HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ջերմուկում ծրագրում են մինչեւ 2028 թ. նոր օդանավակայան կառուցել. ծրագիր, որ քննարկվում է շուրջ 20 տարի

Այս տարվա հոկտեմբերից Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Վահագն Արսենյանը, որը մինչ այդ՝ 2021-2025 թթ., Ջերմուկի համայնքապետն էր, քաղաքի ղեկավարի պաշտոնում Forbes հանդեսին տված հարցազրույցում խոսել է համայնքի զարգացման հեռանկարների մասին ու, մասնավորապես, կարեւորել օդանավակայանի գործոնը:

«Գալիք օդանավակայանը նոր հնարավորություններ կստեղծի լոգիստիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում… Պատրաստվում ենք փոքր օդանավակայանի կառուցմանը, որը սկզբում կսպասարկի ներքին չվերթեր, իսկ ավելի ուշ կընդլայնվի միջազգային ուղղություններով,- Forbes-ին ասել է Վ. Արսենյանը,- 10 տարի հետո Ջերմուկը տեսնում եմ որպես համաշխարհային մակարդակի առողջարանային մայրաքաղաք՝ միջազգային օդանավակայանով, տասից ավելի ժամանակակից առողջարանային սպա-կենտրոններով եւ էկոտուրիզմի զարգացած ոլորտով»։

Ջերմուկում նոր օդանավակայանի թեման քննարկվում է արդեն մոտ 20 տարի, բայց այդպես էլ փաստաթղթային մակարդակից այն կողմ չի անցել:

Ջերմուկի հին օդանավակայանի շենք-շինությունները՝ մասնավոր սեփականություն

Ջերմուկում օդանավակայան կա դեռ 1950-ականների երկրորդ կեսից: Այն գտնվում է Երեւան-Ջերմուկ ճանապարհի հարեւանությամբ՝ Արփա գետի ձախ ափին:

Խորհրդային տարիներին դեպի առողջարանային այս քաղաք թռիչքներ էին կատարում տարբեր տիպի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Ընդ որում՝ սա Հայաստանի ամենաբարձր օդանավակայանն է (գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա):

1990-ականներից այս կողմ Ջերմուկի օդանավակայանում թռիչքներ չեն իրականացվում: Անկախությունից հետո օդանավակայանը գտնվում էր ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռում, սակայն 1999-ին Վազգեն Սարգսյանի կառավարությունը որոշել էր օդանավակայանի գույքն առանձնացնել ՓԲԸ-ից ու սեփականության իրավունքով անհատույց հանձնել Ջերմուկ համայնքին: Վերջինս էլ իր հերթին 2002 թ. օդանավակայանի շենք-շինությունները վաճառել է օդանավակայանի նախկին պետ Մելսիկ Առաքելյանին:

Օդանավակայանի երկհարկանի շենքը, որի կազմում են նախկին սպասասրահը, կարգավարական կետը, տոմսարկղը, աշխատակիցների սենյակները, այժմ համարվում է առանձնատուն եւ պատկանում է Մ. Առաքելյանին: Վերջինս ձեռք է բերել նաեւ շենքին կից 1,5 հա հողամաս:

Օդանավակայանի մնացած հողը (ըստ Կառավարության որոշման՝ 51,6 հա) համարվում է պետական սեփականություն:

Նոր օդանավակայանի ծրագիրն ու տարածքի փնտրտուքը

2008-ի սեպտեմբերին Տիգրան Սարգսյանի կառավարությունը Ջերմուկը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Գործադիրի որոշման մեջ նշվում էր, որ մինչեւ 2012 թ. Ջերմուկը պետք է դառնա տարվա չորս եղանակի զբոսաշրջային կենտրոն, քաղաքը պետք է զարգանա որպես առողջարանային եւ ձմեռային տուրիզմի կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական, ինչպես նաեւ միջազգային մանկապատանեկան ու երիտասարդկան ճամբարատեղի, մշակութային տուրիզմի կենտրոն: Կառավարությունը նախատեսում էր, որ տարեկան Ջերմուկ է այցելելու 100 հազ. զբոսաշրջիկ, իսկ տուրիզմից տարեկան ստացվելու է 100 մլն դոլարի եկամուտ ու ստեղծվելու է 4000 լրացուցիչ աշխատատեղ: Ջերմուկի զարգացման հավակնոտ ծրագրի գերակա խնդիրները իրականություն դարձնելու համար նախանշվել էին մի շարք միջոցառումներ, որոնցից մեկն էլ այստեղ ուղղաթիռների եւ թեթեւ ինքնաթիռների համար նախատեսված օդանավակայան ունենալն ու համապատասխան երթուղիների կազմակերպումն էր:

Մինչեւ այս որոշման կայացումը՝ 2008-ի հուլիսին, Կառավարությունը սահմանել էր այդ տարվա գերակա խնդիրների ցանկը, որոնց թվում նաեւ փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի ընդունումն էր: Դրա վրա հիմնվելով՝ ավելի ուշ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ, ներկայում՝ Քաղավիացիայի կոմիտե, ՔԱԿ) համապատասխան հայեցակարգ էր մշակել: Դրանում ասվում էր, որ ուսումնասիրվել են մեր երկրի մի շարք օդանավակայանների, այդ թվում՝ Ջերմուկի օդանավակայանի վերագործարկման հնարավորությունները:

ՔԱԳՎ-ն Ջերմուկում փոքր ավիացիայի զարգացումը դիտարկել էր տուրիզմի տեսանկյունից, ինչը տրամաբանական էր եւ բխում էր Կառավարության վերոնշյալ որոշումից. «Նկատի ունենալով ՀՀ կառավարության ծրագիրը՝ ուղղված Ջերմուկ քաղաքի զարգացմանը, ակնհայտ է, որ հանգստի եւ առողջապահության ժամանակակից կենտրոնը պետք է ապահովված լինի համապատասխան ենթակառուցվածքներով: Հաշվի առնելով շրջանի ռելիեֆային պայմանները, ինչպես նաեւ նախկին «Ջերմուկ» օդանավակայանի շահագործման փորձը (թռիչքների իրականացման տեսանկյունից օդանավակայանը համարվում էր բարդ օդանավակայան) Ջերմուկ քաղաքի օդային հաղորդակցության զարգացման նպատակով՝ առանձնացված տարածքներում կարելի է կառուցել ե՛ւ նոր օդանավակայան, ե՛ւ նոր ուղղաթիռահրապարակ»:

Այսպիսով՝ 2008-ին ՀՀ կառավարության մակարդակով քննարկվում էր Ջերմուկում նոր օդանավակայան ունենալու հարցը:

Հիմք ընդունելով Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին 2008 թ. որոշումը՝ 2009-ի հուլիսին Կառավարությունն ընդունեց Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թթ. ռազմավարությունը: Վ. Այվազյանը «Հետքին» հայտնել է, որ ռազմավարությունը մշակվել է շվեյցարական TigerDev Swiss ընկերության կողմից: Ռազմավարության մեջ նշվել է, որ սա ձմեռային զբոսաշրջավայրերի նախագծման եւ կառավարման մեջ մասնագիտացած կազմակերպություն է (հետագայում լուծարվել է):

Փաստաթղթում իբրեւ պատմական ակնարկ նշվել է, որ ժամանակին Ջերմուկը հնարավորություն ուներ ընդունել փոքր օդանավեր քաղաքի հարավային մասում կառուցված օդանավակայանում, որի շենքը եւ թռիչքուղին երկար տարիներ չեն գործել (ինչպես ասացինք, 1990-ականներից): Հղում անելով ՔԱԳՎ-ին՝ նշվել է, որ թռիչքուղին այլեւս պիտանի չէ փոքր օդանավեր ընդունելու համար, վայրէջքի համար օդանավակայանին մոտենալն անվտանգ չէ, իսկ թռիչքուղու վերջում կառուցված եկեղեցին նույնպես խոչընդոտ է օդանավակայանի շահագործման համար (հատկանշական է, որ 2007-ին բացված Ս. Գայանե եկեղեցու կառուցման հովանավորը եղել է Վահագն Արսենյանի հայրը՝ «Ջերմուկ Գրուպ» ընկերության հիմնադիր, Ջերմուկի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանը):

Ըստ նշված ռազմավարության՝ Ջերմուկի նոր օդանավակայանի համար ընտրվել էր երկու հնարավոր տարածք. մեկը՝ Սյունիքի մարզի Գորայք, մյուսը՝ Վայոց Ձորի Կարմրաշեն գյուղի մոտ (երկուսն էլ՝ Ջերմուկից ուղիղ գծով 15-20 կմ հեռավորության վրա): Այդուհանդերձ, երկու դեպքում էլ ի հայտ են եկել խոչընդոտներ: Մեկի դեպքում խանգարող հանգամանքը եղել է ուժեղ քամիների առկայությունը, մյուսի դեպքում՝ չափազանց նեղ թռիչքուղու հնարավորությունը: Նշվել է, որ թռիչքուղին պետք է ունենա առնվազն 2000 մ երկարություն՝ օդի ցածր ճնշման պարագայում օդանավերի գործողությունները հնարավոր դարձնելու համար:

Նկատենք, որ հին օդանավակայանի թռիչքուղու երկարությունը չի հասնում 1700 մետրի, սակայն կարճ լինելը փոխհատուցվել է նրանով, որ դրա հյուսիսային ծայրը 45 մետրով բարձր է հարավային ծայրից: Սա նշանակում է, որ հարավային կողմից վայրէջք կատարող ինքնաթիռը թեք վազքուղուն նստելուց հետո դեպի վեր ընթանալու հաշվին նախատեսվածից ավելի շուտ էր կորցնում արագությունն ու կանգ առնում, իսկ թռիչքի ժամանակ, քանի որ թափավազքը սկսում էր բարձրից (հյուսիսից), ավելի շուտ էր պոկվում գետնից, քան կաներ հարթ թռիչքուղու վրա:

Ռազմավարության մեջ նշվել է, որ նախքան առավել նպատակահարմար վայրի մասին որոշում կայացնելը անհրաժեշտ է նախաձեռնել կլիմայի ուսումնասիրություն ICAO-ի ստանդարտներին համապատասխան, ինչը տեւում է առնվազն 4 տարի, այնուհետեւ՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:

Ընդգծվել է նաեւ, որ շահագրգիռ կողմերի մեկ այլ խումբ նոր օդանավակայանի տեղակայման համար առաջարկում է այլ վայր Ջերմուկի հյուսիսարեւելյան (իրականում՝ հյուսիսարեւմտյան) մասում: Խոսքը քաղաքից հյուսիս ընկած սարահարթի մասին է, որն իբրեւ նոր օդանավակայանի տարածք դիտարկվել է դեռ խորհրդային տարիներին՝ 1980-ականների վերջին:

5 տարբերակ՝ նոր օդանավակայանի եւ ուղղաթիռահարթակի համար

Սակայն պարզվում է՝ Ջերմուկի նոր օդանավակայանի (ավելի ճիշտ՝ աերոդրոմի) եւ ուղղաթիռահարթակի համար դիտարկվել է ոչ թե 3, այլ 5 տարբերակ: Այս մասին տեղեկանում ենք Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ) հաստատելու մասին Կառավարության 2010 թ. փետրվարյան որոշումից (ընտրված տարածքների ուրվագիծը ստորեւ՝ Կառավարության որոշումից):

Առաջինը Կեչուտի ջրամբարից արեւելք ընկած հատվածն է, որտեղ ծովի մակարդակից բարձրությունը մոտ 2070 մ է:

Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծի մեջ այս տարբերակի մասին ասվում է. «Տարածքը տեղակայված է Ջերմուկ քաղաքի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա (խոսքը ոչ թե ուղիղ գծով, այլ ճանապարհով հեռավորության մասին է – հեղ.), 3 կողմից շրջապատված է լեռնալանջերով, ինչը ստեղծում է քամիներից պաշտպանվածության ապահովում, իսկ դեպի Արփա գետի հովիտն ընկած տարածքը բաց է: Նշված տարածքի համար աշխատանքային փուլում անհրաժեշտ է կատարել օդերեւութաբանական լրացուցիչ հետազոտություններ: Տեղանքի հարմարավոտությունն ամրապնդվում է նաեւ նրանով, որ գտնվում է Ջերմուկ քաղաքին հարակից, առաջարկվող երկաթգծի կայարանին մոտ (ինչպես հայտնի է, երկաթգիծ նույնպես չի կառուցվել – հեղ.), ինչը կապահովի կապը տրանսպորտային 2 միջոցների հավասարազոր օգտագործման՝ հնարավորություն տալով արդյունավետ եւ ժամանակի մեծ խնայողությամբ կազմակերպել անհրաժեշտ բազմաբնույթ օդային փոխադրումներ (ուղեւորային, բեռնային, զբոսաշրջային, գործնական, անձնական, կոլեկտիվ), գյուղատնտեսական, վթարափրկարարական, օդային պարեկի եւ դիտարկումների, հետազոտական, քարտեզագրման եւ այլ աշխատանքներ, ինչպես նաեւ կազմակերպել օդային տաքսի ծառայություն եւ անձնական օգտագործման օդանավերի շահագործում: Արդյունքում կապահովվի մարզերի ներգրավումը նոր տեխնիկական միջոցների շահագործման եւ տեխնոլոգիաների ներդրման գործընթացում, ինչը կնպաստի դրանց տնտեսական զարգացմանը եւ հնարավորութուն կտա առավել լիարժեք եւ արդյունավետ օգտագործել զարգացման համար առկա հնարավորությունները: Կապահովվի մարզերի դինամիկ կապվածությունը եւ տնտեսական ինտեգրումը:

Առաջարկվում է նաեւ ավտոմոբիլային ճանապարհ, որը կծառայի ինչպես երկաթգծի, այնպես էլ ուղղաթիռահարթակի սպասարկումներն իրականացնելու համար:

Տարածքի բնական, համեմատաբար փոքր թեքությունները հնարավորություն կընձեռեն որոշակի աշխատանքների իրականացմամբ (լրացուցիչ օդերեւութաբանական ուսումնասիրություններից հետո) նույն տարածքում կառուցել մոտ 2000 մ երկարությամբ թռիչքուղով օդանավակայան՝ փոքր ավիացիայի օդանավերի սպասարկման համար: Տարածքի տեղադրությունն ապահովում է նաեւ մինչեւ հարակից բնակավայրերը սանիտարապաշտպանիչ (աղմուկ) գոտիները՝ գտնվելով մոտակա Կեչուտ գյուղից 1 կմ հեռավորության վրա: Առաջարկվող տարածքն իր սպասարկման եւ օդագնացության պայմաններով համանման է Ջերմուկի նախկին օդանավակայանին՝ օդագնացության պայմաններով գտնվելով փոքր-ինչ բարենպաստ դիրքադրությամբ»:

Երկրորդը Ջերմուկ քաղաքից հյուսիս-արեւմուտք գտնվող սարահարթն է, որը, ինչպես ասվեց, դիտարկվել է նաեւ խորհրդային տարիներին:

Մարզի տարածքային հատակագծում այս տարբերակի մասին ասվում է. «Առաջարկվող տարածքը, որը գտնվում է 2240 մ բարձրության վրա, ունի մի փոքր սահմանափակվածություն: Առաջին տարբերակի նկատմամբ գտնվում է 170 մ ավելի բարձր նիշերի վրա, ինչը բարդացնում է վերջինիս շահագործման խնդիրները (անհրաժեշտ են լրացուցիչ օդերեւութաբանական ուսումնասիրություններ): Օդագնացության պայմանները համանման են նախորդին»:

Երրորդ տարբերակով առաջարկվել է Ջերմուկ քաղաքի կենտրոնից 20 կմ հեռու (ճանապարհով), Որոտան գետի՝ 2280 մ բարձրության վրա գտնվող ձախ ափը հովտի լայնացած մասում, թռիչքուղու երկարությունը՝ 2,5 կմ: «Տարածքի փոքր-ինչ հեռու լինելը քաղաքից կոմպենսացվում է այն հանգամանքով, որ այն գտնվում է Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերից հավասար հեռավորության վրա, ինչը կնպաստի Սյունիքի մարզի քիչ յուրացված տարածքների զարգացմանը, ինչպես նաեւ Սպանդարյանի ջրամբարի հարեւանությամբ ռեկրեացիայի զարգացմանը (շուրջտարյա)»,- նշվել է Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծում:

Չորրորդը Սյունիքի մարզի Գորայք գյուղի արեւելյան հատվածում գտնվող տարածքն է 2150 մ բարձրության վրա, թռիչքուղու հնարավոր երկարությունը՝ 2 կմ, ճանապարհային հեռավորությունը Ջերմուկ քաղաքի կենտրոնից՝ 29 կմ:

Հինգերորդ տարբերակով առաջարկվել է Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղի հյուսիսարեւմտյան հատվածը Հերհեր գետի հունի լայնացած հովտում, ծովի մակարդակից 2050 մ-ի վրա, ճանապարհային հեռավորությունը Ջերմուկի կենտրոնից՝ 25 կմ: Թռիչքուղու երկարությունը՝ մոտ 2,5 կմ: Այս տարբերակի մասով հատակագծում նշվել է հետեւյալը. «Որպես սահմանափակող գործոն հարկ է նշել Կարմրաշեն-Ջերմուկ ճանապարհի՝ լեռնանցքով անցնող 2510 մ բարձրությամբ հատվածի ձմեռային շահագործման դժվարությունը: Այլ տարբերակով լեռնանցքը կարող է անցնել թունելով՝ 2200 մ բարձրության վրա, երկարությունը՝ 3,3 կմ, որի կառուցման մոտավոր արժեքը կկազմի նվազագույնը 50 մլն ԱՄՆ դոլար»:

Ընտրությունը՝ ուղղաթիռահարթակ

Ի վերջո, Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծում շեշտը դրվել է ոչ թե աերոդրոմի, այլ ուղղաթիռահարթակի վրա. «ՔԱԳՎ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով վերոնշյալ տարբերակների նկատմամբ մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքներով տրված սահմանափակումները, նախագծով նպատակահարմար է համարվում երկրորդ (Ջերմուկ քաղաքի հեռուստակայանին կից տարածքը) տարբերակի զարգացումը որպես ուղղաթիռահարթակ, իսկ որպես տարածաշրջանային օդանավակայանի վերագործարկման հնարավորություն դիտարկել ինչպես Գորիս քաղաքի, այնպես էլ Սիսիանի եւ Կապանի օդանավակայանները, որոնք կարող են օգտագործվել ցածր դասի ինքնաթիռների եւ ուղղաթիռների շահագործման համար»:

Այսպիսով՝ Ջերմուկի հյուսիսային հատվածում գտնվող սարահարթը դիտարկվել է որպես ուղղաթիռահարթակի կառուցման վայր, իսկ աերոդրոմի մասով առաջարկվել է Գորիսի, Սիսիանի եւ Կապանի տարբերակը:

Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թթ. ռազմավարության մեջ, որտեղ նշվել է 3 տարբերակի մասին, նույնպես առավելությունը տրվել է քաղաքի հարեւանությամբ ուղղաթիռահարթակ կառուցելուն՝ ընդգծելով, որ սա աերոդրոմ կառուցելուց ավելի հարմար տարբերակ է առաջին հերթին ֆինանսական առումով: Նշվել է նաեւ, որ թե՛ աերոդրոմի, թե՛ ուղղաթիռահարթակի պարագայում ներդրում կատարելուց առաջ անհրաժեշտ է գնահատում իրականացնել՝ հասկանալու համար, թե ինչ կարժենա գաղափարը, արդյոք մասնավոր հատվածի կողմից դրա հանդեպ կա հետաքրքվածություն, կամ արդյոք տրանսպորտի այլ միջոցների համեմատ չվերթերը դեպի Ջերմուկ ունեն պահանջարկ:

«Ելնելով այն հանգամանքից, որ Ջերմուկ ժամանող ուղղաթիռների թիվն անկասկած փոքր է լինելու՝ ենթադրվում է, որ դրանց ազդեցությունը եւ աղմուկի հետեւանքով առաջացած անհարմարությունը շատ սահմանափակ կլինեն: Այդ իսկ պատճառով Ջերմուկում ուղղաթիռների վայրէջքի հարթակի համար տեղի ընտրությունն առանձնապես բարդ չէ: Այն ակնհայտորեն չպետք է տեղակայվի բնության հատուկ պահպանվող տարածքների կամ բնակելի տարածքների հարեւանությամբ: Ենթադրվում է, որ ուղղաթիռներով ժամանող այցելուներն, ամենայն հավանականությամբ, կլինեն առողջարանների վճարունակ հաճախորդները, ապա վայրէջքի հարթակը պետք է տեղակայվի առողջարաններին հնարավորինս մոտ: Այս առումով առաջիկա տարիների համար առաջարկվում է դիտարկել միայն ուղղաթիռադաշտի կառուցումը, ինչի համար չեն պահանջվի խոշոր ֆինանսական ներդրումներ: 2008 թ. կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքում ընտրված ուղղաթիռադաշտի դիրքը հնարավորություն կտա բացառելու կամ նվազագույնի հասցնելու քաղաքի վրայով իրականացվող ուղղաթիռային թռիչքները»,- նշվել է շվեյցարական TigerDev Swiss ընկերության մշակած ռազմավարության մեջ:

Ինչպես ասվեց, Կառավարությունն այս ռազմավարությանը հավանություն է տվել 2009-ի հուլիսին, իսկ Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ներառմամբ) հաստատել է 2010-ի փետրվարին: Այդուհանդերձ, դեռ 2009-ի գարնանը պարզ էր, որ Կառավարությունը չի դիտարկում Ջերմուկում նոր աերոդրոմ կառուցելու հարցը:

Բանն այն է, որ այն ժամանակվա քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ, ծնունդով ջերմուկցի Նարեկ Սարգսյանը, որը Ջերմուկն իբրեւ զբոսաշրջային կենտրոն զարգացնելու պատասխանատուներից մեկն էր, 2009-ի ապրիլին, խոսելով Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծի նախագծային աշխատանքներից, հայտնել էր, որ Ջերմուկում նոր օդանավակայանը չի կարող ըստ արժանվույն ծառայել, քանի որ այս քաղաքը «փակուղի» է՝ գտնվում է օդային հիմնական մայրուղուց դուրս: «Կապված Հայաստանը որպես տարանցիկ երկիր զարգացնելու հեռանկարային ծրագրերի հետ, որով ՀՀ-ն պետք է հյուսիս-հարավ կապ հանդիսանա, եզրակացվել է, որ Գորիսի օդանավակայանը կարող է հանրապետությունում դառնալ այլընտրանք «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների համար՝ հաշվի առնելով դրա հեռավորությունը եւ կապերը թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի հարավային շրջանների հետ»,- նշել էր պաշտոնյան ու հավելել, որ վարչապետի հանձնարարականով ՔԱԳՎ-ի ու նախարարության մասնագետները պիտի ուսումնասիրություններ կատարեն Գորիսում: Այսինքն՝ Երեւանի ու Գյումրու օդանավակայաններին որպես այլընտրանքային, ինչպես նաեւ տարածաշրջանային նշանակության օդանավակայան ունենալու վայր էր ընտրվել ոչ թե Ջերմուկը, այլ Գորիսը, սակայն այդ ծրագիրը հետագայում իրականություն չդարձավ:

Թղթի վրա մնաց նաեւ Ջերմուկում ուղղաթիռահարթակ կառուցելու հարցը: Այս քաղաքում փոքր ավիացիան զարգացնելու թեման վերաբացել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը (2016-2018 թթ.), սակայն գործնական տեղաշարժ կրկին չեղավ:

Նոր օդանավակայան՝ հնի տեղում

Եվ հիմա, փաստորեն, Ջերմուկի նախկին համայնքապետն ու Վայոց Ձորի գործող մարզպետը նորից հայտարարում է քաղաքի նոր օդանավակայանի մասին:

«Հետքի» հարցին, թե արդյոք այս առումով կա գործնական ծրագիր, Արսենյանը հղում է արել Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին Կառավարության 2008 թ. որոշմանը եւ դրա վրա հիմնված քաղաքի զարգացման 2009-2012 թթ. ռազմավարությանը: Ըստ պաշտոնյայի՝ շվեյցարական TigerDev Swiss-ի մշակած ռազմավարությունը հետագայում, ելնելով ստեղծված իրավիճակներից, պարբերաբար լրամշակվել է Ջերմուկի համայնքապետարանի կողմից:

Նախկին համայնքապետն ու ներկա մարզպետը «Հետքին» նաեւ փոխանցել է, որ քննարկումների արդյունքում նախատեսվել է օդանավակայանը կառուցել նախկին կառույցի տարածքում: Այս պարագայում հարց է ծագում, թե ինչպես պետք է լուծվի անվտանգ թռիչք-վայրէջքների հարցը, քանի որ Արսենյանի հոր կառուցած եկեղեցին գտնվում է թռիչքուղու հարավային ծայրից ընդամենը 350 մ հեռավորության վրա եւ փաստացի արհեստական խոչընդոտ է դարձել մեծ ու փոքր ինքնաթիռների թռիչքների համար, ինչի մասին բարձրաձայնել են նաեւ մասնագետները:

Այդուհանդերձ, ե՞րբ է նախատեսվում Ջերմուկում նոր օդանավակայան կառուցել եւ ու՞մ միջոցներով: Հետաքրքրվել էինք, թե ծրագրում ինչ մասնակցություն ունի Արսենյան ընտանիքը կամ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը:

Վահագն Արսենյանի արձագանքը հետեւյալն է. «Ներկայում նկատվում է Ջերմուկ համայնքի սեփական եկամուտների ավելացման տեսանելի աճ, որով էլ պայմանավորված է նոր օդանավակայանի կառուցման ծրագրի իրատեսական լինելու հանգամանքը: Նախատեսվում է վերոնշյալ ծրագիրը կյանքի կոչել 2026-2028 թթ. ընթացքում: Նախատեսվում է նոր օդանավակայանը կառուցել ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք-մասնավոր համագործակցության ձեւաչափով: «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը սուբվենցիոն ծրագրով օդանավակայանի կառուցման ընթացքում նախատեսում է ասֆալտապատման ամբողջական աշխատանքներն իրականացնել սեփական միջոցների հաշվին»:

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից այս ծրագիրը քննարկելուն եւ պետության մասնակցությունը հաստատելուն, Վայոց Ձորի մարզպետը նշել է. «Մարզում իրականացվող յուրաքանչյուր ծրագիր մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, որից անմասն չէ նաեւ սույն ծրագիրը: Ծրագրի վերջնական լրամշակումից, այն սուբվենցիոն ծրագրով ներկայացնելու հարցը քննարկելուց հետո ՀՀ պետական բյուջեից ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու կարգով սահմանված ժամկետներում կներկայացվի Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմի, այնուհետեւ՝ ՀՀ կառավարության քննարկմանը եւ հաստատմանը»:

Առաջին լուսանկարում՝ թեք թռիչքուղին, Ս. Գայանե եկեղեցին, Ամուլսարը եւ Ջերմուկի Ձախափնյակ թաղամասը, օդանավակայանի լուսանկարները՝ 2019 թ.-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter