HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արարատ համայնքում կեղտաջրերի մաքրման առաջին կենսաբանական կայանը կառուցվեց

Արարատ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի (ԿՄԿ) կառուցման աշխատանքներն ավարտվել են դեկտեմբերին։ Արարատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Մուսիկյանից տեղեկացանք, որ կառուցողը՝  «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ–ն, դիմել է համայնքապետարան՝ ԿՄԿ–ի հանձնում–ընդունումն իրականացնելու համար։ Համայնքապետարանն աշխատանքները կազմակերպելու համար հանձնաժողով է ձևավորել։

Մաքրման կայանը նախագծել է ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ոլորտում մասնագիտացած «Ջինջ» ընկերությունը։ Ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը հայտնեց, որ օրական 2000 խմ հզորությամբ կեղտաջրերի մաքրման կայանն արդեն փորձարկել են, և այն պատրաստ է շահագործման։ Այս ԿՄԿ–ն համայնքներում եղած կայաններից առաջինն է, որը կեղտաջրի կենսաբանական մաքրում պետք է կատարի։ Օդավորման միջոցով կոչնչացվեն ջրում եղած վնասակար բակտերիաները, և այն կօգտագործվի ոռագման նպատակով։

ԿՄԿ-ի կառուցումը կլուծի Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի (ՈԿՖ) Բանավան թաղամասի և Արարատ գյուղի մի հատվածի կեղտաջրերի մաքրման հարցը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցված կայանում նախատեսվում է կեղտաջուրը մեխանիկական և կենսաբանական մաքրման ենթարկել, և ջուրն օգտագործել ոռոգման նպատակով։

Մեր հրապարակումներից մեկում ներկայացրել էինք, որ Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավան թաղամասի և Արարատ գյուղի կոյուղագծերը միացված չէին քաղաքի կոյուղու կոլեկտորին, կոյուղին վթարային վիճակում է գտնվում, և կոյուղաջրերը լցվում են մշակվող հողատարածքները։ Բնակիչները դրանով պտուղ-բանջարեղենի դաշտերն են ոռոգում։ Հարցը հիմնովին լուծելու միակ տարբերակը կենցաղային կեղտաջրերի մաքրման կայան կառուցելն էր։ Մաքրված կեղտաջուրն այժմ կարող են օգտագործել ոռոգման նպատակով։

Արարատի համայնքապետարանը ԿՄԿ կառուցելու որոշումն ընդունեց 2022թ․–ին, երբ համայնքին տրվող բնապահպանական վճարի չափն զգալի ավելացավ։ Արարատ համայնքը երկու ընկերություններից է բնապահպանական վճար ստանում՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ և «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ։ Արարատ գյուղի վարչական տարածքում է գտնվում վտանգավորության բարձր՝ երկրորդ աստիճանի դասվող պոչամբարը։ Արարատ քաղաքից բացի, 2023թ․–ից նաև Արարատ գյուղը համարվեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության արդյունքում ազդակիր բնակավայր։

Արդյունքում, 2023թ․-ին ավելի քան տասն անգամ ավելացավ համայնքին տրվող բնապահպանական վճարը՝ 2022թ․–ին համար հաշվարկված մոտ 15 մլն դրամից հասնելով 144,5 մլն դրամի։ Համայնքի ավագանին որոշեց օգտվել ընձեռված հնարավորությունից և Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի ու Արարատ գյուղի կեղտաջրերի մի մասի համար մաքրման կայան կառուցել։

Արարատի համայնքապետարանը երեք տարի շարունակ համայնքին հատկացված բնապահպանական վճարից ներդրումներ կատարեց ԿՄԿ–ն կառուցելու համար։ 2023թ.–ին 18 240 000 դրամ վճարեցին նախագծանախահաշվային աշխատանքների համար, 2024թ. հատկացվել է 70 271 940 դրամ, 2025թ․–ին՝ 30 000 000 դրամ, որը ծախսվել է պոմպակայան կառուցելու և կեղտաջրի մեխանիկական մաքրման համար։

Համայնքապետարանը ծրագիրը համաֆինանսավորելու համար նաև սուբվենցիայի հայտ ներկայացրեց կառավարություն, որը 2024թ․–ին հաստատվեց պայմանով։ Այսպիսով՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 331 մլն դրամ, որից 118 511 940 դրամը համայնքի ներդրումն է, մոտ 212,5 մլն դրամը՝ պետական բյուջեից տրամադրված սուբվենցիան։ Հատկացված սուբվենցիան ծախսվել է օդամղիչ կայան կառուցելու, կեղտաջրի կենսաբանական մաքրման, տիղմի ջրազրկման և տարածքի բարեկարգման համար։

Համայնքապետարանի հաշվարկներով՝ ԿՄԿ-ի կառուցման արդյունքում օրական կարտադրվի ոռոգման համար պիտանի մոտ 2000 խմ լրացուցիչ ջրաքանակ, մշակովի հողատարածքները կավելանան մոտ 13 հա-ով, խմորված տիղմը կօգտագործվի որպես օրգանական պարարտանյութ և այլն։

Արարատում ԿՄԿ–ի կառուցումը բնապահպանական վճար ստացող համայնքների համար գումարը նպատակային ծախսելու լավագույն օրինակ է։ Ազդակիր բնակավայրերին հատկացվող բնապահպանական վճարով համայնքները պետք է իրականացնեն կենսաբանական և առողջապահական ծրագրեր։ Արարատում ԿՄԿ–ի կառուցումը երկու նպատակների լավագույն համադրում է։

Հատկապես, երբ համայնքները օրենքով պարտավորված են լինելու լուծել այդ հարցը։ «Ջրային օրենսգրքում» 2018թ.-ի մարտի 2-ին կատարված փոփոխություններով, որն ուժի մեջ կմտնի 2030թ.-ից, մաքրման կայանների կառուցումը ոչ ուղղակիորեն, սակայն վերապահվեց համայնքներին: Կառավարության առաջարկով խորհրդարանն օրենսգիրքը լրացրեց 62.2 հոդվածով, որը  սահմանում է հետևյալը. «Համայնքները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերով»:

Հայաստանի կառավարությունը միջազգային պարտավորություն է ստանձնել՝ մինչև 2030թ․–ը կիսով չափ կրճատել չմաքրված կեղտաջրերի քանակը, մաքրված ջրի կրկնակի օգտագործում իրականացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter