HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանի հայկական միջնաբերդը. Անջար

Բեյրութ-Դամասկոս միջպետական ճանապարհի վրա՝ Լիբանանի ու Սիրիայի մայրաքաղաքների գրեթե կենտրոնում, հայերեն-անգլերեն ցուցանակը ողջունում է անցուդարձ անողներին՝ «Բարի եկաք Այնճար. Welcome to Anjar»:

Ի տարբերություն Լիբանանի բազմաթիվ այլ բնակավայրերի, որոնք հաջորդում են մեկմեկու, բայց ցուցանակների բացակայության պայմաններում, եթե տեղացի չես կամ ձեռքի տակ քարտեզ չունես, այդպես էլ չես հասկանում, թե որտեղ ես գտնվում՝ հայաբնակ Անջար (արեւմտահայերեն՝ Այնճար) քաղաքի մուտքի ցուցանակից անծանոթը միանգամից հասկանում է, թե ուր է եկել:

Կենտրոնական փողոցը բարձրանում է վեր՝ դեպի Անտիլիբանանյան լեռնաշղթայի ստորոտը, որից այն կողմ Սիրիան է, աջից ու ձախից այն հատող ավելի նեղ փողոցներ են՝ հայերեն, անգլերեն ու արաբերեն գրություններով:

Հայկական ու արաբական անուն կրող այս փողոցները (Կոմիտաս, Շիրազ, Մաշտոց, Նարեկացի, Սասուն, Արաքս, Աղաջանյան, Տեր-Գալուստյան, Զեյթլյան, Կարագյոզյան եւ այլն) համաչափ են ու միաձեւ: Երեւում է, որ բնակավայրը հստակ գծագրով է կառուցվել: Եվ իսկապես, Անջարը միակ բնակավայրն է Լիբանանի գյուղատնտեսության սիրտ համարվող Բեքաայի հովտում (դաշտում), որի համար մինչեւ կառուցումը հատակագիծ-քարտեզ է կազմվել:

Եթե նայեք թռչնի թռիչքի բարձրությունից, կտեսնեք, որ Անջարն ունի թռչնի տեսք, ավելի կոնկրետ՝ արծվի:

Անջարի հատակագիծը արծվի տեսքով

Մի քիչ պատմություն. Մուսա լեռից մինչեւ Անջար

Անջար (Anjar, Aanjar) անունն ունի արաբական ծագում՝ ayn al-jaar, որը տարբեր կերպ է մեկնաբանվում՝ հոսող աղբյուր, աղբյուրից հոսող ջուր կամ ժայռից հոսող ջուր: «Այն» արաբերեն նշանակում է աղբյուր, եւ կարծիք կա նաեւ, որ անունը ծագել է «այն» ու «Գերա»/«Ժարա» բաղադրիչներից, այսինքն՝ Գերայի կամ Ժարայի աղբյուր (ըստ այս տարբերակի՝ տեղանքը նախկինում կոչվել է Գերա): Ամեն դեպքում, բնակավայրի անունը ծագում է Անտիլիբանանյան լեռներից բխող աղբյուրից, որը կարելի է համարել Բեքաայի հովտի այս հատվածի գլխավոր կենսատուն (աղբյուրի առկայությունը գրավել է ոչ միայն մարդկանց, այլեւ հարեւանությամբ ձեւավորել է հարուստ բուսական ու կենդանական աշխարհ):

Անջարը պատմական բնակավայր է, այստեղ մարդիկ ապրել են դեռ 8-րդ դարից, բայց հայերը Անջար են եկել 87 տարի առաջ՝ 1939-ին:

Իսկ ամեն ինչ սկսվեց Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915-ին, Անջարից 275 կմ հյուսիս գտնվող Մուսա լեռան վրա: 1915-ի հուլիս-սեպտեմբերին Միջերկրական ծովի ափին գտնվող այս լեռան վրա 53 օր օսմանյան բանակին դիմադրելուց հետո ավելի քան 4000 հայեր ֆրանսիական ու անգլիական ռազմանավերով տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստային քաղաք, որը գտնվում էր Անտանտի ուժերից բրիտանացիների վերահսկողության տակ:

Մուսա լեռան հերոսամարտի մի խումբ մասնակիցներ

Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցները լեռան հարեւանությամբ գտնվող հայաբնակ 6 գյուղերից էին՝ Քաբուսիե, Վաքըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի եւ Բիթիաս:

Պորտ Սաիդում մուսալեռցիների համար վրանաքաղաք հիմնվեց, որտեղ նրանք անցկացրին 4 տարի՝ մինչեւ 1919 թ.: Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիայի եւ նրա դաշնակիցների, այդ թվում՝ Օսմանյան Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները կարողացան վերադառնալ իրենց տները (դրանք ավերվել ու կողոպտվել էին Ցեղասպանության տարիներին), քանի որ այդ տարածքը անցել էր ֆրանսիացիների վերահսկողության տակ, եւ ձեւավորվել էր Ալեքսանդրետի սանջակը: Այստեղ հիմնականում ապրում էին արաբներ (ալավիներ եւ սուննիներ), թուրքեր, հայեր, հույներ: 1939-ի հուլիսին ֆրանս-թուրքական համաձայնագրով տարածքը միացվեց Թուրքիային, ինչը ոչ թուրք բնակչության շրջանում մեծ դժգոհության ալիք բարձրացրեց:

Իրականում, սակայն, սանջակից արտագաղթը սկսվել էր դեռ 1938-ին, երբ այստեղ թուրքական ազդեցությամբ ձեւավորվել էր Հաթայի պետությունը, որն էլ 1939-ին կցվեց Թուրքիային: 1938-ի տարեվերջին ու 1939-ի տարեսկզբին հայերի 70 տոկոսն արդեն գաղթել էր Ալեքսանդրետի սանջակից: Իսկ 1939-ի ամռանը վերջին հայերը դուրս եկան այստեղից՝ չցանկանալով կրկին ապրել թուրքական տիրապետության տակ: Ինքնապաշտպանության նոր փորձի համար պայմանները նպաստավոր չէին. աշխարհաքաղաքական տեսանկյունից գերտերությունների ուշադրությունը բեւեռված էր Եվրոպայի վրա, որտեղ գլուխ էր բարձրացրել ֆաշիզմը, եւ շուտով պիտի սկսվեր Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այսպիսով՝ շուրջ 35 հազար հայեր, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր արաբներ ու չերքեզներ հեռացան նախկին Ալեքսանդրետի սանջակի տարածքից՝ հաստատվելով հարեւան Սիրիայում ու Լիբանանում: Միայն Վաքըֆ գյուղում մնացին մի քանի հայ ընտանիքներ, որոնց ժառանգներն առ այսօր ապրում են այնտեղ:

Այդուհանդերձ, ֆրանսիական իշխանությունների հետ աշխատանք տարվեց՝ նրանց համոզելով մուսալեռցի հայերին հավաքական ձեւով տեղափոխել Սիրիա կամ Լիբանան: Նրանք ժամանակավորապես տեղափոխվեցին Միջերկրական ծովի ափին գտնվող սիրիական Ռաս ալ Բասիթ բնակավայր: Հայերն այստեղ պիտի մնային, մինչեւ վերջնական բնակության վայր տեղափոխվելու կարգադրություն լիներ: Անօթեւան մնացած մուսալեռցիները Բասիթում 40 ծանր օր անցկացրին՝ պատսպարվելով ցախերի ու սավանների տակ: Խմելաջրի ու սննդի պակասից տառապող մարդիկ մնացել էին հեղեղային անձրեւների տակ. շուտով տարբեր հիվանդություններ տարածվեցին, այդ թվում՝ դիզենտերիա: Երեխաների շրջանում փորլուծություն տարածվեց: Գաղթականներից 200 հոգի տեղափոխվեց Ռաս ալ Բասիթից ոչ հեռու գտնվող Լաթաքիայի հիվանդանոց, իսկ ծանր հիվանդներին մինչեւ Բեյրութ հասցրին: Այդուհանդերձ, մուսալեռցիները Բասիթում ստեղծված ծանր պայմաններում 45 զոհ ունեցան:

Այդ ընթացքում Մուսա լեռան ինքնապաշտպանության ղեկավարներից Մովսես Տեր-Գալուստյանը, որը 1927-1937 թթ. Սիրիայի խորհրդարանի պատգամավոր էր, ֆրանսիական իշխանությունների հետ նախապատրաստական աշխատանքներ էր տանում՝ մուսալեռցիներին Լիբանան-Սիրիա սահմանի մոտ գտնվող Անջարի տարածք տեղափոխելու համար:

Մուսա լեռան հերոսամարտի ղեկավարներից ավետարանական հովիվ Տիգրան Անդրեասյանի ու Մովսես Տեր-Գալուստյանի կիսանդրիները՝ Անջարում

Աշխատանքներից հետո մուսալեռցիները նավերով տեղափոխվեցին Լիբանանի Տրիպոլի նավահանգիստ, որտեղից շոգեքարշով հասան Ռայաք: Այստեղից էլ մեքենաներով 1939-ի սեպտեմբերին փոխադրվեցին Անջարի տարածք: Ճանապարհով վերջինիս հեռավորությունը Բեյրութից 55 կմ է, Դամասկոսից՝ 50 կմ, ծովի մակարդակից բարձրությունը՝ 900-950 մ:

Ֆրանսիացիները Դաշնակցության միջնորդությամբ Անջարում 410 հազար ֆրանկով ձեռք էին բերել Ռուշդի բեկին եւ նրա մորը պատկանող հողատարածքը, որը մի ընդարձակ դաշտ էր: Գումարը հավաքվել էր Ֆրանսիայի կառավարության ու մի քանի հայ մեծահարուստների, այդ թվում՝ Գալուստ Գյուլբենկյանի միջոցներով: Հողի նոր սեփականատեր դարձած Ֆրանսիայի կառավարության համապատասխան որոշման մեջ արձանագրվել էր, որ Անջարը տրամադրվելու է Ալեքսանդրետի հայ գաղթականներին: Բնակավայրի տարածքը 1800 հեկտար է, 92 հա-ն հատկացվել է բնակության համար, իսկ մնացածը՝ ցանքատարածությունների (տես վերեւում):

1939-ի սեպտեմբերին Անջար տեղափոխված հայերի թիվը 5125 էր (1205 ընտանիք): Մինչեւ տների շինարարությունը նրանք ժամանակավորապես ապրում էին վրանների մեջ, որոնք տեղադրվել էին Օմայանների խալիֆայության 8-րդ դարի ամրոց-պալատի ավերակների տարածքում (վրանների կտորը տրամադրել էր ՀԲԸՄ-ն՝ Հայ բարեգործական ընդհանուր միությունը):

Լուսանկարներում Անջարում կյանքի առաջին տարիներն են

Վրանային պայմաններում կյանքը հեշտ չէր, կար խմելու ջրի եւ սննդի պակաս: Գաղթականների մի մասն այս ամենի պատճառով ցրվեց հարեւան բնակավայրերով: 1205 ընտանիքից մնաց 1050-ը (803 առաքելական, 165 կաթոլիկ, 82 ավետարանական):

Ինչպես ասվեց, Անջարը միակ բնակավայրն է Բեքաայի հովտում, որը կառուցվել է հատակագծով: Թեւերը բացած արծվի տեսք ունեցող նախագծի հեղինակը ճարտարապետ Հակոբ Քեշիշյանն է, որին օգնել է մուսալեռցի երկրաչափ Աբրահամ Տեր-Ղազանչյանը:

Հատակագծով Անջարը բաժանվել է 6 գյուղաթաղի ըստ Մուսա լեռան գյուղերի՝ Քաբուսիե, Վաքըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի եւ Բիթիաս: Ու պատահական չէ, որ Անջարը պաշտոնապես կոչվում է Հաուշ Մուսա-Անջար (Hawsh Mօusa, արաբերեն՝ Մուսայի բակ):

Անջարի քաղաքապետ Սեդրակ Հավաթյանը ցույց է տալիս գյուղաթաղերը

Քանի որ այս գյուղերի հայության մեջ կային թե՛ առաքելականներ, թե՛ կաթոլիկներ, թե՛ ավետարանականներ, հետագայում Անջարում ըստ կրոնական ուղղության հիմնվել է 3 եկեղեցի եւ 3 դպրոց:

Տների կառուցումը մեկնարկեց 1939-ի սեպտեմբերի վերջին ու շարունակվեց մինչեւ 1940-ի գարուն: Յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված էր կառուցել 2 սենյակ ու խոհանոց ունեցող տուն, սակայն հենց 1939-ի սեպտեմբերին սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմը փոխեց ծրագրերը: Այդպիսով՝ 1940-ին յուրաքանչյուր ընտանիքի հատկացվեց 4x4,5 մ չափերի աղյուսե մի սենյակ՝ դրսում փոքր արտաքնոցով: Արդեն 86 տարվա հնության այս տներից մի քանիսն Անջարում պահպանվել են մինչ օրս:

Անցյալն ու ներկան

Փոխարենը ամեն ընտանիք ստացավ 400 քմ (25x16 մ) տնամերձ հողամաս, ինչպես նաեւ ցանքատարածություն (7000 քմ ջրովի եւ 4000 քմ անջրդի): Ընդհանուր կառուցվեց 1065 տուն, յուրաքանչյուրի վրա ծախսվեց 3000 ֆրանկ: Շինարարությանը մասնակցելու համար ֆրանսիացիները վճարում էին 15 տարեկանից բարձր տղամարդկանց ու կանանց, սակայն քանի որ Ռաս ալ Բասիթում հայերը ֆիզիկապես բավականին նվաղել էին, շինարարությանը ներգրավվեցին նաեւ արաբներ՝ ընթացքն արագացնելու համար:

Հետաքրքիր փաստ՝ եթե ներկայում Անջարի տների քանակը 20 տոկոսով շատ է 1939-ին կառուցվածներից, ապա բնակչությունը կիսով չափ նվազել է:

Սկզբնապես գաղթականները խմելու ջուրը ձեռքով բերում էին Անջարի աղբյուրից (ակից), որը բնակավայրի կենտրոնից 1,7 կմ-ի վրա է: Տների շինարարությանը զուգահեռ խողովակներ անցկացվեցին ակից մինչեւ գյուղի վերին մասում կառուցված ջրամբար, որտեղ ջուրը մղվում էր տուրբինով, ապա ջրամբարից այն ուղղվում էր դեպի գյուղի մեջ պատրաստված 11 աղբյուրները. այստեղից էլ վերցնում էին բնակիչները:

Աղբյուրները՝ այսօր եւ նախկինում

Տեղացիների վկայությամբ՝ այս աղբյուրները շահագործվել են մինչեւ 1960-ականները, երբ Անջարի տներում խմելաջրի ցանց անցկացվեց: Ավելի ուշ խմելաջուրն սկսեց մատակարարվել լեռնաշղթայի ստորոտին բացված արտեզյան հորերից, իսկ ակը մինչ օրս գլխավորապես ծառայում է ոռոգմանը (ակի մոտ կառուցված ջրհավաք ավազանը երաշտի պատճառով 2025-ի աշնանը դատարկ էր, տես ստորեւ):

Ֆրանսիական կառավարության միջոցով հիվանդանոց բացվեց մուսալեռցի գաղթականների համար, տեղի իշխանություններն էլ, նրանց տեղափոխությանն ու հաստատմանը աջակցելուց բացի, օժանդակեցին տեղական հպատակություն ստանալու հարցում: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որը 1930-ից հաստատվել էր Լիբանանի Անթիլիաս քաղաքում, մուսալեռցիներին աջակցելու կոչ արեց, ինչի արդյունքում հավաքված օգնության միջոցով սկսվեց եկեղեցիների ու դպրոցների շինարարությունը, որոնք արդեն իսկ գործում էին վրանների տակ: Կաթողիկոսության Լիբանանի թեմի ազգային առաջնորդարանն էլ մայրանոց կառուցեց, որը հետագայում դարձավ մանկապարտեզ:

Անջարում հաստատված մուսալեռցիների ամենամեծ խնդիրն ապրուստի հարցն էր: Չկային լծկան եզներ, գյուղատնտեսական մեքենաներ: Ստիպված եղան վարձակալել հարեւան գյուղերից (տարիներ անց իրանահայ բարերար Հայկ Թութունջյանը տրակտոր նվիրեց գյուղին): ՀԲԸՄ-ն ձեռք բերեց սերմնացու ցորեն, գարի, ոսպ, սիսեռ, լոբի, կորեկ, գնվեց 50 զույգ եզ, 110 կով, նույնքան այծ ու ոչխար, մի քանի ձի եւ ջորի: Առաջինը ցանքսը հիմնականում սիսեռ ու գարի էր, որոնցից պատրաստված հացն ուտելն անջարցիներն այսօր հիշում են որպես տառապանք:

Առաջին տարիները բավական դժվար էին: Գլուխ բարձրացրեց մալարիան: Գյուղի հիվանդների ավելի քան մեկ երրորդը մալարիա ուներ, մահերն էլ բազմաթիվ էին: 1942-ին Անջարում մալարիայի համաճարակ սկսվեց, մեկ ամսում 90 հոգի մահացավ: Եթե Մուսա լեռան հերոսամարտում հայերը 18 զոհ էին տվել, ապա Անջարում հաստատվելու առաջին երկու տարիների ընթացքում տարբեր հիվանդությունների ու չքավորության պատճառով հազարից ավելի մարդ մահացավ: Մալարիան վերացնելու համար որոշվեց չորացնել գյուղի շրջակայքի ճահիճները: Դրա համար դրենաժային ջրանցքներ բացվեցին: 3 տարվա ընթացքում հնարավոր եղավ մալարիան Անջարից արմատախիլ անել:

Այսօրվա Անջարը՝ ապահովության միջնաբերդ

Այսօր գյու՞ղ, թե՞ քաղաք է Անջարը: Այս հարցին համայնքի ղեկավար Սեդրակ Հավաթյանը պատասխանում է, թե այն գյուղաքաղաք է համարվում։ Ու եթե ժամանակին կարելի էր գյուղ համարել, ապա հիմա աստիճանաբար վերածվում է քաղաքի: Քաղաքապետն ասում է, որ նախկինում անջարցիներն իրենց տների կողքին նաեւ գոմեր ունեին՝ կով, ոչխար, այծ ու հավ էին պահում: Բայց հոտի ու կեղտի պատճառով 1990-ականներին որոշվել է բնակելի հատվածից դուրս՝ լեռնալանջին, տարածք հատկացնել գոմերի համար: Հիմա ցանկացողներն այնտեղ են անասուն պահում:

Ըստ Հավաթյանի՝ Անջարում այսօր շուրջ 3000 մարդ է ապրում: Ամռանն այս թիվը մեծանում է նրանց հաշվին, ովքեր ապրում, աշխատում կամ սովորում են ծովափնյա Բեյրութում, իսկ ամառն անցկացնում են բարեխառն կլիմա ունեցող Անջարում: Կան մարդիկ, որոնք Բեյրութից Անջար են գալիս ամեն շաբաթ՝ հանգստյան օրերին, որոշներն էլ տարվա ընթացքում արձակուրդներին այստեղ են գալիս Կանադայից, ԱՄՆ-ից, Հայաստանից, այլ երկրներից:

Այդուհանդերձ, հայերի թիվը վերջին 4 տարիներին նվազել է՝ պայմանավորված Լիբանանի տնտեսական վիճակով (տեղացիները տնտեսական առումով իրավիճակը բաժանում են 2 մասի՝ մինչեւ 2019 թ. եւ դրանից հետո, քանի որ 2019-ից լիբանանյան արժույթն սկսեց սրընթաց արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ. ներկայում 1 դոլարը մոտ 90 հազ. լիբանանյան լիրա է): Այս իրավիճակը հանգեցրել է արտագաղթի ամբողջ երկրում:

«Եթե այս տնտեսական տագնապը (ճգնաժամ – հեղ.) չլիներ, վստահ եմ, որ գնացողները չէին գնա, եւ դրսից եկողներ կլինեին»,- ասում է Ս. Հավաթյանը:

Ի տարբերություն Լիբանանի շատ այլ բնակավայրերի՝ Անջարի փողոցները խնամված են ու մաքուր

Համայնքի ղեկավարը պատմում է, որ 1975-1990 թթ. Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ բեյրութաբնակ որոշ հայեր եկել ու հաստատվել են Անջարում: Նույնը եղել է սիրիական պատերազմի տարիներին, երբ Հալեպից ու Քեսաբից հայկական ընտանիքներն ապաստան են գտել Անջարում, ոմանք այստեղ էլ մնացել են, որոշներն էլ մեկնել են Կանադա, Ավստրալիա, այլ երկրներ: «Անջարը միջնաբերդի նման է»,- ասում է Սեդրակ Հավաթյանը՝ նկատի ունենալով բնակավայրի ապահով լինելը:

Անջարի քաղաքապետարանը

Սիրիական պատերազմի ժամանակ այստեղ եկել են նաեւ արաբներ, որոնք ապաստանել են Անջարի շրջակայքում՝ ճամբարներում: Նրանց մի փոքր մասը հետո կարողացել է աշխատանք ու վարձով տուն գտնել Անջարում եւ մնալ տեղում: Սրանք քիչ թե շատ ապահովված մարդիկ են, իսկ վրաններում ապրողները, ըստ Հավաթյանի, հիմնականում աշխատավոր դասակարգից են: Արաբներն աշխատում են ռեստորաններում, տեղացիների հողատարածքներում:

Տների բակերում կարելի է տեսնել ձիթապտղի ու մանդարանի ծառեր

Ինչպես ասվեց, Անջարը գտնվում է Բեքաայի դաշտում, որը թե՛ իր չափերով (120 կմ երկարությամբ, 16 կմ լայնությամբ), թե՛ նշանակությամբ համեմատելի է Հայաստանում Արարատյան դաշտի հետ: Ս. Հավաթյանն ասում է, որ թե՛ նախկինում, թե՛ այսօր անջարցիների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, սակայն, որպես կանոն, երիտասարդները հեռու են այս ոլորտից, շատերն աշխատում ու վարձով են ապրում Բեյրութում, հիմնականում արհեստավորներ են: Իսկ նրանք, ովքեր շարունակում են ծնողների գործը, չեն բավարարվում ընտանիքի ունեցած հողամասով, հավելյալ տարածքներ են վերցնում՝ գործն ընդլայնելու ու ապրուստի միջոց ստեղծելու համար: «Ընդհանրապես, Անջարի բնակչությունը միջին տարիքից բարձր է, այդ տագնապն ենք ապրում, երիտասարդ մարդուժի պակասն օրըստօրե զգալի է դառնում»,- ասում է համայնքի ղեկավարը:

2025-ին Անջարը բախվել է նաեւ ջրի պակասի լուրջ խնդրի: Հավաթյանը նշում է, որ տեղումները քիչ էին, ինչի հետեւանքով ակից ոռոգվող հողերը ծարավ մնացին: Սակայն դա ոռոգման միակ աղբյուրը չէ, քանի որ բնակիչներին բաժանված անջրդի հողերը ջրարբիացնելու համար ժամանակին փորվել են արտեզյան հորեր: Բայց մեր զրուցակիցն ասում է, որ սրանց ջրի ծավալն էլ անցյալ տարի շատ էր նվազել, մի քանիսը նույնիսկ ցամաքել էին, ու հողատերերը ստիպված էին բավարարվել եղած նվազ ջրով: 15 օրը մեկ ջուր ստացող այգիները ջրվել են 45-50 օրը մեկ, ինչի հետեւանքով թե՛ պտղի արտադրության քանակն է նվազել, թե՛ որակը (Անջարն առավելապես հայտնի է խնձորով):

«Այստեղ մենք հյուր ենք, բայց կա գերագույն նպատակ»

Լիբանանը բաժանված է 9 մարզի կամ մուհաֆազայի, սրանք էլ՝ շրջանների: Անջարը գտնվում է Բեքաայի մարզի Զահլեի շրջանում: Հայաբնակ քաղաքից արեւելք Լիբանան-Սիրիա սահմանն է, որն անցնում է Անտիլիբանանյան լեռնաշղթայով: Բնակավայրից տեսանելի են լեռների վրա տեղակայված լիբանանյան սահմանապահ դիրքերը:

Բեյրութ-Դամասկոս միջպետական մայրուղու վրա գտնվող Մասնաայի անցակետն Անջարից ընդամենը 4 կմ է հեռու:

Անջարի հարեւանությամբ հիմնականում սուննի իսլամի հետեւորդ բնակչությամբ արաբական գյուղեր են: Քաղաքապետ Սեդրակ Հավաթյանը նկատում է, որ ջերմ հարաբերություններ ունեն մահմեդական հարեւանների հետ: Մարզի ու շրջանի կենտրոն Զահլե քաղաքն Անջարից 18 կմ է հեռու: Այստեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում՝ կաթոլիկ եւ ուղղափառ հույներ ու մարոնիներ (մարոնիները Մարոնիական կաթոլիկ եկեղեցու հետեւորդներ են):

Անջարի կենտրոնական փողոցը ծառաշատ է ու խնամված

«Փորձում ենք մեր կապերը ջերմ պահել հարեւան գյուղերի հետ, որ որեւէ խնդրի պարագայում կարողանանք արագ լուծումների հասնել: Իրենց առիթներին գնում ենք, իրենք էլ գալիս են մեր առիթներին: Գիտեք, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմը կրոնական խնդիրներով էր պայմանավորված: Դա դաս եղավ, որ հարեւանների հետ կապերը ջերմ պահենք եւ խաղաղ գոյատեւենք,- ասում է Անջարի ղեկավարն ու ընդգծում,- ի վերջո, մենք այստեղ եկվոր ենք, իրենք են տանտերը, իրենց երկիրն է, մենք Լիբանանում ենք ապրում, ոչ թե Հայաստանում, այստեղ մենք հյուր ենք: Պետք է իրար հարգենք: Հավատացեք, որ իրենք շատ ավելի մեծ հարգանք ունեն մեր հանդեպ: Սա ամենայն համարձակությամբ կասեմ՝ իրենք շատ են հարգում հայերին, որովհետեւ հայերից շատ բան սովորեցին: Երբ մեր մեծ հայրերը եկան այստեղ, անապատ էր, ծառ չկար, արաբները մերոնցից սովորեցին ծառ տնկել, կանաչապատել: Անջարը շատ արագ է զարգացել. ֆրանսիանցիները յուրաքանչյուր ընտանիքի համար սենյակ էին կառուցել, դրա կողքին մերոնք սենյակ են ավելացրել, հետո շատերը քանդել են, նոր տուն են կառուցել: Հայերը շինարար ժողովուրդ են, մերոնք որ սարքել են, տեղացիներն էլ, դա տեսնելով, սկսել են նույնն անել: Նկարչությունը, երաժշտությունը, արհեստները, օրինակ՝ մեքենագործությունը, մերոնցից են սովորել: Իրենց երիտասարդներն այստեղ գալիս-աշխատում էին որպես գործավոր: Հետո գնացել, իրենց անձնական գործն են հիմնել: Իրենք միշտ հիշում են, որ մեզնից են սովորել»:

Այս տան երկրորդ հարկում է ապրել «Լիզբոն 5»-ի անդամ Սիմոն Յահնիյանը

Եթե մուսալեռցի-անջարցիները հյուր են Լիբանանում, ո՞րն է վերջնական հանգրվանը:

Սեդրակ Հավաթյանն ասում է. «Կա գերագույն երազ, ավելի ճիշտ՝ նպատակ, մեր ձեռնարկներում էլ բանախոսները դա են շեշտում, մենք էլ այդպես ենք դաստիարակում մեր զավակներին, որ այստեղ հյուր ենք, իսկ մեր գերագույն երազը, նպատակը ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն է: Պարտադիր չէ Մուսա լեռ վերադառնալը, նպատակը ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան ունենալն է»:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter