HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժենյա Գևորգյան

Կաթողիկոսի հեռանալու համար որեւէ նախադրյալ չկա. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին Մայր Աթոռում ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալու Հայ Առաքելական եկեղեցու եւ անձամբ իր անվան շուրջ վերջին ամիսներին ծավալվող իրադարձություններին։ Համացանցում տարածված ինտիմ բնույթի տեսանյութի վերաբերյալ հարցին ի պատասխան, որը վերագրվում է Արշակ սրբազանին, նշեց, որ դրանք սուտ են և կեղծ, ինքն այդպիսի բան չի արել, չի անում և չի անելու։ 

Օրեր առաջ Քննչական կոմիտեն «Ազատությանը» հայտնել էր, որ փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութում Արշակ արքեպիսկոպոսն է։ Սակայն հարցաքննության ժամանակ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և իր ազգականը հերքել են, թե տեսանյութում իրենք են։ 

«ՔԿ-ն ընդունում է, որ դրանք ապօրինի տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի՝ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել։ ՔԿ-ն գործ է հարուցել, և ես հրավիրվել եմ հանդիպման։ Ասել եմ, որ այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով, քանի որ իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտված չէ։ Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ շատ տհաճ, անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ միանշանակ հերքում են»,- ՔԿ հայտարարության առնչությամբ ասա Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ 

Հայ Առաքելական եկեղեցու ինը եպիսկոպոսներ նոյեմբերի 27-ին հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել Վեհափառին կամովին գնալ հանգստի։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ Կաթողիկոսը չպետք է հեռանա, անգամ եթե այդ հարցը բարձրացնում են եպիսկոպոսները, հեռացումը, ըստ նրա, կլինի դասալքություն։ Ինքը որևէ նախադրյալ չի տեսնում Կաթողիկոսի հեռանալու համար, իսկ վերջինի զավակ ունենալ-չունենալու հարցին անգամ չպատասխանեց՝ հարցը որակելով գռեհիկ։ 

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը  հաստատեց նաև, որ հանդիպել է ԱԱԾ տարբեր պաշտոնյաների, սակայն ժամանակ և անուններ չնշեց։ «Ես հրավիրված եմ եղել հանդիպումների, ոչ թե կանչվել․ ըստ էության, ծանուցագրեր չեն ուղարկվել։ Եղել է հրավեր, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում նրանք արտահայտել են իրենց տեսակետները, ես՝ իմը»,-նշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter