HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կրկնակի բյուջե ունեցող զբոսաշրջության վարկային ծրագրով լրացնելու են նախորդ ծրագրի բացթողումները 

2025թ․ ապրիլին Համաշխարհային բանկը հաստատեց 120,5 մլն եվրո արժողությամբ «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հայաստանի կառավարությունը 2025թ․ նոյեբերի 27-ին հավանություն տվեց վարկային համաձայնագրին և նույն որոշումով դիմեց Սահմանադրական դատարան՝ օրենքի նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով։

Վարկային ծրագրի ընդհանուր գումարը 120 մլն 500 հազար եվրո է, որից 96 մլն 400 հազար եվրոն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) տրամադրած վարկն է, 24 մլն 100 հազար եվրոն՝ Հայաստանի կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030թ. օգոստոսի 31-ը, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ այն կմեկնարկի։ Սահմանադրական դատարանի՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ճանաչելուց հետո օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

«Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի» ընդհանուր համակարգման և քաղաքականության աջակցության պատասխանատուն Էկոնոմիկայի նախարարությունն է, նախագիծն իրականացնողը՝ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ):

Հիշեցնենք, որ այս վարկային ծրագիրը շարունակությունն է 2015թ․-ին ՎԶԵԲ-ի վարկավորած «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» (ՏՏԵԶ) ծրագրի, որն ավարտվեց 2024թ․-ի վերջին։ ՏՏԵԶ 55 մլն ԱՄՆ դոլար վարկից նդհանուր բյուջեն՝ 64 մլն դոլար) Կառավարությունը ծրագրի իրականացման համար ծախսեց 42.8 մլն դոլար։ Մնացած գումարը ծախսեցին այլ նպատակներով։ Վարկային ծրագրով զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծվեցին հանրապետության 9 մարզերի ընտրված բնակավայրերում։

Նոր վարկային ծրագրով ներդրումներ են արվելու 5 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր, Շիրակ, Տավուշ և Սյունիք։ Հիշյալ մարզերում առանձնացվել են 7 կլաստերներ՝ Արենի, Շիրակ, Գորիս, Դիլիջան, Դվին, Ջերմուկ և Եղեգիս, որտեղ ենթակառուցվածքներ են ստեղծվել նախորդ ծրագրով: Այժմ 120,5 մլն եվրո բյուջե ունեցող վարկով էկոնոմիկայի նախարարությունը ընտրված 7 համայնքներում ցանկանում է լրացնել նախորդ ծրագրի բացթողումները։

«Այս ընտրությունը նպատակ ունի լրացնել բոլոր յոթ նախագծային առաջնահերթ կլաստերներում հայտնաբերված բացթողումները և լուծել հիմնական ենթակառուցվածքների, զբոսաշրջության և ծառայությունների մատուցման անխուսափելի բարելավումները՝ տարածաշրջանային և զբոսաշրջային զարգացման տեսանկյունից՝ յոթ կլաստերներում»,- ՎԶԵԲ-ի հաստատմանը ներկայացրած վարկային ծրագրում գրել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Նշված համայնքներում զբոսաշրջային ո՞ր ուղղություններն են ցանկանում զարգացնել, ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում և ի՞նչ ենթակառուցվածքներ են ստեղծվելու, պատմամշակութային հուշարձաններից որո՞նց վիճակն է բարելավվելու, մեր հարցերին Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանը պատասխանել է․ «Պահանջվող տեղեկատվությունը հնարավոր կլինի ավելի ուշ տրամադրել»։ Ըստ նրա՝ մեր հարցադրումների պատասխանը կունենանք, երբ ՀՀ նախագահը հաստատի ծրագիրը, երբ ծրագրի աշխատանքային խումբ ձևավորվի, որը կհաստատի ենթածրագրերը, և երբ ծրագրի կառավարման կոմիտեն կհաստատի ներկայացված ենթածրագրերը։

Համաշխարհային բանկը վարկային համաձայնագիրը հաստատելուց հետո իր պաշտոնական կայքում հրապարակել է Հայաստանի կառավարության ներկայացրած ծրագիրը։ Ըստ այդմ՝ «ենթադրվում է, որ կապիտալ ծախսերի 94%-ը կուղղվի կոշտ ենթակառուցվածքներին, իսկ 6%-ը՝ մեղմ ներդրումներին: Ենթադրում են, որ կլաստերների միջև կապիտալ ծախսերը հետևյալ կերպ կբաշխվեն՝ Շիրակ՝ 20 %, Դիլիջան՝ 20 %, Գորիս՝ 15 %, Արենի՝ 15 %, Ջերմուկ՝ 10 %, Դվին՝ 10 % և Եղեգիս՝ 10 %:

«Արենի, Դիլիջան, Շիրակ, Գորիս և Ջերմուկ գործող կլաստերները ներառված են պորտֆելում՝ իրենց ներդրումները կլանելու կարողության և կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում ավելի բարձր տնտեսական եկամուտներ ցուցաբերելու ունակության շնորհիվ: Չնայած այս կլաստերներն արդեն իսկ ունեն լավ զարգացած հիմնական զբոսաշրջային ենթակառուցվածքներ, դրանք դեռևս հետ են մնում բազմազան և ընդլայնված զբոսաշրջային փորձառություններ ապահովելու առումով»,– ասվում է վարկային ծրագրում: Կլաստերների վրա ներդրումները կենտրոնացնելով՝ Կառավարության ռազմավարությունն է՝ օգտագործել նրանց պատրաստակամությունը՝ կարճաժամկետ և միջնաժամկետ տնտեսական օգուտներ բերելու տեղական համայնքներին և տարածաշրջանային զբոսաշրջության մրցունակությանը:

Զբոսաշրջության նոր ծրագրում նշվում է, որ 2018–2024թթ․-ի ՏՏԵԶ ծրագրի շրջանակներում կատարված ներդրումները հիշյալ համայնքներում բարելավել են ընտրված քաղաքային և զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ հիմք դնելով քաղաքային շուկայի վերակենդանացման, մասնագիտական ​​ուսուցման կենտրոններ ստեղծելու և ստեղծագործական արդյունաբերությունը խթանելու ապագա նախաձեռնությունների համար:

Զբոսաշրջային 7 կլաստերներում ո՞ր «բացթողումներն» է ցանկանում լրացնել Կառավարությունը

Քաղաքային հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին տարեկան ավելի քան 100 000 այցելու ունի։ Կենսունակ տեղական մշակույթ ունեցող Գյումրիում ուշադրության կենտրոնում կլինի տեղական և տարածաշրջանային մասնագիտական ​​կրթության և ծառայությունների բարելավման աջակցությունը։ Նախատեսվում է՝

  • վերանորոգել Գյումրիի շուկան՝ տարածքը վերաօգտագործելու և շուկայի մշակութային ժառանգությունը պահպանելու համար։
  • Նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքի (Գյուլբենկյանի անվան պատմական շենք) ամրացում, վերանորոգում և վերաօգտագործում՝ Ecole Hôtelière de Lausanne միջազգային վկայական ծրագրի մասնաճյուղը տեղակայելու համար, որը Հայաստանում առաջին միջազգային հյուրընկալության կրթական կենտրոնն է։
  • Արհեստավորների դպրոցի ստեղծում՝ հայկական ավանդական արհեստները պահպանելու և վերակենդանացնելու համար, հատուկ ուշադրություն դարձնելով Գյումրիի արվեստին և արհեստներին։

Ecole Hôtelière de Lausanne միջազգային վկայական ծրագրի մասնաճյուղն իր տեսակով առաջինն է Հայաստանում։ Այն կծառայի որպես միջազգային ճանաչում ունեցող HoReCa զարգացման և վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն: Դպրոցի շահագործումն ու կառավարումը նախատեսվում է իրականացնել ՀԲԸՄ-ի, COAF-ի և Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համագործակցությամբ՝ որպես հաստատված կոնսորցիում՝ Գյումրիում մասնագիտական ​​ծրագրի նախագծմանը, գործունեությանը և վկայագրմանը աջակցելու համար: 

ԹՈՒՄՈ-ն նախկինում վերականգնեց Գյումրու թատրոնը և 2020թ․-ին այն վերածեց ԹՈՒՄՈ կրթական կենտրոնի: Վերջերս ԹՈՒՄՈ-ն բանակցություններ է վարում Գյումրու քաղաքապետարանի հետ՝ գլխավոր ֆերմերային շուկայի՝ մշակութային ժառանգության շենքի վերականգնման և պահպանման համար: Քննարկվող հայեցակարգը ներառում է խոհարարական դպրոցի ֆրանսիական մասնաճյուղի ներդրում և սոցիալական խոհանոցի գործարկում՝ տեղական համայնքին օգուտ բերելու համար: Առաջարկվում է վարկային ծրագրով իրականացնել շինարարական աշխատանքներ՝ շուկան վերականգնելու և պահպանելու, ինչպես նաև հարակից ենթակառուցվածքները բարելավելու համար, որից հետո այն կհանձնվի ԹՈՒՄՈ կենտրոնին՝ շահագործելու համար:

Վարկային ծրագրում խոսվում է ընտրված կլաստերներում թանգարաններ և մշակութային կենտրոններ ստեղծելու կամ վերականգնելու մասին, բայց առանց հստակեցնելու։ Օրինակ, Գյումրի քաղաքում գտնվող Շիրակի երկրագիտական թանգարանը շենք է փնտրում՝ Շիրակ գավառի նյութական եւ հոգեւոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութերը, որոնցից շատերը եզակի են եւ ունեն բացառիկ գիտամշակութային արժեք, պահպանելու և ցուցադրելու համար։

Կառավարությունը նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը խոստացել էր տրամադրել թանգարանին, բայց հետագայում որոշումը չեղարկեց։ Վարկային ծրագրով շենքը վերակառուցվելու է Լոզանի կրթական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղին տրամադրելու համար։ Փոխարենը ոչինչ չեն առաջարկում երկրագիտական թանգարանին։

Դիլիջանի կլաստերը ծրագրում դիտարկվում է որպես առողջարանային զբոսաշրջության կենտրոն, որը «գերազանցում է Բորժոմիի, Կիսլովոդսկի, Եսենտուկիի և Պյատիգորսկի հայտնի առողջարաններին»։ Տարեկան մոտ 250 000 այցելուներով Դիլիջանի ռազմավարական դիրքը որպես Հայաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հանգույց զգալի զբոսաշրջային ներուժ ունի: Կլաստերի զարգացումը հիմնված է քաղաքային կապի բարելավման, անվտանգ հետիոտնային գոտիների ստեղծման և հանրային տարածքների վերականգնման վրա: Հնարավոր գործողությունները կարող են ներառել՝

  • քաղաքային կապի բարելավում և ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնում,
  • քաղաքի գլխավոր՝ Աղստև գետի աղտոտվածության նվազեցում և ջրհեղեղների ռիսկի մեղմման ներդրումներ, ինչպիսիք են՝ ամբարտակների ամրացումը և բարձրացումը, գետի ափի որոշ հատվածների վերականգնման համար բնության վրա հիմնված լուծումներ՝ տեղական բուսականության վերատնկման և ջրահեռացման համակարգերի բարելավման միջոցով,
  • հետիոտնային կամուրջների կառուցում՝ Դիլիջանի քաղաքային այգի մուտքը բարելավելու համար,
  • Դիլիջան քաղաքի կենտրոնը Թախտա թաղամասին կապող ճոպանուղու կառուցում՝ երթևեկության գերբեռնվածությունը նվազեցնելու և քաղաքում կապը և մատչելիությունը բարելավելու համար,
  • փողոցների բարեկարգում և հետիոտնային գոտիների և զբոսաշրջային երթուղիների ստեղծում, 
  • հանրային տարածքների և կանաչապատման ընդլայնում:

Վայոց ձորի մարզը ամենամեծ ներկայացվածությունն ունի վարկային ծրագրում

 Ծրագրում ներառված են Ջերմուկ, Արենի և Եղեգիս համայնքները։ Զբոսաշրջային երեք կլաստերներում միասին նախատեսվում է ներդնել վարկային գումարի 35%-ը։

Ջերմուկը պատմականորեն ծառայել է որպես առողջարանային զբոսաշրջության հայտնի վայր, հիմնականում իր հանքային ջրերի և բարենպաստ կլիմայի շնորհիվ: Քաղաքն ունի ավելի քան 40 ջերմային աղբյուր, հայտնի առողջարանային քաղաք է, որը գրավում է ինչպես միջազգային, այնպես էլ ներքին այցելուների՝ տարեկան մոտ 200 000 զբոսաշրջիկների հոսքով:

ՏՏԵԶ ծրագրի մասին մեր վերջին հրապարակման մեջ հայտնել էինք, որ շինարարական ենթածրագրերից երեքը չավարտվեցին, որից երկուսը՝ Ջերմուկում։ Երբ ավարտվեց ծրագրի ժամկետը, քաղաքի ջրվեժ տանող ճանապարհի և Մաշտոցի պողոտայի բարեկարգման ենթածրագրերը դեռևս գնահատման փուլում էին։

Նոր վարկային ծրագրում ասվում է, որ ՏՏԵԶ-ի շրջանակում երկու պատրաստի ներդրում կա, ինչպիսիք են՝ Ջերմուկի խմելու սրահի և հարակից ենթակառուցվածքների վերակառուցումը և ջրվեժին մոտեցող ճանապարհի և արահետների վերականգնումը, կամրջի և մայթերի կառուցումը, ինչպես նաև զբոսաշրջային ընդհանուր փորձի բարելավումը: «Կլաստերի հետագա զարգացումը կլրացվի ընտրված մեղմ ներդրումների միջոցով, ինչպիսիք են Ջերմուկի դիրքավորումը որպես միջազգային առողջարանային վայր, ինչպես նաև՝ մարքեթինգային և գովազդային արշավները»,- տեղեկանում ենք ծրագրից:

Ջերմուկը ծրագրում նկարագրվում է որպես զբոսաշրջության հիմնական վայր՝ իր հայտնի հանգստավայրերով և հանքային լոգարաններով։ Ջերմուկի չամանի նման եզակի բուսատեսակները ծաղկում են հանքանյութերով հարուստ հողերի և յուրահատուկ կլիմայի շնորհիվ, ինչը էկոլոգիական և բուժիչ արժեք է ավելացնում: Անտառներն ու գետահովիտները նպաստում են վայրի բնության բազմազանությանը, այդ թվում՝ հայկական մուֆլոնի (վայրի ոչխար), կովկասյան ընձառյուծի, աղվեսի, արջի, լուսանի և տարբեր թռչունների տեսակներին, ինչպիսին է ոսկե արծիվը: Այս տեսակները պաշտպանված են Հայաստանի և միջազգային օրենսդրությամբ:

Արենիի կլաստերը Հայաստանի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում առանձնանում է իր ռազմավարական աշխարհագրական դիրքի, հարուստ մշակութային ժառանգության և յուրահատուկ բնական լանդշաֆտի շնորհիվ: Տարեկան ավելի քան 500 000 այցելու ընդունելով՝ Արենին ձեռք բերեց ակնառու ճանաչում 6000-ամյա գինու գործարանի հայտնաբերմամբ, որը վերակենդանացրեց Հայաստանի գինու մշակույթը: Վարկային նոր ծրագրով նիշային շուկաներ գրավելու համար զարգացնելու են գինու և գաստրոնոմիայի զբոսաշրջությունը Արենիի և Դիլիջանի կլաստերներում, որոնք հայտնի են գինու արտադրությամբ և տեղական խոհանոցով։ Նախագծով առանձնացվել են հետևյալ ներդրումները՝

  • ճանապարհային և փողոցային ցանցերի վերականգնում՝քաղաքային շարժունակությունը և հիմնական տեսարժան վայրերին ու զբոսաշրջային վայրերին հասանելիությունը բարելավելու համար,
  • HoReCa ուսուցման և զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացում՝ հմտությունների բացը լրացնելու համար,
  • արշավային արահետների ցանցերի մշակում և նոր ճամբարային վայրերի ստեղծում՝ բնության զբոսաշրջության գործունեությունը խթանելու համար, 
  • թանգարանների և մշակութային կենտրոնների ստեղծում/վերականգնում:

Ինչպես տեսնում ենք, ծրագրում հստակ չի նշվում, թե ինչ թանգարաններ և մշակութային կենտրոններ են ստեղծվելու կամ վերականգնվելու։ Հիշեցնենք, որ նախորդ՝ ՏՏԵԶ վարկային ծրագրում ընդգրկված Արենիի զբոսաշրջային երթուղուց դուրս թողնվեց հայտնի Մոզրովի քարանձավը։ Արենիում չիրականացվեց նաև փառատոների համար նախատեսված 400 տեղանոց բաց ամֆիթատրոն կառուցելու նախագիծը, Մոմիկ եկեղեցուն մոտեցող հետիոտնային անցումի կառուցումը և բազմաթիվ այլ ծրագրեր, որոնցով Վայոց ձորի մարզում կամբողջանար տուրիզմի հանգույցը:

Դվինը և Եղեգիսը՝ զբոսաշրջության զարգացող կլաստերներ

Եղեգիսի կլաստերը, մոտակա բնակավայրերի հետ միասին, զգալի ներուժ է առաջարկում զբոսաշրջության զարգացման համար, մասնավորապես՝ հաշվի առնելով բնության վրա հիմնված փորձառություններ և անաղարտ լանդշաֆտներ փնտրող համաշխարհային ճանապարհորդական միտումները, որոնք կատարյալ են լեռնագնացության և դահուկավազքի համար: Այս առանձնահատկությունները գրավում են էկոգիտակից և արկածախնդիր զբոսաշրջիկներին:

Բացի այդ, Եղեգիսն առանձնանում է մշակութային և պատմական վայրերի հարուստ բազմազանությամբ, այդ թվում՝ հին հուշարձաններով և միջնադարյան կառույցներով, որոնք հատկապես գրավիչ են մշակութային ժառանգության զբոսաշրջիկների համար, մասնավորապես՝ Եվրոպայից: Եղեգիս գյուղի մոտակայքում են գտնվում միջնադարյան Զորաց եկեղեցին, Ցախաց քար վանքը և Սմբատաբերդ ամրոցը, ինչպես նաև՝ 13-րդ դարի հրեական գերեզմանատունը։ Եղեգիսի տեսարժան վայրերի թվում են հին եկեղեցիները, վանական համալիրները, լեռնային հեծանվային և լեռնագնացության արահետները, ինչպես նաև անվճար դահուկային սպորտի հնարավորությունները։

«Հնարավոր ներդրումները կկենտրոնանան՝ ճանապարհների, հետիոտների և զբոսաշրջային արժեքային շղթայի ենթակառուցվածքների բարելավման, պատմական և մշակութային վայրերի վերականգնման և պահպանման, ինչպես նաև մշակութային միջոցառումների, փառատոների և ցուցահանդեսների խթանմանն ուղղված նախաձեռնությունների աջակցման վրա, որոնք ընդգծում են Հայաստանի հարուստ ժառանգությունն ու ավանդույթները՝ գրավելով զբոսաշրջիկներին ամբողջ տարվա ընթացքում»,- պլանավորված է նոր վարկային ծրագրում:

Դվինը, որպես հին մայրաքաղաք և մշակութային արժեք ներկայացնող տարածք, գրավիչ է հնագիտությամբ հետաքրքրված զբոսաշրջիկների համար։ Նախորդ վարկային ծրագրով «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքի հուշարձանների մասնակի վերականգնում և ամրակայում է կատարվել։ Այժմ առաջարկվում են ներդրումներ զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման համար, ներառյալ մուտքի կետերը, ճանապարհները, հետիոտնային գոտիները, լուսավորությունը, ցուցանակները և այցելուների կառավարման համակարգերը։

Հիշեցնենք նաև, որ «Դվին արգելոցը» միակ պատմամշակութային հուշարձանն է, որի վերականգնումն ու ամրակայումը՝ տուրիստական հանգույցի մաս դարձնելու հեռանկարով, պահպանվեց ՏՏԵԶ ծրագրում։ Զբոսաշրջության նոր ծրագրով որոշվել է իրականացնել նախորդ վարկային ծրագրով պլանավորված, սակայն չիրականացված գործողությունները։ 4-րդ դարի առաջին կեսին հիմնադրված Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինում նախատեսվում է՝

  • թանգարանի շենքի կառուցում, որը նաև կտեղակայի հնագիտական ​​հետազոտական ​​կայանը,
  • Դվինի պատմական հուշարձանների և հնագիտական ​​վայրի մասնակի վերակառուցում։

Աշխատանքները կիրականացվեն «Դվին արգելոցի» մեջ ներառված Հնաբերդ գյուղում։

Գորիսի կլաստերը, որը գտնվում է Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև, պատմական և մշակութային կարևորագույն վայր է: «Հնարավոր ներդրումները կկենտրոնանան ժառանգության կենտրոնի վերանորոգման, տների և ճակատային մասի վերականգնման, ինչպես նաև մշակութային միջավայրի պահպանման վրա»,– ասվում է ծրագրում: Ապագա միջամտություններով կքննարկվեն նաև շրջակա բնակավայրերի համախմբումը միասնական ապրանքանիշի ներքո՝ թեմատիկ տեսարժան վայրերով և արշավային արահետներով, որոնք կապում են տարածաշրջանի պատմական և բնական տեսարժան վայրերը:

Ընդգծենք, որ Գորիս քաղաքը տուրիզմի նախորդ ծրագրում ընդգրկված այն եզակի կլաստերներից է, որտեղ հիմնական եթակառուցվածքներ ստեղծվեցին և վերականգնվեց պատմական Գորիսը։ Քաղաքի պատմական թաղամասում բարեկարգվեց 36 տուն՝ փոխվեցին դարպասները, պատուհանները, պատշգամբներն ու տանիքները: Մաքրվեց քաղաքի միջով անցնող Վարարակն գետի հունը, բարեկարգվեց Գորիսի հին թաղամասի ճանապարհը։

2016թ.-ին Ազգային ժողովի հաստատած վարկային ծրագրով պլանավորվում էր նաև հիմնանորոգել Գորիս քաղաքի թանգարանը, հին բաղնիքը, որի վերին հարկերը նախատեսվում էր վերածել պատկերասրահի, բարեկարգել Գորիսի մանկական և երիտասարդական զբոսայգիները և այլն: Սակայն ծրագրի կառավարման կոմիտեի իրականացրած փոփոխությունների արդյունքում դրանք դուրս թողնվեցին։

Նոր վարկային ծրագրում Գորիսը կարող էին ներառել՝ ծրագրից դուրս թողնված այս ենթածրագրերն իրականացնելու համար։ Անհասկանալի է, որ կրկին խոսում են արդեն իրականացված «ժառանգության կենտրոնի վերանորոգման, տների և ճակատային մասի վերականգնման» մասին։

Մեղրին ընդհանրապես չի ներառվել ծրագրում, մինչդեռ Մեղրիի «Փոքր թաղի» ժառանգության հանգույցի վերականգնում ենթածրագրից դուրս թողնվեց «Փոքր թաղի՝ 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի էթնոգրաֆիկ տների ճարտարապետական տեսքի պահպանությունը։ Հիշեցնենք, որ սեփականատերերին հարկադրանքով պարտավորեցրին իրենց միջոցներով իրականացնել տների ամրակայումն ու պահպանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը պատճառաբանեց, թե այլևս գումար չկա էթնոգրաֆիկ տները վերականգնելու համար, սակայն այս անգամ էլ չներառեց նախորդից կրկնակի ավել բյուջե ունեցող «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրում»։

Ըստ էության, 120,5 մլն եվրո արժեցող «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի» գործողությունների նկարագրական մասում ավելի շատ հանդիպում ենք՝ ուսումնասիրություն, վերլուծություն, կարողությունների զարգացում, զարգացման պլանների մշակում, բրենդավորում, տեխնիկական աջակցություն, մարքեթինգ, առաջխաղացում, թվային գործիքների և ծրագրային ապահովման մշակում և նման այլ արտահայտությունների։ 

«Հետք»–ը կշարունակի հետևել ծրագրի կառավարման կոմիտեի գործունեությանը և ներկայացնել, թե ընտրված զբոսաշրջային կլաստերներում ինչ ենթակառուցվածքներ են ստեղծվելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter