HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Կարապետյանի նկատմամբ դարձյալ կիրառվեց տնային կալանք խափանման միջոցը

14 ժամ տևած դատական դռնփակ նիստից հետո դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը և կիրառել է տնային կալանք՝ համակցված գրավով և բացակայելու արգելքով: Դատարանը վերացրել է Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը:

Ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը պարզաբանել էր, որ Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝ կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը պետք է դատարան ներկայացվի համապատասխան խափանման միջոցի կիրառման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հինգ օր առաջ: Այս կարգավորման պահանջով տնային կալանքի միջնորդությամբ էր հանդես եկել քննչական մարմինը: 

Սակայն, ըստ Արամ Վարդևանյանի՝ դատախազը հետ է վերցրել տնային կալանքի միջնորդությունը և մուտքագրվել է կալանքի միջնորդություն: «Սա օրենքի և իրավունքի խախտում չէ, սա բռնաբարության դեպք է»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է փաստաբան Վարդևանյանը։

Իսկ երեկ՝ 2026թ. հունվարի  16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշումը (դատավոր՝ Սարգիս Պետրոսյան), որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանը 17 օր տնային կալանքի տակ մնալուց հետո վերադարձել էր քրեակատարողական հիմնարկ։ Սակայն, քանի որ լրանում էր ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի ժամկետը, դատարանը դարձյալ տնային կալանք կիրառեց։

Արամ Վարդևանյանի փոխանցմամբ՝ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը ստացիոնար բուժում էր ստանում հիվանդանոցում և այդ ամենը հաշվի չառնելով նրան տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք՝ 2025թ. դեկտեմբերի 30-ին, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել էր: Կիրառվել էր տնային կալանք և գրավ: 

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ 2025թ. հոկտեմբերի 13-ին մեղադրանքը փոփոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել Ս.Կարապետյանին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter