ԶՊՄԿ-ի պոչատարի վթարի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից (ԲԸՏՄ) «Հետքին» հայտնել են, որ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2025 թ. հունիսի 4-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատար խողովակի վթարի առնչությամբ։ Հաղորդումը ներկայացրել էր ԲԸՏՄ-ն:
Օգոստոսին գրել էինք, որ պոչատար խողովակի վթարից հետո հարուցված վարչական վարույթի նյութերի հիման վրա ԲԸՏՄ-ն հաղորդում էր ներկայացրել ՔԿ-ին՝ հետագա ընթացքն ապահովելու համար: Բայց ՔԿ-ից «Հետքին» փոխանցել էին, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ տեսչական մարմնի ուղարկած նյութերի մեջ նշված չի եղել շրջակա միջավայրին հասցված վնասի չափը:
Այդուհանդերձ, ԲԸՏՄ-ն սեպտեմբերի 18-ին ՔԿ-ից տեղեկացել է, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունը նախաձեռնել է քրեական վարույթ:
Վարույթի հիմքում դրվել է Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասը: Ըստ այդմ՝ ջրերն աղտոտելը, եթե դրա հետեւանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետեւանք, պատժվում է 10-30-ապատիկի չափով տուգանքով, կամ 100-200 ժամ տեւողությամբ հանրային աշխատանքներով, կամ 2-5 տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ, կամ առավելագույնը 2 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկմամբ, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Ինչպես արդեն գրել ենք, հունիսի 4-ին վթար է տեղի ունեցել ԶՊՄԿ-ից Արծվանիկի պոչամբար գնացող պոչատարի վրա, ինչի հետեւանքով, ինչպես մեզ փոխանցել էր ավազի արդյունահանմամբ զբաղվող «Մանիսա» ՍՊԸ-ի սեփականատեր ու տնօրեն Սպարտակ Հայրապետյանը, կոմբինատի պոչանքները լցվել են Ողջի գետ, այդտեղից էլ՝ իր ընկերության կողմից շահագործվող ավազի հանքավայր։ Գործարարն իրեն հասցված վնասը հաշվարկել էր 163․200․000 դրամ։
Իր հերթին ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը «Հետքին» փոխանցել էր, որ կոմբինատի նախնական գնահատականի համաձայն՝ վթարի հետեւանքով շրջակա ջրային ռեսուրսներին վնաս չի պատճառվել։ Ըստ նրա՝ վնասվել էր պոչատարի սպասարկման ճանապարհի փոքր հատված, ինչպես նաեւ մասնակիորեն տուժել էր հարակից մի քանի հողակտոր։ Ընկերության ներկայացուցիչը մեզ հայտնել էր, որ աղտոտված տարածքները ենթարկվել են անհապաղ մաքրման եւ հաշված ժամերի ընթացքում բերվել են ելակետային վիճակի։
Քննչական կոմիտեից մեզ հայտնել են, որ ջրերն աղտոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ ՔԿ-ն «Հետքին» փոխանցել է, որ նախաքննության ընթացքում գրություն է ուղարկվել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ ջրի նմուշառում անելու եւ փորձաքննություն նշանակելու համար։
Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել