ԵՄ պաշտոնյաներն ասում են, թե խաղաղության գործընթացին Ադրբեջանը դրական է նայում, իսկ մտադրություններն իրական են
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ շփվող, ինչպես նաեւ ներկա քաղաքական գործընթացներին հետեւող եւ վերլուծող ԵՄ պաշտոնյաները կարծում են, որ ներկա պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական խաղաղություն հնարավոր է:
Նրանցից մեկը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն է, որը եղել է թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում, հանդիպել է երկու երկրների ղեկավարներին: «Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդակներ ստացա: Նաեւ առ այն, որ Ադրբեջանը եւս լրջորեն է տրամադրված, երբ խոսում է խաղաղության մասին,- հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանձնակատար Կոսը,- այնպես որ, ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է, եւ այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն զարգացում է դրական ուղղությամբ: Գիտեք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխայցեր են տեղի ունեցել, եւ դա առաջին թռիչքն էր կամ առաջիններից մեկը Բաքվի եւ Երեւանի միջեւ: Նախկինում դա հնարավոր չէր լինի»:
ԵՄ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա հայաստանցի լրագրողների հետ ոչ հրապարակային զրույցում, հղում անելով Ադրբեջանի հետ բանակցություններին, ասում է, որ իրենց եւ պաշտոնական Բաքվի երկկողմանի քննարկումներում վերջինս որեւէ պահանջ չի ներկայացնում Հայաստանի հանդեպ, փոխարենը Բաքվից ԵՄ-ին վստահեցնում են, որ իրենք խաղաղության գործընթացը խափանելու որեւէ մտադրություն չունեն եւ ցանկանում են այն ավարտին հասցնել: Մեր զրուցակիցը հավելում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններից հետո իրենք Ադրբեջանից միայն դրական ազդակներ են ստանում Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ:
Վերջինիս թիմի անդամներից մեկը նկատում է, որ, ընդհանրապես, կոնֆլիկտների միջով անցած երկրների ղեկավարները պետք է դժվար որոշումներ կայացնեն: Ըստ այդմ՝ իրենք դրական ֆոն են տեսնում ներկայում, ինչը նախկինում չի եղել: Բացի դրանից, ըստ բանախոսի, ԵՄ-ն հայ-ադրբեջանական գործընթացին նայում է երկարաժամկետ հեռանկարով:
«Բնականաբար, դուք գուցե կարող եք կասկածամիտ լինել, թե արդյոք մտադրություններն իրական են,- իր հերթին ասում է Մ. Կոսը,- ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ ներգրավված է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը շատ ավելին է, քան պարզապես խաղաղությունը ձեր երկու երկրների միջեւ, դա տարածաշրջանային խաղաղություն է: Այդ իսկ պատճառով ես շատ դրական եմ տրամադրված: Դեռ պետք է խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց մենք բոլորս, ներառյալ՝ ԵՄ-ն, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ձեր երկիրը եւ Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ: Սա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք եւ ինչի վրա հույս ենք դնում»:
ԵՄ մեկ ուրիշ պաշտոնյա հայաստանցի լրագրողների հետ կրկին ոչ հրապարակային հանդիպմանը հայտարարել է, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո ագրեսիվ հռետորաբանությունն ու սահմանային լարվածությունը զգալի թուլացել են, ինչը փաստել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից մոնիտորինգ իրականացնող ԵՄ դիտորդական առաքելությունը:
Մեկ այլ պաշտոնյա ԵՄ-ից, որն անմիջական շփման մեջ է երկու երկների ղեկավարների հետ, ասում է, որ ներկա իրավիճակը տարբերվում է օգոստոսի 8-ից առաջ եղած դրության հետ: Ըստ նրա՝ երկու կողմերն էլ դրական վերաբերմունք ունեն խաղաղության գործընթացի նկատմամբ, եւ լավ հնարավորություն է ստեղծվել ամբողջ տարածաշրջանի համար: Մյուս կողմից, ըստ ԵՄ պաշտոնյայի, Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներն ունակ են լուծել երկկողմանի բանակցությունների միջոցով: Մեր զրուցակիցը նկատում է, որ չնայած ադրբեջանական կողմից «Զանգեզուրի միջանցք», «Արեւմտյան Ադրբեջան» կամ Սեւանա լճի անվանափոխման թեմաները չեն վերացել, այդուհանդերձ, մեդիա տիրույթում շատ բան է փոխվել, եւ որակական փոփոխություններ կան:
Անդրադառնալով 2021-2022 թթ. ադրբեջանցիների կողմից ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիային՝ հանձնակատար Կոսն ասում է, որ լուծումը տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում, բայց ինքը հավատում է խնդրի լուծմանը, քանի որ հարաբերությունների զարգացում է տեսնում, ինչն ընթանում է ճիշտ ուղղությամբ, սակայն դեռ շատ անելիք կա:
Մարթա Կոսը հավատում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությանը նաեւ Թուրքիայի դերակատարության պատճառով: Ասում է, որ ինքն ակտիվ կապի մեջ է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող իրադարձությունների մասով:
Հարցին, թե ինչպես կարող է ԵՄ-ն դրդել Թուրքիային, որ վերջինս նպաստի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությանը, ինչպես նաեւ բացի հայ-թուրքական սահմանը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Կոսն արձագանքում է. «Չեմ կարծում, որ կարող եմ Թուրքիային կամ որեւէ մեկին ստիպել ինչ-որ բան անել: Այն, ինչ ես կարող եմ անել, լավ հարաբերություններ ունենալն է այն ոլորտներում, որտեղ ԵՄ-ի եւ Թուրքիայի համագործակցությունը նաեւ մեր ռազմավարական շահերից է բխում: Մյուս կողմից՝ Թուրքիան առանցքային գործընկեր է կապակցվածության օրակարգում (connectivity agenda): Մենք գիտենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շատ լավ հարաբերությունների մասին: Ես դա գիտեմ նաեւ Ադրբեջանի հետ իմ զրույցներից: Միեւնույն ժամանակ Թուրքիան հասկանում է Հայաստանի հետ սահմանային անցակետերի կարեւորությունը: Մենք քննարկում ենք նաեւ համագործակցության այս տեսակը»:
Անդրադառնալով Հայաստանի հարավում կառուցվելիք TRIPP ուղուն՝ ԵՄ պաշտոնյաներից մեկն ասում է, որ իրենք առայժմ սպասում են ՀՀ-ԱՄՆ բանակցություններին, որպեսզի հասկանան, թե ինչպես կարող է ԵՄ-ն ներգրավվել այս ծրագրում: Ըստ նրա՝ դժվարությունն այն է, որ հայկական երկաթուղին կառավարվում է ռուսական արմատներով ընկերության («Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ) կողմից, հետեւաբար խնդրահարույց է, թե TRIPP-ով երկաթուղի անցկացնելու դեպքում ԱՄՆ-ն կամ ԵՄ-ն ինչպես պիտի հարաբերվեն ռուսների հետ:
ԵՄ-ից մեկ այլ պաշտոնյա նշում է, որ իրենք ամերիկացիներին հայտնել են եվրոպական կողմի՝ TRIPP-ով հետաքրքրված լինելու մասին: Հավելում է՝ ԵՄ դիրքորոշումը միշտ եղել է այն, որ երթուղու վրա սահմանային հսկողությունը պետք է լինի ՀՀ տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում:
«42-կիլոմետրանոց ճանապարհային հատվածը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություն է: Մենք նույնպես խոսում ենք ամերիկացիների հետ, որովհետեւ մեզ համար ավելի մեծ պատկերը ամբողջական կապակցվածությունն է Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա,- ասում է հանձնակատար Կոսը,- սա ընդամենը 42 կմ է: Մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ ինչ էլ անենք, միայն այս մասը չլինի, այլ այն, ինչը որ գնում է դեպի արեւելք եւ արեւմուտք, արվի միաժամանակ»:
Հայաստանի ու Ադրբեջանի հետ մշտական կապի մեջ գտնվող ԵՄ պաշտոնյաներից մեկն, իր անձնական կարծիքը ներկայացնելով, ասում է, որ պետք է իրատես լինել՝ հասկանալու համար այս երկրների կարողությունները: Ըստ այդմ՝ ԵՄ-ն ոչ միայն պետք է սերտորեն համագործակցի Հարավային Կովկասի երկրների հետ, այլեւ հաշվի առնի վերջիններիս ավանդաբար ձեւավորված մարդկային, տնտեսական, աշխարհագրական կապերը: Մի փոքր բացելով փակագծերը՝ մեր զրուցակիցը նկատում է, որ Երեւանն ու Բաքուն ցանկանում են ԵՄ-ի հետ ամրացնել արեւելք-արեւմուտք ուղղությունը, սակայն նրանք չեն կարող փակել ու կապարակնքել հյուսիս-հարավ առանցքը (Ռուսաստանն ու Իրանն իրար կապող):
Առաջին լուսանկարում՝ Եվրամիության խորհրդի, Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի շենքերը Բրյուսելում
Բրյուսել-Երեւան
Տես նաեւ՝
- ԵՄ պաշտոնյան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանապարհ կգտնեն՝ պաշտպանելու իրենց մշակութային ժառանգությունը
- Հանձնակատար Կոսը՝ հայկական ավիացիան ԵՄ «սեւ ցուցակից» դուրս բերելու մասին. «Կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել