Սամվել Կարապետյանը կվերադառնա քրեակատարողական հիմնարկ. Վերաքննիչ դատարանը վերացրել է տնային կալանքի որոշումը
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշումը (դատավոր՝ Սարգիս Պետրոսյան), որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը 17 օր տնային կալանքի տակ մնալուց հետո պետք է վերադառնա քրեակատարողական հիմնարկ։ Նշանակվել է 2 ամիս ժամկետով կալանք։
Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերի 30-ին, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր: Կիրառվել էր տնային կալանք և գրավ:
Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյան այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ 2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Դատախազությունն առաջին աշխատանքային օրը` 2026թ. հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով:
«Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին: Սիրելի հայրենակիցներ, այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու: Քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք»,- գրել է փաստաբան Վարդևանյանը :
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2025թ. հունիսի 17-ին news.am կայքի հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:
Հաջորդ օրը Սամվել Կարապետյանը կալանավորվեց:
Ավելի վաղ Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Հոկտեմբերի 13-ին փոփոխվել և նոր մեղադրանք էր առաջադրվել Սամվել Կարապետյանին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել