Չնայած քրեական վարույթին, Մարատ Ղուկասյանը շարունակում է աշխատել
Մարդկանցից խաբեությամբ գումարներ շորթած Մարատ Ղուկասյանի գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Հետքին» հայտնեց Քննչական կոմիտեն։ Հարցաքննվածների վերաբերյալ նախաքննական մարմինը տեղեկատվություն չի փոխանցում։
2025-ի սեպտեմբերի 15-ին «Հետքը» գրել էր Մարատ Ղուկասյանի մասին, որն աշխատանքի հայտարարություններ էր տարածում սոցիալական ցանցերում և խաբեությամբ գումարներ կորզում երիտասարդներից։
Կարինե Սիմոնյանը (քաղաքացու անունը փոխել ենք իր խնդրանքով) զանգահարել էր «Հետքի» խմբագրություն և հարցնում էր՝ տեղյա՞կ ենք, թե երբ է Մարատ Ղուկասյանը փոխանցելու տուժածների գումարները։
Կարինեն Մարատ Ղուկասյանի հետ ծանոթացել էր առցանց՝ երբեք չի հանդիպել, օգոստոսի 27-ին առաջին անգամ խոսել են հեռախոսով։ Կարինեն տիրապետում է անգլերենին, սովորում էՎալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանչական գործ ֆակուլտետում։ Մարատի տարածած աշխատանքի հայտարարությունը տեսնելով՝ մտածել է դիմել, քանի որ այդ ժամանակ աշխատանք չուներ։
«Ընկերուհիս հայտարարությունն ուղարկեց, ասաց, որ կարող եմ դիմել, անգլերենի և հայոց լեզվի մասնագետների համար էր հայտարարությունը։ Հետո պարզվեց, որ պիտի ինչ֊որ վճարում անեմ, վերապատրաստում անցնեմ։ Գուցե շատերի համար դա փոքր գումար է, բայց ինձ համար այդ փուլում, երբ աշխատանք չունեի, մեծ գումար էր»,-ասում է նա։
Կարինեն Մարատի անձնական հաշվին փոխանցել է 25 000 դրամ, Մարատը նրան ասել է, թե դասընթացի իրական արժեքը 50 000 դրամ է, բայց եթե մինչև աշխատանքային օրվա ավարտ գումարը վճարի, կարող է կես գին ակցիայից օգտվել։
Կարինեն հավատացել է, կատարել փոխանցումը։ Խոստացված դասընթացները չեն կայացել, Կարինեն աշխատանք չի ստացել։ Հասկացել է, որ խաբեության զոհ է, երբ կարդացել է «Հետքի» հոդվածը։
Մինչ օրս «Հետքի» խմբագրությունը նամակներ և զանգեր է ստանում Մարատ Ղուկասյանից տուժածներից։ Նախորդ հրապարակման հերոսներն էլ դիմում են խմբագրություն` տեղեկանալու, թե ինչ արդյունք է տվել իրավական գործընթացը։
Սոցցանցերում Մարատ Ղուկասյանը շատ ակտիվ է, մասնակցում է դասընթացների, միջոցառումների, ներկայացնում իր հիմնադրամը։ Նույնիսկ քրեական վարույթը չի խոչընդոտում Մարատ Ղուկասյանի գործունեությանը։ Ավելին՝ իր գրառումներից մեկում նա անդրադարձել էր «Հետքի» հոդվածին ու նշել, որ «ոչ մի հրապարակում չի կարող արատավորել իր կատարած ազնիվ աշխատանքը»։
Բացի այդ, երիտասարդներին էլ հայտնել էր, թե պատրաստվում է առաջադրվել Վաղարշապատի ավագանու ընտրություններին։ Մենք ուսումնասիրել ենք Վաղարշապատի ավագանու ընտրություններին գրանցված 8 ուժերի ցուցակները, դրանցից ոչ մեկում նրա անուն չկար։
«Հետքի» ընթերցողներից Լիլիթ Սահակյանը պատմում է, որ Մարատ Ղուկասյանը «Հետքի» հրապարակումից հետո իր էջերում երկու տարբեր դասընթացների առաջարկներ է արել։
«Տելեգրամյան խմբերից ջնջել է այն մարդկանց, ովքեր իրենց գումարները հետ էին ուզում, հիմա ընկել է բոլորի հետևից, անձնական նամակներ է գրում, որ դասընթացներ լինելու են։ Սպառնում է, որ իր իրավաբանի միջոցով դատի է տալու իրեն զրպարտողներին»,-ասում է նա։
Լիլիթի խոսքով, Մարատը չգիտի, որ իրենից տուժած քաղաքացիներն իր նամակները պահել են, որտեղ նաև սպառնալիքներ կան։
Խմբագրություն դիմած Անի Ավետիսյանն էլ պատմում է, որ «Հետքի» հոդվածից հետո Մարատ Ղուկասյանը մի քանի անգամ զանգահարել է և ասել, որ իր մասին կեղծ տեղեկատվություն է տվել, ապա առաջարկել հանդիպել իր գրասենյակում և խոսել։ Անին մերժել է։ Մարատն ասել է, թե Անիի դեմ իրավական գործընթաց է սկսելու։
«Ես իսկապես, չեմ հասկանում, թե ինչպես է ստացվում, որ չնայած նախաձեռնված վարույթին, Մարատը շարունակում է աշխատել, դեռ մի բան էլ ահաբեկել մարդկանց ու սպառնալ, թե իրավական գործընթաց կսկսի»,-ասում է նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել