Ջրանջատումներ, հոսանքազրկումներ եւ գազի անբավարարություն․ Արաբկիրում 5 տարում ավելի քան 10.000 բնակարան է կառուցվել
Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 2 շենքի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են շենքի ջրամատակարարումից։ Խորհրդային տարիներին կառուցված հինգհարկանի շենքի վերեւի հարկերում իրավիճակն ավելի բարդ է։ «Օրական 2-3 ժամ ջուր են տալիս գիշերը կամ ցերեկը, իսկ շաբաթ-կիրակի իսպառ բացակայում է առավոտյան ժամը 8-ից հետո: Տարիներով զանգում, բողոքում, գրում ենք: Զանգում ես, օպերատորն անհաղորդ, կոպիտ, ցինիկ տոնով ասում է՝ անջատում չկա, բայց ջուր չունենք: Ամբողջ շենքով բողոքեցինք, պատասխան էլ չստացանք»,- նշում է մեզ դիմած բնակիչը՝ շարունակելով, որ ամառվա ամիսներին իրավիճակն էլ ավելի է վատթարանում։
Բնակիչները կարծում են, որ իրենց շենքի ջրամատակարարումը վատացել է թաղամասում ջրապահանջարկի կտրուկ աճի պատճառով, քանի որ հարևան փողոցներում բազմաթիվ բարձրահարկ շենքեր են կառուցվել եւ հանձնվել շահագործման։ Մամիկոնյանց 2 շենքի բնակիչը, որը ցանակցավ անանուն մնալ, նշեց․ «Ամբողջ թաղամասը քանդել են, նոր շենքեր են կառուցում, Երազ թաղամաս, Ադոնց թաղամաս, Ադոնց պրեմիում, Ճառագայթ, Բիլայնի կողքերն արդեն մի թիզ հող չի մնացել, 8 տարվա մեջ 100 հատ շենք բարձրացրին, առավոտը պատուհանից նայում ես, արդեն դիմացից 1-2 շենք է կանգնած, իրենց ջուրը տալիս են, մեր 5-հարկանի շենքերի վերջին հարկերն ընդհանրապես ջրից զրկվեցին»։ Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության ջրամատակարարման այս տարվա գրաֆիկի՝ Մամիկոնյանց փողոցի շենքերն ամառվա ամիսներին 17-ժամյա ջրամատակարարում ունեն, մյուս ամիսներին՝ 24-ժամյա։
Մամիկոնյանց փողոցի բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի կառավարմամբ զբաղվող «Ռշտունիք» համատիրության նախագահ Հարություն Սարգսյանը եւս ենթադրում է, որ ջրամատակարարումը վատթարացել է Արաբկիրում շահագործման հանձնված նոր բնակելի համալիրների պատճառով։ «Մամիկոնյանց փողոցի ցածրահարկ հին շենքերի ջրամատակարարումը ինքնահոս եղանակով է։ Այս տարվա ամռանը օրեր են եղել, երբ ամբողջ օրն առավոտից մինչեւ երեկոյան 6-ը ջուրը չի հասել 4-րդ, 5-րդ հարկեր»,- նշեց համատիրության նախագահը։ Նրա խոսքով՝ բնակիչների բողոքներից հետո դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Ջրային կոմիտե, «Վեոլիա ջուր» ընկերություն եւ այլ կառույցներ, որից հետո ջրի ճնշումը կարգավորվել է, սակայն օրեր անց կրկին նույն իրավիճակն է եղել։ «Ես վերջերս դիմեցի «Վեոլիա ջուր» ընկերություն, Արաբկիրի տեղամասից եկան, կարգավորեցին, 15-20 օր է՝ շենքի ջրամատակարարումը կարգավորվել է։ Ճնշումն ընկնում էր։ Երեւի դիտահորերից ճնշումը բարձրացրին»,- հայտնեց Հարություն Սարգսյանը։
«Հետքն» ուսումնասիրել է Արաբկիր վարչական շրջանում 2015-ից 2025 թվականներին իրականացված եւ ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերի կառուցապատման ծրագրերը եւ դրանց հնարավոր ազդեցությունը ենթակառուցվածքների (գազամատակարարման, ջրամատակարարման եւ ջրահեռացման, էլեկտրաէներգիայի մատակարարման) վրա։ Գրավոր հարցումներով մեծածավալ տվյալներ ենք ստացել «Վեոլիա ջուր», «ՀԷՑ» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերություններից։ Ուսումնասիրել ենք 3 տասնյակ կառուցապատման ծրագրեր, քաղաքաշինական փաստաթղթեր։ Տվյալներ ենք ստացել Երևանի քաղաքապետարանից, բաց աղբյուրներից եւ ուսումնասիրել դրանք։
«Վեոլիա ջուր»
Արաբկիր վարչական շրջանի քիչ հասցեներում է, որ 24-ժամյա ջրամատակարարում է իրականացվում։ «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման 2025 թվականի գրաֆիկի համաձայն՝ Հովսեփ Էմինի, Արամ Խաչատրյան, Քեռու, Սունդուկյան, Գյուլբենկյան, Ավետիսյան եւ այլ փողոցների բազմաթիվ հացեներում ջրամատակարարումն իրականացվում է օրական 17 ժամ տեւողությամբ (07:00-24:00): Կան հասցեներ, որտեղ 17-ժամյա ջրամատակարարում է իրականացվում միայն ամառվա ամիսներին (Ադոնց, Գրիբայեդով, Մամիկոնյանց, Մալխասյանց, Կոմիտաս, Ա. Խաչատրյան եւ այլն): Արաբկիր 51 փ. 3, 9, Կոմիտաս 2, Կասյան 5, 7 հասցեների շենքերի 1-ից 3-րդ հարկերը 24-ժամյա ջրամատակարարում ունեն, իսկ 4-րդ հարկից բարձր հարկերում՝ 17-ժամյա։ Կոմիտասի պողոտայի 4, 6, 8 շենքերի 5-րդ հարկից բարձր հարկերում նույնպես 17-ժամյա ջրամատակարարում է իրականացվում։ Հակոբյան փողոցի 1 շենքում էլ 7-րդ եւ բարձր հարկերում է 17-ժամյա գրաֆիկ։
«Վեոլիա ջուր» ընկերության տրամադրած տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ Արաբկիր վարչական շրջանում միայն 2024 թվականին տեղի է ունեցել ջրատարի 931 վթար, իսկ 2025 թվականի հունվարից օգոստոս ամիսներին (մոտ 10 ամիս) ջրանջատման 529 վթար է գրանցվել։ Նույն ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի կոյուղատար համակարգում տեղի է ունեցել համապատասխանաբար 2807 եւ 1765 վթար։
«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարգարիտա Շահինյանը «Հետքի» գրավոր հարցերին ի պատասխան նախ հիշեցրել է, որ մայրաքաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի սեփականատերը պետությունն է, իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունը, վարձակալելով գործող համակարգը, պատասխանատու է դրա շահագործման, պահպանման եւ նորոգման համար։ «Ինչ վերաբերում է Երևան քաղաքում իրականացվող բազմաբնակարան բնակելի համալիրների կառուցապատման ծրագրերի իրականացմամբ պայմանավորված խնդիրներին, ապա անշուշտ, դրանք լուրջ ազդեցություն են ունենում ջրամատակարարման ծառայությունների մատուցման գործընթացի վրա։ Աննախադեպ տեմպերով իրականացվող կառուցապատումների արդյունքում սպառողների թվի կտրուկ աճը՝ կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքով տարեցտարի ջրաղբյուրների ջրատվության նվազման պայմաններում, հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի հետևանքով առաջանում են ջրի դեֆիցիտ եւ ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման, նոր ջրաղբյուրների ներգրավման պահանջ։ 2013թ․-ից մինչեւ 2025 թ․-ը ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է ավելի քան 24%-ով»,- հայտնել է ընկերության գլխավոր տնօրենը։ Նա հավելել է, որ տարիներ շարունակ անհրաժեշտ ծավալի ներդրումներ չեն իրականացվել համակարգի հուսալիության ապահովման, օրեցօր զարգացող բնակավայրերի (հատկապես Երևան քաղաքի) ավելացող կարիքների բավարարման ուղղությամբ առկա համակարգերի հզորացման եւ նորերի կառուցման, նոր ջրաղբյուրների ներգրավման համար։
Ընկերության տնօրենը հիշեցրել է, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում 2025 եւ 2026 թվականներին իրականացվելու է 11 միլիարդ դրամի ներդրում։ Ըստ Մարգարիտա Շահինյանի՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը, հաշվի առնելով Երևանի զարգացման ներկայիս միտումը, Կառավարությանն է ներկայացվել առկա մտահոգությունները։ «Կառուցապատումներն աննախադեպ տեմպերով աճում են, եւ այժմ դրանք վերաբերում են նաեւ մարզերի երևանամերձ բնակավայրերին, որոնց տարածքներով են անցնում Երևանը սպասարկող մայր ջրատարները։ Ուստի կառուցապատողներն անհրաժեշտ ջրաքանակներն ակնկալում են ստանալ Երևան քաղաքը սնուցող ջրատարներից, քանի որ այլ աղբյուր չկա»,- նշել է ընկերության գլխավոր տնօրենը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»
Էլեկտրաէներգիա մատակարարող ընկերության Արաբկիրի սպասարկման տարածքում ամեն տարի առնվազն 200 վթար է տեղի ունենում։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից մեզ չեն տրամադրել վթարների հասցեների եւ վթարի տեսակի (բնույթի) մասին տվյալներ, որոնցից հնարավոր կլիներ պարզել առաջացած վթարի հնարավոր պատճառը։ ՀԷՑ-ից մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ վերջին 6 տարվա ամենաշատ վթարները տեղի են ունեցել 2024 թվականին՝ 308 վթար։ 2015-2025 թվականներին Արաբկիր վարչական շրջանում էլեկտրական ցանցերին է միացել 8657 նոր բաժանորդ։ Ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանի տրամադրած տվյալների՝ նոր բաժանորդներ են դարձել շահագործման հանձնված 69 բազմաբնակարան շենքերի 4581 բնակարանների սպառողները։ Արաբկիր վարչական շրջանում 2026 եւ 2027 թվականներին ՀԷՑ-ում ակնկալում են եւս 800 նոր բաժանորդի ավելացում։
ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենի փոխանցմամբ՝ 2015-2025 թվականներին Արաբկիր վարչական շրջանում բնակելի տարածքների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու անհնարինություն չի առաջացել․ «Բոլոր դեպքերում ընկերությունը գտել եւ տրամադրել է տեխնիկական լուծումներ»։ ՀԷՑ-ից բավականին զգուշավոր եւ ոչ ամբողջական պատասխանի տրամադրումը կարող է կապ ունենալ ընկերությունում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետ (ընկերության կառավարումը պետության կողմից վերցնելու եւ ընկերությունը պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների եւ տեղի ունեցող գործընթացների պայմաններում, որի հետևանքով ՀԷՑ-ը նոյեմբերի 17-ին զրկվեց լիցենզիայից)։
«Գազպրոմ Արմենիա»
Դեռեւս 2019 թ․-ին Երևան քաղաքում, այդ թվում` Արաբկիր վարչական շրջանում, մեծամասշտաբ կառուցապատմանը զուգահեռ, ավելացավ նաև կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ու համալիրների համար բնական գազի պահանջարկը, որը հատեց առկա համակարգի թողունակության ծավալի կրկնակիի շեմը, և փաստվեց ջեռուցման սեզոնին գազամատակարարման անբավարար ռեժիմների առաջացման ռիսկը։ Իրավիճակի այսպիսի նկարագիր է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան: Ընկերության հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից հայտնել են, որ անխափան և հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով՝ իրավիճակի պարտադրմամբ, 2020թ.-ից նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ու համալիրների գազիֆիկացման տեխնիկական պայմանները տրվեցին Երևան քաղաքը սնող չորս գազաբաշխիչ կայանների կողմնատար գազատարներից։
«Սկսած 2020 թ․-ից ընկերությունը խնդրի մասին բարձրաձայնել է պետական մարմիններում եւ ակտիվորեն աշխատել, թե՛ իրավասու գերատեսչություների, թե՛ Երևանի քաղաքապետարանի հետ»,- հայտնել են «Գազպրոմ Արմենիայից»՝ հիշեցնելով Կառավարության 2023 թ․-ին ընդունած՝ «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու» ծրագիրը, որով նախատեսվել էր Երևանի համար կառուցել գազի ճնշման կարգավորման 4 նոր հանգույց։ Կառավարության որոշման մեջ եւս խնդրի առաջացման գլխավոր պատճառ նշվել է Երևանում ընթացող մեծածավալ շինարարությունը։ Որոշման հիմնավորումներում նշվել է․ «Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևան քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը»։
2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում գազ սպառող բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը 782 786 է, որից 417 486-ը՝ բազմաբնակարան շենքերում, 365 300-ը՝ առանձնատներում: «Գազպրոմ Արմենիա»-ի կանխատեսմամբ այս եւ առաջիկա 4 տարվա արդյունքներով սպառողների թիվը կավելանա մոտ 73 հազարով։ Ընկերությունը ըստ բնակավայրերի կամ վարչական շրջանների բաժանորդների տվյալների մշակում չի անում։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Կառավարության հաստատած ծրագրի 1-ին եւ 2-րդ փուլերի ուղղություններով՝ այդ թվում Արաբկիր վարչական շրջանի, կառուցվել են գազի ճնշման կարգավորման 2 հանգույց եւ շուրջ 41 կմ հիմնական սնող գազատարներ։ Նոր կառուցված համակարգը 2024 թ․-ի դեկտեմբերին սեփականության իրավունքով փոխանցվել է «Գազպրոմ Արմենիա»-ին եւ այժմ շահագործվում Է:
Արաբկիրի 120 հասցեում՝ կառուցապատման 700 թույլտվություն
Արաբկիր վարչական շրջանում 2015 թ․-ի հունվարի 1-ից մինչեւ 2025 թ․-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից շուրջ 120 հասցեում կառուցապատման նպատակով տրվել է շուրջ 700 քաղաքաշինական փաստաթուղթ (նախագծման եւ շինարարության թույլտվություններ)։ Այս տեղեկատվությունը մեր գրավոր հարցմանն ի պատասխան 29.09.2025 թ․-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից` առաջարկելով առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Doing business» բաժնից։ Պաշտոնական տվյալներ պարունակող նշված հարթակում թարմացումները հաճախակի չեն արվում։ Օրինակ՝ մայրաքաղաքում կառուցապատման վերաբերյալ թույլտվությունների մասին ընդհանրական տվյալներ են ներկայացված 2017-2023 թթ․ վերաբերյալ։
Քաղաքապետարանի կայքում հրապարակված աղյուսակում, նույնիսկ 2024 եւ 2025 թթ․ տվյալների բացակայության պայմաններում, երևում է կառուցապատման ծավալների կտրուկ աճը՝ սկսած 2019 թ․-ի երկրորդ եռամսյակից: Այդ ժամանակ Երևանում տրվել է 624 շինթույլտվություն, իսկ արդեն 2023 թ․-ի երրորդ եռամսյակում՝ 1337 շինթույլտվություն։ Երևանի քաղաքապետարանին խնդրել էինք տրամադրել 2015-2025 (սեպտեբեր) թվականներին Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով տրված շինարարության եւ նախագծման թույլտվությունների պատճենները։
Քաղաքապետարանի լրատվության վարությունից առաջարկել են աշխատանքային կարգով ծանոթանալ շուրջ 700 քաղաքաշինական փաստաթղթերի: Նախկինում քաղաքապետարանում նման փաստաթղթերի ծանոթանալու ժամանակ պարզել էինք, որ թույլտվություններն ու նախագծերը թվայնացված չեն, թղթային տրցակներով են պահվում։ Մեր հայցած փաստաթղթերին ծանոթանալու համար մի քանի ամիս պետք է ուսումնասիրություն իրականացնեինք քաղաքապետարանի համապատասխան բաժնում։ Երկրորդ հարցմամբ խնդրել ենք մեզ տրամադրել նույն ժամանակահատվածի քաղաքաշինական փաստաթղթերի տվյալները (հասցե, կառուցապատող, նախագծման եւ շինթույլտվության համար, ամսաթիվ եւ կառուցվող շինության հարկայնություն)։ Քաղաքապետարանի լրատվականից կրկին բացասական բովանդակությամբ պատասխան ստացանք․ «Պահանջված ձևաչափով վիճակագրական տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանում չի հավաքագրվում»։
Քաղաքապետարանի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանի հետ քննարկման արդյունքում վերջապես կարողացանք ստանալ որոշակի տվյալներ, որոնք ներկայացնում են Արաբկիրում կառուցապատման մասշտաբները։ 2015 թ․-ից մինչեւ 2025 թ․-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիրում բազմաբնակարան համալիրների կառուցման նպատակով տրվել է ընդհանուր 160 շինարարության թույլտվություն։ Այդ թույլտվություններով կառուցվել է/կառուցվում է 260 բազմաբնակարան շենք։ Ամենաշատ շինթույլտվությունները տրվել են 2021 թ․-ին՝ 23 հատ (59 հատ բազմաբնակարան շենք կառուցելու համար)։ Շինթույլտվությունների առատությամբ երկրորդը 2024 թ․-ն է՝ 24 շինթույլտվություն 42 հատ շենք կառուցելու նպատակով։
Մենք ուսումնասիրել ենք Արաբկիր վարչական շրջանում կառուցված եւ կառուցման փուլում գտնվող բազմաբնակարան բնակելի համալիրների 2 տասնյակից ավել քաղաքաշինական ծրագրերի փաստաթղթեր։ Այն ծրագրերի, որոնք անցել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։ Ըստ այդ ուսումնասիրության՝ Արաբկիրում 25 բնակելի համալիր (յուրաքանյուրը մեկ եւ ավելի շենք) կառուցելու համար կառուցապատողները դիմել են ՇՄԱԳ փորձաքննության (2020 թ․-ից սկսած)։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանի գրավոր պատասխանի՝ 2015-2020 թթ․ ընկած ժամանակահատվածում Երևանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի համալիրների վերաբերյալ ՇՄ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննության նպատակով որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել։
ՇՄԱԳ փորձաքննության ներկայացված համալիրներում կառուցվել/կառուցվում է 112 շենք։ Այս թիվը փոքր է քաղաքապետարանի տրամադրած տվյալներից, քանի որ բոլոր շենքերը չէ, որ անցնում են ՇՄԱԳ փորձաքննություն (փորձաքննական պարտադիր պահանջը առաջանում է նաեւ շենքի զբաղեցրած հողամասի ծավալից)։ Արաբկիր վարչական շրջանում կառուցված եւ կառուցման փուլում գտնվող շենքերի բնակարանների թիվը 10 հազար 34 է, ավտոկայանատեղիների թիվը՝ 9 հազար 875: Այս թվերն ավելի մեծ են, քանի որ մեր ուսումնասիրած փաստաթղթերում 21 շենքի բնակարանների եւ 10 շենքի ավտոկայանատեղիների վերաբերյալ տվյալները բացակայում էին։ Կառուցապատման համար օգտագործվել է 30 հեկտար հողամաս։
Արաբկիր վարչական շրջանի փողոցներն ամենածանրաբեռնվածներն են՝ Կենտրոնի փողոցներից հետո։ Մոտ 10 հազար մեքենայի լրացուցիչ առկայությունը, բնականաբար, էլ ավելի կծանրաբեռնի Կոմիտասի պողոտան եւ դրա հետ հատվող փողոցները։
Կառուցապատման նպատակով Երևանի քաղաքապետարանն անհատներին կամ իրավաբանական անձանց տրամադրում է նախագծման թույլտվություն։ Այդ փաստաթղթում նշվում են բոլոր այն պարտադիր պայմաններն ու պահանջները, որոնց պետք է համապատասխանի նախագիծը։ Նախագծման թույլտվության «Նախագծային պահանջներ» բաժնում, ի թիվս այլնի, թվարկվում են հանրային ծառայություններին վերաբերվող պահանջները` ջրամատակարարում եւ կոյուղի սպասարկող, էլեկտրամատակարարում, գազամատակարարում իրականացնող կազմակերպությունների առաջարկած տեխնիկական պայմանների բավարարման։ Սա նշանակում է, որ կառուցապատողը նախագիծը կազմելու ընթացքում կամ ավարտին կստանա հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների համաձայնությունը։ Այսինքն, եթե նրանք տալիս են համաձայնություն, այլեւս էական չէ, թե դա ինչ ազդեցություն կունենա, օրինակ, մատուցվող ծառայության վրա (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման կամ գազամատակարարման)։
Բարձր ռիսկայնության օբյեկտների նախագծերը (4-րդ կատեգորիա), որոնց թվում են բազմաբնակարան բնակելի համալիրները, անցնում են նաեւ պետական համալիր փորձաքննություն։ Դա իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի գլխավորած հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի կազմում է նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը, որը բոլոր դեպքերում դրական կարծիք է տրամադրել ներկայացված նախագծերին։ Հանձնաժողովն, առհասարակ, դրական եզրակացությունը բոլոր անդամների դրական կարծիքների պայմաներում է տրամադրում։ Ենթադրվում է, որ բնակելի համալիրների կառուցապատման ծրագրերի հնարավոր ազդեցությունը ենթակառուցվածքների վրա պետք է հետաքրքրեր ՏԿԵ նախարարությանը։ Նախ այն պատճառով, որ ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի սեփականատերը պետությունն է (Ջրային կոմիտե, ՏԿԵ նախարարություն)։ Մեր ստացած պատասխաններից պարզ է դառնում, որ առնվազն «Վեոլիա ջուր» եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին անհանգստացրել եւ անհանգստացնում են կառուցապատման ծավալները։ Ավելին՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը կանխատեսում է նաեւ կառուցապատման աշխարհագրության ընդլայնման պայմաններում առաջացող ռիսկերը ջրամատակարարման համակարգի վրա։
Եթե համայնքի ղեկավարի համաձայնությամբ տրամադրված նախագծման թույլտվության պայմաններին բավարարող նախագիծը ստանում է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն, նախագիծը համաձայնեցվում է քաղաքապետարանի հետ, ապա շինարարության թույլտվությունը գրեթե պատրաստ է։ Պետական համալիր փորձաքննական հանձնաժողովն առանձին բացասական եզրակացություններ չի կայացնում։ Հրապարակվում են միայն դրական եզրակացությունները։ Այս պայմաններում փաստ է, որ ՏԿԵ նախարարությունը կառուցվող համալիրներից եւ որեւէ մեկի համար այսպես ասած «խոչընդոտ» չի ստեղծել՝ կառուցապատման հնարավոր հետեւանքներն արդեն կրում են շենքերի, թաղամասի եւ քաղաքի բնակիչները։
Նույնը կարող ենք ասել տրանսպորտային ծանրաբեռնվածության վերաբերյալ։ Նախագծման թույլտվության մեջ միայն նշում կա «տրանսպորտային պայմանների» մասին, որտեղ անհրաժեշտ է նշել կառուցվող համալիրին մոտեցող փողոցների անունները։ Բոլոր դեպքերում նախագծման եւ շինարարության թույլտվությունները տրամադրվում են՝ հիմք ընդունելով տվյալ բնակավայրի/համայնքի գլխավոր հատակագիծը։ Գլխավոր հատակագծին համապատասխան կառուցապատում իրականացնելու համար անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել ենթակառուցվածքների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարը։
Արաբկիրի բնակֆոնդի տվյալները քաղաքապետարանը չի հաշվառում
Գրավոր հարցմամբ Երևանի քաղաքապետարանից փորձեցինք տեղեկություններ ստանալ Արաբկիր վարչական շրջանի բնակֆոնդի վերաբերյալ (2015-2025թթ․ համար)։ Տեղեկատվությունը խնդրել ենք տրամադրել ըստ տարիների եւ բնակֆոնդի մակերեսի։ 2025 թ․-ի սեպտեմբերին քաղաքապետարանի լրատվության վարչությունից բացասական բովանդակությամբ պատասխան ստացանք․ «Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից բնակֆոնդի վերաբերյալ վիճակագրական նման տվյալներ չեն հավաքագրվում»։ Նույն տեղեկատվությունը փորձեցինք ստանալ Արաբկիր վարչական շրջանից, որի ղեկավար Սուրեն Վարոսյանը գրավոր հայտնեց, որ 2015թ.-ի հունվարի 1-ից 2025թ.-ի սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի համար ըստ տարիների և բնակֆոնդի մակերեսների վերաբերյալ տվյալներ առկա չեն։ «Ըստ մեզ մոտ առկա տվյալների՝ 2025թ.-ի դրությամբ Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերում առկա են ընդհանուր 3 միլիոն 721 հազար 826 քմ մակերեսով բնակարանների բնակֆոնդ և ընդհանուր 1 միլիոն 659 հազար 971,2 քմ մակերեսով անհատական տների բնակֆոնդ»,- գրավոր հայտնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը։ Անշարժ գույքը գրանցող մարմնում՝ Կադաստրի կոմիտեում, նույնպես չկան տվյալներ, թե որքա՞ն է ավելացել Արաբկիր վարչական շրջանի բնակֆոնդը 2015-2025 թվականներին։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը հոկտեմբերին գրավոր հայտնել է, որ Կադաստրի կոմիտեում բնակֆոնդի վերաբերյալ տվյալներ չեն հավաքագրվում։
Այս պայմաններում հարց է առաջանում, թե ինչպե՞ս է գնահատվում կառուցվող համալիրների բնակվող եւ բնակվելիք մարդկանց թվի աճի ազդեցությունն արդեն ձեւավորված թաղամասում (այդ թվում՝ տրանսպորտը, նախադպրոցական եւ հանրակրթական հաստատությունները, կոմունալ-կենցաղային հարմարությունները, կանաչ տարածքները եւ այլն)։
Արաբկիրի ծանրաբեռնված փողոցների համար ի՞նչ լուծում է առաջարկում Երևանի նոր գլխավոր հատակագիծը
Երևանի նոր գլխավոր հատակագիծը հաստատվել է 2024 թ․-ին, դրանից առաջ գործում էր 2005 թ․-ին հաստատված գլխավոր հատակագիծը, որը նախատեսված էր մինչեւ 2020 թ.-ի քաղաքաշինական գործունեության համար։ Փաստացի 4 տարի մայրաքաղաքը նոր գլխավոր հատակագծի անհրաժեշտություն է ունեցել։ Գլխավոր հատակագիծն այն փաստաթուղթն է, որն ուղենիշ է քաղաքի ապագա զարգացման համար (հատկապես կառուցապատման համար)։ Երևանի Արաբկիր վարչական շրջանը Կենտրոն վարչական շրջանից հետո ամենախիտ կառուցապատված եւ կառուցապատվող թաղամասն է։ Երևանի նոր գլխավոր հատակագծով Արաբկիր վարչական շրջանի փողոցների տրանսպորտային ծանրաբեռնվածության հնարավոր լուծում է առաջարկվում՝
«Դավթաշենի կամրջի, ինչպես նաև Կոմիտաս, Ա․Խաչատրյան, Վ․Վաղարշյան ուղղությունների գերծանրաբեռնվածության պատճառով առաջացել է անհրաժեշտություն Պ․Սևակի փ․–Թբիլիսյան խճուղի–Ազատության պող․ խաչմերուկից իրականացնել նոր ուղղութուն դեպի Դավթաշեն (Զովունու խճուղի)՝ կամրջով և ուղեբաժանքներով»։ Այս առաջարկի իրագործման համար կոնկրետ ժամանակ եւ գործողություններ չկան նշված։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել