
«Եթե սահմանազատում չլինի, թուրքերը հետ չգնան, գյուղը քիչ-քիչ կմաշվի»
Մայրամուտից հետո Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղում արդեն ցուրտ է: Գյուղի մեղվապահներից Արթուրն ու Արան սուրճ են խմում Արայի տան բակում ու դիտում մեղուների հիվանդության մասին տեսանյութը:
Նրանք ընկերներ են: Երկուսն էլ հարեւան Մեծ Մասրիկ գյուղից են տեղափոխվել Կախակն դեռ 1990-ականներին: Գրեթե ամեն օր հանդիպում են, քննարկում օրն ու անելիքները:
Կախակնում հիմնականում երեք հոգի են մեղվապահությամբ զբաղվում՝ Արթուրը, Արան ու Իսահակը: Արան ասում է՝ մի քանի հոգի էլ են մեղու պահում, բայց նրանց փեթակները քիչ են՝ 5-10 հատ, ու գյուղից այլ վայր փեթակները չեն տեղափոխում:
Արթուրի ու Արայի դիմաց կապույտ ու մեկումեջ դեղին փեթակներ են դրված: Տարածքում հավերը վազվզվում են, Արայի փոքր թոռնիկը՝ Ռուզաննան, նրանց հետեւից:
Արա Մինասյանը 50 տարեկան է: Արդեն 30 տարի մեղու է պահում: Դրան զուգահեռ անասնապահությամբ եւ հողագործությամբ է զբաղվում: Հետո դառնում է դեպի ընկերն ու ասում, որ Արթուրն իրենից ավելի երկար է զբաղվում մեղվապահությամբ:
Արթուր Պետրոսյանն էլ 55 տարեկան է: Դեռ Մեծ Մասրիկում էին ապրում, երբ պապն ու հայրը մեղու էին պահում: Ժպտում է՝ մեղուների գործն ընտանիքում ժառանգական է:
Ամեն տարի փետրվարին Արան ու Արթուրն իրենց մեղուներին Արարատի մարզ են տանում: Ասում են՝ Կախակնում գարունը սկսվում է մայիսին, իսկ մինչ այդ մեղուներին ջերմություն ու նեկտար է անհրաժեշտ: Արարատի մարզում մի ծանոթ ունեին, որի բակում տեղավորում էին փեթակները, մայիսին գնում վերցնում էին ու տանում Մարտունի ակացիաների ծաղկման ժամանակ, իսկ այնտեղից էլ տեղափոխվում էին իրենց գյուղ: Այդ ժամանակ Կախակնում իշառվույտն ու կորնգանը ծաղկած են լինում, բացի դրանից, ըստ Արթուրի, սարերում տարբեր ծաղիկներ են լինում:
-Մեղվապահները հիմնականում շուն էլ են պահում: Բա ո՞նց է, որ շուն չունեք,- դիմում ենք նրանց:
-Գողը որ եկավ, ի՞նչ պիտի տանի, մի բան էլ ինքը պիտի դնի, գնա,- հումորով պատասխանում է Արան:
Այս տարվա բերքից երկուսն էլ դժգոհ են: Եթե նախկինում մի փեթակից մինչեւ 30 կգ մեղր էին ստանում, հիմա՝ 10 կգ: «Էս տարի մեղրը շատ քիչ ա: Տարին չորային էր, ծաղկի ժամանակ ջերմություն չկար, բույսը նեկտար չէր արտադրում: Գիշերները ցուրտ էր լինում, բույսերը նեկտար չէին արտադրում»,- ասում է Արթուրը:
Եկող տարի երկուսն էլ մեղուները տանել-պահելու տեղի խնդիր ունեն: Ասում են՝ իրենց ծանոթը տեղափոխվել է, ու դեռ չգիտեն, թե ինչ են անելու:
Մեղվապահ ընկերների թիկունքում՝ սարի վրա, հայկական ու ադրբեջանական դիրքերն են: Նրանք մեզ ուղեկցում են Արայի տան ետնաբակ, որտեղից ցույց են տալիս մարտական դիրքերը:
2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետեւանքով Կախակնը եւս տուժել է:
-Էս վերեւի դարան տեսնո՞ւմ ես, էդտեղ առաջ մեր պոստերն էին: Էս փոքր դարայի վրա ճանապարհներ կային, մերոնք իջան էդտեղ: Հիմա թուրքերը սարի վերեւում ենք, մերոնք՝ ներքեւում,- բացատրում է Արթուրը՝ ցույց տալով սարի գագաթին ադրբեջանական դիրքերը:
Գյուղի կենտրոնից հայկական դիրքերն ուղիղ գծով 3-3,5 կմ հեռավորության վրա են, իսկ ադրբեջանցիների հենակետերը՝ 5 կմ:
-Առավոտ որ լույս բացվի, օդը մաքուր լինի, թուրքերը որ քելում են, հայաթից երեխեքը տենում են,- նշում է Արան:
Այս նոր իրադրությունն իր հետեւանքներն է թողել Կախակնում: Արոտավայրերը, որտեղ անասուններին տանում էին, դարձել են չեզոք գոտի: Դա էլ հանգեցրել է անասնագլխաքանակի կրճատմանը: Արթուրն, օրինակ, 15 խոշոր եղջերավորից թողել է 5-ը: Գյուղում անասունները 2022-ից հետո մոտ 50 տոկոսով կրճատվել են:
Արթուրն ապրում է գյուղի ամենավերին հատվածում՝ դիրքերի ուղղությամբ: Ասում է՝ այդ հատվածում մնացել է միայն իր ընտանիքը, մյուսները հեռացել են գյուղից:
Կախակնում երիտասարդները չեն կարողանում աշխատանք գտնել: Դա նրանց դրդում է հեռանալ գյուղից: Կախակնը դարձել է Հայաստանի ծերացող գյուղերից մեկը:
-Ո՞նց եք պատկերացնում ապագան էստեղ,- հարցնում ենք մեղվապահ ընկերներին:
-Ապագան էնպես ենք պատկերացնում, որ սահմանազատում լինի, սրանք հետ գնան իրենց տեղերը, մենք էլ մնանք մեր տեղում,- պատասխանում է Արան:
-Իսկ եթե չգնա՞ն:
-Որ չգնան, գյուղը քիչ-քիչ կմաշվի, մարդիկ կերթան,- եզրափակում է Արան:
ՀԳ. Կախակնի մասին կարող եք կարդալ նաեւ այստեղ:
Նյութը պատրաստվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ, UNFPA) հայաստանյան գրասենյակի կազմակերպած շրջայցի շրջանակներում։
Մեկնաբանել