
Ձվածեղ՝ դատարանի բակում և կալանավորված պաշտպան. «Սրբազան պայքարի» գործով նիստը
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Մինչ դատական նիստի մեկնարկը, մեղադրյալների աջակիցները հավաքվել էին դատարանի բակում, կենցաղային գազի բալոն էին բերել իրենց հետ և ձվածեղ էին պատրաստում։ Վերջում, իբր, նրանց մոտեցավ դիմակավորված անձ և տարավ նրանց:
Աջակիցներն այսկերպ ակցիա էին իրականացնում՝ փորձելով բեմականացնել այս գործով մեղադրյալներից մեկի՝ Արմեն Ալեքսանյանի ձվածեղ պատրաստելու դրվագը, որը ներառված է նրա մեղադրանքում։
Դատական նիստն այսօր բավական կարճ տևեց, քանի որ նիստին ներկա չէր Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 16-ին՝ այս գործով նախորդ դատական նիստից դուրս գալուց հետո փաստաբան Կոչուբաևին ձերբակալել էին, անուհետև՝ 2 ամսով կալանավորել։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման համար: Մասնավորապես, անդրադառնալով Մկրտիչ սրբազանին կալանավորելու հանգամանքին, փաստաբանը նշել էր, որ «հոգին սատանային վաճառած քննիչների, դատախազների, դատավորների պատիժը երկնային է լինելու և աղոթում է Տիրոջը, որպեսզի նրանց չների և պատիժը քավեն սերունդներով»։ Փաստաբանը նաև կոշտ այլ արտահայտություններ է արել քննիչների, դատախազների ու դատավորների հասցեին՝ առանց որևէ մեկի անունը նշելու:
Դատական նիստին պաշտպաններից մի քանիսը դատարանին խնդրեցին ապահովել Արմեն Ալեքսանյանի պաշտպան Կոչուբաևի ներկայությունը, ինչպես դատարանն ապահովում է այն մեղադրյալների ներկայությունը, որոնք գտնվում են անազատության մեջ։ Պաշտպանները նշեցին՝ այստեղ նաև Կոչուբաևի պաշտպանյալի շահի հարցն է, քանի որ նոր ներգրավված պաշտպանը չի կարող լիարժեք իրավական աջակցություն ցույց տալ՝ հաշվի առնելով, որ գործ ունեն 34 հատոր գործի հետ, որին Կոչուբաևը ծանոթ էր։
Հանրային մեղադրողները կարծիք հայտնեցին, որ չեն պատկերացնում՝ ինչպես պետք է ապահովվի պաշտպանների բարձրացրած հարցի լուծումը, սակայն սկզբունքորեն չեն առարկում, բայց չգիտեն՝ նման մեխանիզմներ կա՞ն, թե՞ ոչ։
«Պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, ուստի, եթե հնարավոր չեղավ այլ պաշտպանի մասնակցություն ապահովել մեղադրյալի կողմից, պետք է միջնորդեմ դատարանին ապահովել հանրային պաշտպանով՝ անկախ մեղադրյալի դիրքորոշումից»,- նշեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն էլ ասաց, որ Կոչուբաևը հեռացված չէ վարույթից, և նրան վարույթից հեռացնելու որևէ հիմք չկա։
Պաշտպանները առաջարկեցին դատարանին գրությամբ դիմել և նշել, որ Կոչուբաևին նույնպես տեղափոխեն նիստերին մասնակցելու համար, քանի որ նրան դատարան բերելու անհնարինություն չկա։
Դատարանը մեղադրյալ Արմեն Ալեքսանյանին առաջարկեց այլ պաշտպանի մասնակցություն ապահովել, մեղադրյալն ասաց, որ ի վիճակի չէ։
Դատարանը հայտնեց, որ հաջորդ նիստի համար կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակին, որ մեղադրյալ Ալեքսանյանի պաշտպանությունն ապահովի։
«Իսկ որ հրաժարվո՞ւմ ենք»,- հարցրեց մեղադրյալը։
«Դա արդեն դատարանը կորոշի՝ ընդունի՞ հրաժարումը, թե՞ ոչ»,- պատասխանեց դատավորը։
Դատական նիստը հետաձգվեց, դատավորը հայտնեց՝ մեղադրյալներ կան, որոնք ունեն առողջական խնդիրներ, պաշտպան Կոչուբաևն էլ բացակայում է։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին։
Մեկնաբանել