HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Բաքվի դատարանում իրենց վերջին խոսքն են ասել Դավիթ Բաբայանը և Լևոն Մնացականյանը

Դեկտեմբեր 22-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները: 

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, դատական նիստին շարունակվել են հայ գերիների եզրափակիչ ելույթները։

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը շարունակել է իր եզրափակիչ ելույթը, որը սկսել էր նախորդ դատական նիստի ժամանակ։

Նա ներկայացրել է մեղադրանքի կողմի պնդումներին հակասող փաստարկներ և հայտարարել իր և մյուս հայ գերիների անմեղության մասին։ «Ես ինձ մեղավոր չեմ համարում որևէ հոդվածով»,- ասել է Բաբայանը։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նշել է, որ ցանկանում է իր եզրափակիչ ելույթը ներկայացնել ռուսերենով։ 

Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լևոն Մնացականյանը իբրև հայտնել է, «թե Արցախը խնդրել է Հայաստանին հանդես գալ որպես իր անվտանգության երաշխավոր, և այդ պահից սկսած՝ շփման գծում բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ Գլխավոր շտաբի կողմից կազմված պլանների համաձայն։ Այստեղ՝ դատական նիստերի ընթացքում, ես նշել եմ, որ 1992 թվականին զորակոչվել եմ զինվորական ծառայության։ Հաշվի առնելով իմ սպայական կոչումը՝ ինձ նշանակել են գումարտակի հրամանատարի տեղակալ։ Այդ պաշտոնում նշանակվելու համար այլ բան չէր պահանջվում։ Սակայն մեղադրող կողմը պնդում է, թե ինձ նշանակել են ինչ-որ այլ չափանիշներով»։

Լևոն Մնացականյանն անդրադարձել է նաև այն մեղադրանքին, թե իբր պատերազմում վարձկաններ են կռվել հայկական կողմից. «Ինչքան ես գիտեմ, նրանք վարձկաններ չեն եղել։ Նրանք բոլորը կամավորներ էին. ոչ ոք նրանց չի հավաքագրել, նրանք վարձատրություն չեն ստացել»,- ասել է Լևոն Մնացականյանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Լևոն Մնացականյանը խոսելով է նաև 2016 թվականի ապրիլյան մարտերի մասին՝ նշելով, որ այդ ժամանակ ինքը Պաշտպանության բանակի հրամանատար է եղել։ Նա հերքել է մեղադրանքի կողմի և «տուժողների» ցուցմունքները՝ հայտնելով, որ ապրիլյան մարտերի ժամանակ հայկական կողմը չի հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա։

Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 23-ին։

15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական ​​կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

MEDIA (1).jpg (389 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter