
Շնողի գյուղապետն ու իր ավագանին
Հայկազ Քոչինյանը 16 տարի է՝ Շնողի համայնքապետն է: Թե գործունեության ընթացքում վերջինս հատկապես ինչով է աչքի ընկել, «Հետքն» արդեն անդրադարձել է: Հիշեցնենք, որ Հայկազ Քոչինյանի կողմից համայնքի բյուջեի այլ անարդյունավետ ծախսումների մասին «Հետքը» ահազանգել է դեռ 2010 թ. սեպտեմբերիին «Դուք դատախազության աշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ»,- լրագրողին ասում է գյուղապետը» հրապարակմամբ:
Վերջին հրապարակմանը՝ «Շնողի գյուղապետը՝ «Հետքի» թղթակցին. «Գյուղ էլ չմտնեք»» հոդվածին հետեւեց գյուղի ավագանու պատասխանը, ինչի առթիվ համայնքի ընտրված ավագանու անխակ անդամներին ստիպված ենք հիշեցնել անցած տարիների որոշ իրողություններ:
Շնողի ավագանին իր 2011թ. մայիսի 4-ի թիվ 9 որոշմամբ Հայկազ Քոչինյանի՝ ամսական 180 հազար դրամ աշխատավարձը քիչ է համարել եւ որոշել գյուղապետի աշխատավարձը դարձնել 250 հազար դրամ: Հետո՝ 2011թ. դեկտեմբերի 15-ին, մեկ այլ որոշմամբ ավագանին ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումը և Հայկազ Քոչինյանի համար 2012թ. հունվարի 1-ից կրկին սահմանել է 180 հազար դրամ ամսական աշխատավարձ:
Նույն ավագանին Շնողի «Նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ գյուղապետի կնոջ՝ Մարինե Ավետյանի համար սահմանել է 130 հազար դրամ աշխատավարձ, իսկ նախադպրոցական հաստատության հիմնական դաստիարակի աշխատավարձը՝ 44 հազար 500 դրամ: Գյուղապետի ընտանիքի նկատմամբ նման առատաձեռնություն դրսեւորող ավագանին միաժամանակ հոգացել է նաեւ գյուղում ծնելիության խթանման մասին. համայնքի 90 մլն դրամ եկամուտ ունեցող բյուջեից յուրաքանչյուր նորածնի համար միանվագ հատկացվում է 5 հազար դրամ: Միանվագ նույնքան աջակցություն է սահմանվել նաև Շնողում մեռնողների հուղարկավորության համար:
Գյուղապետ Քոչինյանը, ըստ բյուջետային հաշվետվության, իր կնոջ ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հաստատության պահպանության համար համայնքի 2010թ. բյուջեից նախատեսել է ծախսել 36 մլն դրամ, 2011-ին՝ 22 մլն դրամ, իսկ 2012 թվականին՝ 15,7 միլիոն: Այս պատկառելի գումարների տնօրինման արդյունավետությունը երբևէ չի ստուգվել վերադաս մարմինների կողմից:
«Հետքի» հրապարակման արձագանքում ավագանին հերքել է «Հայկազ Քոչինյանի կողմից իր 100 հա հողերի հարկերը չվճարելու» մասին Հայրենական Մեծ պատերազմի վետերան Ջանիբեկ Սահակյանի տրամադրած տեղեկատվությունը: «Հայկազ Քոչինյանն ունի 6 000 մետր հող, որի համար բյուջեին տարեկան վճարում է 39 հազար դրամ հարկ»,- հայտնում է ավագանին: Բայց ավագանին չի բացատրում, որ եթե գյուղապետն ընդամենը 6000 մ հող ունի, մինչև օրս ինչո՞վ են սնվել նրա 150 գլուխ խոշոր եղջերավոր անասունները:
Լոռու մարզպետարանի՝ Շնողի գյուղապետարանում 2012թ. հունիսի 26-ին կատարված վարչական ստուգումներն ընդգրկել են 2010թ. հունվարի 1-ից մինչև 2012-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակաշրջանը: Հանձնաժողովի թիվ 16 ակտով արձանագրվել է, որ Շնողի վարչական տարածքում գտնվող 15 տնտեսվարող սուբյեկտներից 2011թ. սահմանված տուրքերը գյուղապետարանի կողմից գանձվել են, սակայն գյուղի միակ գազի լցակայանից տարիներ շարունակ գյուղապետարանը հարկային գանձումներ չի կատարել: Գազալցակայանը 50/50 մասնաբաժնով պատկանում է գյուղապետ Հայկազ Քոչինյանին և ոստիկանության Լոռու մարզի վարչության պետի նախկին տեղակալ, ոստիկանության Թումանյանի բաժնի նախկին պետ Արտուշ Բոշյանին: Վերջինիս փայաբաժինը գրանցված է քրոջ՝ Անժելա Շալիկոյի Բոշյանի անունով:
Ակտում նաև արձանագրվել է, որ գյուղապետարանի ավտոմեքենաների պահեստամասերի ծախսերը հիմնավորելու համար չեն կազմվում թերությունների և պահեստամասերի տեղադրման ակտեր: Մինչդեռ համայնքի բյուջեի տարեկան հաշվետվությունների համաձայն՝ «տրանսպորտային սարքավորումներ» տողով Հ. Քոչինյանը 2010թ. ծախսել է 7 մլն դրամ, 2011-ին «տրանսպորտային նյութեր» տողով՝ 1,5 մլն դրամ, իսկ 2012-ին նախատեսել է ծախսել 1,8 մլն դրամ:
Մարզպետարանի հանձնաժողովն արձանագրել է, որ Շնող համայնքի 2010 թ. ֆոնդային բյուջեի ծախսերը կազմել են 269 մլն 675 հազար 200 դրամ. «Կատարված ծախերը հնարավոր չէր ստուգել, քանի որ ֆինանսական փաստաթղթերն առգրավված են իրավապահ մարմինների կողմից և առայսօր գտնվում են նրանց վարույթում»: Եթե յուրացումներ չկան, կամ լինելու դեպքում դրանց մասշտաբները մեծ չեն, ինչո՞ւ են այդ փաստաթղթերն այսքան ժամանակ՝ 2 տարի, պահվում իրավապահների մոտ:
Հիշեցնենք, որ այդ նյութերն առնչվում են «Հետքի» տպագրած «Դուք դատախազությանաշխատող չեք, որ Ձեր հարցերին պատասխանեմ» հոդվածում ներկայացված փաստերին, որոնց կապակցությամբ էլ, Հայկազ Քոչինյանի գործունեությամբ պայմանավորված, հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հուլիսի 5-ին «Հետքին» տեղեկացրել է նաև ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքի պետ Ռուդոլֆ Ստեփանյանը: Նման պայմաններում ավագանին առնվազն պետք է զգուշավորություն ցուցաբերեր գյուղապետի աշխատանքին գնահատական տալիս:
Գյուղում ստեղծված իրավիճակը երկու օր առաջ գնահատեց նաեւ շնողցի գործարար Գևորգ Պապյանը. «Ես՝ որպես գործարար, աշխատում եմ գյուղի ղեկավարության հետ գործ չունենալ: Միշտ կողմնակից եմ փոփոխությունների ու կցանկանայի Շնողում կատարվեր գյուղապետի և ավագանու փոփոխություն ու բարեփոխումներ»: Պապյանը նշեց, որ իր ընտանիքի ջրի խնդիրը լուծելու համար Շնող գետից մոտ 100 մ հեռավորությամբ 12 մ խորությամբ ջրհոր է փորել և օգտվում են այդ ջրհորից: Նա ասաց, որ միջոցները չեն ներել օգտվել Ագարակ-Նոյեմբերյան ջրագծից. «Գյուղում կան թաղամասեր, որոնք օգտվում են Ագարակ-Նոյեմբերյան ջրագծից: Դա գյուղապետարանը չի միացրել, ջրագծին մոտիկ ապրող բնակիչներն են իրենց միջոցներով այդ ջրատարից ջուր քաշել իրենց տները»:
«Հետքի»՝ «Շնողի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Ֆուտբոլի դաշտն էլ դարձել է արոտավայր» հոդվածից հետո Հայկազ Քոչինյանը սկսել է բարեկարգել գյուղի ֆուտբոլի դաշտը, մինչդեռ նույն խնդիրը 2,5 տարի մոռացված էր: Շնողի ավագանու անդամ Մկրտիչ Մարգարյանի տեղեկացմամբ՝ կատարվում են նաեւ այլ աշխատանքներ, մասնավորապես՝ «ծեծվում են գյուղի խորհրդանիշի տառերը» մինչեւ սեպտեմբերի 9-ը Շնողի մուտքի մոտ տեղադրելու համար: Այնինչ, այս աշխատանքներն իրագործելու համար եւս 2,5 տարի առաջ համայնքի բյուջեից միջոցներ են հատկացվել:
Սեպտեմբերի 9-ին Շնողում համայնքապետի ընտրություններ են: Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հարազատ եղբայրը՝ Հայկազ Քոչինյանը, ակնկալում է վերընտրվել:
Մեկնաբանություններ (47)
Մեկնաբանել