1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ
Արտաշատ համայնքի ավագանու անդամ Կարեն Ղազարյանին պատկանող ընկերությունը՝ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, հաղթում է նույն համայնքի հայտարարած գնման մրցույթներում և մոտ 1 միլիարդ դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ։
Կարեն Ղազարյանն Արտաշատ համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին կայացած Արտաշատի ավագանու հերթական ընտրություններին «Օրենք և արդարություն» կուսակցության ընտրացուցակով։ Այս կուսակցությունը հիմնադրվել է Արտաշատի ավագանու ընտրություններից մեկուկես ամիս առաջ և հիմնադիր-նախագահն էլ Կարեն Ղազարյանն է։ 2021-ի ընտրություններին նրա գլխավորած կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել ստանալով ընտրողների ձայների 28%-ը։ Արտաշատ համայնքի ավագանու 2021թ․ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և Արտաշատ համայնքի ղեկավար է ընտրվել ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը։ «Օրենք և արդարություն» կուսակցությունը հիմնադրումից հետո մասնակցել է միայն Արտաշատ համայնքի ավագանու ընտրություններին։
Ավագանու ընտրություններում հաղթած մեծությամբ երկրորդ ուժի ղեկավարը նաև ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ունի մի քանի ընկերություն, որոնցից մեկը՝ «Գլոբուս շին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, մասնակցում է Արտաշատ համայնքի գնումներին։ Ղազարյանն այս ընկերության 100% փայատերն է դարձել 2024 թվականի մայիսի 3-ին, և մինչ օրս Արտաշատ համայնքի հայտարարած երեք գնումներում հաղթող է ճանաչվել։
1 մլրդ 25 մլն դրամի պայմանագրեր
Արտաշատ համայնքը 2025 թվականի հուլիսի 23-ին մրցույթ է հայտարարել համայնքի մի շարք բնակավայրերի ոռոգման ցանցի կառուցման և նորոգման համար՝ 8 չափաբաժիններով՝ ամեն չափաբաժնի մեջ ներառելով մի քանի բնակավայր։ Գնման այս մրցույթին մասնակցել է 9 ընկերություն, այդ թվում՝ Կարեն Ղազարյանին պատկանող «Գլոբուս շին» ՍՊԸ-ն, որը հաղթող է ճանաչվել 3 չափաբաժիններով, և հոկտեմբերի 22-ին Արտաշատ համայնքը պայմանագիր է կնքել ընկերության հետ։ Ըստ գնումների համակարգում հրապարակված փաստաթղթերի՝ Ղազարյանին պատկանող ընկերությունը պետք է կառուցի և վերանորոգի Արտաշատ քաղաքի, Այգեզարդ, Այգեպատ, Կանաչուտ, Մրգանուշ, Դիտակ և Արաքսավան գյուղերի ոռոգման ցանցերը։ Այս աշխատանքի համար համայնքն ընկերությանը կվճարի 258 մլն 378 հազար դրամ։
2024-ի նոյեմբերի 6-ին Արտաշատ համայնքը պայմանագիր է ստորագրել «Գլոբուս շին» ՍՊԸ-ի և «Արտ պլաս» ՍՊԸ-ի կոնսորցիումի հետ։ Մրցույթում հաղթած կոնսորցիումին համայնքը կվճարի 663 մլն 213 հազար դրամ։ Կնքված պայմանագրի մասին հայտարարության փաստաթղթում նշվում է, որ կոնսորցիումը մանկապարտեզ է կառուցելու Արտաշատ քաղաքում և Բուրաստան բնակավայրում։
Արտաշատ համայնքը 2024 թվականի հոկտեմբերին գնման մրցույթ է հայտարարել երեք մասով, ծրագրով երեք բնակավայրերում (Այգեպատ, Մխչյան, Քաղցրաշեն) այգի կամ պուրակ բարեկարգելն է։ Երեք բնակավայրերի մասով էլ մրցույթում հաղթող է ճանաչվել «Գլոբուս շին», «Արտ պլաս» և «Աշիկյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ների կոնսորցիումը։ Այս աշխատանքների համար համայնքը կոնսորցիումին վճարել է 103 մլն 398 դրամ։
«Աշիկյան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատերը՝ Արտակ Աշիկյանը, նույնպես Արտաշատ համայնքի ավագանու անդամ է։ Աշիկյանը Կարեն Ղազարյանի «Օրենք և արդարություն» խմբակցությունից է։
Արտաշատի համայնքապետարանի գնումների բաժնի պետ Փայլակ Հակոբյանից հարցրել ենք՝ արդյոք ավագանու անդամին պատկանող ընկերության հետ պայմանագրեր կնքելը շահերի բախում չէ։ ։ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Գլոբուս շին» ՍՊԸ-ն հավատարմագրային կառավարման է հանձնված և իրենք այս ընկերության հետ պայմանագիր կնքելու մեջ շահերի բախում չեն տեսնում։
Մենք զրուցեցինք նաև «Գլոբուս շին»-ի սեփականատեր Կարեն Ղազարյանի հետ։ Նա ևս նշեց, որ ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնել և չի զբավում ընկերության կառավարման հարցերով և այդ պատճառով այստեղ շահերի բախում չի տեսնում։
Համայնքապետարանի որոշումը՝ դատական վեճի առարկա
Այգիների բարեկարգման մրցույթին մասնակցել են այլ ընկերություններ ևս, այդ թվում՝ «Քանքարշին» և «Դուստր Մարգարիտա» ՍՊԸ-ների կոնսորցիումը, որը Այգեպարում այգի և Քաղցրաշենում պուրակ բարեկարգելու համար ավելի ցածր գին էր առաջարկել, քան Կարեն Ղազարյանի ընկերության մասնակցությամբ կոնսորցիումը։ Գնահատող հանձնաժողովի նիստում արձանագրվել է, որ «Քանքարշին» և «Դուստր Մարգարիտա» ՍՊԸ-ների կոնսորցիումի ներկայացրած հայտում կան անհամապատասխանություններ, և մերժվել է կոնսորցիումի հայտը։ Այս արձանագրությունը բողոքարկվել է քաղաքացիական դատարանում։ Առաջին ատյանի դատարանը որոշել է բավարարել կոնսորցիումի հայցը և անվավեր ճանաչել կոնսորցիումի հայտն անբավարար գնահատելու և մերժելու մասին որոշումը։ Առաջին ատյանի որոշումն Արտաշատի համայնքապետարանը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որը բեկանել է առաջին ատյանի որոշումը և մերժել կոնսորցիումի հայտն անբավարար գնահատելու և մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջը։ 2025-ի նոյեմբերի 3-ին Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարանում, որը պետք է վերջնական որոշում կայացնի։
Համայնքապետը շահերի բախման մասին հայտարարություն չի ներկայացրել
Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի՝ վերադաս չունեցող պաշտոնատար անձինք, ինչպես օրինակ համայնքապետն է, շահերի բախման իրավիճակում հայտնվելիս պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն հայտարարություն՝ շահերի բախման առկայության մասին։ Արտաշատի համայնքապետը շահերի բախման մասին հայտարարություն չի ներկայացրել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել