HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգերը չեն կրնար զատուիլ իրենց անցեալէն՝ առանց պատիժի. Հակոբ Օշական (մաս 2)

սկիզբը

Կինը՝ Արաքսին, շատ քաղցր հուշեր ուներ իր ամուսնուց: Ասում էր՝ «ինք մասնագիտութիւն ունէր ափի գիծերը կարդալու»: Եվ ի՜նչ «տամա» խաղացող էր: Անգամ ծոցատետր ուներ, որտեղ ինչ-որ նշումներ էր անում խաղի հետ կապված: Մի անգամ, Երուսաղեմում ապրած ժամանակ, Բեթղեհեմից լուր է ստանում, թե եկել է «ծեր ֆելլահ արաբ մը», որ վարպետ դամա խաղացող է: Հակոբը շտապում է այդ ծեր գյուղացու հետ մրցելու: Արաբական սրճարանում ասեղ գցելու տեղ չկար: Խաղը տևում է 3 ժամ և ավարտվում ոչ-ոքի արդյունքով: Իսկ ինչպե՜ս էր սիրում իր ձեռքով պատրաստել գառնուկի մսով Բարտի կոչվող ճաշը, որ անհնար եղավ պարզել, թե որն է: Երեխաները տանել չէին կարողանում այն, յուրահատուկ հոտի պատճառով: Հակոբը կապում էր գոգնոցը, մսի տախտակը վերցնում, իջնում պարտեզ և անցնում գործի՝ երգելով: Նրա երգե՜լը... Նստում էր իրենց տան պատշգամբի բազմոցին, մեջքը հենում բարձին ու երգում: Իր «մենահամերգը» տևում էր մոտ 2 ժամ: Երգում էր շարականներ, Կոմիտաս, հեղափոխական երգեր, թրքական սիրային երգեր: Խենթանում էր Սայաթ Նովայի համար: Եթե իր երգը չէր լսվում, նշանակում է արաբ դրացիներից մեկի տանը մահ կար: Եվ ավանդույթի համաձայն, 1 շաբաթ շարունակ, թաղում լսվում էին կույր երգիչների ողբերգերը: Հաճախ իր արարքները արտառոց էին թվում ուրիշներին: Կիպրոսում ապրած շրջանին, երբ կարճ տաբատով զբոսանքի էր գնում, դրացիները, անցորդները խենթ էին կարծում նրան: Երբ առավոտները մարդկանց՝ «Բարի երեկոյ», իսկ՝ երեկոները՝ «բարի լոյս» էր ասում, խենթ ըլլալը լիովին «հաստատվում էր»: «Կնիկս, թող այդպէս կարծեն, ես հոգ չեմ ըներ, դուն ալ մի ըներ»,- հանգստացնում էր Արաքսիին: Եթե սակավամարդ հուղարկավորություն էր տեսնում, դուրս էր գալիս տանից և միանում, միանգամայն անծանոթ հանգուցյալին ուղեկցող թափորին՝ «ղարիպ է» ասելով: Եթե բազմամարդ, ճոխ թաղումի էր հանդիպում, քթի տակ մռթմռթում էր, թե՝ «ասոնք բոլորն ալ յիմար են», այսքան մարդու հավաքվելը ինչի՛ համար է: Իր թաղման համար կտակ էր թողել ընտանիքին՝ «միայն ու միայն մտերիմներն ըլլան»: Բայց տասնյակ հազարներ եղան վերջին ճամփա դնողները:

Հակոբ Օշականը Ռուբէն Տէր Մինասեանի հետ.jpg (307 KB)

Հակոբ Օշականը Ռուբէն Տէր Մինասեանի հետ

Իսկ հայությունը «տափուկ կեանք մը կը բլբլայ...»

2 տասնամյակի ընթացքում բնաջնջումի և եղեռանգործության 4 արարների ժամանակակիցն էր: Արդեն ասպարեզ էին եկել էժանագին, հաճելի կարգախոսներ եղբայրության, հավասարության մասին և սկսվել էր ազգերի ինքնության փոխարինումը օսմանցիությամբ: 1908 թվականին փոփոխված սահմանադրությունը «հին կուռքերուն տապալումը» բերեց և նոր կուռքեր սարքեց: 2-րդ արարն էր՝ Ադանայի կոտորածը: «Որբերու հարցը օրուան վէրքն է... մնայուն մխացումն է ան...», որին այնքան անտարբեր էր հայ Պոլիսը: «...Պոլսեցին... միայն դիտող մը եղաւ արիւնով լոգցած այդ ծաղիկներուն համր դալկահար հոգեվարքին»: Իսկ հարուստնե՞րը՝ որոնք գութի ոչ մեկ «յուսադրիչ օրինակ» ցուցադրեցին: «Տալու, լայնօրէն օգնելու սրտէն փրթած փափաք մը չի դղրդեց առհասարակ մեծատուններուն աշխարհը, չի հանդիպեցանք առատաձեռնութեան մը...», որ համարժեք լիներ այդ սոսկալի աղետին: Ադանայի սահմաններից դուրս հայությունը «տափուկ կեանք մը կը բլբլայ...», և մտավորականությունն էլ իր նույն դիրքի վրա է՝ «...միշտ ...ստրկօրէն տափակ ու սողացող մեծամասնութեան հանդէպ»: Որքան ուժ և լիցք էր կորչում անիմաստ հանդեսների, հավաքների, պարապ խոսքերի մեջ, փոխանակ գործ արվեր: «...Ափսո՜ս, կենսունակութեան առատ մթերք մը ճառերու եւ ծափերու մէջ կը շոգիանայ...Անգիտակից զանգուած մըն ալ ... գործիչներու բերնէն կը կախուին, գինովնալով... ճառախօսին պերճաբանութենէն...»: Deja vu!

Այդ տարի, եղեռնից կործանված Ադանայի գյուղերի, հատկապես «Նիկիոյ լճին շուրջ գտնուող»-ների այգիներում, ձիթապտղի հրաշալի բերք կար: Օշականը Պոլսո Պատրիարքարանին և որբախնամ մարմիններին առաջարկում է այդ բերքն ամբողջապես ի սպաս դնել աղետյալներին:

Ձերբակալություններ և աներևակայելի փախուստներ

1912թ. Բալկանյան պատերազմի ժամանակ Հակոբը Բուլղարիայի սահմանակից Մալկարայի վարժարանում էր աշխատում և վայելում իր լավ բարեկամ, հրաշալի մտավորական Արտաշես Հարությունեանի հյուրընկալությունը և անձնական հարուստ գրադարանի գրքերը կարդալու բերկրանքը: Երբ բուլղարացիները մտան քաղաք, թուրքերը փախան: Հակոբը մի թուրք ուսուցչի թաքցրեց իր տանը, հետո կեղծ փաստաթղթերով, ճանապարհեց Պոլիս: Շուտով սկսվեց Հայոց արհավիրքի 3-րդ արարը: Օշականը ձերբակալվեց որպես դասալիք և թուրքերին՝ Մալկարա մտած բուլղարացիներին մատնած լինելու կեղծ մեղադրանքով: Համարձակորեն ձայնը բարձրացնելով և անպատվելով ոստիկաններին, պահանջեց գտնել այն ուսուցչին և առերեսման բերել: Բարեբախտաբար թուրք ուսուցիչը ազնիվ գտնվեց: Նրա տված վկայությունը փարատեց այս վերջին մեղադրանքը, և Հակոբն ազատվեց աքսորվելու վտանգից ու կարողացավ փախուստի դիմել: Այսպես՝ 7 անգամ հաջողեց օձիքն ազատել հետապնդումից, «...բայց լման չորս տարի ամէն գիշեր ես ապրեցայ այդ եղերականութիւնը՝ թուրքին դանակին բարձրանալը վրաս»: Նախ՝ Հակոբին թաքցրին 1915-ի Ապրիլ 24-ին աքսորված, ապա սպանված հրատարակիչ Բարթուղ Զօրեանի ծնողները: Նա այս խիզախ ընտանիքի տանը մնաց մոտ 6 ամիս: Օգնելու համար իրենց զավակին կորցրած տեր և տիկին Զօրեաններին՝ նպարավաճառներին հանձնելու համար թղթե տոպրակներ էր պատրստում իր թաքստոցում: Մի օր, ոստիկանները թակում են տան դուռը և սկսում խուզարկությունը: Հակոբը պահվում է ննջասենյակի զգեստապահարանի խորքը: Տան տիկինը պահարանի դուռը միտումնավոր կիսաբաց է թողնում: Տունը տակնուվրա անելուց հետո, տիկինը հեգնանքով ոստիկաններին առաջարկում է ստուգել նաև կիսաբաց զգեստապահարանը: Խաբված ոստիկանները հեռանում են ձեռնունայն: Ժամանակի հեռվից Հակոբի փախուստները և փրկությունները երբեմն զավեշտալի են թվում: Հաջորդ անգամ, արդեն Գատը Գյուղի եկեղեցու բակում հանդիպում է թուրք ոստիկանների, որոնք նրան ցույց են տալիս իր իսկ լուսանկարը և հարցնում, թե այս մարդուն չեք տեսել: Հակոբն էլ, իրեն չկորցնելով ասում է՝ տեսել եմ, եկեղեցում է: Ոստիկանները մտնում են ներս, ինքն անհետանում է: Հաջորդ անգամ նստում է հանրակառք Պեշիկթաշ՝ ընկերոջ տուն հասնելու և այնտեղ թաքնվելու համար: Հակառակի պես այդ տունը Էնվերի դղյակի դիմաց է լինում, և այդ օրն էլ՝ մի մեծ խնջույք դղյակում: Ամբողջ թաղը, ապահովական նկատառումներով, շրջապատված էր ոստիկաններով: Հակոբը սառնասրտորեն մոտենում է մուտքին կանգնած ոստիկանին և հրամայում՝ « Ճանապարհ տուր տունս մտնեմ»:

Աջից՝ անհայտ, Հ. Օշական և  Հրանդ Նագգաշեան.jpg (296 KB)

Ձախից՝ անհայտ, Հ. Օշական և Հրանդ Նագգաշեան

Վերջին հանդիպումը

Ընդհանրապես՝ Պոլսում հետապնդումներից թաքնվող մտավորականներին տեղեկություն, լրագրեր, ուտելիք, և այլն հասցնում էին Էսայեան վարժարանի աղջիկները: Նրանք մի տեսակ կապավոր էին ընդհատակի և աշխարհի միջև: Երբ հերթական անգամ Հակոբին բռնում են և ուրիշների հետ շարքով տանում ոստիկանություն, վարժարանի անվախ աղջիկները փողոցում հրմշտոց և իրարանցում են հրահրում՝ այդ թոհուբոհի մեջ շարքից «պոկելով» Հակոբին և հերթական անգամ ազատելով ստույգ ձերբակալությունից և աքսորից: Բայց իր ընկերներից քանի՜սը չազատվեցին: Նահատակված գրողներից ոմանց՝ այդ թվում Դանիել Վարուժանին և Ռուբեն Սևակին վերջին անգամ տեսել էր հենց 1915-ին՝ Ռ. Սևակի տանը՝ Բերա թաղում: «Քաղաքը անճանաչելի էր դարձած: Ու մէկէ աւելի գրողներու մասնակցութեամբ, սեղանի մը գլուխը անիկա բաժակ մը գինի պարզեց մեր գրականութեան: Ու կարդաց իր «Կարմիր Հողը»: Չեմ կրնար մոռնալ կրակը, որ ձայնն ու դէմքը առած էր իր մէջ, երբ քերթուածը կը յօրինուէր, մեր ամենուն հիացման առջեւ...»: Անգամ Ռ. Սևակի գերմանուհի կինը, որի հայերենը «տունի հայերէն» էր միայն, ինչպե՜ս «առնուեցաւ բառերուն այդ կրակէ շապիկին մէջ ու լացաւ...»:

Նրանք, «որոնց մասնագիտութիւնը եղաւ քաղաքակրթութիւններ թաղել...»-ը

Հակոբը վաղուց գիտեր Օսմանյան կայսրության «մեծ երազանքի» սահմանների մասին, որ գծվում էին 3 հզոր գետերով՝ Եփրատ, Նեղոս և Դանուբ: «Հարցուցէք ոեւէ թուրքի իր դպրոցական շրջանէն իր տպաւորութիւնները։ …. Ամէն տղայ երդում կ’ընէր իր երիվարը Դանուբէն ջրելու։ Ու կը հաւատար Գահիրէի պալատին մէջ խոսուող թուրքերէնին գեղեցկութեան»:

Հայության վրա տարածված այդ «աննահանջ քաղցկեղ»ը 500 տարի ուսումնասիրել էր մեզ, հասկացել մեր հոգեբանությունը, «բարեկամ» ներկայացել և քաղցր, լպրծուն խոսքերով թուլացրել մեր սիրտը, միտքն էլ իսպառ անջատել և մշակել մեզ ոչնչացնելու ամենաարդյունավետ եղանակը: Թուրքերը, որոնց մասնագիտությունը, ինչպես գրում է Օշականը, քաղաքակրթություններ թաղելն էր, նոր ախորժակ էին բացել. Հայերին կոտորելուց, մյուս մասին էլ Հայրենիքից բռնի տեղահանելուց հետո, «Անոնք մեր երկրին աւերակներն ալ ձեռնարկած են անյայտ ընելու, սկսելու համար նոր իրենց քաղաքակրթութիւնը, մաքուր թուղթի մը վրայէն»՝ այսինքն՝ սկսելու իրենց զրոյական կետից: Այս ցեղը «Արեւէլքին աղտն է, կեղը, թարախը...»: «Անցէք Պոլիսէն մինչեւ Հինտիգուշ ո՛ւր որ կանանչ կայ, ո՛ւր որ երկու ծաղիկ աճել կամ ութ-տասը քար կամարի մտեր, գիտցէք թէ մեր շունչն է կատարողը այդ հրաշքին: Ու մեր շարականներն կը պատմեն մեր չմեռնող կենդանութիւնը»: Եվ ի՞նչ պատահեց աշխարհը կանաչով և կառուցումով լցրած հայության հետ: Ինչպես հարևան դարձած քոչվորները այն աստիճան աղճատեցին մեզ 500 և ավել տարիների ընթացքին, որ երեկ՝ Օշականի ապրած օրերին և այսօր «... հարիւր, հազար, տասը հազար հայ, նոյնիսկ խնճույքի համար, քով քովի չեն կրնար խմբուիլ, առանց իրար ուտելու...»: Մի ժամանակ ասում էր՝ թե մեր ողջամտությունը, որ մարդու ամենից չքնաղ առաքինություններից մեկն է՝ «բնազդի, բանականութեան և փորձառութեան համադրումներէն բաղադրուած...», միշտ արթուն է եղել: Եվ պարտաւոր էինք նախազգալ «մեր ժողովուրդին գոյութիւնն իսկ սպառսպուռ ջնջելու չափ ընդարձակ» աղետը, որ նյութվում էր:

Զիրար ուտելու վատութիւնը՝ դաւաճանութիւն է հիմա

1909թ. Նոյեմբեր ամսի «Առաւօտ»ի համարներից մեկում բացատրեց Պոլսեցիներին, մտավորականներին՝ թե նոր լուծումներ են պետք: «...Մտային առողջ, գիտական վերակազմութիւն մը ամէնէն առաջ»: Եվ երկրորդ՝ միաբանություն, փրկության միասնական քաղաքականություն՝ անգամ իրարից տարբերվող կուսակցական, կամ այլ հայացքների: «Զիրար ուտելու վատութիւնը՝ դաւաճանութիւն է հիմա: Դուք միջոց ունիք, մամուլ ունիք, գիրքեր ունիք, մրցումին պատրաստեցէք մեզ, հանճարներու կռուին, ուր պարտութիւն մը մեր իսկական ու վերջնական գերութիւնը պիտի ստեղծէ, այս անգամ անողոք գերութիւն մը, որովհետեւ աշխարհը կը քալէ անյեղլի օրէնքներով...»: Ադանայի ցավը, այս նոր տառապանքը, մեր հոգու խորտակումը «... իր ահաւորութեամբը մանաւանդ կը շեշտէ ազգովին դարմանի մը պէտքը»: Բայց Ադանայի եղեռնից հետո, որ թուրքերը ներկայացրել էին իբրև թե «Իսլամներ եւ Քրիստոնեաներ թիւրիմացաբար իրարու վրայ յարձակուած են», ազգային դարման գտնելու անհետաձգելի հարցը նորից մնաց անկատար: Եվ վրա հասավ 1915թ., երբ, ինչպես ասացինք, Հակոբը 7 անգամ ազատվեց վերահաս մահից: Բայց ճակատագրի հետ խաղ անել պետք չէր: Էսայեան վարժարանի աղջիկները գերմանական սպայի համազգեստ ճարեցին: Այն նեղացրին-լայնացրին, կարճացրին-երկարացրին, մի խոսքով, Հակոբի հագով դարձրին և ճամփա դրեցին նրան դեպի Բուլղարիա: Մի ժամանակ Արմաշի Դպրեվանքի հեռատես տեսուչ Եղիշե Դուրեանի հորդորով սովորած գերմաներենը հիմա շատ պետք եղավ: Ֆիլիպեն՝ այսօր Պլովդիվը, թերևս Բուլղարիայի ամենից հայաշատ քաղաքն էր այդ օրերին՝ լեցուն գաղթականներով: Շատերը օթևան էին գտել «Հայ տուն»-ը կոչված հաստատությունում: Հակոբը՝ ևս: Բայց ձրիակեր լինելու միտքը նեղում էր նրան: Եվ սկսեց վարձու սենյակ փնտրել: Ոտքերը նրան տարան Ֆիլիպեի ամենագեղեցիկ տեսարանով, հրաշալի դիրքով տունը՝ ճակատագրական տունը:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter