HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թուրքիայի կողմից Ադրբեջանի լիակատար կլանման հավանական ռիսկ կա երկարաժամկետ հեռանկարում, ինչը կհանգեցնի կոնֆեդերատիվ միության պարտադրմանը»

Նախորդ հոդվածում անդրադարձել էինք 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում շարունակվող եւ սրվող հայատյաց քաղաքականությանը: Այս մասին գիտական հոդված էին պատրաստել ԵՊՀ դասախոսներ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Լեւոն Հովսեփյանն ու Արտյոմ Տոնոյանը: Վերջինիս հետո «Հետքը» խոսել է նաեւ հեղինակների մեկ այլ համատեղ գիտական հոդվածի մասին, որի նյութը 2020 թ. պատերազմից առաջ եւ հետո թուրք-ադրբեջանական հարաբերություններն են:

«Դաշինքից փափուկ նվաճում, թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի անատոմիան 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ եւ հետո» վերնագրով հոդվածը (From alliance to ‘soft conquest’: the anatomy of the Turkish-Azerbaijani military alliance before and after the 2020 Nagorno-Karabakh war) հրապարակվել է Small Wars and Insurgencies («Փոքր պատերազմներ եւ ապստամբություններ») գիտական ամսագրում։

Հոդվածը կառուցվել է ադրբեջանական բաց աղբյուրների տեղեկատվության ներկայացմամբ: Այն փակ հասանելիություն ունի: Գիտական աշխատանքը ցույց է տալիս թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ամբողջական պատկերում՝ 1990-ականների սկզբից մինչ օրս: Հոդվածի նպատակն է բացահայտել ռազմական համագործակցության դինամիկայի որակական տեղաշարժերն ու փոփոխությունները՝ գնահատելով դրանց անմիջական եւ անուղղակի ազդեցությունը ադրբեջանական հասարակության ինքնության զարգացման վրա:

Դեռ 1992 թ. Թուրքիան Ադրբեջանում դրել է իր ռազմական կրթության հիմքը, ինչից 18 տարի անց՝ 2010-ին, երկկողմ համագործակցության պաշտոնական համաձայնագիր է ստորագրվել, որով, ըստ հոդվածագիրների, նոր էջ է բացվել թուրք-ադրբեջանական հարաբերություններում:

Ադրբեջանում ռազմական դպրոցը երկու ուղղություն է ունեցել՝ ռուսական եւ թուրքական: 2020 թ. պատերազմից հետո թուրքական դպրոցը գերակայություն է ստացել: Արտյոմ Տոնոյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ պատերազմը ցույց տվեց ավելի վաղ սկսված գործընթացի տրամաբանական ավարտը: Ընդ որում՝ դա բերել է մի քաղաքականության մշակման, որն ազդարարում է Ադրբեջանի բանակի կառուցվածքային, մոդելային անցումը դեպի թուրքական բանակ:

Տոնոյանը նկատում է, որ 44-օրյա պատերազմից օրեր անց էր Ադրբեջանի ղեկավարը հայտարարել, որ իրենք բանակը տանում են դեպի թուրքական մոդել:

«Իրականում մի քանի ոլորտներում Թուրքիան ունի շատ տպավորիչ ներկայություն։ Դրանցից մեկը հենց բանակն է։ 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների շրջանակում թուրք գեներալ է նշանակվել, եթե բառացի թարգմանենք հաստիքի անվանումը, Ադրբեջանի պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնում։ Այսինքն՝ նրա օգնականներից մեկի հաստիքը քվոտայով պատկանում է Թուրքիային։ Սա շատ հետաքրքիր, ֆենոմենալ երեւույթ է։ Կդժվարանամ ասել, թե արդյոք սրա երկրորդ օրինակը կա աշխարհում։ Սա ինքնին ցուցիչ է, թե Թուրքիան ինչպիսի խորը ռազմական ներկայություն ունի ադրբեջանական ռազմական համակարգում»,- մանրամասնում է արեւելագետը:

Մինչեւ 2020 թ. պատերազմը, ըստ «Հետքի» զրուցակցի, Հայաստանում եղել են թուրքագետներ, որոնք խոսել են Թուրքիայի՝ պատերազմի մեջ ներգրավվելու մասին: Դրա համար երկու կարեւոր հանգամանք կար: Առաջինը Թուրքիայի փոփոխված արտաքին քաղաքականությունն է. նախկինում եվրոպական ինտեգրացիայի հակված Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքական կուրսը դեպի Արեւելք ու Կովկաս։ Տոնոյանը նշում է, որ սրա եւ նեոօսմանիզմի մասին շատ է խոսվել Հայաստանում, այդ թվում՝ գիտական գրականության մեջ: Այսպիսով՝ ի տարբերություն առաջին Արցախյան պատերազմի, 44-օրյա պատերազմից առաջ արդեն կար այլ Թուրքիա, որն իր պատկերացումներն ու դիրքորոշումներն ուներ հայ-ադրբեջանական հակամարտության մասով, որոնց հիման վրա էլ մեծացնում էր իր ներգրավվածության մակարդակը:

Թուրքիայի ներգրավվածության երկրորդ կարեւոր հանգամանքը, որն, ըստ մեր զրուցակցի, գուցե առաջինի չափ տեսանելի չէ, Թուրքիայի տնտեսական գործոնն է՝ այս երկրի ՀՆԱ-ի մեջ ռազմական ադյունաբերության փոփոխվող դինամիկան: «Երբ քո տնտեսության մեջ ռազմական արդյունաբերությունն սկսում է շոշափելի տեղ զբաղեցնել, դա եւս կողմնակի ինդիկատոր է, որն ազդում է պետության արտաքին քաղաքականության վրա՝ վերջինիս մղելով ագրեսիվ արտաքին քաղաքականության՝ խրախուսելու համար հակամարտությունները»,- նշում է Արտյոմ Տոնոյանը:

44-օրյա պատերազմից հետո Արդբեջանի՝ Թուրքիայից կախվախություն սկսել է ավելի մեծանալ: Մեր զրուցակիցն ասում է, որ քիչ օրինակներ կան, երբ հաղթանակի բեմը որեւէ երկրի նախագահ կիսում է այլ երկրի նախագահի հետ, մինչդեռ Ալիեւը ռազմական շքերթի բեմը կիսեց Էրդողանի հետ: Սա, ըստ Տոնոյանի, փոփոխվող հարաբերությունների եւ մեծացող կախվածության ցուցիչ է: Ընդ որում՝ 2021 թ. հունիսի 15-ին Թուրքիան եւ Ադրբեջանը երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել («Շուշիի հռչակագիր»), որը լրացրել է 2010-ի համաձայնագիրը՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները տեղափոխելով որակական նոր մակարդակ:

«Թուրքիայի կողմից Ադրբեջանի լիակատար կլանման հավանական ռիսկ կա երկարաժամկետ հեռանկարում, ինչը կհանգեցնի կոնֆեդերատիվ միության պարտադրմանը: Սրա դիսկուրսն արդիականանում է ադրբեջանական քաղաքական օրակարգում, մասնավորապես, թուրքամետ գործիչների հավանության շնորհիվ»,- ասվում է գիտական հոդվածում: Հետաքրքիր է, որ 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանում հասարակական դիսկուրսի դաշտ է բերվել թուրքերենը պետական լեզու դարձնելու խոսույթը, իսկ տարբեր վայրերում՝ պետական հաստատություններում, նույնիսկ գերեզմանատներում, կարելի է տեսնել նաեւ Թուրքիայի դրոշը:

«Երկրորդ կարեւոր ոլորտը, որը ռազմականից ավելի մեծ մարտահրավեր է Ալիեւի համար, Ադրբեջանում հանրային տրամադրություններն են, հանրության գաղափարական օրիենտացիայի մեջ թուրքական ներկայության անխոս գերակա դառնալը։ Սոցիալական հարցման արդյունքներով 90 եւ ավելի տոոկսն իր դրոշ է անվանել Թուրքիայի դրոշը»,- նկատում է արեւելագետը:

Պատերազմից հետո Ադրբեջանում ակտիվացել է «Մեկ ազգ, մեկ բանակ» խոսույթը, դրա անալոգիայով՝ «Մեկ ազգ, մեկ պետական լեզու» խոսույթը: Ընդ որում՝ 2022 թ. Ադրբեջանում թուրքական մոդելով ազգային պաշտպանության համալսարան է բացվել:

Արտյոմ Տոնոյանն ասում է՝ սա ցույց է տալիս, որ Թուրքիայի ներթափանցումն Ադրբեջանի գաղափարական դաշտ ավելի առարկայական է, քան ռազմական ոլորտում: Բայց երկու դեպքում լուրջ կա Ադրբեջանի ինքնիշխանությանը, նաեւ՝ անձնական, սեփական ռեժիմի պահպանությանն ու վերարտադրությանը: «Քանի դեռ Ադրբեջանը չի հարվածում Թուրքիայի շահերին, անվտանգ է, սակայն հենց փորձի ավելի անկախ քաղաքականություն վարել, հայտնվելու է վտանգի տակ։ Ընդ որում՝ սա Ադրբեջանի դեպքում ավելի վտանգավոր է, քանի որ մյուս կողմից էլ սահման ունի ՌԴ-ի հետ: Այս շահերի բախումն ու մրցակցությունն էլ է ինքնին վտանգավոր»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությամբ թողարկվում են նախկին եւ ներկա արտգործնախարարների հետ հարցազրույցներ: Թեման է, թե ինչպես հնարավոր եղավ 2020 թ. հաղթանակը: Արտյոմ Տոնոյանի հետ մեր հարցազրույցի նախօրեին հեռարձակվել էր նախկին նախարար Էլմար Մամեդյարովի հետ հարցազրույցը: Տոնոյանն առանձնացնում է Մամեդյարովի հայտարարություններից մեկը, ըստ որի՝ երբ Ադրբեջանում 2000-ականների երկրորդ կեսից նավթային բում սկսվեց, սպառազինության ձեռբքերումների քանակը մեծացավ: Բայց դա, ըստ Մամեդյարովի, բավարար չէր ռազմական գործողության գնալու համար: Եվ այդ շրջանում Ադրբեջանն ավելի է ակտիվացրել իր զինծառայողների գործուղումները Թուրքիա՝ վերապատրաստումների ու ռազմական կրթության համար։ Մամեդյարովի ասելով՝ դրա համար տարիներ էին պետք, քանի որ գործուղվողները սպաներ էին:

«Հետքի» հարցին, թե արդյոք 2020 թ. հաղթանակի մեջ Թուրքիայի ներդրման համար Ադրբեջանը գին է վճարելու՝ հաշվի առնելով նաեւ գիտական հոդվածի այն միտքը, որ Թուրքիան երկարաժամկետ կտրվածքում փորձելու է կլանել Ադրբեջանը, Արտյոմ Տոնոյանն արձագանքում է. «Այո, դա հենց այն գինն է, որ վճարելու է։ Ոչ միայն ռազմաքաղաքական առումով, այլեւ, ինչպես նշեցի, որ ավելի կարեւոր է, հասարակությունն ամբողջապես պրոթուրքական դարձնելով։ Եթե որեւէ երկրում ունես քո գաղափարախոսությունը կիսող հասարակություն, այլեւս էական չէ, թե ով է նստած աթոռին, որովհետեւ Ալիեւին աթոռին թողնելը կամ այդ աթոռից վերցնելը կրկին կախված է Թուրքիայից։ Ըստ էության, կառավարողն ինքը դառնում է խամաճիկ: Այդ վտանգը Ալիեւը շատ լավ է հասկանում, բայց նա օգտագործել է բացված պատուհանի հնարավորությունը, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոփոխվել է: Ադրբեջանում երկու մրցակցող գաղափարախոսություն է եղել՝ ադրբեջանականությունն ու թյուրքականությունը: Երբ Ալիեւը օգտվել է բացված պատուհանից, ինքն է փոքրացրել ադրբեջանականության սեգմենտը: Ի վերջո, պատերազմից հետո նա ստացել է մի արդյունք, որը վտանգավոր է հենց իր համար»:

Ա. Տոնոյանն ասում է, որ ադրբեջանականության գաղափարը ռուսական կողմնորոշում ունի, թյուրքականությունը՝ թուրքական: Ընդ որում՝ Ադրբեջանում կա բացահայտ ազգայնականություն, որը հենց թյուրքականությունն է, ինչին որպես հոմանիշ կարող ենք ընդունել պանթյուրքիզմն ու պանթուրանիզմը:

Պատմական ակնարկ կատարելով՝ «Հետքի» զրուցակիցը նշում է, որ ադրբեջանականության գաղափարը մշակվել ու ներդրվել է 1930-ականներին՝ խորհրդային տարիներին, երբ պարզ է դարձել, որ Քեմալ-Լենինյան դաշինքը հեռանկար չունի: Այսպիսով՝ Ադրբեջանում թուրքամետ հասարակության ինժեներիան փոխել են՝ իբրեւ գաղափարախոսություն ներդնելով ադրբեջանականությունը: 1936 թ. էլ հայտնվում է նոր տերմին՝ «Ադրբեջան դիլի», ինչը նշանակում է ադրբեջանական լեզու: Արտյոմ Տոնոյանն ասում է՝ այդպիսի տերմին չկա գիտության, պետական գրագրության մեջ, ոչ մի այլ տեղ: Ավելին՝ 1930-ական թթ. ադրբեջանական բոլոր դասագրքերում գրված էր «Թյուրք դիլի», այսինքն՝ մայրենի լեզուն թյուրքերենն էր, պետական փաստաթղթերում էլ Ադրբեջանի պետական լեզուն թյուրքերենն էր:

Ստալինի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայից «պոկելու» համար էլ ներդրվեց ադրբեջաներենը, իսկ ադրբեջանականությունը դարձավ գերիշխող քաղաքականություն, տեղացիների գիտակցության մեջ սկսեց ձեւավորվել թուրքերից առանձին ժողովուրդ լինելու գաղափարը:

Արեւելագետը նշում է, որ ԽՍՀՄ ղեկավարը դա անում էր՝ ոչ միայն Ադրբեջանին Թուրքիայից «պոկելու», այլեւ ադրբեջանականության միջոցով Ադրբեջանի տարածքում ապրող ժողովուրդներին ձուլելու համար: Օրինակ՝ թալիշներին ասում էին, թե նրանք ադրբեջանցի են, նույն տարածքն ու մշակութային սոցիումի միջավայրն են կիսում: Տոնոյանի ասելով՝ այս գործընթացն ընդհատվեց, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, եւ 1992-ին Ադրբեջանում իշխանության եկավ թուրքամետ Աբուլֆազ Էլչիբեյը (իրական ազգանունը՝ Ալիեւ): Վերջինիս օրոք Ադրբեջանի պետական լեզուն նորից դարձավ թյուրքերենը, իսկ թյուրքականության գաղափարախոսությունը բերեց մյուս ազգերի անջատողական կամ անկախական շարժումների: Դրա վառ օրինակ էր Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետության հռչակումը 1993-ի ամռանը:

Նույն տարում Էլչիբեյին գահընկեց անելուց հետո, երբ իշխանության եկավ Հեյդար Ալիեւը, պետական լեզուն կրկին դարձավ ադրբեջաներենը: Իսկ 2023 թ. Արցախի գրավումից հետո ադրբեջանական հասարակության մեջ նորից քննարկվում է թյուրքերենը պետական լեզու դարձնելու հարցը, բայց պետության մասնակցություն այդտեղ չկա: «Այսինքն՝ սա ոչ թե վերեւից իջնող, այլ ներքեւից բարձրացող օրակարգ»,- ընդգծում է արեւելագետը: Նրա դիտարկմամբ՝ 1992-ին թյուրքականությունը չկարողացավ հաստատվել Ադրբեջանում, քանի որ չկար Թուրքիայի ռազմական գործոնն այն տեսքով, ինչպես որ 2020 թ. պատերազմից հետո է:

«2020-ի պատերազմից հետո հասարակության մեջ թյուրքական տրամադրությունները մեծ մարտահրավեր են, ինչը կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում կարող է բերել անկախական նոր շարժումների կամ անջատողականության»,- ասում է «Հետքի» զրուցակիցը՝ ավելացնելով, որ Ալիեւի համար հոսանքին հակառակ գնալը հղի է բազմաթիվ վտանգներով: Դրա համար նա պետք է չափազանց դանդաղ ու քողարկված գործի: Ըստ այդմ՝ պատահական չէ Ալիեւի կողմից տեղական ՀԿ-ներին ֆինանսավորելու քաղաքականությունը՝ գումար են ստանում այն ծրագրերը, որտեղ հեղինակն առաջնահերթ դնում է ադրբեջանականության տարածման, դպրոցներում խրախուսման խնդիրներ:

«2020-ից հետո նրանք մի արտահայտություն են կրկնում ու կրկնում։ Չեք գտնի ադրբեջանցի որեւէ պաշտոնյա, որը կասի՝ Թուրքիան մեզ ռազմականապես օգնել է։ Ասում են՝ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին բացառապես եղել է քաղաքական եւ բարոյական մակարդակում: Դա ասում է Ալիեւը, ու այդ շաբլոն նախադասությունը կրկնում են բոլոր պատգամավորները: Ասում են, որ Արցախում թափվել է միայն ադրբեջանցու արյուն, կատեգորիկ հերքում ենք, որ Թուրքիան Արցախում ունեցել է ռազմական մասնակցություն»,- նշում է Արտյոմ Տոնոյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այս թեման մեծ բանավեճեր է ծնում Ադրբեջանում: Ընդդիմադիրներն այն լավ խաղարկում են, տեսախցիկների առաջ ուղիղ հարց են տալիս իշխանության ներկայացուցիչներին՝ 2020 թ. պատերազմում Թուրքիայի ռազմական ներկայություն եղե՞լ է, թե՞ ոչ: Փաստորեն, այնպես են անում, որ Ալիեւի ենթակաները հերքեն դա:

Թուրքիան իր հերթին շեշտում է 44-օրյա պատերազմում իր ռազմական ներկայության փաստը: Այս առումով Տոնոյանը հիշեցնում է Էրդողանի հայտարարությունը, թե թուրք զինվորը հաղթել է Լիբիայում եւ Ղարաբաղում, ինչին Ալիեւի մակարդակով արձագանք է եղել՝ հերքումով, թե Ադրբեջանում թուրք զինվորի արյուն է թափվել:

Արեւելագետը նշում է նաեւ, որ 2024 թ. փետրվարին Ալիեւն իր երդմնակալության ժամանակ կարեւորել է անկախ ռազմարդյունաբերություն ունենալու հանգամանքը, ինչն ուղղված էր Թուրքիայի դեմ: Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել էր, թե իրենք այնպիսի քարեր են տեղաշարժել, որ որեւէ մեկը չի մարսելու, այսինքն՝ իրենց դեմ թշնամություններ են լինելու: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ կրտսեր Ալիեւը լավ է հիշում 1990-ականների անկախական շարժումներն ու դրանց կրկնության վերաբերյալ մտահոգություններ ունի:

Լ. Հովսեփյանի եւ Ա. Տոնոյանի գիտական հոդվածի եզրակացության մեջ ասվում է, թե հավանականություն կա, որ թուրք-ադրբեջանական ինտեգրման գործընթացների վերջնական արդյունքը կարող է լինել միութենական պետության մոդելին նմանվող վերազգային կազմավորման մոդելը:

Արտյոմ Տոնոյանը նկատում է, որ չնայած թե՛ թյուրքականության, թե՛ ադրբեջանականության գաղափարախոսության հիմքում առանցքային թշնամին հայն է, մեր երկրի շահերի տեսակետից ավելի ձեռնտու է թյուրքականության հաստատումն Ադրբեջանում, ինչը կբերի տարբեր ժողովուրդների անկախական-անջատողական շարժումների ձեւավորմանը:

Առաջին լուսանկարում՝ Էրդողանն ու Ալիեւը՝ «Շուշիի հռչակագրի» ստորագրումից հետո, 15.06.2021 (Ադրբեջանի նախագահի կայքից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter