Հայտնի դարձան հետաքննական լրագրության Global Shining Light Award մրցանակաբաշխության հաղթողները
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացվող Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանսի (Global Investigative Journalism Conference, GIJC) ժամանակ հայտնի դարձան Global Shining Light Award մրցանակաբաշխության հաղթողները:
Մրցութային հանձնաժողովը 410 հայտ էր ստացել 97 երկրից: Դրանցից ընտրվել էին 13 ֆինալիստներ, որոնց թվից էլ այսօր հայտնի դարձան հաղթողները: Ինչպես նախկինում, այս անգամ էլ ժյուրին տարանջատել էր «մեծ» (ավելի քան 20 աշխատակից ունեցող) եւ «փոքր ու միջին» (մինչեւ 20 աշխատակից ունեցող) խմբագրությունների աշխատանքները, առաջին անվանակարգում մրցում էր 7 նյութ, երկրորդում՝ 6:
«Մեծ» խմբագրությունների անվանակարգում Global Shining Light մրցանակը հանձնվեց միանգամից 2 հրապարակման՝ «Բեռնատար կցորդիչներ. ծուղակ միգրանտների համար» (Մեքսիկա) եւ «Մահացու թռիչքներ. բնիկ ժողովուրդների առաջնորդներին սպանել են 67 նարկոաերոդրոմների զավթած տարածքներում» (Պերու):
«Փոքր ու միջին» խմբագրությունների անվանակարգում Global Shining Light մրցանակը ստացավ «Ռուսական ծուղակ. եգիպտացիների հավաքագրում փողի ու քաղաքացիության միջոցով» հրապարակումը (Եգիպտոս):
Հատուկ մրցանակ ստացավ «Աշակերտները. ԹիԲի Ջոշուայի պաշտամունքը» ֆիլմը (Նիգերիա):
Այս տարի Հետաքննական լրագրության գլոբալ կոնֆերանսն անցկացվում է 14-րդ անգամ:
Առաջին անգամ նման համաշխարհային կոնֆերանս կազմակերպվել է 2001 թվականին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հետաքննող լրագրողներ Նիլս Մուլվադի (Nils Mulvad) եւ Բրանտ Հյուսթոնի (Brant Houston) նախաձեռնությամբ: Դրան մասնակցում էր 40 երկրի ավելի քան 300 լրագրող: 2003-ին կրկին Կոպենհագենում անցկացվեց երկրորդ կոնֆերանսը: Հենց երկրորդ հավաքի ժամանակ էլ որոշվեց ստեղծել ընդհանուր ցանց՝ միավորելով շահույթ չհետապնդող կազմակերպություններին: Նման կազմակերպությունների ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ, ըստ ձեռնարկի հեղինակների, եթե կոմերցիոն լրատվամիջոցները մեծ ավանդ ունեն հետաքննական լրագրության մեջ, ապա ոչ կոմերցիոն կազմակերպություններն են, որ դասընթացների, փորձի փոխանակման եւ այլ միջոցներով այս ոլորտը զարգացնում են ամբողջ աշխարհում: Ցանցի գաղափարը կյանքի կոչելու փաստաթղթին միացավ 22 երկրի 35 կազմակերպություն: Այդպես ձեւավորվեց Հետաքննական լրագրության գլոբալ ցանցը (Global Investigative Journalism Network, GIJN), որի անդամ է նաեւ «Հետքի» հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն:
GIJN-ի անմիջական մասնակցությամբ կազմակերպված առաջին կոնֆերանսը կայացավ 2005-ին Ամստերդամում: Նախատեսված էր կոնֆերանսները կազմակերպել յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ: 2007-ին հետաքննող լրագրողներին հյուրընկալեց կանադական Տորոնտոն, իսկ 2008-ին՝ նորվեգական Լիլեհամերը, հաջորդեցին կոնֆերանսները Ժնեւում (2010), Կիեւում (2011), Ռիո դե Ժանեյրոյում (2013), Լիլեհամերում (2015), հարավաֆրիկյան Յոհանեսբուրգում (2017), գերմանական Համբուրգում (2019):
2021-ին նախատեսված կոնֆերանսը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվեց առցանց ռեժիմով, իսկ 2023-ին կոնֆերանսը հյուրընկալվեց շվեդական Գյոթեբորգում, դրան մասնակցեց ռեկորդային՝ 2100 մարդ: Այս տարի տանտերը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրն է, մասնակիցների թիվը հասնում է 1500-ի:
Նոյեմբերի 20-24-ն անցկացվող GIJC25-ի կազմակերպիչներն են GIJN-ը եւ մալայզիական Malaysiakini առցանց պարբերականը: Կոնֆերանսի շրջանակներում նախատեսված է շուրջ 150 պանելային քննարկում, սեմինար ու աշխատարան:
Ներկա պահին GIJN-ը համարվում է հետաքննող լրագրողներին միավորող ամենախոշոր կազմակերպություններից մեկն աշխարհում: Դրա անդամ է 250 կազմակերպություն 91 երկրից:
2008-ին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Global Shining Light Award մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ երկրորդ մրցանակի, ինչի հիմք էին հանդիսացել այն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հանքարդյունաբերական բիզնեսի մասին հրապարակումները: 2015-ին էլ «Հետքի»՝ օֆշորային սկանդալի մասին պատմությունը (գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման մասին) Global Shining Light Award-ի 12 հավակնորդների ցանկում էր:
Հետաքննական լրագրության 15-րդ գլոբալ կոնֆերանսը 2027-ին կանցկացվի Նիդերլանդներում:
Լուսանկարը՝ Քրիստինե Բարսեղյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել