HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրի համայնքը դիմել է Կառավարությանը՝ սուբվենցիոն ծրագրով երկու բազմաբնակարան սոցիալական շենք կառուցելու համար

Գյումրիում Մուշ-2/2 թաղամասի (2010-2012թթ.) կառուցումից հետո անօթևանների համար վերջին 13 տարում պետական բնակարանաշինության լայնածավալ որևէ ծրագիր այլևս չի գործարկվել: 2012 թվականին ավարտված ծրագրի շրջանակում (իրականացրել է «Գլենդել Հիլզ» ընկերությունը) Գյումրու Մուշ-2/2 և Անի թաղամասերում շահագործման էր հանձնվել 1756 բնակարան՝ 38 բազմաբնակարան շենք՝ 640 հատ մեկ, 528 հատ՝ երկու, 464 հատ՝ երեք և 124 հատ՝ չորս սենյականոց բնակարաններով: Կառուցապատվել է, ընդհանուր առմամբ, 23.47 հա մակերես: Սակայն դա չի նշանակում, որ մեծամասշտաբ ծրագրի իրագործումից հետո անօթևանության հարցը լուծվել է արմատապես, իսկ «դոմիկներն» իսպառ վերացել են քաղաքից. դրանց կարելի է հանդիպել քաղաքի ծայրամասային հատվածներում: 

Անցած տարիներին անօթևանության խնդիրը որոշակիորեն թեթևացնելու նպատակով Գյումրիում իրականացվել է սոցիալական բնակարանաշինություն: Այդ նպատակով 2016 թվականի հուլիսի 6-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջեւ համագործակցության հուշագիր էր ստորագրվել, որով հիմք էր դրվել «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներին պետական բնակարաններ հատկացնելու նախաձեռնությանը: 

Դեռևս 2015-ին «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը հայտարարել էր, որ պատրաստվում են կառուցել 12 մեկսենյականոց բնակարան, ծրագրի արժեքն էլ տատանվելու էր 72-75 մլն դրամի սահմաններում: 2017-ի օգոստոսին Գյումրիում շահագործման հանձնվեցին առաջին սոցիալական բնակարանները՝ նախատեսված տնակներում կամ էլ վթարային շենքերում ապրող միայնակ, անժառանգ ծերերի համար: Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույցներից մեկը «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Սեփեջյանների և Գյումրու քաղաքապետարանի ներդրման շնորհիվ վերակառուցվել էր 3 հարկանի շինության՝ 11 բնակարանով: 

Մեկուկես հարկը նորակառույց եռահարկի վերածելու ընթացքում ծախսվել էր 100 մլն դրամ, որից 15 մլն-ը քաղաքապետարանի ներդրումն էր, բնակարանների թիվն էլ մեկով պակասել էր՝ ի հաշիվ մեկ հատ 3 սենյականոցի: Հետագայում, որպես ծրագրի շարունակություն, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, Մովսես Խորենացի 46/1 հասցեում գտնվող շենքի վերջին երկու մուտքերի կառուցմամբ շահագործման հանձնվեց ևս 18 սոցիալական բնակարան:

Բարեգործական միջոցներով Գյումրիում սոցիալական բնակարանաշինության ծրագիրը շարունակվեց 2021-2022թթ-ին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակությունների շնորհիվ Գյումրիում հնարավոր եղավ կառուցել երկու շենք, շահագործման հանձնվեց 50 բնակարան և մեկ մանկապարտեզ: 2022թ-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ մինչև 2027թ-ն ազատվելու է տնակային տնտեսություններից: Գյումրիում, ըստ հաշվառման վերջին տվյալների, դեռևս առկա է 2506 տնակ և 1000 անօթևան, որից միայն 385-ն են համարվում կոնկրետ երկրաշարժից տուժածներ: Մնացած տնակատերերը ժամանակավոր կացարաններում հայտնվել են տարբեր պատճառներով և ոչ բոլորն են քաղաքի բնակիչներ, նրանց թվում կան գյուղական համայնքներից, անգամ հարևան մարզերից տեղափոխվածներ:

Անօթևանության պատկերը մեղմելու նպատակով Գյումրու համայնքապետարանը սոցիալական բազմաբնակարան շենքերի կառուցուման հարցը ներառել էր այս տարի կազմած համայնքի զարգացման 5-ամյա ծրագրում: Սուբվենցիոն հայտին համաձայնության տալու նպատակով նախագիծը ավագանու հաստատմանը ներկայացվեց դեկտեմբերի 3-ի արտահերթ նիստին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 800 մլն ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը՝ 1 մլրդ 80 մլն դրամը, հանայնքի ֆինանսավորումն է լինելու: Հաստատման դեպքում շինարարությունն ընթանալու է 2 փուլով՝ 390 մլն դրամի շրջանակում 2026թ-ին, և 690 մլն դրամի շրջանակում՝ 2027թ-ին: Նախատեսվում է Մուշ թաղամասի ծայամասային հատվածում կառուցել երկու նոր շենք՝ 100 ընտանիքի համար։ Թե ինչ չափորոշիչներով են ընտրվելու անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքները, հստակեցված չեն, նիստի ժամանակ միայն զեկուցողը նշեց՝ ըստ առաջնահերթության: 

Սուբվենցիոն հայտերը Կառավարություն պետք է ներկայացվեր մինչև նոյեմբերի 15-ը, սակայն ինչպես հայտնի է, նոյեմբերի 11-ի ավագանու նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Քաղաքապետարանում հույս ունեն, որ առաջացած որոշակի խնդիրները չեն խանգարի համապատասխան գերատեսչություններին հավանության արժանացնելու Գյումրիում սոցիալական բնակարանաշինության ծրագրին, մանավանդ որ համայնքը պատրաստ է 60 տոկոս ներդրում կատարել: Սրան զուգահեռ, պետք է նշենք, որ Գյումրու ծայրամասային թաղամասերում քիչ չեն նաև կիսակառույցները, որոնք ևս հնարավոր է ներդրում ապահովելու դեպքում վերածել բնակելի տարածքների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter