ-ի անմիջական մասնակցությամբ իրականացվող ծրագրով, բայց 15 հա-ի փոխարեն դիտարկում ենք առնվազն մի քանի անգամ փոքր ծավալ: Տարածքի առյուծի բաժինը գտնվում է համայնքային հողի վրա, չնայած նշված է, որ տվյալ անտառպետության 6-րդ քառակուսու որոշ հատվածների վրա է»,- իր դիտարկումն է ներկայացնում նաև անտառագետը: 

10 մլն ծառ․ Սիսիան

Սյունիքի մարզի Քարահունջի հարակից տարածքում 2020 թվականի գարնանը մեծ շուքով ազդարարվեց Սիսիանի անտառտնտեսության Շաղատի անտառպետության 10 հա տարածքում պետական միջոցներով անտառտնկման աշխատանքների մասին: Այս ծառատունկը հայտարարվել էր հենց որպես վարչապետի՝ 10 մլն ծառ տնկելու ծրագրի մաս։ 2021 թվականին այդ տարածքում նաև լրացման աշխատանքներ են արվել։ Հինգ տարվա ընթացքում տնկիները կարող էին արդեն ուրվագծել ապագա անտառը։ Սակայն, ոչինչ չի մնացել, դժվարությամբ կարողացանք հաշվել մեկ-երկու «պայքարող» տնկի։

10 մլն ծառ․ Բյուրական

«10 միլիոն ծառ» խորագրի ներքո Արագածոտնի մարզի Բյուրականի անտառպետությունում 2021 թվականին, «Արմսվիսբանկի» միջոցներով տնկվել է 1 հա անտառ։ Տարածքում աճած ծառեր կան, սակայն հիմնականում բարձիթողի վիճակում՝ փլուզված ցանկապատով, առանց խոտհնձի և խնամքի։ 

2022 թվականներին Բյուրականի նույն տնտեսությունում, պետական բյուջեի միջոցներով, տնկվել է ևս 2 հա անտառ։ Ծառատունկին անձամբ մասնակցել է նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այստեղ ևս անտառաշերտ չի ձևավորվել, քանի որ խնամքի աշխատանքներ չեն արվել, տնկիները չեն ոռոգվել:  Կատարվել են նաև կրկնակի տնկումներ: Ցանկապատը մի տեղամասում տապալված էր, խոտհունձ չէր իրականացվել։

Անտառապատում՝ համայնքային հողերում․ ինչ ճակատագիր է սպասվում այս անտառներին

Հայաստանում անտառտնկման աշխատանքներ իրականացնում են նաև հասարակական որոշ կազմակերպություններ և հիմնադրամներ։ Նրանք ձևավորել են Անտառային դաշինքը։ Այս կազմակերպությունները, սակայն, տնկումներ իրականացնում են համայնքային հողերում՝ իրենց հայթայթած միջոցներով, անցնելով բարդ բյուրոկրատական գործընթացներով։ 

Մեծածավալ տնկումներ իրականացրել են «Արմենիան թրի փրոջեքթ», «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունները, առավել փոքրածավալ տարածքներ անտառապատել են նաև «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» և «Շեն» բարեգործական հիմնադրամները:

Ինֆոգրաֆիկան՝ Ժենյա Գևորգյանի

Լայնածավալ տնկումներ իրականացրել է «Արմենիան թրի փրոջեքթ»-ը։ 2004 թվականից Լոռու, Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համայնքային հողատարածքներում տնկել է 7,803,240 ծառ, ավելի քան 1500 հա անտառ։ 

2025 թվականի գարնանը տնկվել է 162 հեկտար, իսկ աշնանը նախատեսվում է տնկել 90 հեկտար։ Վերջին հինգ տարիներին՝ սկսած 2020 թվականից, ընդհանուր առմամբ տնկվել է 3 168155 տնկի և 899 107 կտրատված ուռենու կտրոն։ Այդ տարածքներում տնկիների կպչողականության և պահպանվածության միջին ցուցանիշը շուրջ 80% է։

Մեծածավալ տնկումներ իրականացնում է նաև «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ 2020-ից սկսած՝ կազմակերպությունը տնկել է ավելի քան 825 հա անտառ։ 

Հաջորդում են «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» ու «Շեն» բարեգործական հիմնադրամները, համապատասխանաբար՝ 110 և 33 հա տարածքներում։

Այն, որ Հայաստանը ձախողել է անտառապատման աշխատանքները, ակնհայտ է: Մասնագետները կարծում են, որ ոլորտը կարողությունների լուրջ պակաս ունի: Հայաստանը սակավահող երկիր է՝ անտառաճման ոչ այնքան բարենպաստ բնակլիմայական պայմաններով, չկան պատշաճ մոտեցումներով ընտրված սերմնային ծառուտներ՝ սերմեր հավաքելու համար, կան լուրջ խնդիրներ անտառային տնկարաններում՝ սերմնաբուսակների աճեցման գործընթացների մասով` ինչպես քանակական, այնպես էլ որակական: Հետևաբար, անտառների ավելացման այն պարտավորությունները, որ պետությունը ստանձնել է միջազգայնորեն, առնվազն խելամիտ չեն Հայաստանի նման երկրի համար:

«Օրինակ` Սիսիանի հեռուստաաշտարակի հատվածում մի քանի տարի անընդմեջ տնկման աշխատանքներ են իրականացնում, բայց շատ վատ վիճակում են, կարելի է ասել` ոչնչացված: Այսինքն` շատ տեղամասերում կարելի է դա դիտարկել»,- նշում է Այսեր Ղազարյանը:

Այս պարագայում, փորձագետի կարծիքով, պետք է փոխել հանձնառությունները և հետևել Վրաստանի փորձին, այն է՝ իրականացնել եղած անտառների վերականգնում։ 

«4-5 տարի հետո գալիս ենք հաստատելու, որ այդ աշխատանքների առյուծի բաժինը ուղղակի ձախողվել է, պետական և միջազգային միջոցները քամուն են տրվել: Պետք է վերանայել այս ամենը»,- ասում է Այսեր Ղազարյանը։ 

Մեր հարցմանն ի պատասխան Շրջակա միջավայրի նախարարությունը չի տրամադրել յուրաքանչյուր անտառապատման համար ծախսված գումարի չափը: Տրամադրել է ընդհանրական տեղեկատվություն, այն է` անտառմշակույթների հիմնադրմանը հաջորդող 5 տարվա ընթացքում կատարված ագրոտեխնիկական խնամքի, խոտհնձի, ցանկապատի, սերմնաբուսակների աճեցման աշխատանքների համար ծախսել է 2,6 մլրդ դրամ (6,8 մլն դոլար): Այս գումարից 2,2 մլրդ-ը տրամադրվել է պետական բյուջեից, իսկ 373 մլն դրամը` այլ պայմանագրերի շրջանակներում:

ՇՄՆ-ն նաև տեղեկացրել է, որ անտառմշակույթների շարունակական խնամքի շնորհիվ ապահովվում է տարեկան 60-65% պահպանվածություն:  Այս թվերը շատ խնդրահարույց են, դրանք ուռճացված են, մեր ուսումնասիրած տարածքներում այլ պատկեր է, կպչողականությունը շատ ցածր է: 

Կպչողականության վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հայտնած տոկոսայնությունը շատ անգամ բարձր է պետական կառույցի հոգածության անտառտնկման տարածքների համեմատությամբ՝ 70-80%:

Այս կազմակերպությունները խնամքի աշխատանքներ են իրականացնում, անհրաժեշտ վայրերում ջրում են տնկիները, քաղհան անում, կատարում վերատնկումներ, եթե ցածր ցուցանիշներ են լինում և մշտապես մոնիտորինգ և հսկողություն են իրականացնում իրենց տնկած անտառների նկատմամբ։ 

Պատասխանատու կառույցը խուսափում է խոսել անտառտնկումների մասին

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանը բնապահպանության ոլորտի խնդիրների, իր մոտեցումների և անտառտնկման աշխատանքների վերաբերյալ մեր հարցազրույցի խնդրանքը մերժեց: Պատճառաբանեց, որ ոլորտի խնդիրներին դեռ չի ծանոթացել, չնայած վարչապետի աշխատակազմում ինքն էր համակարգում այս ոլորտը: 

Նշանակումից երկու ամիս անց կրկին փորձեցինք նրա հետ զրուցել միայն անտառտնկման աշխատանքների վերաբերյալ: Նախախարությունը պատասխանեց, որ նախարարը COP 17-ին ընդառաջ, պաշտոնական այցով գտնվում է Նյու Յորքում, ուստի անտառտնկման աշխատանքների, ծավալների, արդյունքների, ոլորտում առկա խնդիրների մասին հարցազրույց կտա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանը՝ իր լիազորությունների շրջանակում։

Պլանավորած հարցազրույցի նախօրեին ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Էլլադա Մելքումյանը հայտնեց, որ Գարեգին Միրզոյանը չի կարողանա հարցազրույց տալ, քանի որ գործուղումների է գնում մարզեր: Չեղարկվեց նաև նրա հետ հարցազրույցը:

Պետական կառույցներն իրականում չեն խնամում տնկիները և տնկված տարածքները, և տնկում են իրականացնում միմիայն ցուցադրելու և ձևական կողմն ապահովելու համար։ 

Ստացվում է, որ 1 հա անտառ հիմնելու համար միջինում ծախսվել է 2,6 մլն դրամ: Այն հարյուրավոր հեկտար տարածքները, որոնք պետք է անտառ դառնային, փաստորեն, մնացել են ամայի, իսկ հարկատուների վճարած գումարները և դրամաշնորհները ծախսվել են ապարդյուն:

Մեկնաբանություններ (1)

Nona
Спасибо большое за информацию

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter