Որմնադիրների փողոցի կոյուղաջրերը լցվում են բնակիչների տներն ու բակերը
Էրեբունի վարչական շրջանի Որմնադիրներ 74 հասցեում 10 օր առաջ կոյուղին վթարվել է, կոյուղաջրերը լցվում են տներն ու բակերը։ Սա սեփական տներով թաղամաս է՝ Սարի թաղում։ Բնակիչները զանգահարել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, Երևանի քաղաքապետարան, սակայն որեւէ արձագանք չի եղել։
Որմնադիրների փողոցում կոյուղագծերի վթարները տարեցտարի ավելանում են։ Բնակիչների խոսքով, շաբաթական երկու անգամ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները բացում են խցանումը, սակայն խնդիրը չի լուծվում։ Խողովակները հին են՝ ավելի քան 70 տարվա, պետք է փոխարինվեն։ 74/4 հասցեում ապրող Անահիտ Բարեղամյանն ասում է, որ եթե խողովակները փոխելու ծախսը «Վեոլիա Ջուրը» կամ քաղաքապետարանը չեն կարող ամբողջությամբ հոգալ, բնակիչները պատրաստ են ներդրում անել։ Նրա խոսքով, մի անգամ փորձել են քանդել և ինքնուրույն փոխել, սակայն քաղաքապետարանից զգուշացրել են, որ 400 000 դրամով կտուգանվեն, քանի որ փողոցը քանդելու իրավունք չունեն։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ տվյալների համաձայն՝ 2020 թվականին Որմնադիրների փողոցում գրանցվել է 26 վթար։ Բոլոր դեպքերում այդ վթարները բացվել են աշխատակիցների կողմից՝ ձեռքով։ Մեկ անգամ կատարել են նաև խողովակի ապամոնտաժում, այսինքն՝ խողովակի մի փոքր մաս փոխել են։ Երեք անգամ վթարը բացվել է փչող մեքենայով։ 2021-ին կրկին գրանցվել է 26 վթար, հիմանականում՝ բացվել է ձեռքով, 2022-ին՝ 24, 2023-ին՝ 40 վթար, 2024-ին՝ 50 վթար։ Տարեցտարի վթարների թիվն ավելանում է։
Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն էինք խնդրել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից։ Վերջիններս խոստացան պարզաբանում տալ, այնուհետև մեր զանգերին չպատասխանեցին։
Մանրամասները բնակիչները պատմում են տեսանյութում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել