«Ոչ մի կանոնադրությունում չկա, որ քո վերադասը քեզ խաբի, գան քեզ կոտորեն»․ Ցորի հրետանային դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանի ցուցմունքը դատարանում
Պատերազմից 5 տարի անց Արցախի ՊԲ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հայկ Թովմասյանը հարկադրանքով ներկայացավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայր։ Նա վկայություն էր տալիս 2020թ․–ի հոկտեմբերի 12–ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում իր հրամանատարության ներքո գտնվող հրետանային դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու մասին։
Հիշեցնենք, որ այս դեպքով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ մայոր Գևորգ Գևորգյանին։ Վերջինս մեղադրվում է դիվիզիոնի շրջափակման մեջ հայտնվելու ժամանակ զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս չտարհանելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար: Կատարվածի հետևանքով զոհվել է դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։
Դատաքննությունն սկսվելու օրից՝ 2022թ․–ի փետրվարից, արդեն երրորդ դատավորն է փոխվում այս գործով։ 2025թ․ վերջից քրեական գործի քննությունը փոխանցվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հովհաննես Մանուկյանին։ Նրա նախագահությամբ այս տարի առաջին դատական նիստը տեղի ունեցավ հունվարի 15–ին, հարցաքննվեց վկա Հայկ Թովմասյանը։
Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանն այս քրեական գործով անցնող ամենաառանցքային վկան է։ Նրա՝ «թողնե՛լ, մերոնք են» հրամանը ճակատագրական է եղել հրետանային դիվիզիոնի 20 ժամկետային զինծառայողների համար: Վկան դատարանին պատմեց դեպքին նախորդող օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի առաջին տասնօրյակում ճակատում տիրող իրավիճակի, Հադրութի շուրջ ծավալվող իրադարձությունների և իր ղեկավարած դիվիզիոնը Հադրութ ուղարկելու մասին։
Հադրութ գնալու հրաման են ստացել, որը պատճառաբանվել է նրանով, որ Արալեռի զորամասն ամբողջովին ոչնչացվել է։ «Ինձ հեռախոսով էդպես են ասել, բայց ճշտումներից հետո պարզվեց, որ հակառակորդի զորքն արդեն Արալեռի զորամասում է։ Այսինքն, իրենց տիրապետության տակ է ու շարժվում է դեպի Հադրութ»,– հայտնեց սպան։ Վկայի խոսքով՝ մինչև տեղափոխվելը զորամասի հրամանատարական կետից հրաման են ստացել, որ դիվիզիոնի շտաբի պետը պետք է տեղափոխվի Մարտակերտ` Հոռաթաղ։
Այդ փոփոխությունը կատարվել է պատերազմի ամենաթեժ ժամանակ, երբ դիվիզիոնը պետք է 100 կմ երթ կատարեր, ծավալվեր, խնդիր կատարեր այն դեպքում, երբ հակառակորդն արդեն մտել էր այդ զորամասերը։ Ինքը, որպես դիվիզիոնի հրամանատար, հրամանատարական կետում գտնվող հրետանու պետից փորձել է պարզել՝ այդ իրավիճակում որքանո՞վ է ճիշտ դիվիզիոնի շտաբի պետին փոխելը։ Ասել են` Հոռաթաղի զորամասը ընդհանրապես չկա, հրամանատարները զոհվել են և այլն։
«Յուրա Իսրայելյանին կապի միջոցով ճանապարհել ենք Հոռաթաղ, Գևորգյանն էլ կապի միջոցով դիվիզիոնի շտաբի պետ է նշանակվել, որից հետո խնդիր ենք ստացել տեղափոխվել Հադրութ»,– հայտնեց Հայկ Թովմասյանը։ Նշեց, որ բոլորով ողջ–առողջ տեղ են հասել և Ջրաշխարհ կոչվող տեղանքում կրակային դիրքեր են զբաղեցրել։ Իրենց դիմավորել է Հադրութի դիվիզիայի հրետանու շտաբի պետ Աշոտ Սողոմոնյանը։
«Մի թղթի կտորի վրա կոորդինատներ էին գրել ու փոխանցել ինձ։ Մեր խնդիրն էր՝ առաջ գնալ։ Աշոտ Սողոմոնյանն ասաց` ես պիտի ձեզ ուղեկցեմ, բայց խորհուրդ չեմ տա առաջ գնալ, որովհետև Հադրութի պատմությանն, այսպես ասած, մեկ–երկու օր է մնացել։ Հակառակորդն աջից և ձախից արդեն մտնում է Հադրութ»,– դատարանին փոխանցեց վկան։
Տեղ են հասել, երբ ուշ գիշեր էր, լուսադեմին զբաղեցրել են իրենց տեղը, այնուհետև հրետանու պետի հետ գնացել են տրված կոորդինատներով տեղանքն ուսումնասիրելու՝ «9-րդ կիլոմետր» կոչվող հատվածում։ Հայտնեց, որ իրենց այդ գիշեր են տեղեկացրել հոկտեմբերի 7–ի առավոտյան հակահարձակում իրականացնելու մասին։
«Այսինքն, մեր զորամասը, Խոջալուի տանկային բրիգադը ու տենց մի քանի զորամաս իրենց վաշտերով, հետախուզական վաշտը և չեմ կարա ասեմ, թե էլ ինչ միջոցներ էին ներգրավել, պետք է հակահարձակում իրականացնեին։ Ասել են, որ առավոտ ժամը 6–ին պատրաստակամություն զեկուցենք։ Զեկուցել ենք, և հրետանին ժամը 6–ից սկսել է կրակել մինչև ժամը 8–9 կողմերը։ Հետո խնդիրներ է առաջացել, հետ են քաշվել, ասել են` հակահարձակումը չի ստացվել, բայց դուք մնացեք տեղում»,– հայտնեց վկան։ Հաջորդ օրը նորից ասել են` այս նշանակետերով կրակեք, որպեսզի կարողանանք հակահարձակումն սկսել։ Նորից են սկսել հակահարձակումը և դարձյալ չի ստացվել։ Չեմ կարող ասել՝ պատճառը խուճա՞պն էր, թե՞ այլ բան, բայց մեզ ասել են` մնացեք ձեր տեղը»,– պատմեց փոխգնդապետը։
Դիվիզիոնի 2–րդ մարտկոցի հրամանատար կապիտան Մինասյանը, կրակային դիրքից կապի միջոցով իրեն տեղեկացրել է, որ հետևից ավտոմատով իրենց վրա են կրակում։ Ինքը բանակի հրետանու պետին կապի միջոցով զեկուցել է, որ դիվիզիոնը հանում է, տեղն անվտանգ չէ։ «Մենք 8 կմ հրանոթով առաջ ենք կրակում, մեր վրա հետևից ավտոմատով են կրակում։ Ասեց՝ հանի ու դիվիզիոնն այդտեղից հանեցինք, եկանք մեր հին տեղը՝ Ջրաշխարհ»,– պատմեց վկան։
Հրետանու պետի ցուցումով գնացել են տեղազննման Ջուվառլու կոչվող հատվածում։ Հետո անձնակազմն են տարել, տեղերն զբաղեցնելուն պես սկսել են և՛ խնդիրները կատարել, և՛ ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Դիվիզիոնի հրամանատարի պատմելով՝ անձնակազմը մշտապես ակտիվ գործողության մեջ է եղել։ «Չի եղել տենց բան, որ դիվիզիոնը շարժի մեջ չլինի ու կրակոցների տակ չլինի կամ ինքը չկրակի»,– հայտնեց նա։
Այդտեղ՝ Ջուվառլու կոչվող հատվածում հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցն ամբողջությամբ հրետակոծվել է։ Զեկուցել են բանակի շտաբ, դիվիզիոնը հանել են այդտեղից ու վերադարձել Ջրաշխարհ կոչվող հատվածը՝ ավելի անվտանգ գոտի։ Զեկուցել են, որ տեղը զբաղեցրել են, սպասում են խնդիրների կատարմանը։
«Գիշերը, արդեն 12–ն անց կլիներ, երբ զորամասի հրամանատարի տեղակալ–զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի հեռախոսին զանգեցին։ Առանձնացավ, խոսեց, եկավ ասեց, որ պիտի հետ գնանք մեր տեղը։ Ես համաձայն չէի, որովհետև տարրական գիտելիք չունեցող զինվորականներն էլ գիտեն, որ չի կարելի վերադառնալ խփված կրակային դիրքեր։ Ասեց` հրամանը պետք է կատարենք։ ժամը 4:30–ից 5–ի մոտերքը նորից շարժվեցինք Ջուվառլու կոչվող հատվածը և զբաղեցրինք կրակային դիրքեր։ Հրետանու պետը զեկուցեց ու սկսեցինք մեր խնդիրները կատարել»,– դատարանին հայտնեց Հայկ Թովմասյանը։
Այդտեղ հրետակոծություն է սկսվել, որի ընթացքում անձնակազմին հրամայել են՝ թաքստոցները մտնել։ Նրա պատմելով՝ դա սովորական հրետակոծություն չէր և երկար տևեց։ Իրենք՝ դիտակետի կազմը, նույնպես թաքստոցում էր լինում։
Հրետանու պետի որոշումով մի հատ դիտակետ են ունեցել, որտեղ ինքն է եղել, զորամասի հրամանատարի տեղակալ–զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը և ես 5 հոգի՝ սպաներ ու ժամկետային զինծառայողներ։ Բացի Ն․ Հայրապետյանից, մնացած բոլորը ողջ են մնացել։ Հայկ Թովմասյանը հայտնեց, որ հետո պարզվել է Ն․ Հայրապետյանը չի հասել «Ուրալ»–ին», որ նստի։ Վարորդի վրա կրակել են, քշել, գնացել է։ Ն․ Հայրապետյանն այդ պահից անհայտ կորած է համարվում։
Հրետակոծությունը դադարելուց հետո Ն․ Հայրապետյանը վերադարձել է ու ասել, որ դիմացի սարից մարդիկ են իջնում։ Սպաներից մեկը նայեց, ասաց` մեր համազգեստով են։ Ինքը Հայրապետյանին ասել է`դիվիզիոնը հանենք, մեկ է, էլ չենք կարող այստեղից խնդիր կատարել։ Դիվիզիոնին հրամայել է՝ «թողել կրակային դիրքերը, պատրաստվել դուրս գալու»։ Իրենք էլ ոտքով իջել են դեպի դիվիզիոնը, որպեսզի նրանց հետ դուրս գան։ «Ն․ Հայրապետյանը հետևիցս կանչեց՝ հետ արի, մերոնք են։ Նախարարն է ասում։ Մայոր Բալյանը, որը գնդապետ Բաղդասարյանի կապավորն էր, ասեց` 101–ն ասում է` 100 տոկոսով մերոնք են, հանկարծ չկրակեք, ձեր խնդիրը կատարեք»,– դատարանին հայտնեց Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հայկ Թովմասյանը։
Այնուհետև Ն․ Հայրապետյանն ասել է` զբաղեցնենք տեղերը, հիմա նշանակետ են տալիս։ Նորից ասեցի`«դիվիզիոն թողնե՛լ, զբաղեցրեք ձեր տեղերը»։ Այդ ընթացքում դիտակետում գտնվող սպաներից Բադալյանը հեռադիտակով նայում էր և ասաց՝ մոտեցիր, երկու հոգի են երևում։ Փոխգնդապետի նկարագրելով՝ տեսել է Ջուվառլու կոչվող հատվածում, որը հին ավերակներով գյուղ է, հայաթներում խոզեր կան։ Զինվորականներից մեկը զենքով խոզին խփեց, հետո աջ ու ձախ կրակում էին։ Հասկացել է, որ մենակ չեն, վազելով հետ է եկել ու ասել՝ «երեխեքին ով՝ ոնց կարում ա, վերցրեք, դուրս եկեք»։
«Մեր հետևից սկսեցին կրակոցները, դիտակետում գտնվողներն էլ վազելով իջան։ Քանի որ Հայրապետյանը մեզնից առաջ էր, թփերն անցավ, հետո էլ իրեն չտեսանք»,– հայտնեց Հայկ Թովմասյանը։
Վկայի ասելով՝ դիտակետի կազմով իրար կորցրել են, հետո երբ լավ մթնել է՝ գտել են իրար ու տարածքից դուրս եկել։ Մոտ երկու ժամ քայլել են, հասել ճանապարհին, այդ ժամանակ Արալեռի դիվիզիոնի հրամանատար Վարադյանն իր «Ուրալ» մեքենայով անցնում էր այդ ճանապարհով, վերցրել է ու տարել իրենց մոտ։
Նրանցից կապի միջոց է խնդրել իր սպաների հետ կապվելու, իր հրամանատարության ներքո գտնվող անձնակազմի մասին տեղեկություն իմանալու համար։ Այդ ընթացքում դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ Գևորգ Գևորգյանը «Սատկո» մեքենայով, և Ցորի զորամասի հրետանու պետի սպառազինության գծով տեղակալ Նորիկ Առուշանյանը եկել են «Ֆերմա» կոչվող հատվածը։ Միասին գնացել են Տողի խաչմերուկ։ «Տողի խաչմերուկում խուճապ էր, էդպիսի խուճապ երևի առաջին անգամ էինք տեսնում։ Անձնակազմը ցրված էր, գոռալով էս ու էն կողմ էին վազում, ոչ մեկը մյուսին չէր ճանաչում։ Մեր անձնակազմին նստեցրել ենք մեքենան ու ուղարկել Կարմիր Շուկա, որը կենտրոնացման շրջանն էր»,– նկարագրեց հրամանատարը։
Այդ ընթացքում զանգել են տեղեկացրել, որ մեր անձնակազմը Տողի դպրոցում է։ Ուրախացել են, Գ․ Գևորգյանն ասել է, որ գնում է Տողի դպրոց՝ 1–ին մարտկոցի անձնակազմին բերելու։ Անձնակազմը բերել է, տեսել են, որ 1-ին մարտկոցը չէ։ Ժամը 6–ի կողմերը զանգ են ստացել 1–ին մարտկոցի հրամանատար Արիկ Գոքորյանից, նա հայտնել է իրենց թաքստոցի տեղը և ասել՝ «բայց 6 հոգի ենք»։ Նորիկ Առուշանյանը շտապօգնության մեքենայով գնացել է նրանց բերելու։ Անձնակազմի վիրավորներին, նաև՝ Արիկ Գոքորյանին տեղափոխել են Երևան կամ Գորիս, որովհետև Հադրութի հոսպիտալն արդեն խփված էր։
Դրանից հետո իրեն փոխանցել են, որ նախարարը կանչում է։ «Գնացի, բանակի հրամանատարություն, որը Ստեփանակերտում էր։ Գնդապետ Բաղդասարյանին ասացի՝ ստել ես, ձեր խաբելու շնորհիվ է այս վիճակը եղել։ Մենակ մեր դիվիզիոնը չի, նույն ձևի շատ գումարտակներ, վաշտեր էս օրն են ընկել։ Ինձ ասեց` ես ընդհանրապես մեղք չունեմ։ Ինձ ինչ ասել են` ես էդ եմ փոխանցել։ Ասում եմ` մենք ձեզնից էինք խնդիր ստանում»,– ասաց Հ․ Թովմասյանը։
Մի քանի օր հետո թիկունքի պետը՝ Արմեն Կարապետյանն է եկել, ասել է, որ նախարարն ուղարկել է, որպեսզի դիվիզիոնն ընդունի ու տանի Կարմիր շուկա խրամատներ փորելու։ «Նշեմ, որ այդ ընթացքում Ցորի զորամասում երևի 2000–ից ավելի անձնակազմ կար, տարբեր տեղերից եկած ՄՈԲ էր, թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, թե՛ կամավորներ, ուղղակի էդ մարդկանց խնդիր դնող չկար։ Ես էլ ասեցի 1000–ից ավել մարդ կա, մեր 30–40 ժամկետային զինվորի վրա՞ է աչքը մնացել։ Ասեցի` հնարավոր չի, ես էդ հրամանը չեմ կատարելու»,– պատմեց հրամանատարը։
Երբ հրետանային դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանն ավարտեց իր պատմությունը, հանրային մեղադրող Հայկ Ռափյանը ցանկացավ հարցերի միջոցով ավելի հստակ պատասխաններ ստանալ 2020թ․ հոկտեմբերի 12–ին կատարվածի և շտաբի պետ Գևորգ Գևորգյանի գործողությունների վերաբերյալ, որն այս քրեական գործով միակ մեղադրյալն է։
- «Երբ հակառակորդի ստորաբաժանումը տեսել եք և առաջին անգամ ասել եք՝ «թողնե՛լ մերոնք են», հետո ձեզ ո՞վ է ասել, որ մերոնք չեն»,– հարցրեց Ռափյանը։
- «Միշտ էլ ասել են` մերոնք են։ Ստեփանակերտում են ասել, որ մերոնք չեն եղել։ Ասել են՝ իմացել ենք Սիսիանի գումարտակն է, որովհետև իրենք պիտի ձեր առջևում լինեին»,– պատասխանեց հրամանատարը։
- Ե՞րբ հասկացաք, որ մերոնք չեն։
- Երբ նկատեցինք, որ խոզին կրակեցին,– հայտնեց վկան։
Նրա ասելով՝ այդ երկու հակասական հրամանների միջև՝ «թողնե՛լ, մերոնք են, մնալ դիրքերում» և «մերոնք չեն, ով՝ ոնց կարող է, թող երեխեքին վերցնի, դուրս գա», ընկած ժամանակահատվածը 5–6 րոպե է եղել։
Հանրային մեղադրողի հարցին՝ իր «մերոնք չեն, ով՝ ոնց կարող է թող երեխեքին վերցնի, դուրս գա» արտահայտությունը հրամա՞ն է եղել, այն պարտադիր իրագործելի էր սպաների՝ Գևորգ Գևորգյանի, Արիկ Գոքորյանի և մյուսների համար, հարցին հետևյալ պատասխանը տվեց․ «Հա՛մ հրաման էր, հա՛մ փրկվելու կոչ, բայց բոլորին փրկվելու, ոչ թե ով՝ ոնց կարա փրկվի։ Երբ կրակոցներն սկսվել են՝ արդեն հասկացել ենք, որ բոլորին փրկվելու հնարավորություն չկա։ Տվյալ պահին դիվիզիոնում 123 հոգի է եղել։ Հակառակորդը մեզ խուճապի էր մատնել, բայց մեր սպայական կազմը խուճապի չի մատնվել, դրա համար էլ կարողացել են անձնակազմը հանել»։
Հանրային մեղադրող Հայկ Ռափյանը վկային հարցրեց, թե իր հրամանից հետո՝ «ով ոնց կարում է, թող երեխեքին վերցնի՝ դուրս գա», 1-ին մարտկոցի անձնակազմն ինչ է արել։ Գևորգ Գևորգյանը, որն զբաղեցնում էր հրետանային դիվիզիոնի շտաբի պետի պաշտոնը, ըստ կանոնադրության, ի՞նչ պիտի աներ այդ իրավիճակում։
«Ըստ կանոնադրության՝ նմանատիպ իրավիճակ չկա։ Ոչ մի կանոնադրությունում չկա, որ քո վերադասը քեզ խաբի, գան քեզ կոտորեն։ Մենք ոչ ստանդարտ, դժոխային իրավիճակում էինք հայտնվել։ Չենք էլ մտածել, որ կկարողանանք այդտեղից դուրս գալ։ Այդ կրակոցները, որ մենք արդեն լսում էինք, նույն օրը գիշերը հակառակորդն արդեն հասել էդ 2-րդ մարտկոցի հետևի թումբը»,– պատասխանեց հրամանատարը։
Հանրային մեղադրողն ու դատավորը վկային ուղղված հարցերով հստակեցրին, որ իր՝ «թողնե՛լ, երեխաներին վերցնել դուրս գալը», հրաման է եղել սպաների համար, և այդ հրամանի դեպքում դիվիզիոնի շտաբի պետը՝ Գևորգ Գևորգյանը, պատասխանատու էր անձնակազմին դուրս բերելու համար։ Եթե հրաման են ստացել՝ «մենակ երեխեքին վերցրեք՝ դուրս եկեք», ուրեմն պետք է մենակ երեխեքին վերցնեն՝ դուրս գան։ Կոնկրետ դիվիզիոնի շտաբի պետը այդ հրաման է ստացել և այդ պահին, այդտեղ գտնվող երեխեքին պետք է վերցներ՝ դուրս գար։
Դատավորը հետևյալ հարցերն ուղղեց վկային․ իր հրամանն իրագործելի՞ էր, Գևորգ Գևորգյանը կարո՞ղ էր կատարել այդ իրավիճակում։ Ինչպե՞ս է նա կարողացել «Սատկո» մեքենայով առաջինը գնալ այդտեղից։ Մինչև իր շարժվելն առնվազն չպե՞տք է հասկանար` մնացածը շարժվելու հնարավորություն ունե՞ն կամ շարժվե՞լ են, չեն շարժվել, նոր ինքը հեռանար։
«Գնահատել եմ, որ դժվար փրկվել լինի, բայց կարելի էր փորձել երեխեքի կյանքը փրկել»,– ասաց վկան։ Հայտնեց, որ «Սատկոն» Գևորգ Գևորգյանի գտնվելու վայրի՝ շտաբի մոտ է կանգնած եղել, դրա համար կարողացել է արագ նստել ու հեռանալ։ Հայկ Թովմասյանի ասելով՝ Գևորգյանն այդքան հնարավորություն չէր ունենա, որ բոլորին փրկեր, բայց կարող է 5 կամ 2 հոգու, կամ մեկ հոգու կյանք ավել փրկեր, կարող է ինքն էլ հետները զոհվեր։ «Չեմ կարող ասել, բայց գոնե պետք է փորձեր։ Այդ պահին ավելի հստակ ինքը կասի` իրավիճակից ելնելով ինչ խնդիր է կատարել»,– հայտնեց վկան։
Վերջինս մեկ անգամ էլ հիշեցրեց, որ համենայնդեպս դիվիզիոնում 123 հոգի են եղել, 103 հոգին դուրս է եկել այդտեղից։ Վկայի գնահատմամբ, Գ․ Գևորգյանն իր հրամանը մասամբ փորձել է կատարել։ Այսինքն, տարածքից հեռանալուց զինվորների վերցրել է իր հետ, բայց բոլորին չի վերցրել։ Զինվորներից Արգիշտի Բիչախչյանը, Դավիթ Ազատյանը մնացել են այնտեղ, վերջինը զոհվել է։
«Սատկոն», որ տեղից շարժվել է՝ Խաչիկ Քոչարյանն ու Արգիշտի Բիչախչյանը վազել են մեքենայի հետևից։ Իրենք ինձ ոնց պատմել են՝ էդ եմ ասում։ Քանի որ Խաչիկը ֆիզիկապես ավելի ուժեղ է, արագ վազել է, կախվել մեքենայից, նրան օգնել են բարձրանա։ Արգիշտին չի հասցրել։ Խաչիկի պատմելով` ինքը բարձրացել է «Սատկո»–ի թափքին, գոռացել է՝ կանգնեցրեք, կանգնեցրեք, Արգիշտին չի հասել։ Իրեն չեն լսել, չեն կանգնել։ Երեխեքն էդ ձև են պատմել, որ վազել են, մեկը նստել է, մեկը չի կարացել նստել, հետ է գնացել, թաքնվել թփերի մեջ։
Դատավորին նաև հետարքրում էր, թե հրետանին չէ՞ր կարող ավելի հեռվից կրակել նույն առաջադրանքը կատարելու համար, որպեսզի այդքան առաջ չգնային ու իրենց չվտանգեին։ Վկան պատասխանեց, որ Ջրաշխարհ կոչվող տարածքից էլ հրետանին կարող էր նույն ճշգրտությամբ խոցել իրենց տրված նշանակետերը, կարող էին առաջ չգնալ։
«Ամբողջ հարցն էդ է։ Գնդապետ Գ․ Բաղդասարյանին հարցնում ենք` ինչո՞ւ եք տարել մեզ այդ կրակային դիրքը, մինչև հիմա չեն կարում մեր հարցին պատասխանել։ Քարտեզի վրա մի հատ կետ են ցույց տվել, որ այ այստեղ կրակելու համար։ Ինչքան հիշում եմ, ժամով չեմ կարա ասեմ, Հայկազովը և այլ դիվիզիոններ մեր մոտ ծավալված էին, իրանք բոլորը դուրս են եկել այդտեղից, այսինքն հետ են քաշվել»,– տեղեկացրեց վկան։
Ապա ավելացրեց, որ եթե իմանար Ստեփանակերտից են իրենց Ջաբրայիլում ղեկավարում, նրանց չէր լսի, կապը կանջատեր ու իր խնդիրը կկատարեր։
«Ընդունենք ձեզ սխալ հրաման են տվել, այդ հրամանը չպետք է տային, բայց տվել են և թշնամին գրոհել է»,– ասաց դատավորը։
Դիվիզիոնի հրամանատարն ասաց, որ ինքը գրոհները տեսել է «9-րդ կիլոմետրի» հատվածում, երբ ասել են հակահարձակում պետք է անենք։ «Տեսել եմ, թե հակառակորդը ոնց է գրոհում և ոչնչացնում մեր անձնակազմը։ Մեր անձնակազմը չէր կարողանում խնդիր կատարել։ Հայկական համազգեստով այդ խումբը, որ իջել էր իրենց ուղղությամբ, իրենց համար արահետով քայլում էին, նրանք չէին էլ պատկերացնում` որ այդտեղ կարող է անձնակազմ լինի, իրենք չգիտեին դրա մասին։ Նրանց խնդիրը Ֆիզուլի քաղաքը վերցնելն էր և հաջորդ օրը մտել են Ֆիզուլի, ադրբեջանական դրոշը բարձրացրել։ Այսինքն, էդ ճանապարհին, եթե խոչընդոտ էր լինում՝ դիրքավորվում էին, խնդիրը կատարում ու առաջ էին գնում։ Այսինքն, Արայի լեռը, Հադրութը, «9-րդ կմ»–ը վերցրել են, մնացել էր Ֆիզուլին, Մարտունի 2–ը վերցնեն, ու վերջ, դառնում է դիվիզիան վերցրած։ Հաջորդ քայլը դեպի Շուշի էր։ Թուրքերի պատմելով`մեր տեղանքում աշխատել է իրենց սպեցնազը»,-ասաց վկան։
Դատավորի հաջորդ հարցին, երբ մարտական գործողությունն սկսվեց, կրակոցները փոխադա՞րձ են եղել, հրամանատարը հայտնեց. «Որոնողական աշխատանքների ընթացքում մեր զինվորների պահեստատուփերը նայելուց պարզել են, որ կեսը կրակված է, կա լրիվ կրակված, կար որ ընդհանրապես կրակված չէր։ Հասկացել ենք, որ մեր էրեխեքն էլ են պատասխանել կրակոցներով»:
Հանրային մեղադրողին ու դատավորին հետաքրքրում էր նաև, թե դեպքից որոշ ժամանակ հետո Գևորգ Գևորգյանին ինչո՞ւ են տեղափոխել այլ զորամաս` ավելի ցածր պաշտոնի։ Ճի՞շտ է, որ նա հոսպիտալում տեսակցել է սպաներից Արիկ Գոքորյանի հետ։
Հայկ Թովմասյանը հայտնեց, որ զորամաս վերադառնալուց հետո Գևորգ Գևորգյանը 5 թե 10 օրով արձակուրդ կամ հանգստյան օրեր է ուզել։ Հետո իմացել է, որ Երևան է գնացել 1–ին մարտկոցի հրամանատար, ավագ լեյտենանտ Արիկ Գոքորյանին հոսպիտալում տեսնելու համար։ Ա․ Գոքորյանն էլ զոհված զինծառայողների ծնողներին է կանչել, որ տեսնեն, հարցեր պարզաբանեն։ Այդ մասին իմացել է և՛ Ա․ Գոքորյանից, և՛ ծնողներից։
Դրանից հետո էլ Գևորգյանը շարունակում էր ծառայությունը որպես դիվիզիոնի շտաբի պետ, մինչև իր տեղափոխվելը ամեն օր շփվում էր նույն զինծառայողների հետ։ Պատերազմ տեսած երեխեքը, նույնիսկ վիրավորները հոսպիտալից հետո եկել էին ծառայության և դա վատ էր անդրադառնում անձնակազմի վրա։ Հարկավոր էր նրանց մեջից լարվածությունը հանել, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանար, դիվիզիոնում մթնոլորտն ինչքան որ հնարավոր էր՝ վերականգնեին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել