HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Արարատ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայան կառուցելու սուբվենցիայի հայտը պայմանով է հաստատվել

Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում 2024թ․ նոյեմբերից սկսվել են կեղտաջրերի մաքրման կայանի (ԿՄԿ) կառուցման շինարարական աշխատանքները։ Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը տեղեկացնում է, որ բանավանի ԿՄԿ-ն կառուցապատող ընկերությանը նախնական երկու տարի ժամկետ է տրվել շինարարության համար։ Մինչդեռ, մրցույթը շահած կապալառու կազմակերպության՝ «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ-ի հետ 2024թ․ նոյեմբերի 19-ին կնքված պայմանագրով կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2025թ․-ի դեկտեմբերի 1-ը։

Համայնքապետարանը մաքրման կայանը կառուցելու համար 2024թ․-ին պետական բյուջեից սուբվենցիա ստանալու հայտ էր ներկայացրել։ Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2024թ․-ի սեպտեմբերի 26-ի նիստում  հաստատել է «Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում» ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 356 մլն 918 հազար դրամ է, որից մոտ 125 մլն դրամը համայնքի ֆինանսավորումն է, մոտ 232 մլն դրամը՝ պետական բյուջեից տրամադրվող գումարը։

Կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման համաֆինանսավորումը համայնքապետարանը կատարում է համայնքին տրամադրվող ամենամյա բնապահպանական վճարից։ Հիշեցնենք, որ Արարատ համայնքում է գտնվում Ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը, որի համար շահագործող ընկերության վճարած բնապահպանական հարկից մասհանում է կատարվում համայնքին։ Համայնքապետարանն այն պետք է ներդնի համայնքում առողջապահահական և բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար։

Վերջին երեք տարիներին բնապահպանական վճարի մեծ մասն ուղղվել է ԿՄԿ–ի կառուցմանը։ 2023թ․-ի բնապահպանական ծրագրով 18 մլն 240 հազար դրամ հատկացվել է ԿՄԿ-ի նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուն։ 2024-2025թթ․ բնապահպանական ծրագրերով նախատեսված համապատասխանաբար 70 մլն 272 հազար դրամը և 30 մլն դրամը կծախսվեն պոմպակայան կառուցելու և կեղտաջրի մեխանիկական մաքրում իրականացնելու համար։ Պետական բյուջեից տրամադրվող մոտ 232 մլն դրամ սուբվենցիան կծախսվի օդամղիչ կայան կառուցելու, կեղտաջրի կենսաբանական մաքրման, տիղմի ջրազրկման և տարածքը բարեկարգելու համար։

Նշենք, որ սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը մինչ օրս մաքրման կայանի համար երկու համայնքի է սուբվենցիա տրամադրել։ Փարաքար համայնքի մաքրման կայանը վերակառուցելու համար 2020թ․ 77 մլն 455 հազար դրամ էր հաստատվել, որից մոտ 35 մլն դրամը համայնքի ներդրումն էր: Արարատը երկրորդ համայնքն է, որին սուբվենցիա է հատկացվում կեղտաջրերի մաքրման նոր կայան կառուցելու համար, այն կենսաբանական լիարժեք մաքրում պետք է կատարի։

ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը «Հետք»-ին հայտնել է, որ սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը «պայմանով է հավանության  արժանացրել» «Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում» ծրագիրը։ Ծրագրի մասով պետական բյուջեից համաֆինանսավորում դեռևս չի տրամադրվել։ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ պետական բյուջեից սուբվենցիայի ծրագրերով համաֆինանսավորումը հատկացվում է կատարողական ծախսերի հաստատումից հետո։

Մեր հարցին՝ նախապայմաններ կա՞ն գումարը համայնքին տրամադրելու համար, նախարարի տեղակալը պատասխանել է․ «Կապալառու կազմակերությունը 19․12․2024թ․-ին պատվիրատու համայնքին ներկայացրել է կատարողական ակտ, որի դիմաց 26․12․2024թ․-ին 38 մլն 801 հազար դրամ վճարվել է համայնքի մասնաբաժնից»։

Տվյալ դեպքում, նախարարությունը չի հայտնում Արարատ համայնքի կեղտաջրերի մաքրման կայանի սուբվենցիայի հայտը «պայմանով հավանության արժանացնելու» պատճառը։ Համայնքապետարանի աշխատակազմի՞, թե կապալառու կազմակերպության՝ «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ-ի կարողություններին չեն վստահում։ Համայնքապետարանի գնումների միակ մասնակից և հաղթող «ԷՄՕՇԻՆ» ընկերության անունը հանրությանը հայտնի դարձավ 2018թ․ օգոստոսին «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված սկանդալին պատմությունից։

2018թ.-ին Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում գնումներ կատարելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթներն իրականացվել են ֆինանսական չարաշահումներով: «Ծառայություններն իրականացրել են գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանին եւ ընկերության ղեկավար կազմում  ընդգրկված նրա մտերիմների ընկերությունները՝ իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «ԷՄՕՇԻՆ», «ՇԻՆՄԱՍՏԵՐ», «ԳԱՎԱԹ», «ՀՈՐԻԶՈՆ», «ԴԵԼ-ՏԵԼԵԿՈՄ» եւ այլ ՍՊԸ-ները, շուկայականից, ինչպես նաեւ ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով»,- տեղեկացրեց ոստիկանությունը:

Այս թեմայով 2019թ․ հունիսին մեր հետաքննությամբ նույնպես հիմնավորվեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավար կազմում ընդգրկվածներն այն ժամանակվա գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանի ուսանողական ընկերներն են։ Նրանք համակարգում աշխատել են դեռեւս «Երեւան ջուր» ընկերության գործունեության ժամանակվանից, հիմնել են իրենց ընկերությունները` այդ գործում ներգրավելով համակուրսեցի այլ ընկերների: Հիշյալ ընկերությունների բաժնետերերը եւ տնօրենները դարձյալ նրանց համակուրսեցիներն են, որոնք այդ տարիներից սկսած իրականացրել են նախկինում՝ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի, այնուհետեւ «Վեոլիա ջրի» շինարարական աշխատանքները, դարձել են մրցույթների հաղթողները: 

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով առաջադրված հարցերի շրջանակներում Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը ստուգում էր իրականացրել։ Նշված ակտով խախտումներ են արձանագրվել ‹‹Հորիզոն››, ‹‹ԷՄՕՇԻՆ››, ‹‹Շինմաստեր››, ‹‹Գավաթ›› և ‹‹Դելլ Տելեկոմ›› ՍՊԸ-ների և ‹‹Վեոլիա ջուր›› ՓԲԸ-ի միջև կնքված գործարքների և ակտի ‹‹Այլ հարցերի վերաբերյալ›› բաժնում ներառված հարցերի մասով:

2019թ․ հուլիսին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան` խնդրելով վերացնել Ֆինանսների նախարարության 26.04.2019թ. ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության ընդունած թիվ 49-Ա ակտը, քանի որ ստուգումը Կառավարության հաստատած ստուգաթերթով չէր իրականացվել: «Վեոլիա ջուր» ընկերության դիրքորոշմամբ՝ վարչական մարմինը ստուգումն իրականացրել է առանց  Կառավարության հաստատած ստուգաթերթի, որի իրավունքը չուներ:

Վարչական դատարանի վճիռն ուժի մեջ է մտել 2024թ․ հուլիսի 8-ին, դատարանը բավարարել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հայցը՝ ճանաչել է Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության թիվ 49-Ա ակտով արձանագրված բոլոր խախտումների բացակայությունը:

«ԷՄՕՇԻՆ» ընկերության 100%-ի բաժնետերը Արամ Բզնունին է։ Ընկերությունը ջրամատակարարման համակարգի վերակառուցում, կոյուղագծերի կառուցման աշխատանքներ է իրականացնում 2018թ․-ից։ Ոստիկանության հաղորդագրությունից և դրա հիման վրա քրեական գործ հարուցելուց հետո էլ ընկերությունը մի շարք տենդերներ է շահել Ջրային կոմիտեից, Երևանի քաղաքապետարանից և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։  

Արարատի համայնքապետարանի և «ԷՄՕՇԻՆ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով մաքրման կայանի կառուցման աշխատանքներն իրականացվելու են երկու փուլով։ Առաջին փուլի գինը կազմում է 204 մլն 440 հազար դրամ, երկրորդ փուլինը՝ 108 մլն 283 հազար դրամ։

Մոտ 9000 քմ տարածքի վրա կառուցվող Արարատի ԿՄԿ-ն նախատեսված է կեղտաջրերի մեխանիկական և կենսաբանական մաքրում իրականացնելու համար։ Մաքրման կայանի նախագծային փաստաթղթերով նախատեսվում է կայանի տարածքում  կառուցել ճաղավանդակներ, որոնք կհավաքեն խոշոր աղբը։ Կկառուցվեն առաջնային, երկրորդային և օդավորվող պարզարաններ, բնական օդավորմամբ առվակային համակարգ, տիղմի ջրազրկման և օդամղիչների շենք, ավազի և տիղմի հրապարակներ։

«Նախատեսվում է կեղտաջուրն օգտագործել ոռոգման նպատակով։ ԿՄԿ-ի կառուցման արդյունքում՝ օրական կարտադրվի ոռոգման համար պիտանի մոտ 2000 խմ լրացուցիչ ջրաքանակ, մշակովի հողատարածքները կընդլայնվեն մոտ 13 հեկտարով, խմորված տիղմը կօգտագործվի որպես օրգանական պարարտանյութ, կապահովվի բնակչության սննդային անվտանգությունը և այլն»,- նշվում է համայնքի 2025թ․–ի բնապահպանական ծրագիրը հաստատելու որոշման մեջ։

Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter