Անկաշկանդ գնումներ կեղծ թղթադրամներով
2025 թվականի սեպտեմբերի 12-ի երեկոյան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետսիյան 2 հասցեում գտնվող «Ավա ֆարմ» դեղատուն մտած մի կին մոտ 14 000 դրամի դեղորայք է գնել՝ վճարելով կեղծ 50 000 դրամանոցով։ Դեղատան աշխատակիցը, առանց կասկածելու, որ հաճախորդը կեղծ թղթադրամ է տվել, նրան վերադարձրել է մանրը՝ 36 000 դրամ: Որոշ ժամանակ հետո, սակայն, գլխի է ընկել, որ թղթադրամը կեղծ է։
Դեպքից հետո դեղատունը Instagram-ում հրապարակել է տեսախցիկների տեսագրությունները՝ զգուշացնելու այլ ընկերությունների։ Պարզվել է, որ նմանատիպ դեպքեր եղել են նաև այլ համայնքներում․ բազմաթիվ փոքր խանութների, դեղատների սեփականատերեր գրել են դեղատան էջին՝ պատմելով, որ նույն կինն իրենց մոտ էլ է կեղծ թղթադրամներով գնումներ արել։
Տեսանյութի հրապարակումից մեկ օր անց դեղատուն է զանգել գնում կատարած կինը եւ պնդել, թե չի իմացել թղթադրամի կեղծ լինելու մասին, խոստացել է վերադարձնել գումարը։ Միաժամանակ, «Ավա ֆարմ»-ի աշխատակիցներին խնդրել է հեռացնել տեսանյութը։
«Ասում էր՝ քաղաքում չի, երեկոյան անպայման կգա։ Բնականաբար, ոչ այդ օրը, ոչ հաջորդը, ոչ էլ մի քանի օր անց նա չհայտնվեց, գումարն էլ չվերադարձվեց»,- ասում է դեղատան ներկայացուցիչը։
Դեպքից մոտ մեկ ամիս անց դեղատուն է այցելել մի տղամարդ՝ պնդելով, թե ցանկանում է «տնօրենի հետ անձնական հարցով խոսել»։ Աշխատակիցները չեն տրամադրել կապի ուղիղ միջոց, սակայն շուտով պարզել են, որ հնարավոր է՝ տղամարդը կապ ունի նույն պատմության հետ։
«Մի քանի օր անց նորից եկավ։ Արդեն ասում էր՝ այդ կինը չի իմացել, որ թղթադրամը կեղծ է։ Խնդրում էր, որ վիդեոն ջնջենք։ Եկավ երկու-երեք անգամ, հետո այլևս չերևաց»,-պատմում է դեղատան աշխատակիցը։
Դեղատան սեփականատերը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մեզ դիմած մի շարք տնտեսվարողներ,չցանկանալով հրապարակել իրենց անուն, ազգանունները, տրամադրել են տեսախցիկների տեսագրություններ ու պատմել իրենց հետ պատահածը։
Նման դեպք եղել է նաև Հրազդան քաղաքում գտնվող կոսմետիկայի խանութում։ Երբ նույն կինը օծանելիք է գնել, վճարել կեղծ 50 000 դրամանոցով, վերցրել մանրն ու հեռացել։ Ոստիկանությունը խանութից վերցրել է թե՛ կեղծ թղթադրամները, թե՛ տեսագրությունները։
Հրազդանում գտնվող հացաբուլկեղենի խանութում նույնպես կեղծ թղթադրամով գնումներ է արել։ Առավոտյան 7:30-8:00-ի սահմաններում նա մտել է հացաբուլկեղենի խանութ, 20․000 դրամանոց տվել, 6 հաց գնել, վերցրել մանրը՝ 19 000 դրամ ու հեռացել։
Դեպքից որոշ ժամանակ անց հացաբուլկեղենի խանութի տիրոջ որդին հաշվել է դրամարկղի գումարն ու նկատել, որ 20 000 դրամանոցը կեղծ է։
Չնայած վնասին՝ նրանք ոստիկանություն չեն դիմել։ «Մտածեցի՝ քսան հազարի համար ո՞նց դիմեմ։ Մեկ է, ոչինչ չէին անելու։ Բայց ճիշտ է, էդ գումարը հեշտ չի գալիս։ Դժվարությամբ ես աշխատում»,-ասում է նա։
Երևանի մեկ այլ դեղատան աշխատակից էլ պատմում է, որ երբ երիտասարդ կինը մտել է դեղատուն, շատ անհանգիստ է եղել, բայց վերջինս չի կռահել, թե ինչ պատճառով։
Նա վճարել է 50․000 դրամանոց թղթադրամով։ «Հերթ էր, ինձ ասաց՝ դուք մյուսներին սպասարկեք, հետո ինձ, հետո իրենից հետո էլ մարդիկ եկան։ Արագ վերցրի գումարը, դրեցի կասսայում։ Հետո, երբ արդեն գումարը հաշվում էի, նկատեցի, որ թղթադրամը նորմալ չէ»,- պատմում է դեղատան աշխատակիցը։
Այստեղ կինը մոտ 20 000 դրամի գնում է արել՝ հիմնականում մանկական ապրանքներ, տակդիրներ, մանկական խնամքի պարագաներ, վերցրել մանրը, որը մոտ 30 000 դրամ էր։
«Իհարկե, իմ վրա մնաց։ Ես էի մեղավոր, որ չստուգեցի։ Հիմա տնօրենը սարք է բերել՝ ստուգիչ ապարատ, շատ ավելի ուշադիր ենք»,- պատմում է նա։
Բոլոր դեպքերում սցենարը գրեթե նույնն է, երիտասարդ կինը նախապես զգուշացնում է, որ մեծ գումար է տալու, ընտրում է անհրաժեշտ ապրանքները, վաճառողը նախօրոք պատրաստում է մանրը, նա վերցնում է գնումներն ու մանրը և արագ հեռանում։
Տեսագրությունների միջոցով տուժած քաղաքացիները կարողացել են նույնականացնել կնոջը։ Բոլոր տեսագրություններում հստակ երևում է նրա դեմքը։ Համացանցում տարածված տեսանյութերով էլ մեկը մյուսին զգուշացնում են։
Չնայած տեսագրություններում երևում է ենթադրյալ հանցանքը կատարած քաղաքացու դեմքը, որոշ դիմումների դեպքում էլ ոստիկանությունն անձամբ է խանութներից և դեղատներից վերցրել տեսագրություններն ու կեղծ թղթադրամները, Քննչական կոմիտեն դեռևս չի բացահայտել այս արարքը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել