Արցախյան վերջին մարտեր. Մարտունու Դ-30 մարտկոցը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զինուժը հարձակվեց Արցախի վրա, Մարտունու բրիգադի Դ-30 դիվիզիոնի մարտկոցներն առաջիններից էին, որ անցան գործողության։ Լուսնյակ բարձունքի ուղղությամբ ադրբեջանական զորքերի հարձակումը կասեցվեց ճշգրիտ հրետանային կրակով։ Մարտկոցների զինվորները պատմում են՝ ինչպես էին մեկ օրվա ընթացքում կրակում հարյուրավոր արկեր, պահում դիրքերը և կասեցնում հակառակորդի առաջխաղացումը։
Մարտունու շրջանի Սոս և Մաճկալաշեն գյուղերի մոտակայքում գտնվող Լուսավորիչ սարը, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ Լուսնյակ բարձունքը, 3-րդ բրիգադի Դ-30 դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հրամանատարական դիտակետն էր և բրիգադի ՀՕՊ-ի կառավարման կետը։
2-րդ մարտկոցի հրամանատարը Արա Ավանեսյանն էր։ Մարտկոցում պայմանագրային զինծառայողներ էին ծառայում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին մարտկոցի երկրորդ դասակը կրակային դիրքում էր, առաջին դասակը՝ զորամասում։
«Էդ օրն առավոտյան, որ հասկացա հակառակորդի կուտակումներ կան, հավաքեցի երկրորդ դասակը ու կառավարման դասակը, ու բարձրացանք դիրքեր։ Մեր դիրեքերը մոտ էին՝ մոտ 7-8 կիլոմետր։ Ժամը 11:30-ին հասանք կրակային դիրք։ Կրակային դասակին թողեցի էնտեղ ու կառավարման դասակի՝ վարորդի, հեռաչափորդի ու կապավորի հետ բարձացա դիտակետ»,- պատմում է մարտկոցի հրամանատարը։
Մարտկոցի դիտակետում՝ Լուսնյակ բարձրանալու ճանապարհին, սկսվել է հրետակոծություն։ Մարտկոցի հրամանատարը հրահանգել է վարորդին արագացնել մեքենայի ընթացքը, որ կարողանան հասնել անտառածածկ տարածքին։ Հետո հրամայել է իջնել մեքենայից և պատսպարվել ծառերի արանքում։ Իսկ ինքը վերցրել է հեռադիտակն ու գնացել առաջ, որպեսզի կարողանա կոորդինատներ փոխանցել կրակային դիրքի անձնակազմին։
«Իմ դիմաց «Խազազ» կոչվող բարձունքն էր։ Էնտեղ հակառակորդը հրետանային միջոցներ էր տեղակայել ու կրակ էր վարում մեր ուղղությամբ։ Մոտ մի ժամ կրակեցինք Խազազ բարձունքի վրա ու հասկացա, որ սա արագ չի ավարտվելու, լայնամասշտաբ մարտական գործողություններ են սկսվել»,- ասում է Արա Ավանեսյանը։
Արան հրամայել է կառավարման դասակին ծավալել դիտակետը՝ տեղադրել բուսոլը (հրետանային միջոցների համար նախատեսված օպտիկական սարքավորում) ու հեռաչափը (հեռավորությունը որոշեու համար նախատեսված լազերային սարք)։ Երբ օպտիկական սարքերն արդեն տեղադրված են եղել, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել դիտակետին։ Արկերից մեկն ընկել է այն տարածքում, որտեղ տեղադրված էին բուսոլը ու հեռաչափը։
Մարտունու բրիգադի Դ-30 հրետանային դիվիզիոնը տեղակայված էր Գիշի և Մսմնա գյուղերի միջև։ Առաջին մարտկոցը տեղակայված էր Գիշի գյուղի մոտակայքում, երկրորդ մարտկոցը՝ Կոլխոզաշեն գյուղի մոտակայքում, իսկ երրորդը՝ Մսմնա գյուղի մոտակայքում։
Երկրորդ մարտկոցի երրորդ հաշվարկի հրամանատարը Նարեկ Ղահրամանյանն էր։ Նա 2019-2021 թվականներին ծառայել էր Արցախի ՊԲ-ում, որպես ժամկետային զինծառայող։ 44-օրյա պատերազմի ընթացքում ստացել է վիրավորում։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է ծառայությունը որպես պայմանագրային։
«Պատերազմի օրը մարտկոցի երրորդ և չորրորդ հաշվարկները գտնվում էին մարտական հերթապահությունում։ Առավոտյան մեզ հերթափոխող խումբը շուտ տագնապով միացավ մեզ։ Մարտկոցում ունեինք երիտասարդ տղաներ, ովքեր առաջին անգամ պիտի անցնեին մարտական գործողությունների միջով, բայց զգալի մասը մեկ կամ մի քանի պատերազմ անցած էին։ Հումորով, ժպիտով փորձում էինք ցրել լարվածությունը և հոգեպես տրամադրել անձնակազմին մարտի։ Ու երբ առաջին արկը պայթեց, մեր դիրքում կազմակերպված անցանք գործողության»,- պատմում է Նարեկը։
Կրակային դիրքին նշանակետերի կոորդինատները փոխանցում էին մարտոցի հրամանատարը և դիվիզիոնի հրամանատարը։ Առաջին արկը կրակել է Նարեկի հաշվարկը, մարտը սկսվելուց 4-5 րոպե անց։
Երկրորդ մարտկոցի պահպանության տեղամասում ադրբեջանական հարձակման հիմնական ուղղությունը Լուսնյակ բարձունքն էր։ Մարտկոցը հիմնականում հրետանային հարվածներ է հասցրել Լուսնյակ և Խազազ բարձունքների ուղղությամբ։
«Մարտական գործողությունների ընթացքում մեր դիվիզիոնի շտաբի պետ Կարեն Մանուկյանը կոորդինատներ տվեց։ Բաց դաշտում հակառակորդի կենդանի ուժի մեծաքանակ կուտակում կար։ Կրակեցինք էդ ուղղությամբ։ Լսեցի, որ ռադիոկապով հաղորդում էր վերադաս հրամանատարությանը, որ ճշգրիտ էր հարվածը, հակառակորդը մեծ թվով զոհեր ուներ։ Դա ամենահիշվող դրվագն էր պատերազմի»,- ասում է հրանոթի հրամանատարը։
Մարտական գործողությունների ամբողջ ընթացքում թե՛ Լուսնյակ բարձունքը, թե՛ երկրորդ մարտկոցի կրակային դիրքն ակտիվ հրետակոծվել են։ Հակառակորդին չի հաջողվել գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքը։
«Մարտերի ավարտից մեկ ժամ առաջ Ավանեսյանը՝ մարտկոցի հրամանատարը, ռադիոկապով հաղորդեց, որ օգնություն է պետք, մեծ քանակությամբ կուտակումներ կան իրենց դիմաց ու շարժվում են իրենց ուղղությամբ։ Կրակային դիրքում արկերը վերջացել էին։ Էդ պահին անձնակազմը կազմակերպված արկերը ավտոմեքենաներից բերեցին դիրք։ Լուսնյակի ուղղությամբ մի ժամ անդադար կրակում էինք, որ կարողանայինք հակառակորդի առաջխաղացումը կանխել։ Վերջին կրակոցը մոտավոր տենց երկուսի-երեքի կողմերը արեցինք ու հաղորդեցին, որ պատերազմը ավարտվել է»,- պատմում է Նարեկ Ղահրամանյանը։
Երկրորդ մարտկոցի անձնակազմը Դ-30 հաբուցիները տեղափոխել է զորամաս։ Նրանք կրակային դիրքից դուրս են եկել սեպտեմբերի 23-ին։
Լուսնյակ բարձունքի պաշտպանությունը Արցախի վերջին պատերազմի հերթական վկայությունն է այն մասին, թե ինչպես փոքրաթիվ անձնակազմերը սահմանի տարբեր հատվածներում կարողացան կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել