Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանները միջնորդել են դատարանին արդարացնել նրանց
Նոյեմբերի 27-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստը սկսվել է հայ գերիների պաշտպանների ելույթներով։
Գուրգեն Ստեփանյանի պաշտպան Զումրուդ Սամեդովան իր ելույթը սկսել է՝ հիշեցնելով, որ պետական մեղադրողը դատարանին խնդրել է Ստեփանյանին դատապարտել 16 տարվա ազատազրկման։ Պաշտպանը նշել է, որ Գուրգեն Ստեփանյանը չի ընդունում մեղադրանքները։ Նրա խոսքով՝ Ստեփանյանը, ինչպես նշել է դատավարության ընթացքում տված իր ցուցմունքում, 2005-2007 թվականներին ծառայել է Հադրութում, իսկ 2023 թվականին ծառայել է մարտական դիրքում։
Փաստաբանը նշել է, թե իբր «2023 թվականի սեպտեմբերի 19-ին նա լքել է իր դիրքը, փախել Ստեփանակերտ քաղաք և ճանապարհին հանդիպել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների, որից հետո հանձնվել է նրանց»։ Փաստաբանը միջնորդել է դատարանին՝ արդարացնել նրան։
Գերիներից Վասիլի Բեգլարյանի պաշտպան Ազիզաղա Գաֆարովը իր ելույթում նշել է, որ իր պաշտպանյալը մեղավոր չէ նշված հանցագործությունների մեջ: Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ փաստաբանն ասել է, որ Բեգլարյանը 2012-2013 թվականներին ծառայել է Մարտակերտում: Նրա խոսքով՝ 2022 թվականին Վ. Բեգլարյանը կնքել է երեք տարվա պայմանագիր՝ որպես պայմանագրային զինծառայող Ստեփանակերտում տեղակայված ստորաբաժանումում: Նա մի քանի անգամ բարձրացել է մարտական դիրքեր։
Պաշտպանն ընդգծել է, որ Ստեփանակերտում տեղակայված զինվորական ստորաբաժանումում երեք տարի պայմանագրային ծառայության անցնելը վերագրվել է Վ. Բեգլարյանին, այնինչ թեև ծառայությունը կամավոր է եղել, այն պայմանավորված է եղել նրանով, որ Բեգլարյանը չի կարողացել աշխատանք գտնել և ստացել է պայմանագրային աշխատավարձ: Պաշտպանը հավելել է, որ այս փաստը հաստատվում է նաև Վասիլի Բեգլարյանի ցուցմունքով: Նա նաև նշել է, որ Վ. Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը։ Պաշտպանը դատարանին խնդրել է արդարացնել Վ. Բեգլարյանին։
Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի պաշտպան Պարվանա Գասիմովան իր հայտարարության մեջ նշել է, որ իր պաշտպանյալը հանցավոր խմբի անդամ չէ։ Նա նշել է, որ իրենք չեն ընդունում մեղադրանքի կողմի փաստարկները և խնդրել է դատարանին արդարացնել Ա. Ղուկասյանին։
ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպան Վալեխ Գուրբանովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը և իրեն չի համարում որևէ հանցավոր խմբի անդամ։ Փաստաբանը հավելել է. «Դավիթ Մանուկյանը երբեք չի եղել որևէ անօրինական զինված խմբի հիմնադիր կամ մասնակից։ Նա զինծառայող է եղել և գործել է ռազմական կանոնադրության շրջանակներում»։
Պաշտպանը ընդգծել է, որ «տեղի ունեցածի հիմնական մեղքը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։ Նա դատարանից խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։
Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբան Չինգիզ Մանսուրովը հայտարարել է, որ իր պաշտպանյալը կամավոր հանձնվել է 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցի զինծառայողներին։ Պաշտպանը ընդգծել է, որ Բաբայանը չի ընդունում իր մեղքը և դատարանից խնդրել է արդարացնել նրան։
Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Մադաթ Բաբայանի փաստաբան Լեյլա Նամազզադեն նշել է, թե իբր Մադաթ Բաբայանը ներկա է եղել Խոջալուի իրադարձություններին, սակայն նա ոչ մեկին չի սպանել և կրակ չի բացել խաղաղ բնակիչների վրա, նա ծառայել է որպես շարքային զինծառայող: Պաշտպանը նշել է նաև, թե իբր Մադաթ Բաբայանի ցուցմունքի շնորհիվ հնարավոր է եղել գտնել Խոջալուում մահացածների մնացորդները և թաղել դրանք։ Պաշտպանը միջնորդել է դատարանին արդարացնել Մադաթ Բաբայանին իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներով։
Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 4-ին։
Կարդացեք նաև՝
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել