Անասնաբույժներն ահազանգում են. ստերջացման մրցույթներում հաղթում են ոչ մասնագետները
Ստերջացման ծրագրերին մասնակցող ոչ մասնագիտացված կազմակերպությունների անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ առաջին ահազանգը գրանցվեց 2024թ.-ի մարտին՝ «Կումնի» ՍՊԸ-ի Ջաջուռ գյուղում գտնվող գոմում ծավալած գործունեության հետևանքով: Կենդանապաշտպան «ԴՈԳՄԱ» ՀԿ-ի կողմից այդ ժամանակ հաղորդում էր տրվել Շիրակի մարզի դատախազություն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և համայնքային գումարները վատնելու առնչությամբ, հարուցվել էր քրեական վարույթ, որը մեկ ամիս անց կարճվել էր:
Այն, որ քրեական վարույթը կարճվել է, և «Կումնի»-ի սեփականտերերը պատասխանատվություն չեն կրել, Գոհար Տեր-Անտոնյանը տեղեկացել է այս տարվա օգոստոսին, երբ Սեդրակ Վիրաբյանին պատկանող մեկ այլ կազմակերպություն՝ «Նորոգում» ՍՊԸ-ն հաղթում է Գյումրու համայնքապետարանի հայտարարած ստերջացման մրցույթում՝ գործելով արդեն ծանոթ սխեմայով՝ առաջարկելով ամենացածր գինը:
Հոկտեմբերի 4-ին Երևանից Ջաջուռ էին հասել կենդանասերներ, «կլինիկա» կոչվող գոմից փրկելու տարբեր բնակավայրերից տարված և չվերադարձված շներին: «Հետք»-ն անդրադարձել է այդ օրվա իրադարձություններին և կենդանասեր երկու կանանց ջանքերին, որի արդյունքում անջուր ու սովի մատնված 4 շուն հետ ուղարկվեցին Նոր Հաճն, վերադարձվեցին խնամակալներին: Հոկտեմբերի 5-ին, խնդրի հետ կապված, կենդանասերները բողոքի ակցիա էին կազմակերպվել ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Հոկտեմբերի 10-ին, կենդանապաշտպան կազմակերպություների ներկակացուցիչները, կարճաժամկետ փակել էին Գյումրի-Վանաձոր մայրուղու Ջաջուռ բնակավայրի հատվածը՝ փորձելով նաև այդկերպ իրենց բողոքի ձայնը հասցնել պատկան ատյաններին:
Ստեղծված իրավիճակն անհանգստացրել է նաև մասնագիտացված անասնաբուժական կլինիկաների բժիշկներին: Ոչ պրոֆեսիոնալների կողմից մրցույթներում պրոֆեսիոնալների դուրս մղումը բերում է նրան, որ անբարեխիղճ պատվիրատուն՝ հղում անելով օրենքին (գնումների օրենքով հաղթում է ցածր գին առաջարկող մասնակիցը), կնքում է պայմանագիր՝ չհետևելով այլևս ստերջացման գործընթացին և արդյունքներին, անգամ իր ներկայացրած տեխնիկական պահանջներին: Աղաղակող փաստերից մեկը գրանցվեց հենց Գյումրիում, երբ 2023թ․-ին մրցույթից 9 օր առաջ գրանցված կազմակերպությունը մասնակցեց թափառող կենդանիների ստերջացման մրցույթին և հաղթող ճանաչվեց՝ դուրս մղելով պրոֆեսիոնալ կազմակերպությանը:
Մասնագիտությամբ անասնաբույժ, երևանաբնակ Արսեն Սումբուլյանն առաջին անգամ ստերջացման մրցույթի մասնակցել է Գյումրիում՝ 2022թ․-ի փետրվարին: 500 շան ստերջացման համար այդ ժամանակ հայտարարվել էր մրցույթ 14 մլն դրամի շրջանակում՝ մեկ շան համար նախատեսված էր 27 հազար 800 դրամ: 2023թ․-ի փետրվարին կրկին հայտարարվել էր ստերջացման մրցույթ 500 շան համար, այս անգամ հաղթել էր My Vet կլինիկան Գյումրիից: Սակայն, ինչ-որ խնդիր էր առաջացել, կլինիկան հրաժարվել էր իր հայտից, և նույն թվականի գարնանը հայտարարված մրցույթում Արսեն Սումբուլյանը, լինելով միակ դիմումատուն, դարձել էր հաղթող, կնքվել էր պայմանագիր: 2023թ․-ի դեկտեմբերին, հաջորդ տարվա համար, Գյումրու համայնքապետարանը դարձյալ հայտարարել է թափառող կենդանիների ստերջացման մրցույթ, որին հայտ ներկայացրած «Արսեն Սումբուլյան» ԱՁ-ն այս անգամ պարտվել է նորաստեղծ «Կումնի» ՍՊԸ-ին:
Արսեն Սումբուլյանը պնդում է, որ եթե մասնագիտացված կազմակերպություն է մասնակցում, և ստերջացումը, պատվաստումը, կենդանու պահման պայմաններն էլ ապահովվում են ըստ պատշաճի, չի կարող հաշվարկային գնից խիստ ցածր գին առաջարկել: «Եթե կա հաշվարկ, որ մեկ կենդանու պատվաստումը, ստերջացումը միջինում արժենում է 26.000 դրամ, ապա 15 կամ 17 հազար դրամով մրցույթում հաղթելը աբսուրդի ժանրից է: Անգամ 21 հազար դրամի պարագայում տվյալ կազմակերպությունը խնդիրներ կունենա, եթե բոլոր պահանջները բավարարի: Որպեսզի կարողանա իր առաջարկած ցածր գնի մեջ տեղավորվել, տվյալ կազմակերպությունն առնվազն պիտի գնա կեղծիքների, աշխատանքի մեջ թերացման»,- նկատում է Արսեն Սումբուլյանը:
2025թ․-ին Արսենը Գյումրիում և Աբովյանում հայտարարված թափառող կենդանիների ստերջացման մրցույթներում պարտվել է «Նորոգում» ՍՊԸ-ին, որը պատկանում է «Կումնի» ՍՊԸ-ի հիմնադիրներին: «Աբովյանում ոչ թե մրցույթ էր, այլ աճուրդ,-ասում է Արսեն Սումբուլյանը,-ես ներկայացրել էի մեկ շան համար 30 հազար դրամ, «Նորոգում» ՍՊԸ-ն ներկայացրել էր 20 հազար 833 դրամ ու, բնականաբար, ինքն էլ հաղթեց, իսկ Մարտունիում նույն կազմակերպությունն ընդհանրապես 15 հազար դրամ էր առաջարկել մեկ շան ստերջացման համար: Տեսեք, երբ մրցակցությունը պրոֆեսիոնալների միջև է, առաջարկներն իրարից գումարային իմաստով կարող են մի 100 կամ 200 հազար դրամով տարբերվել: Դա վերջնարդյունքում եսիմ ինչ ազդեցություն չի ունենում, եթե, նորից եմ կրկնում, մասնակցողները իրենց գործի մասնագետներն են: Բայց երբ «Բուտկա ՍՊԸ» կարգի անհասկանալի, ոչ մասնագիտացված կազմակերպություններ են հայտնվում՝ համ ոլորտն են փչացնում, համ մեր վրա են ստվեր գցում, պաշտպանվելու մեխանիզմ էլ չկա»:
Զրուցակցիս համոզմամբ, քանի դեռ գնումների օրենքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ցանկացած մրցույթի մասնակցել ու ցածր գին առաջարկելով հաղթել, միակ տարբերակը մնում է պատվիրատուի բարեխղճությունը, այլապես պետք է հենց մրցույթի պահանջները փոխվեն: «Տեսեք, էն տեղերում, որտեղ հաղթել են ոչ մասնագիտացված կազմակերպություններն ու նրանց հետ կնքվել են պայմանագրեր, նշանակում է պատվիրատուին բնավ չի հուզել, թե որտեղ պետք է իրականացվի ստերջացումը, կա՞ պրոֆեսիոնալ թիմ, թե՞ ոչ: Եթե էս կետերին ուշադրություն դարձվեր, ապա Ջաջուռի անասնագոմը չէր ներկայացվի որպես կլինիկա: Նորից եմ կրկնում՝ գերադասում եմ մրցույթին մասնակցելիս պարտվել պրոֆեսիոնալ անասնաբույժի, գոնե վստահ կլինեմ, որ կենդանիները չեն տուժի: Ոչ պրոֆեսիոնալների մասնակցությունը ստերջացման մրցույթներին բերում է գումարների փոշիացման ու կենդանիների խեղման»:
Կենդանասերներին ևս անհրաժեշտ է, որ ոլորտը կարգավորվի, մրցույթներին հայտ ներկայացնեն մասնագիտացված կլինիկաներ: «Երբ ծրագիրը նոր էր ներդրվել, էսքան շատ խնդիրներ չկար,- նկատում է կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանը,-հետո, հայտնվեցին մարդիկ, որ ասեցին՝ ստոպ, հլը սպասի մենք էլ մտնենք ասպարեզ, փող աշխատենք: Եթե պայմանն էն է, որ հաղթում է ցածր գին առաջարկողը, ոչ թե գործի գիտակ մարդը, էլ ինչի մասին է խոսքը: Էստեղ լիքը վտանգներ կան և՛ փողլվացման առումով, և՛ կենդանիների անհետանալու առումով, արդյունքում պրոբլեմը մնում է, որովհետև նորմալ ստերջացում չի արվում, ստերջացված շան բիրկեն փոխում են, քանակը ցույց են տալիս, թղթերը ստորագրում պրծնում են, հաջորդ տարի հանգիստ խղճով էլի մրցույթ են հայտարարում: Հա՛մ կենդանիներն են տուժում, հա՛մ պետական գումարներն են փոշիանում, ո՞վ է պատասխան տալու էս ամենի համար»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել